Անունդ թող փարոս լինի ինձ 
Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան 

Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես փորում: Պատկերացնել չեմ կարողանում՝ ինձ՝ ուրիշի փորած փոսում… Կորած կյանք կկոչվեր: Հիմա ես իմ փորած փոսում եմ. արթնացել եմ ուղիղ երկուսին՝ ֆիլմադարանում Շուշան Եփրիկյանի ու ընկերների «Վահան Տերյան» փաստավավերագրական ֆիլմը նայելու որոշումով. նայում եմ-ապրում եմ, Տերյանի հետ եմ մեկ ժամի չափ… Դադար. կարդում եմ, հուզվում եմ… ես չկամ… Ես 1919 հոկտեմբերի 13-ին Վահանի ու իր Անահիտի` Մոսկվա Տաշքենդ գնացքի ուղեկցորդն եմ… Հեքիա՞թ… Իմ կյանքը Վահանի աշխարհում հեքիաթ է, ու ձեր աշխարհը՝ սուտ: Ի՛նչ լավ բան են մտածել լրագրող Գայանե Դանիելյանն ու «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի տնօրեն Հրայր Թամրազյանը՝ հատուկ մեր ֆիլմադարանի, ինձ համար այս ֆիլմը նկարելով… Մեր մեջ թե մի լավ բան կա, Տերյանից է, երբ «թվում է, թե անեզր է ամեն ինչ, և ողջ կյանքդ՝ մի անսահման քաղցր նինջ»

«Կրթահամալիրի երթուղայինում առավոտը խաղաղ էր։ Համով եղբայրները…»
Մարթա Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումից

Պրոֆեսոր բառը մեզանում չարչրկվել է, իմաստազրկվել՝ «դատարկ ու փուչ պարկերի պես, թե դեն նետես, քիչ ափսոս է, թե դեռ պահես, խանգարում են» (Պ. Սևակ). ես, ձեր մայրենի ուսուցիչները՝ Մարիետ-Սուսանից սկսած ու Հասմիկ-Նունեով ավարտած, ճանաչել ենք իսկական պրոֆեսորի՝ հայագետ Ռաֆայել Իշխանյանին: Պրոֆեսոր Իշխանյանը՝ իմ հիացմունքի մշտական առարկան, մեր կրթահամալիրի լավագույն բարեկամը, մեզանում Նոր ուղու ճանապարհը հարթողն ու այդ ընթացքի համար «ամենափոս» փորողը եղավ՝ ուսանողին, պատանուն Տերյանի աշխարհը տանող… Պրոֆեսորը մարդու համար փրկության ամենակարճ ճանապարհ էր համարում դպրոցական-ուսանողական մի կարճ շրջան Տերյանի աշխարհում լինելը: Ես կուզեմ, սիրելի Նունե Մովսիսյան ջան, մի ձև գտնենք՝ իմ ու ձեր պրոֆեսորին մի նախագծով պատշաճ անդրադառնալու համար… Մինչ դու սկսեցիր գործել, իմացիր, որ Ռուբեն Սևակ փորածդ փոսը, քույր իմ, խելամտորեն շրջանցել եմ, վաղը կընկնեմ, խոստանում եմ: Ո՞վ կլինեի ես՝ առանց Տերյան Վահանի, կլինեի՞: «Կարդում ենք» ուսումնական նախագիծը, իր հուզիչ ընթացքի մեջ, իր բազում կայարաններով, վագոններով, թունելներով, փոսերով, նվիրենք պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանին:

Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ու 240-րդ անգամ համակ ուշադրություն եմ. որպես եզերք, ընթացքի մեջ է «Հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպում» ստուգատեսը: Այս օրով սկսած՝ շաբաթը վճռական է ստուգատեսի համար. կրթահամալիրի խորհուրդն անդրադառնալու է ստուգատեսի ընթացքին-արդյունքներին. մեզ՝ բոլոր տարիքի սեբաստացիներիս են միանում Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության տեսուչներ Աիդա Բարսեղյանը, Լաուրա Սամվելյանը, Արամ Խաչատրյանը… Ինձ խորը բավարարում է պատճառում այն միտքը, որ մենք կարողացանք այլընտրանք ստեղծել պետական հանրակրթական ծրագրին՝ մեր հեղինակածը: Փորձարարական հետազոտական միավորում կրթահամալիրի 25 տարին՝ իր բոլոր վրիպումներով, կորուստներով (ինչպես հաքերային հարձակումից հետո մեր կայքը, վերականգնելի է), նվիրական, մանկավարժական հավաքանու ու համերաշխ, հայ իրականության մեջ եզակի, մոբիլ, բաց ու ստեղծական աշխատանքի ընթացք է: Հիմա իմ օրագրի 240-րդ գրի` սրան նվիրված էջում հարգանքով ասում եմ` շնորհակալ եմ, որ միասին ենք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ լինեք, շնորհակալ եմ, որ ավելի ու ավելի մեկ ենք, որպես ամբողջականություն…

«Կերպավորում ենք «Սուտլիկ որսկանը» հեքիաթի հերոսներին»
Նոր դպրոցի 2-րդ դասարան, դասվար՝ Աշխեն Գրիգորյան

Սարգիս Մարկոսյանը՝ մեր mskh-ի սովորող ճարտարագետ-կատարողը, բանակային ծառայությունն անցած, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը, ով իր գործով-քրտինքով ինքն իրեն ու իր ընտանիքին է պահում, մեդիակենտրոնում էր։ Կիրակի էր, ես, Տիգրան Պարսիլյանը, Սուսան Մարկոսյանը քննարկում ենք մեր մեդիա աշխարհի զարգացումը, նրա այսօրվա խնդիրները: Սարգիսը, իմացեք, իմ խորհրդատուն է, արդեն պաշտոնապես ու… հասարակական հիմունքներով:

Երբ թվում է, թե անեզր է ամեն ինչ  

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել հայկական զինված ուժերում: Երկու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղից ստացված պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե արդյո՞ք հակառակորդի գնդակից են զոհվել 20-ամյա Արման Օսիպյանը և 24-ամյա ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը: Ըստ Հայաստանի ու Արցախի պաշտոնական վիճակագրության, հայկական բանակի զոհերի թիվը 2015-ի վեց շաբաթում ողջ 2014-ի համեմատ զգալիորեն աճել է: Չկա շաբաթ, որ երկուսից ավելի ողբերգություն ունեցած չլինենք: Համացանցում հիմա շատ են տեղեկությունները. հայ-ադրբեջանական առճակատման գիծ դարձած 787 կմ-ոց սահմանի երկայնքով ադրբեջանական կողմը տպավորիչ զինավարժություններ է անցկացնում: Որքան հասկանում եմ, սա ոչ այնքան հարձակողական, որքան պաշտպանական դերակատարում ունի: Իսկ մենք ապրում ենք, շարունակում ենք ապրել վարչական կամ (և) հատուկ պատրաստություն անցած ու մշակված սխեմայով գործող դիպուկահարների նշանառության ներքո: Այնպես չէ, որ չգիտեմ հայ-ադրբեջանական ռելիեֆը, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս նշանառուների դեմն առնել: Շատ, հիմա ամենից շատ ինձ զբաղեցնող հարցն է. իմ կրտսեր եղբայրները, իմ հարազատ սեբաստացի շրջանավարտները նշանառուի թիրախ են, իսկ ես Բանգլադեշում քաղցր նիրհի մե՞ջ եմ ձեզ պահում…

Փետրվարի 16-ին պատանիների Ընթերցողի ակումբը կրթահամալիրում
հանդիպում էր կազմակերպել գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Էդմոնդ Շիշանովի

Կիրակի Դավիթը լողացավ ժամը 9-ի մոտերը. մինչ այդ նստած է զուգարանակոնքին՝ քաքիկ է անում, խոսում է, գժություններ ասում-անում: Արմինեն երանության մեջ է՝ քնա՜ծ, ես ու Դավիթն էլ մեր երանությունն ենք վայելում… Լողարանի նեղ պատուհանից երևում է Նորքի բլուրից բարձրացող արևը… Ես պատուհանը բացում եմ… Շողերն ընկնում են Դավթի վրա… Երգում է Դավիթը… Տեսարան է:

-Արև, արև, դուրս արի,
Հերն ու մերդ եկել են,
Ինձի քաքիկ բերել են,
Վրան չամիչ շարել են…

Հետո, երբ առավոտվա լողալու ծեսը,- տղաներն են, չէ՞, այսպես, ամեն օր լողանում, հայրիկ,- ավարտվել է, ժամերգության պես մի բան է, Դավիթը փաթաթվել է սրբիչների մեջ,  ու սկսվում է հագցնելու-մազերը չորացնելու մայրիկական արարողությունը.
-Ե՞րբ է գուլպան գալու, թող գուլպան շուտ գա…
— Գա ի՞նչ անի, Դավիթ:
— Գա, ինձ ամեն օր լողանալուց-սրբվելուց հետո մեքենաներ բերի-շարի… Մարդիկ գան, հիանան, ասեն՝ Դավիթն ինչ լավ է շարել…
— Գուլպան ձնե աշխարհից, Ձմեռ պապի մոտից ո՞նց կգա մենակ… Ո՞վ կթողնի…
— Թող Ձմեռ պապի հետ գա, միասին վեր կենան, գան… ուրախանանք, իմ գուլպան էլ թողնի, գնա իր գործին…
— Հիմա, տես ինչ տաք է՝ գարնանային տաք, գարուն է մոտենում, Ձմեռ պապին գարնանը ո՞նց կգա, ինչ մազալու բաներ եմ լսում, Դավիթ:
— Թող գարուն տատիկը գա՝ իր երկար գուլպաներով ու…
Տրաքում ենք ծիծաղից.
— Հետո էլ, երևի, ամառ քույրիկը գա…
— Աշուն մորաքույրը կամ քեռին…
— Ի՞նչ վատ կլինի: Լավ կլինի: Թող բոլորն էլ գան, հայրիկ, խնդրում եմ, չեմ ուզում առանց գուլպայի:
— Լավ, կխոսենք, հիմա ասա՝ ի՞նչ ծրագրեր ունես, գիտես, չէ՞, ինչ օր է, Դավիթ ջան:
— Կիրակի է, հայրիկ: Ուզում եմ տանը մնամ: Տանը լավ է: Չեմ ուզում ոչ մի տեղ գնամ:

One thought on “Անունդ փարոս եղավ իմ կյանքում…”

  1. Հավանում եմ Ռուբեն Սևակի պոեզիան՝ սիրուն է ու մաքուր: Սևակը, կարծես, արևմտահայերենի Տերյանը լինի: Ի դեպ, Ռուբեն Սևակի երեխաների՝ Լևոնի ու Շամիրամի կնքահայրը եղել է…Կոմիտասը: Տիար ջան, իսկ Ռաֆայել Իշխանյանի նախագծի մասին կմտածեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենալավ երազը՝ բաց աչքով տեսածը…

Դավիթ Բլեյանն արթնացավ ֆոտոսեսիայով  իմ այֆոնի. կենգուրուի ձագի պես մեր անկողնուց, ինչպես իր պարկից, զգույշ դուրս է գալիս… Արմինե Թոփչյանն իմ առավոտվա 7։30-ի աշխատանքը չի՞ հավանի…        

Սպասումի մեծ կիրակի՝ ետևում թողած 2016-2017-ի նորամուտի ավագ շաբաթը

Դավիթ Բլեյանն Ադրիանայով սքանչացած ամառ անցկացրեց։ Ադրիանան հուլիս-օգոստոսին բացակայեց քաղաքից, հանրապետությունից, Դպրոց-պարտեզից․․․ բայց սպասել են իրար իմ տղան ու իմ Ադրիանա աղջիկը մի ողջ ամառ․․․ Եվ վերջապես, Մարինե Մարտիրոսյան ուսուցչուհին ժողովի

Հոգեառ հրեշտակը մեր․․․ անթերի

Երբ բոլորը քնած են, Դավիթը, մայրիկը քնած են, Աստղիկն ու հայրիկն են արթուն․․․