Այս տեսանյութում պարն իմն է… թե չէ ասում եք՝ տիարն ամենքիս պարացնում է, բայց ինքը… Այսպիսի իմացումի հրճվանք. Ղազարյան Հասմիկի այս տեսապատումում բոլորն իրական են՝ բնակելի արվարձան Բանգլադեշը, որպես կրթական պարտեզ, դպրոցը, որպես բաց արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա, նախագծերով ուսուցումը… Աշտարակի Մուղնիի Մեսրոպ Աշչյանի անվան դպրոցի դպիր սաների ժամասացությունը Սուրբ Գևորգ եկեղեցում մնաց կիրակի առավոտ ժամը 10-ին, Կիմի նախաձեռնությամբ մեր հանդիպումը եկեղեցու գավիթում սովորողների և ուսուցիչների հետ, դպրոցի փոխտնօրեն, Աշտարակի մեր թիվ 7  դպրոցի նախկին ծնող Գայանե Ավետիսյանի հետ զրույցը եկեղեցու գավիթում… Աստվա՜ծ իմ, որքան ազնիվ-խաղաղված-ապրումի հոգևոր Հայաստան կար այդ ժամին այդ տարածքում…

Օրագրի ճամփորդական նկարաշարերը` կրթահամալիրի տնօրենի…

Հետո քայլեցինք Օհանավան-վանքով (թող պատմեն ճամփորդները), հասանք Արտաշավան՝ շրջանցելով Սաղմոսավանքը, Քասաղի ընթացքին հակառակ, աջ ափով անդնդախոր կիրճի երկայնքով՝ հայացքներս մերթ աջ՝ Արայի սպիտակած լանջին (Դավիթը Բլեյան ասաց՝ ոնց որ երկգագաթ Մասիս լինի), մերթ ձախ՝ ձյուների մեջ մրգատու ծառերով դաշտերի հեռանկարին, սպիտակափառ քառագագաթ Արագածին, մինչև Արայի ու Արագածի սարերը միացնող պարանոցը՝ շատ նման մեծ ու փոքր Սևանները բաժանող, Նորատուս-Արտանիշի ծովախորշերը միացնող պարանոցին… Ջնջելով վանքը-եկեղեցին գյուղից-մարդուց-աշխարհից մեկուսացնող որևէ պարիսպ-պատ-պարտնեշ՝ անսահման մոգական աշխարհում էինք՝ ազատությունը գտած ճերմակ-բոզ գույներով մտրուկների տարերքով… Ե՞րբ է մեր եկեղեցին ի վերջո այս ամենը համարելու իրենը՝ շենն էլ, նրա մարդուն էլ, կիրճն էլ, սարն էլ. ումի՞ց և ինչո՞վ է բաժանվում պարիսպով… Հետևեք իմ գրին. սա հեռուն գնացող խոսակցություն է։

Ես հիմա էլ այնտեղ եմ ու կմնամ այնքան, քանի դեռ չեմ վերադարձել մի խմբով, Արայի գագաթներով շրջայց չեմ արել, չեմ իջել, ուղղություն բռնել Արագած-Արայի պարանոցով-միացնող սապատով մինչ Արագած գյուղից վերև Գեղարոտի հայտնի ջրվեժ, հետո վեր՝ նշանավոր կածանով-անցումով խառնարան, ու վրանը խփել, չորս գագաթի պար-նվաճում-խրախճանք՝ որևէ հերթականությամբ՝ հյուսիսից արևելք, թե արևմուտքով հարավ իջել… Հետո՝ մինչև Քարե լիճ, ու ճանապարհ է՝ տարավ Արուճի բերդ ու եկեղեցի… Իմն է Հայաստանն այս, ու ես՝ նրա հետևողական ուխտավորը… Սա է, սեր է: Կիմենց Թռչուն պապի հայրական տան լազաթը մնաց արդար հացի՝ Սանասար երկրագործ հորեղբոր վաստակը՝ քրտիքով աշխատած, խնամված այգին, յուրահատուկ խնձորի համը, ամենամեծ պոպոքից էլ մեծ իր կեռասի՝ ծառից քաղած…

Կիմի մայրիկը մնաց՝ խնամված-ազնվական կնոջ հմայքով, Կիմի հոր լուսավոր հումորը, Կիմի ինքնավստահությունը… Լիդեր է, առաջից է գնում, դիմավորում են Թռչուն պապի թոռանը, չնայած նա Աշտարակում է ծնվել-մեծացել-սովորել, Ուշիի դպրոցի տնօրենով, փոխտնօրենով, Մուղնիի գրագետներով… 23 հոգով վստահ մտնում է հորեղբոր-պապական տուն ու ինչ պատիվ է տալիս ընկերներին, որոնց մեծ մասին առաջին անգամ այս ճամփորդությամբ է հանդիպել, որ մարդու նստելը՝ հա, գնալը չէր գալիս… Սա է Հայաստանը, ու վերջ:

Ես այսքան նկարած կայի՞… Էն էլ իմ ողջ լիցքը այֆոնի սպառեցի Սաղմոսավանքի օրհնության-զանգերով, Արայի-Արարատի հեռանկարով՝ Քասախի մի աշխարհում ասեմ, տարածքում ասեմ… Մեկ է, ես այնտեղ մնացի իմ աչքերով… չրխկոցով, սրտով, մտքով…

#1228

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա այս գիրս՝ պատասխան հեռախոսազանգերին

Իմ օրագիրն այսօր ունեցավ երեսուներորդ եթերը, բեմելը, թե հրապարակումը… Ուռա՜. սա հենց այն առիթն է, որ մեզ կհավաքի վաղը՝ նշելու աշխատանքային կարգով։ Հետաքրքիր կապ է հաստատվում ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հետ. արձագանքում

Մեռնեմ-պրծնե՞մ․․․ Չեմ թողնի․․․

Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․

Ահավասիկ, հագած ուղևորի զգեստ….

Ահավասիկ, հագած ուղևորի զգեստ Եվ ձեքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ- Դու գնում ես դեպի հեռուները վսեմ, Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝ կապույտ ու խաղաղ։-