Օրագրի լուրերը

CENN (Կովկասյան բնապահպանական NGO ցանց) գրասենյակից ստացանք հուլիսի 21-30-ը Վրաստանի Բուլաչաուրիի Կանաչ Կենտրոնում միջազգային էկո-ճամբարին մեր էկոլոգ-վրացախոսների մասնակցության պաշտոնական հրավերը։ Սա հերթական (նոր) կրթական միջազգային ծրագիրն է, որում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով ներգրավվում է կրթահամալիրը։ Մենք, իհարկե, մի լավ խմբով կմասնակցենք։

Տիեզերագիտության ակումբի ղեկավար աստղաֆիզիկոս-ուսուցիչ Լևոն Արամյանն այսօր ոգևորված պատմում էր Թուրքիայի Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին մասնակցող ակումբի թիմում ընդգրկված՝ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների 12 սովորողների մասին. ուշիմ ու հետաքրքրասեր տղաներ ու աղջիկներ են։ Կրթահամալիրի պատանիները այս տարի չորրորդ անգամ  կմասնակցեն ՆԱՍԱ-ի՝ ԱՄՆ Աստղագիտական ընկերակցության կազմակերպած իզմիրյան միջազգային ճամբարին։ Լավ է, որ թուրքական կողմի համար կարևոր է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը, իսկ մեր սովորողները կարողանում են բավարարել պահանջները և ձեռք բերել կրթաթոշակներ արդեն չորրորդ տարին։

Լևոնի համար 2014-ը նշանակալից է. կինը՝ Արմինեն, որ կրթահամալիրի մոբիլ աստղացուցարանի մասնագետն է, այսօր հրավիրել էր  սուրճի՝ սպասված հրաժեշտի սեղանի. Արմինեն գործուղվում է Տիեզերքից բալիկ բերելու…

Գովազդ տնօրենի բլոգում։ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի, կրթահամալիրի տիեզերագիտական բաց ակումբի, աստղացուցարանի մասին կարդացեք tiezerqakumb.wordpress.com բլոգում։

Ահա այս երիտասարդ սիրառատ զույգը իրական Հայաստանն է, ու այս ընտանիքի որպիսությունն է, որ որոշում է հայկական պետության ապագան։ Եվ Հայաստանի Հանրապետությունը չունի, թվում է, ավելի կարևոր գործ՝ որպես ռեալ քաղաքականություն, քան այս ընտանիքի խնդիրներին աջակցելը։  Գլխավոր խնդիրը մեր կրթահամալիրի արհմիութենական գործուն  (լսեցի՞ք՝ արհմիութենական և գործուն) կազմակերպության հաշվառած, աշխատանք ունեցող 100-ի հասնող ընտանիքներին մատչելի բնակարանի հարցի լուծումն է։ Ինչո՞ւ մենք պիտի նշենք կրթահամալիրի ստեղծման 25-ամյակը։ Այս ստեղծական-համերաշխ ու հայտնի կրթահամալիրը կանգնած է Երրորդ Հանրապետության ստեղծման ակունքներում և 25 տարի ծառայել է հանրապետության արժեքներին՝ առաջադիմությանը. սրանից էլ լավ առի՞թ. իշխանություն և հասարակություն, նշեք՝ անպայման և պատշաճ, նշանավոր գործերով։ Հայաստանի Հանրապետության հարգելի նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, մենք պնդում ենք մեր առաջարկը՝ Հարավարևմտյան զանգվածում ուսուցչական բնակարանների կառուցումը շուտափույթ սկսելու մասին։ Մենք այդ նպատակով հողհատկացում կատարելու հարցն արդեն երկրորդ տարին քննարկում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ։

Օրը իմ հագեցած էր՝ հուլիսի նման թեժ։ Ակումբի երկու պարապմունք. մեկնարկեց Հասմիկ Ղազարյանի նախաձեռնած ինտելեկտուալ ընթերցանության ակումբը, և իր երկրորդ պարապմունքն անցկացրեց մանկավարժական բաց ակումբը։ Եվ էլի, էլի գործեր, որ պատմեցի ու բաց թողեցի իմ այս օրագրում։ Բայց… արթնացել եմ 02-ի 03-ի արանքում ու չեմ հաղթահարել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի արդեն նախկին դաստիարակ Արևիկ Դերձակյանի հրաժեշտի տպավորությունը. երիտասարդ կինը, որ այս տարի և՛ վթար տեսավ, և՛ ամուսնացավ, անսպասելի մտավ Մեդիակենտրոն՝ մանկավարժական  բաց ակումբի պարապմունքի ընդմիջումին։ Փայլում էր. ես այսպիսի ինքնավստահ-երջանիկ Արևիկ չէի տեսել իր աշխատանքային երկու տարում։ Շնորհակալություն էր հայտնում. վաղը ամուսնու հետ մեկնում է Նյու-Յորք՝ մշտական բնակության։ Ուրա՞խ ես, Արևիկ, որպես երջանիկ կին, որ սիրելի տղամարդու հետ աշխարհի ծայրն էլ կգնա, թե՞ փախուստ է Հայաստանից։ Չգիտեմ…. չգիտեմ…. բախտավոր լինես….

Նշանավոր Ավետիս Հարությունյանի՝ մեր վարժարանի այս տարվա շրջանավարտի ուրախ ձայնն է իմ ականջում՝ Երևանի պետական համալսարանում հանձնել էր ԲՀՄ (բանավոր հաղորդակցման մշակույթ) քննությունը և քսան էր ստացել, իսկ Վիտալի Գրիգորյանը՝ 18։ «Լուսաստղ» ակումբ-ամսագրի ղեկավարի՝ մայրենիի ուսուցչուհի Մարգարիտ Սարգսյանի արժանի սաների մասին հասարակությունը դեռ կլսի։ Ավետիսի նկատմամբ միշտ կունենամ անանց հարգանք. նա այնքան ուշադիր կարևոր ավագ եղբայր է իր՝ առողջական խնդիրներ ունեցող քրոջ համար։ Ավետիսի «Հաջողության բանալին» հոդվածը կարդացեք. «Դպիրի» ամենընթերցվող-քննարկվող նյութերի թոփ-տասնյակում եղավ… Իսկ Վիտալին, կրթահամալիրի ավագ դպրոցում զրոյից սկսելով մեդիան՝ 3 տարվա մեջ ոչ միայն կարողացավ մեդիայում իշխել, այլև սովորեցնում էր և՛ հնաբնակ սեբաստացիներին, և՛ նորերին՝ մեդիայի միջոցով բիզնես-նախագծեր նախաձեռնել և իրականացնել։ Բայց ինչո՞ւ չէր կարելի ընդունելություն կոչվածն այնպես կազմակերպել, որ Ավետիսին, որ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների 2014թ. մրցանակի թեկնածու է, և Վիտալիին, որ 2013թ. մրցանակակիր է, ոչ թե քննեին, այլ հրավիրեին մասնագիտական կրթություն ստանալու լեզվաբանական թե Երևանի պետական համալսարանում, ու նրանք 2-3 առաջարկությունից ընտրություն կատարեին՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունը, և ուրախանային ահա այսպիսի երկիր ունենալու համար։

Նոր լուրեր իմ օրագրում։ Օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրանի Օհանյանը 2-րդ անգամ այցելեց կրթահամալիր։ 2013-2014 ուստարին Սեյրան Օհանյանը դիմավորեց կրթահամալիրում. այցը ճանաչողական էր։ Այս անգամ պաշտպանության նախարարն աշխատակիցների մեծ խմբի հետ այցելել էր կրթահամալիրի մի շարք նախագծերին ընթացք տալու համար։ Ցանկացած ծրագիր-նախագիծ արժեք ունի իրագործման մեջ. այսօր-վաղը այն կոնկրետ քայլերով առաջ կգնա։

Ուռա՜։ Սկսվել է «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա դաշտերի բարեկարգումը. այսօր այցելել էր ռազմա-մարզական գոտու շինարարը. գծագրով մեկնարկը տրված է. թափ է հավաքում 25 մետրանոց ուսումնական հրաձգարանի կառուցումը. մեր նախկին հրաձգարանն իր դարն ապրեց։ Հետևեք տնօրենի «Օրագրին»։

Այսօր «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրենի հետ քննարկել ենք մարզահամալիրի կազմում բացօթյա 25 մետրանոց լողավազանի կառուցման առաջարկը։ Առաջարկն այնքան գրավիչ է, որ որոշեցինք ընդունել ու…. Հետևեք «Օրագրի» լուրերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրապարակ-փողոց չէր երեկ, այլ համազգային մի գրկախառնություն

Կիրակին ես անցկացրի Հանրապետության հրապարակում․․․ Մեր տունը, շենքը հրապարակից երկու քայլի վրա է, բայց ես, եթե հեծանվով չեմ, շրջանցում եմ․ մեր հրապարակը առօրեական, մարդու համար չէ, չգիտես՝ մեքենաների՞նն է, դեպի

Ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա..․ Պահում է իր հիշողության մեջ…

Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար… Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի

Մենք ենք, կհանդիպենք…

Վերնագիրը Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի «Դասարանական ռադիո» նախագծի տոնական հաղորդումից է… Կհանդիպենք՝ ասում ենք, ցտեսություն, հանրահայտ пока՝ հայերենացած բոլոր հնչերանգներով… իսկ հանդիպո՞ւմ ենք, կազմակերպո՞ւմ ենք մեր կյանքը այդպիսի՝ խոստացած-ցանկալի, մեր