Շաբաթվա գրառումները՝ չօգտագործված, ինչպես սառնարանում եղած-չեղած մթերքները՝ ինչ-որ բաղադրատոմսով պիցայի, կցում-կցմցում ես. երկար-սիրելի կիրակի օրդ ափսոս է՝ խոհանոցում անցկացնես։ Վռազ-վռազ եմ անում առավոտ շուտ. թարսի պես ուշ եմ քնել, էսքա՜ն ուսումնական բլոգ ու կայք կա, որ մե՛կ վազքով, մե՛կ անշտապ անցել եմ, ուշ արթնացել, կես ժամ ունեմ… Հերթական գիրդ ստացվում է, անբաժան, ինչպես աղվեսի ագին-պոչը, գնում մեդիակենտրոնում քեզ սպասող ընկերներիդ՝ Գևորգին, Սուսանին, Մարիետին, Յուրային… Սիրուշին, Լուսինեին Մամիկոնյան հասնում ես, գիրդ հանձնում ես թողարկման, սուրճդ խմում ես… Դավթի մասին նոր մազալուն պատմում ես… ու օրդ աշխատանքային սկսվում է…
— Ինչի՞ մասին է հեքիաթը՝ «Պոչատ աղվեսը»,- սկսում է Արմինեն։ Դավթի կամավոր տնային առաջադրանքն է։ Ես էլ՝ այս զրույցի գրառողը թաքուն։ Լուսինե Փաշայանը Դավթի սիրելի ուսուցիչն է՝ քիչ է, ընկերն է Արմինեի, մեր աղջիկը. հանկարծ Լուսինե-Փաշի հեղինակությանը չկպնեն…
— Պոչատ աղվեսի մասին…,- հատու պատասխանում է Դավիթը։
— Է՞լ ինչի, լավ…
— Ո՜նց են պոչը կտրում, կպցնում, կցում-կցմցում…
Իր ու իր ընկեր Լուսինեի ուզածը չստացավ՝ փոխում է.
— Էդ հեքիաթը քեզ ի՞նչ տվեց.. Դավ ջան…
— Ոչ մի բան…,- ավելի հատու պատասխան։
— Ո՞նց, էդպես գրե՞մ…
— Չէ, ընկեր Լուսինեն կնեղանա, գրի, որ ես սովորեցի, թե աղվեսը ոնց է գրվում ճիշտ՝ ա-ղ-վ-ե-ս…
— Է՞լ ինչ է սովորեցնում… Դավիթ ջան, քո հայրիկի սիրած Պոչատը…
— Սովորեցնում է աղվեսից արագ վազել (ու սենյակով մեկ Դավթին չես բռնի մի հինգ րոպե…)։
— Ի՞նչ նոր վերնագիր կդնես հեքիաթին…
— Արագավազ աղվես…
Նորից է վազում՝ սուրում տնով մեկ։
— Ո՞րն էր քեզ ամենաշատը դուր եկած հերոսը,- Արմինեն հետևողական է։
— Աղբյուրիկն ու արտիկը… սիրուն են, ոչ մի կեղտ էդտեղ չկա…
— Բա տատի՞կը պառավ…
Ա՛յ մեռնի-պրծնենք ես էլ, Դավիթն էլ, Պոչատն էլ… Շատ-շատ Ռոդարի, սիրելիներ, սա է էս օրերին ձեր այդքան մեջ բերած կրտսեր դպրոցականի սոֆթը*… Բայց սրա մասին, մեր մանկավարժության ձեր թեթև ֆեյսբուքով, այս շաբաթ, առանց շտապելու…
Արևմտյան դպրոցի հեծանվորդները։
Լուսանկարները՝ Քրիստինե Հարությունյանի։
Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու… ի հետևություն Եղիայի մարգարեին ուղղված հրեշտակի խոսքի: Ո՞րն է երկար ճանապարհը՝ Մեծ պահքի ճանապարհը: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմածության հույսով սկսում է Մեծ պահքի 48 օր տևող ճանապարհը՝ Բուն Բարեկենդանից Ս. Հարություն՝ Զատիկի տոնը՝ ապրիլի 1-ը: Առանց այսպիսի ճանապարհի՝ ի՞նչ Բարի կենդանություն, ներողություն, ինչի՞ տոն, կամ մեկնարկ ո՞ր ճանապարհի… Հիմա ի՞նչ ենք ուզում Բուն Բարեկենդանից սկսվող մեծ ճանապարհի վեց խորհուրդ-կիրակիներից՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, ամեն մեկը իր խորհրդով, որ կազմում են ոսկե շղթա… որ Բարեկենդանը առանձին նշենք, Սուրբ Զատիկը՝ առանձին, որպես տոներ, ու արանքում շարունակի մնալ չհաղթահարվող անդո՞ւնդը կյանքում մեր…
Դիմակների պատրաստում Հյուսիսային դպրոցի բաց արվեստանոցում։ Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
Տեսեք-լսեք հեղինակային՝ բլոգային ուսուցման արձագանք-ազդեցությունները, ինչպես ինքնին կյանքը… Չեն լռում-ընդհատում, ինչպես Միլենա Թորոսյանը՝ իր «Ստեփան Շաքարյանն ու մենք», Քնարիկ Ներսիսյանի Թատրոնի ուսումնական բլոգի փաթեթային լուծումը Գյումրի նախագծային խմբերով աշխատանքի. փաթեթը տպավորիչ է, բայց Գյումրիում օրը չի սպառում, և Գոռ Մնացականյանի՝ Հարավի 5-րդ դասարանցու պատումը տեղին է… Ինչ դուրս մնաց թատրոնի բլոգից՝ Սուսան Ամուջանյանի և Սոնա Անդրեասյանի ֆոտոպլեներային խումբը ներկայացնում է Սեբաստացի TV բլոգում…
Վերջապես, սիրելիներս, Արման Մարտիրոսյանը և Սիրուշիկ Սահակյանը՝ Ավագ դպրոցի 2018-ի հայտնի շրջանավարտները, ուսումնական 3-րդ շրջանին վայել սովորող-սովորեցնող «Ուզո՞ւմ ես միանալ «Վիքիմեդիային» նախագծով սկսում են… «Ցտեսություն» անունով նախագիծը սպասված… Նախագծին միանում է և Նելի Փիլոյանը, որ շատ լուրջ չստացվի, որ ցնծությունն անպակաս լինի ողջ ընթացքում՝ փետրվարից մայիս… հունիս… Պետք է անհատականացնել այս ճանապարհումը, այնպես, որ «ցտեսությունն» անհատական լինի յուրաքանչյուր մեր շրջանավարտի հետ, որ մեր սոֆթը* տեսանելի լինի մեր 2018-ի շրջանավարտներից յուրաքանչյուրի անունով: Էստեղ պիցան գործ չունի…
Պարերգերի ուսուցում Հարավային դպրոցի երկրորդ դասարանում։ Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։
Նոր նախաձեռնության, զարգացում հայ-վրացական հանրակրթական կամուրջների, իր նոր ուսումնական բլոգով՝ Հայաստան-Վրաստան ակումբներ… Լուսինե Բուշը վճռական է տրամադրված. և բարի է… այս ներխուժումը առցանց իրականությունից իր, որ «Իթվինինգ» միջազգային ծրագիր է կոչվում, դեպի իրական-իսկական կյանք՝ Լուսինեին սիրելի երկու ժողովուրդների՝ հայերի-վրացիների… Վրացական համեմունք ավելացավ իմ պատում-պիցային, բայց սա ինքնուրույն-գրավիչ խոհանոց էլ ունի… Անշտապ-երկար ճանապարհի տասներորդ տարուն արժանի նոր մեկնարկներ կան՝ դեպի ծով ելքերով…
- Պետությունը որպես արժեք մեզ մոտ ածանցված է ընտանիքին, ինչը լուրջ խոչընդոտ է: Մշակութաբան-մարդաբան Աղասի Թադևոսյանին որտեղ ռաստ գամ՝ լսում եմ, ինչպես կիրակի օրով այս… «Փոփոխությունների համար պետք է տեսնել փոփոխությունների ձգտող ուժերը, դրանք այսօր չկան»… «Ազատությունն շատ ավելի մեծ արժեք է. դա մարդու ինքնիրացման, անհատականության ձևավորման ազատությունն է, իր ստեղծագործական ունակությունները հանրային կյանք ներդնելու ազատությունն է…»,- մեջ եմ բերում (29-րդ րոպե)… Պետություն՝ առանց ներուժի՞… Այսօր մենք մեր հնարավորությունը կորցրած հասարակություն ենք…
- Ֆրանցիսկոս Պապը բոլոր կրոնների հավատացյալների միասնական աղոթքի կոչ է արել… Փետրվարի 23-ին է, Պապ ջան, միանում եմ ես՝ այս անգամ «ոչ» ասելով բռնությանն ու հակամարտությանը:
- Եվրամիության սպասվող ծրագրերը Շիրակում, Գյումրիում «Ուսումնական Գյումրի» ծրագրով մեր գործողություններին հանրային ավելի մեծ աջակցություն-ինքնավստահություն կհաղորդեն…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․
Իսկ սեբաստացի շրջանավարտ Բելլա Մարտիրոսյանի հայտնությանը՝ Հասմիկ Ղազարյանի խմբագրած blog.mskh-ում «Մխիթար Սեբաստացու», իսկական թրթիռներ փոխանցեցին… Շնորհակալ եմ բլոգերներ-կյանքի ընկերներ…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1291
* Soft (անգլ.)՝ փափուկ, նուրբ, փոխաբերաբար՝ հեշտ, ճկուն։
Համակարգչային՝ ծրագրավորվող, ծրագրային։
Համակարգչի սոֆթը՝ օպերացիոն համակարգը և ծրագրերը միասին։