Ինձ հարցնում են՝ ավելի սիրով օրագրի որ շրջանին եմ անդրադառնում՝ անցյալի՞ն, օրվա անցուդարձի՞ն, թե՞ իրագործվելիք ծրագրերին… Օրվան, իհարկե: Բարեխիղճ ու անկեղծ պատում, այո, իմ անցյալ-ապրածի, բայց դա ես անում եմ որպես պարտականություն՝ խոստացել եմ, պիտի արվի, գուցե և հարգելի ընթերցողին հետաքրքրում է կամ կարող է հետաքրքրել։ Սրան իմ գրում անդրադարձել եմ… Ինքնուրույն հարց է՝ պատասխանում եմ. ծրագրերն արժեքավոր են օրվա իրագործումով, հակառակ դեպքում դրանք երազներ են, որոնց լուրջ չեմ վերաբերվում։ Իսկ այ, օրվա հոգսը… իմ օրը լեցուն է այնքան, որ մի գրի նյութ ինքն իրեն դուրս է գալիս. շարադրելու, ոճի-շնորհքի հարց է: Անցյալից կան դեպքեր-դեմքեր, որ շրջանցում եմ անշուշտ, և ոչ նրա համար, որ չեմ ուզում նրանցից խոսել, հետաքրքիր չէ անդրադառնալը: Շատ էլ հետաքրքիր են, բայց միայն իմը չեն. չեմ ուզում կրկին ցավեցնել…

Ո՞ւմ համար եմ գրում… Ընթերցողիս… Տեսնո՞ւմ եմ նրան… Հա, իմ աշխատանքային ընկերների մեջ են, կրթահամալիրի տարատարիք սովորողների ու ծնողների մեջ, շրջանավարտների, իհարկե, Ամանորի տոնական այս օրերին համոզվեցի, իմ հարազատների մեջ… Շատերն էլ կարդում են ու բանավոր փոխանցում՝ գիտեք, Բլեյանը օրագիր է գրում, ամեն օր, իր բլոգ-կայքում, Բլեյանն այսօր սա է գրել… Հանդիպել եմ այսպիսի մարդկանց էլ, որ չեն կարդում օրագիրը, բայց մանրամասն տեղեկացված են… Գիր կա, որ «բում» է հանում. իմ քույրիկ Նազենի աստղ Հովհաննիսյանի մասնակցությամբ 2015թ.-ի 2-րդ «Կյանքի բեկում տարի, այո´…» գիրը… Աստղային ծանրակշիռ ներդրում…
– Քեռի ջան, դու ինձ շարունակում ես թերագնահատե՞լ, չես օգտագործում բազմապատկող իմ անունը,- կասի Նազենին…

Շատ ընթերցող ունեցավ մեր բարի հսկա Քրիստինեի մասին գիրը… Աբրահամյան Արմինեն, ով Գեղարվեստի դպրոցում աշխատել է Քրիստինեի հետ և որպես անձնական կորուստ է խորությամբ սգում, այսպես խոսեց.
– Իբր լա՞վ բան եք արել լացացնող երրորդությամբ` քո անկեղծ-ճշգրիտ խոսքը, Թոփչիկի տպավորիչ տեսաշարն ու վեհացնող երաժշտությունը…

Մեդիա գիր է՝ հուզում է… Քրիստինե, ա՜խ, Քրիստինե… Հուղարկավորության ժամանակ ինձ մոտեցավ Քրիստինեի երիտասարդ հարազատուհիներից. ազդված էր ու ազդեց նաև խոսքով.
– Պարոն Բլեյան, Քրիստինեն ձեզ շատ էր հարգում, շատ պատմում ձեր մասին… Ամենամեծն ու անլցնելին, անմխիթարելին այս դեպքում Քրիստինեի մոր կորուստն է, նրա մայրիկի վիճակը…

Քրիստինեն, իհարկե, կարգը խախտեց… Ֆիզիկական աշխարհը թողնելու և հարազատներից հեռանալու կարգը… Հովհաննես Թումանյանը Սարոյի մոր բերանով է ասում բոլոր մայրերի անունից` Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլումԹըշնամի´ որդի, դավաճա´ն որդի… Քրիստինեի մայրիկը շարունակում է (ամեն վիշտ, կորուստ անհատական է).
– Սիրելիս, ընկերս, անփոխարինելի օգնականս… հարազատս… անգինս… բալես,- անօգնական, ապրելու ողջ իմաստը կորցրած տարեց հիվանդ, խնամքի կարոտ՝ Քրիստինեի խնամակալության, Քրիստինեի հետ սովորույթի ուժով ապրած մոր խոսքերը, լսեք, իմ ականջներում են…

Հիմա չեմ ուզում, խառնելն ազնիվ չէ. ավելի ուշ կպատմեմ Սուրբ Ծննդյան Ավետիսի օրերին ինձ խոցածի, մեր եկեղեցի հաստատությունների ու հայոց հուղարկավորության մասին… Հետևեք իմ օրագրին. այն ամեն օր է, անընդհատ՝ մինչև 2015-ի սեպտեմբերի 4-ը. այդ օրը կլրանա իմ 60-ամյակն ու օրագրի ընթերցողներով կպայմանավորվենք…

Արմինեի հաճախ կրկնած նախադասությունը ծակում է ականջս.
– Էս Նոր տարին ո՞նց անցավ…
Նկատի ունի, իհարկե, ուսումնական արձակուրդը՝  2014-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2015-ի հունվարի 7-ը ներառյալ.հունվարի 8-ին9-ին կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ամենամյա բաց դպրոցի պարապմունքներն են, հունվարի 12-ից՝ ուսումնական բնականոն պարապմունքները…
Ես հետևողական շտկում եմ.
– Նոր տարին չի անցել, այլ հին տարին… եթե անցել է… Նոր տարին դեռ պիտի սկսի, եթե, այնուամենայնիվ, սկսի…

Այսօր ծանոթանում էի Մայր դպրոցի պատրաստության վիճակին, որտեղ պիտի ընթանան հունվարյան դպրոցի երկօրյա պարապմունքները, շփվեցի շահագործման խմբի աշխատողների, այդ թվում՝ նրանց ղեկավար փոխտնօրենի հետ և հուսահատ արձանագրեցի, որ հին տարին՝ հին աշխատաոճը, հին բարքերը, 2014-ի արատավոր իներցիան, չի ավարտվել, և նորը չի սկսել… Կսկսվի՞… Ամանորի տոների, «Ամանոր և Սուրբ ծնունդ» ուսումնական նախագծի կոչումը սա չէ՞՝ հնից հրաժարվել-անցնել նորին՝ բեկում առաջացնել… Բա մարդի՞կ, հարազատ դարձած իրերով ու կապերով…

Մի կողմից, եթե լսենք իմ կազմած «Բոլոր ժամանակների հերոսները» թոփ տասնյակում ընդգրկված Ալբերտ Էյնշտեյնի 14-րդ հայտնի խորհուրդը. «Եթե ցանկանում եք երջանիկ ապրել, ապա պետք է կապված լինեք ձեր նպատակներին և ոչ թե մարդկանց ու իրերին»: Իսկ ահա Հասմիկ Ղազարյանի մասնագիտական աջակցությամբ 2015-ի ծնունդ թարգմանական բլոգը, որ հիմնադրել են Վարժարանի Նարեկ Սահակյանը, Մերի Թելունցը, Արինա և Էլինա Հակոբյանները, Մարիամ Գևորգյանը, թափառական շների աճի դեմն առնելու անուղղակի միջոցներ են փնտրում. «Բարեգործական կազմակերպությունը հիշեցնում է շան տերերին, որ կենդանուն լքելն ըստ «Կենդանիների առողջության և բարեկեցության» օրենքի (Շոտլանդիա) համարվում է հանցագործություն»… Կտրե՞նք, թե չկտրենք կապերը՝ ահա խնդիրը.
– Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,- կհայտնվի իր հայտնի դիլեմայով իմ մյուս թոփ տասնյակի մյուս ներկայացուցիչ արքայազն Համլետը…

Շնորհակալ եմ անտեղի հիվանդացած Կային՝ Կարեն Խաչատրյանին, ով գրագետ-կոնկրետ արձագանքեց կրթահամալիրային ուսումնական ռադիոյի զարգացում-ծավալման, թվային միջոցների որպես անհատական-խմբային-համայնքային ռադիո միջոցի օգտագործման մասին իմ օրագրի հարցադրմանը… Խնդրեմ, Կայի նյութը՝մինչև վերջ կարդաք-յուրացնեք-մեկնաբանեք-առաջարկեք-գործեք սխեմայով…

Դավթապատում

– Ապրես, որ դու խելոք ես… տունը մաքրում ես, ճաշ ես եփում համով… խելոք մամա ես…

– Կուկլա ջան, կուկլա մամա ես…

– Հայրիկ, մայրիկը սիրուն ա…
– Ի՞նչս ա շատ սիրուն, Դավիթ,- ոգևորվում է մայրը…
– Ամենասիրունը… շորդ ա… Հայրիկն ա առել, չէ՞…

– Հայրիկ, արի գիրք ընտրենք, ես գնում եմ՝ քնեմ…

– Հայրիկն ինձ սիրո՞ւմ է, Դավիթ:
– Այո, տխուր-տրտում…,- ասում է Դավիթը։

– Լավ կանես՝ ինձ գրկես, հայրիկ… Գուցե գրկե՞ս ինձ, մայրիկ…

Դավիթը նուռ է ուտում. մեկ ամբողջ նուռը կերավ՝ Նառա Նիկողոսյանը կնախանձեր, հետո նարինջ բերեց. իրիկունը ժամը 10-ն է. կտրեցի, մաքրեցի՝ կերավ ամբողջը, լոզերս գնացին…
– Էլի նարինջ եմ ուտում,- ձեռքը մեկնեց, նարինջ վերցրեց սեղանից:
– Բա դու որ բոլորն ուտես, մենք ի՞նչ ուտենք, Դավիթ…
– Շան պոչ… Լավ ասեցի՞, հայրիկ,- ծիծաղում է…

Արամ Խաչատրյանը՝ Դավիթ Բլեյանի սեբաստացի հասակակիցն ու պարտեզի ընկերը, մի խումբ մեծահասակ սեբաստացիների ուղեկցությամբ այցելել էր Դավթին… Հուզիչ հանդիպում էր ընկերների… Տեսարան… Ո՜նց խաղացին, ո՜նց սիրեցին, կարոտներն առան, ինչքա՜ն կարևոր բան տվին-առան… Դավիթը և Արամը հասունության քննություն հանձնեցին իրենց հայրիկներին, Գրիգոր Խաչատրյանին, տիար Գևորգին ու Ռուդիկին… Ինձ համար կարևոր էր, որ Դավիթն ասաց.
– Բոլոր մեքենաներն էլ կտամ Արամին…

Ու տվեց: Իսկ Արամը, արժանապատվորեն, եղբայրաբար, հավասար ու ազատ… գույքից… Քչով բավարարվեց, որպես նվեր, ընկերության նշան, առհավատչյա…

Դավիթն արթնացավ առավոտյան յոթին. ձյուն էր գալիս։ Տեսե՞լ եք, սեբաստացիներ, թե՞ քնած էիք… Ի՜նչ ձյուն է, իսկական Վայ, մայրիկ ջան, տես… Վերջապես… Դավիթը տեսավ.
– Հայրիկ, տես, ձմեռ է եկել արդեն։ Բարձրացրու՝ պատուհանին կանգնեմ, նայեմ։
Մենք միասին մի քանի անգամ կարդում ենք «Վայ, մայրիկ ջան, տես»։ Ավելի լավ բան ո՞վ գիտի. կարդացեք, լսենք։

Հովհաննես Թումանյան

Առաջին ձյունը
– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պապի ասած՝ երիտասարդության չծուլանալու և քաղաքականությամբ զբաղվելու ժամանա՞կն է Հայաստանում…

Ճամփորդություն-հայրենագիտական մեր թափառումներին հաճախ են հնչում՝ մենք («Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր որևէ կազմով՝ ուսուցչական, վոկալ, պատանեկան, մանկական) այստեղ երգել ենք, ու պատմությո՜ւն մի, ինչպես երեկ, Եղվարդի Սուրբ Աստվածածնում. այստեղ երգել են

Բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում…

Արագածից իջածի փորձով եմ ասում։ Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ…

Շաբաթվա իրադարձություններ՝ մեխերով

Երբ կարդացի, ոչ թե տեսա—լսեցի, Կարպիս Փաշոյանի հետ իմ զրույցի առաջին մասը, խաղաղվեցի, այլոց համար էլ ինձ օգտակար թվաց խոսքը մեր, որպես իրար հարգող մարդկանց կենդանի զրույց։ Շնորհակալ եմ Մարինե Ամիրջանյանին մի չարչարանքի