Երբ միտքը, որ կարող է լինել բավական խորը, արտահայտվում է ընդամենը մի քանի բառով, յուրաքանչյուր բառ ստանում է զարմանալի ուժ և հիշողություն։ Ես փորձում եմ մի քանի բառով պատմել այն, ինչ հուզում է։ Օրինակ՝ այսպիսին․

Ծանր երկինք,
Հսկայական սարեր,
Ժայռերի բեկորներ։
Ոչ մի հովիվ հորիզոնին։
Միայն գորշ ոչխարների հոտը՝
Աղքատիկ խոտը կրծող ընդարձակ հարթավայրում։
Հետո հայտնվում է մի ագռավ՝
Վերև բարձրացող անվերջ։
Այնքա՜ն հեռու աշխարհից։

Իսկ օրինակը, որ «Փոքրիկ պոեմներ» բանաստեղծության գրքից ընտրել է իր դպրոցում ֆրանսերեն անցած-մոռացած, բայց լեզվի մշակույթի-ֆրանսերենի ու ֆրանսիական աշխարհ ստեղծած, ֆրանսիայի հետ հարազատության կապը չկտրած Արմինեն, Մարի-Անն Տրեմո Բյոմ պոետի գրքույկից է, որ ինձ Գյումրիում՝ իր տանը-արվեստանոցում նվիրեց Վահան Թոփչյանը՝ գրքի ձևավորողը, ում կինը՝ Գոհարը, թարգմանել է ֆրանսերենից գրքույկի բանաստեղծությունները և էլի-էլի շատ չափածո գործեր․․․ Գոհարի մասին լսել էի, բայց առաջին հանդիպումն էր մեր, այնքա՜ն տպավորիչ, որ չի խամրում, ուժեղանում է․․․ նրա պատումը, անմիջականությունը, կանացի հմայքը․․․ Առաջին մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկը Գյումրիի 1988-ի երկրաշարժից հետո ինքնուսուցմամբ զբաղվում է ծրագրավորումով, հետո ինքնուրույն ֆրանսերեն սովորում այնչափ, որ հայտնի նկարիչ-ձևավորող ամուսնու՝ Վահան Թոփչյանի հետ գիրք-գրքի ետևից է թողարկում. դրանք մենք տեսանք «Բեռլին» հյուրանոցի գրախանութ-ցուցադրության գրադարակներում․․․ Գյումրին ինձ համար ա՜յ այսպիսի՝ Գոհարի, Վահանի պես մարդիկ են, որ Սլոբոդկայի հետ կազմում են եզակի-անկրկնելի-սիրելի ու հարազատ դարձած Գյումրի․․․ ուր մեզ կանչում են, չեն մոռացել․․․

Կավով աշխատանքի կենտրոնացում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ » (Ալավերդի) ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ նկարահանումների ժամանակ 14 տարեկան, հիմա արդեն 22 տարեկան հետաքրքիր կին-դերասանուհի, «Լոֆտ»-ի դիտանկյուն-սրահում երեկ ներկա էր ֆիլմի ցուցադրությանը ․․․ Նա Մարիային պարտական է իր ճակատագրի համար․․․ Իսկ ֆիլմի դիտումը Արմինեի հետ հանդիպում էր նաև մի այլ Մարիայի՝ Կալբովայի հետ․․․ Ի՜նչ լավ է, իմ ավագ աղջիկ Լիլիթը շարունակում է մի իսկական ընկերություն Համլետ Խաչատրյանի կնոջ հետ․․․ հիմա, երբ այդպիսի ամուսնու կորստից հետո Մարիան ամենաշատը մարդկային կապի կարիքն ունի․․․

Հեծանիվն ընկեր է․ առաջ, երբ ճանապարհին հեծանիվը ակի պատճառով ինձ դավաճանում էր, ես նեղանում-թողնում էի նրան ու ճանապարհս շարունակում մենակ․․․ Հիմա այդպես չէ, ես ու իմ հեծանիվը ընկերներ ենք հարազատ, ու ես նրան մենակ չեմ թողնում․․․ Երեկ տան ճանապարհին՝ «Հաղթանակ» կամուրջ չհասած, առջևի անիվը նստեց․․․ Որքա՜ն խաղաղ ես գուրգուրեցի իմ ընկերոջը, զրուցեցի նրա հետ մինչև տուն մեր ընթացքին․․․ Այսպիսի քայլքը զույգով ավելի ուշադիր էր ինձ դարձրել. մենք մտանք քաղաքի աշխարհագրական կենտրոնի բակեր, նրբանցքներ․․․ Իսկ կենտրոն կոչվածը՝ Խորենացի և Տիգրան մեծ փողոցներով ձգվող, մինչև Խանջյանի անցումը մեր, Մանկավարժական համալսարանի ծածկված բնակելիով՝ իսկական ավերակ․․․ Այսքա՜ն մեծ-զզվանք առաջացնող-լքյալ-աղբի մեջ կորած-անմարդ կենտրոնական Երևան․․․ Կառուցեն, քանդածը հավաքեն, չքանդածը քանդեն, հավաքեն, հիմքեր գցեն, բարձրահարկեր հայտնի խոյանան ու կառաջանա մի նոր Բանգլադե՞շ․․․ Լավ, սրա այլընտրանքը չկա՞, չի՞ առաջանում։ Էս հսկա միլիոնանոց քաղաքը չունի՞ հոգևոր-ստեղծական ներուժ՝ այն առաջադրելու, ա՜յ Համլետ Խաչատրյան․․․

— Ինչո՞ւ մինչև մեկը հաշվում եմ՝ մայրիկն ու հայրիկը չեն գալիս, մինչև հազարն եմ հաշվում, էլի չկան․․․ երևի «բեդնյաշկաները» խցանման մեջ են մնացել․․․- երկար ֆիլմի դիտման ընթացքում մեզ այսպես էր սպասում Դավիթ Բլեյանը իր քույր Մելինեի հետ. նրանք իսկական ընկերություն են անում․․․ Դավիթն արդեն աճպարար է դարձել մինչև Երևանի նոր կրկեսի բացումը, որի լուսաազդանշանային գովազդը ամեն իրիկուն մեր ճանապարհին է, Դավիթը ներկայացնում է զվարճալի համարներ։

Արևմուտքի մեդիահմուտները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մայր դպրոցի Մարմարյա սրահը զուր չէ, որ դասվում է աշխարհի ութերորդ հրաշալիքների շարքում, իսկ կրթահամալիրի յոթ հրաշալիքների ցանկում եղել է և կա առաջին հորիզոնականում․․․ Առաջին անգամ Հայաստանում Ռուբիկ-կուբիկը արագ հավաքելու մրցույթ է՝ աշխարհի կուբիկի ասոցիացիայի պատվիրակի ներկայությամբ։ Նախաձեռնողն էլ կրթահամալիրի Ավագ դպրոցի Էրիկ Նալբանդյանն է։ Լավ է, որ հունվարյան ճամբարի մտահղացումը այսքան արագ իրականություն է դառնում։ Այսպիսով, փետրվարի 5-ին, Մարմարյա սրահում, անարգել․․․ մնացածը կարդացեք այս հղումով։

Կիրակիի գիրը հերթական թող ավարտվի Մարիա Սահակյանի երեկվա ֆիլմի հերոսուհու հնչեցրած հարցով, որը մոտավորապես այսպես է մնացել․ «Այս կյանքից, որպես ամենավառ տպավորություն, ապրում, ո՞րը քեզ հետ կտեղափոխեիր այլ կյանք, երբ մնացածը ջնջվում է»․․․  Եվ հերոսի պատասխանով սրան՝ բարդ հարց է, հարկավոր է մտածել․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1290

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նաջարյանը չի մերժի, բայց կտա՞

Երեկ, հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին մոտ «Մեդիո»-ից (Օնիկ Դավթյանն է ասում) իջա «Մայր» (Առնոլդ Բլեյանն է ասում). իմ ուշադրության կենտրոնում «Ուսուցողական նոր միջավայր վարժարանում» նախագծի աշխատանքների ավարտումն է։ Գիտեք, շենքի

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Նվազագույնը՝ եռակողմ, անիմաստ, նույնիսկ վտանգավոր, եթե․․․

…. կառուցված չլինի երկու հիմնասյուների՝ արդարության և սովորողի առաջընթացի հաշվառման վրա… Աշոտ Տիգրանյանի այս հրապարակումով երեկ էի սկսել մի պատում, որ հետո կիսատ մնաց ու այսօր, մինչ Արատես աշխատանքի գնալս,