Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ Հարությունյանի և Զարուհի Առաքելյանի մասնագիտական աջակցությամբ կրթահամալիրի կրտսեր դպրոցների վեց տարեկան դարձածները գործածում են այս թվային միջոցները տանը և դպրոցում… Նախկին մոդելում մերոնք հայտնաբերել էին խնդիրներ, և մեր գործընկերները հերթական անգամ ապացուցեցին, որ հուսալի են. առաջարկեցին նոր՝ ակնհայտ ավելի հարմար մոդելները… Ամեն ինչ ընկավ իր տեղը երեկվանից-այսօրվանից… Լավ է, որ մեր վեց տարեկանների տասնյակի չափ ծնողներ դիմել են՝ իրենց երեխաների համար անհատական այսպիսի պլանշետներ ձեռք բերելու. մանկավարժական լաբորատորիան ու գրադարանը կներկայացնեն փոխադարձ ընդունելի կարգ… Եթե ուսումնական նախագծով ամեն ինչ հաջող ընթանա, 2016-2017 ուստարում մեր բոլոր հինգ տարեկանները կունենան այսպիսի ուսումնական գործիքներ՝ անհատականը, սեփականը:
Զատկական ծեսի նախապատրաստություն:
Լուսանկարված է «Արմթաբ» պլանշետով:
Էլի՜ աչքալուսանքներ կրթահամալիրում. մեր զինղեկ, մենամարտական պայքարի հայտնի հրահանգիչ Բորիս Վարդանյանին գործածման հանձնեցինք նոր մարզադահլիճը՝ իր աչք շոյող նոր տատամիով, այլ հանդերձանքով, հանդերձարանով… Իսկ Բորիսն ու մեր գնդապետը՝ Ալիկ Մինասյանը, Միջին-Ավագ դպրոցների սովորողների մեծ խմբի հետ՝ Սևանի «Ժայռ»- ում մեկնարկը տվեցին՝ գարնանային ուսումնական հավաք-ճամբարների. այսպիսիք կլինեն պարբերական, տարվա բոլոր եղանակներին… Նախագծային ուսուցման շաբաթում Լոռիում եռօրյա ճամբարի մեկնեցին կրթահամալիրի կրտսեր դպրոցների մեծ խումբ սովորողներ՝ երրորդից հինգերորդ դասարանցիներ՝ Իվետա Ջանազյանի, Անահիտ Եղյանի, Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ… Կարինե Պետրոսյանն ու Հրաչյա Առաքելյանը ոգևորված են. կրթահամալիրի արշավախմբային կայանը բոլորին ապահովեց հայրենագետ-արշավականի նոր հանդերձանքներով…
Կապուտակ Սևանն ու սեբաստացիները:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանն ու երաժշտական մասի ղեկավար Սևադան, մայրս կասեր՝ շվարել-մնացել էին մեր կայանում, տեխնոլոգիայի կենտրոն դարձած բրուտանոցում… Հայտնի ոչ միայն պարարվեստի, այլև ազգագրության-հայրենագիտության բնագավառներում՝ մեր գործընկերներն այնքա՜ն ոգևորվեցին կրթահամալիրի Մայր դպրոցում տեսածով, նորություն-փոփոխություններով, նախագծային ուսուցման ստեղծական-ազատ-նախաձեռնողական միջավայրով, որ, ինչպես «Ար» հեռուստաընկերության լրագրողն ասաց, մարդ ուզում է մնա, էլ չգնա… Մնացին երկար:
Կանաչապատման աշխատանքներ Միջին դպրոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Գիտե՞ք, «Կարին»-ը դարձավ տասնհինգ տարեկան՝ տասնհինգ նախաձեռնություն-ծնունդներով, իր երևելի կենսագրությամբ, որ բոլորիս աչքի առաջ է, ու շատերիս՝ դրանց մասնակցելու հնարավորությամբ… Այսօր «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում մենք մի խումբ սեբաստացի պարողների հետ կմասնակցենք «Կարին»-ի «Հիրո՜ւր խե՛տ» նախագծով ելույթին… Մենք նորացնում ենք մեր ձայնագրման սրահը, որպեսզի «Կարին»-ի հետ օր առաջ մեր երաժշտական լաբորատորիան՝ Կարեն Խաչատրյանի, երաժշտական դպրոցի ղեկավար Սվետա Ճաղարյանի գլխավորությամբ կարճ ժամկետում ստեղծեն Ստեփան Թորոյանի՝ «Պարը կրթահամալիրում» նախագծի համար անհրաժեշտ նոր գործիքային ձայնագրությունները… «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու «Կարին»-ը մայիսի 27-ին 2016-ի բոլոր շրջանավարտներին հրավիրում են «Կարին»-ի՝ Կասկադի ավանդական ամենահայտնի պարատուն. պատկերացնում ե՞ք՝ ի՜նչ խթան է դառնում այս նախաձեռնությունը մեր «Կայծեր»-ի, շրջանավարտների պարային նախագծի և ուսուցիչների պարի խմբերի համար… Գյումրիում «Կարին»-ի հետ կիրականացնենք նաև հունիսի առաջին շաբաթում նախատեսված համերգ-հարսանիքը… Ազգագրական-ավանդական-մշակութային հարսանյաց ծես-համերգ, բայց իսկական հարսով-փեսայով՝ ամուսնությամբ մեր Ստեփանի ու յուր ընտրյալի… «Կարին»-ի հետ մենք սկսում ենք մեկ այլ նոր նախագիծ՝ ազգագրական պարը «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով մեր կրտսեր դպրոցներում… Տարիների ընթացքում կրթահամալիրում երաժշտության կազմակերպումը-դրվածքը ստեղծել է այնպիսի միջավայր, որ պատվիրատու-կազմակերպիչ է դարձել պարի ներմուծման համար… «Կարին»-ը կմասնակցի նաև մեր ռազմա-մարզական խաղերի 2016-ի մեկնարկին ու նրա՝ որպես հեղինակային նախագիծ, տարածմանը հանրապետությունում… Սրա համար պիտի այնպես ու այն չափով ոգևորվի յուրաքանչյուր սեբաստացի մանկավարժական աշխատող, ղեկավար թե ուսուցիչ-դաստիարակ, որ մարտի 23-ի մեր սեմինար պարապմունքը լինի իրական՝ ռազմամարզական խաղերի փորձ-նախերգանք. բոլորս ենք լինելու մարզական հանդերձանքով ու ռազմական խաղերին անհրաժեշտ կորովով… Լսվե՞ց: Մեր օրինակն է մեր մանկավարժության հաջողության պարտադիր պայմանը:
Հայացք «Փարոս» բլրից:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Մարինե Մկրտչյանի:
Ուռա՜, մենք սկսեցինք մանկական հեծանվային ակումբների կառուցումը. կարևոր չէ, թե որտեղ կլինի առաջինը՝ Նոր դպրոցում, Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում, թե Հիմնականում, մի՛ կասկածեք, մինչև մայիսյան ստեղծագործական հավաք մեր բոլոր հինգ-տասը տարեկանները կլինեն հեծանիվներով… Իմ ականջին հասավ, որ Թոփչյան Արմինեն սկսել է հեծանվորդի ուսումնական բլոգի նախագծումը…
Ավագ դպրոցի իններորդ դասարանի սովորող, հեռուստաաշխարհից հայտնի «Կարգին» հաղորդման Արեգ Գալոյանի հետ սկսել ենք նոր, կարգի՞ն նախագիծ. «Ինչպես մնալ սեբաստացի»… պայմանական անունով… Արեգն էլ, ես էլ, Մարթա Ասատրյանն էլ անթույլատրելի ենք համարում, որ առանց պատշաճ ուսումնական անձնային ջանքերի տասնյակ վեցից ութերորդ դասարանցիներ, ասենք, այսպես ելումուտ են անում՝ համարվում սեբաստացի… Առանց ամենօրյա ոգու հերկի՞, ջանքի՞… Չի կարելի… Ա՜յ, սա նախագիծ է, որ, Արեգ ջան, ինձ ոգևորեց կարգին, ու մեզ դարձրեց գործընկեր: Հանգիստ թողնենք առայժմ ծնողներին. նրանք կգան-կմոտենան-կուզեն միջամտել… Նախ և առաջ, շիտակ ու անհողդողդ նայենք դեռահասի աչքերին, սովորելն իր կյանքի գործը, իր առօրյա աշխատանքը պիտի լինի՝ դրա համար որոշված ռեժիմում, նաև, իր ամենօրյա ջանքերով ստեղծվող միջավայրում… Առանց բացառության, Արեգ ջան, իհարկե:
Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 620