— Ժամանակն ի՞նչ ասել է, հայրիկ,- դավիթավարի հարցնում է լողարանում՝ ցնցուղի տակ,  իր ամեն առավոտյա ծեսը մի փոքր արագացնելուն ուղղված իմ երկչոտ «Դավիթ ջան, պրծի, ժամանակ չկա»-ին հակազդող Դավիթը… Այնպես չի շտապում ջրով, իմ ու իր շփումով, առավոտվա աշխարհով-օրով արբեցած… Օրագրի հերոսը…

– Ժամանակը, Դավիթ, ինչպես գետը, անընդհատ հոսում է, գնում է իր համար, բոլորի համար, ժամանակը չի կանգնում…
– Ժամացույցը կանգնում է, ժամանակը չի կանգնո՞ւմ,- հարցնում է:
– Այո, հիշո՞ւմ ես՝ մեր ժամացույցը ոնց էր կանգնել…
– Ու հայրիկը խառնվել էր իրա՞ր…
– Գե՞տն էլ չի կանգնում,- հարցնում է:

– Դավիթ ջան, կլինի՞ սրբիչը քեզ տանի չորացնի, շորերը հագնես… Ամեն ինչի ժամանակը կա… Լողանալու, սրբվելու (փորձում եմ այլ ընթացք հաղորդել մեր ժամանակին)…
– Չորանալո՞ւ,- շարունակում է Դավիթը,- կախարդելու ժամանակը, քինդեր ձվիկ ուտելու…:
– Այո, իհարկե:
– Թող սրբիչն ինձ տանի, ես ուզում եմ՝ հիմա տեսնեմ ժամանակը…

Վերջապես… Ես շտապում եմ. Արմինեն 1-ին ժամ դասի է, ես վրաց իմ գործընկեր Վիիկտորյա Բալավաձեի հետ ժամը 9-ին հանդիպելու եմ Դպրոց-պարտեզում՝ հրավիրված ենք Հ1 TV-ի «Բարի լուսո» հաղորդմանը մասնակցելու… Ժամանակ, իրոք, չկա… Բայց ո՞ւմ համար… Շտապել չի կարելի, երբ հատկապես երեխայի հետ ես… Ամեն մարդ ունի իր ժամանակը, ինչպես մեր Դավիթը, և նրա ընթացքը շեղելու, արագացնելու, քո ժամանակն իրեն պարտադրելու փորձերը բռնի միջամտություն են մանկան բնականոն ընթացքի մեջ… Արագ-անշտապ պիտի գործել…

– Հիմա եկավ Ձմեռ պապիկի գուլպայի կախարդանքի ժամանակը… Բազմոցին՝ ճերմակ-կապույտ պուտպուտիկներով սրբիչի-խալաթի մեջ վայելում է իր ժամանակը Դավիթը… Տեսարա՜ն… Ես էլ եմ ուզում վայելել…

– Դավիթ, բայց հայրիկը չի կարող ուշանալ, ես պայմանավորվել եմ Վրաստանից եկած իմ ընկերոջ հետ…
– Թող արագ գուլպան կախարդի, ես արագ ձվիկն ուտեմ, ու մենք արագ-արագ գնանք…

Լուծում է…

Հիմա եկավ մեր աստիճաններով վայր ընթացքի ժամանակը…
– Հայրիկ, հիշո՞ւմ ես, որ գետը լիճ էր դարձել, – այ քեզ անցում՝ Դավիթը շարունակում է մեր խոսակցությունը:
– Դավիթ ջան, հիմա մենք անցնելու ենք այդ լճի մոտով… Երևանյան լիճ է անունը… Հրազդան գետը հոսում-հոսում է, հետո… լճանում, լիճ ստեղծում. լիճը մնում է կանգնած, լիճը չի հոսում…
– Ծովն էլ չի հոսո՞ւմ, հայրիկ:
– Այո´, ծովը մեծ է, ափեր ունի, մենք կգնանք ամառը ծով՝ դու կտեսնես…

Մենք այսպես անշտապ, բայց առանց ժամանակ կորցնելու հասանք  Դպրոց-պարտեզ՝ ուղիղ 9.00-ին… իսկ վրաց մեր գործընկերուհին չկա… Մեր հարգելի գործընկերներն էլ իրենց ժամանակն ունեն. գիշերը կացարանում ուշ են քնել, աղմկել-երգել են… Պահակի, ինչպես իրենք են սիրով ասում, իրենց անձայն պահապան Վանիկի կյանքը կերել են… Հիմա, երբ ես, որքան հնարավոր է արագ, պատմում-գրում եմ իմ օրն անցած, որ և լարված էր, էլ ավելի հագեցած, գիշերն իր կողմից նորից խառնել է իմ ժամանակը… Ես քնել եմ բազմոցին, երբ եկել էր ժամանակը՝ իմ իրիկնային լուրերը նայելու, լսելու, թերթելու… Ու քանի՜ զանգ՝ հեռախոսային, բաց եմ թողել… Այսպես, երբ պրկվում եմ, երբ քնատ եմ, միայն մեռելի պես քնով կարող եմ վերգտնել իմ հայտնի կենսունակ վիճակը… Հիմա, երբ Շուշանը ժամանակին հասել է Վիեննա, անգամ հասցրել կարդալ իմ՝ իրեն ուղղված տողերով օրագիրը, վրացիները հաջողությամբ հատել են հայ-վրացական սահմանը, երբ հաջողությամբ մեկնարկել են մեր հունվարյան ուսումնական ստուգատեսները, երբ ավարտել ես քո բոլոր հաշիվները (հնարավո՞ր է այդպես)… Միայն քնել… Քնելու ժամանակը ես բաց չեմ թողնում…

Արթնացել եմ ու ժամանակ չունեմ mskh.am-ի առաջ անհրաժեշտ անշտապությամբ նստելու… Իսկ սա, բացի ամեն ինչից, իմ աշխատանքն է, ու ես այն սովոր եմ կատարել բարեխիղճ… Իմ կանխատեսումը, որ առաջիկայում՝ուսումնական ստուգատեսների մեր ժամանակում, կրթահամալիրի մեդիան շեշտակի հետաքրքիր-գրավիչ կդառնա, տեսեք, արդարանում է: Ինչ լավ է… Որքա՜ն կյանք կա, որքա՜ն նախաձեռնություն… Միայն վերնագրերը կարդա, ու հիացմունքից արբենալ կարելի է…

Օրագրի հարգելի ընթերցողը հետաքրքրվում է՝ կարդացե՞լ եմ արդյոք «Հայկական ժամանակ»-ի «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը, իմ կարծիքն է հարցնում… Կարդացել եմ 2015-ի հունվարի 13-ի, 14-ի հրապարակումները. նոր տարում ևս առավոտյան մեր կրպակից վերցնում եմ մեկ-երկու-երեք օրաթերթ, իրիկունն աչքի եմ անցկացնում… Իմ առօրյայի անբաժան մասն է մնացել… Առանց կարծիք հայտնելու, շարունակում եմ իմ պատումը, անդրադարձը՝ իմ քաղաքական-հասարակական, առանձին դեպքերում և անձնային կյանքի մաս կազմող իրադարձությունների մասին… Հայացքի, դիրքի հարց է. ես չեմ խուսափում գնահատականից… Պարզապես, «հետին թվովը» իմը չէ. ես լրագրող կամ վերլուծաբան չեմ, ես մասնակից եմ եղել, ինքնուրույն մասնակից մեր նորագույն  պատմության, որը, ի դեպ, չի ավարտվել… Ես ունեցել եմ հնարավորություն արտահայտելու իմ դիրքորոշումը ոչ միայն քննարկումով՝ բանավոր կամ գրավոր, այլև հրապարակային եմ գործել՝ հրապարակել եմ հոդվածներ, նամակներ, հայտարարություններ, 1990-ից սկսած՝ ունեմ ժողովածուներ… 1990-ի, 1992-ի, 1994-96-ի, 1998-ի, 2000-ի իմ տպագիր ժողովածուները կան, և ահա դրանք կան նաև իմ բլոգում՝ էլեկտրոնային տարբերակով… Ես չեմ ասում, որ ընթերցողը պարտավոր է կարդալ, երբեք: Ես էլ պարտավոր չեմ վերաշարադրել՝ տեսեք-տեսեք… Պահին ասվել է, փորձել եմ գործ դարձնել… Ես գործիչ եմ եղել և մնում… Իսկօրագրում ես պատմում եմ այն, ինչ «խոհանոցային» է, ժամանակին դուրս է մնացել իմ գրածից. հիմա օրագիրը ինձ տալիս է այդպիսի հնարավորություն… Այլ միտք, խնդիր չունեմ, բացի իմ օրվա գիրը, իմ օրապատումը: Այն պարտականություն չի դարձել, չի դառնա. ես այն ապրում եմ, ինչպես իմ կյանքը, իմ կյանքի ժամանակը… Ո´չ մեմուարներ են դրանք, ո´չ առավել ևս նոր հոդվածներ կամ վերլուծություններ… գրքեր… Օրագիր ու վերջ… Որպես հանրային գործիչ՝ ես այսպիսի ձևաչափի պահանջ ունեցա…

Նազենի կրտսերի և իմ ուշադիր-հոգատար Սուսան քրոջ օգնությունը որքա՜ն տեղին էր… Նազենին ինձ նվեր մատուցեց՝ մեր սիրելի Հասմիկի մոտ վերսկսել է դաշնամուրի պարապմունքները… Վաղը Մայր դպրոցում` Երաժշտության ուսումնական կենտրոնում, քննություն պիտի հանձնի… Նվագեց մեզ համար. այսպիսի ունկնդիր թող ունենա իր ողջ կյանքում…

Երեկոյան մեզ այցելել է Վահե սարկավագը  սիրելի-հարգելի իր ընտանիքով՝ անուշիկ հարսիկ Սեդայով, վեց տարեկան դարձած սեբաստացի Սարգսով և 2,5 տարեկան դարձած, մեր նախակրթարան արագ-արագ ձգտող Դիանայով: Սքանչելի է: Գիտե՞ք, Վահե սարկավագը Դավթի խաչեղբայրն է. ես շարունակ լավ եմ զգում այն մտքից, որ մեր ընտանիքում բացառիկ դիրք ունեցող Դավթի խաչեղբայրը բարեպաշտ, հոգևոր աշխատանքի բարեխղճությամբ հայտնի երիտասարդ մարդ է՝ արժանի ծնողներով, իր ստեղծած ընտանիքով, վարքով-բարքով…

Մենք վայելում ենք միասին լինելը, չորսով մեկ դարձած երեխաների համերաշխ-գրավիչ խաղը… Զրուցելու, մտքեր փոխանակելու, պարզապես մարդկայնորեն միասին լինելու մեր վաստակած ժամանակը…

ԱրաքսըԱրևիկը, Սոնան իմ աղջիկների աղջիկներն են… Ցանկացած պապիկ այս փնջիկին նախանձով է նայում…

Դեռ Շուշան Բլեյանն էլ իր խոսքը չի ասել… Ուզում եմ հավատալ, որ Լիլիթն ու Տաթևն էլ անելիք ունեն. սիրուն-հետաքրքիր շարունակություն է առաջանում, ինչո՞ւ այսքա՜ն երկար ընդմիջում լինի… Արաքս Հովհաննիսյանը, գիտեք, պապիկի ավագ թոռն է. սա, արդեն, կարգավիճակ է, հատկապես, որ այսօր Արաքսը դառնում է կլոր կամ ուղիղ տասներեք տարեկան… Շարունակեք շնորհավորել ինձ, իսկ իմ ու Արաքսի համար 2015-ն ընկերության հաստատման տարի թող լինի… Դավիթն ու ես կարևոր պատրաստվում ենք Արաքսի ընկերակցությամբ այսօրվա երեկոն անցկացնելու, բա՜…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը… Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց

Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու…

Շնորհակալ եմ 1in.am-ին, լրագրողներ Գոհար Հայրապետյանին և Ժիրայր Ոսկանյանին՝ իմ տեսագրի ստեղծման, այսպիսով իմ բլոգապատմանը թարմություն հաղորդելու համար։ Սա իմ անդրադարձն է այսօրվա հանրային, քաղաքական, պետական անցուդարձին։ Հարցնում եք իմ վերաբերմունքը

Իմ գիրը՝ որպես անդրադարձ ու բլոգային ուսուցման հարթակ

Երեկվա իմ մանիֆեստն ունեցավ արձագանք։ Լավ է, որ կարծես հանրայնացվում է կրթահամալիրի զարգացման ծրագիրը՝ իր հրաշալիներով։ Օրվա վերջին հազիվ հասցրել էի ճանապարհել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին իր խմբով, երբ հայտնվեցի