Կիրակի ջան, ամենաշատը ես քո կարիքն ունեի, ու դու ինձ հասար․․․  Որքան էլ որ վաղը սկսվող  երկուշաբթին լեցուն է օրացույցով որոշված գործերով․․

Հագեցած-անցած շաբաթից երկու բռնկում-տեսիլ մեկումեջ հաջորդում են․․․ Հայ ու վրացի՝ «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մասնակիցները, մտնում են քիրստոնեական եկեղեցի՝ Արենիի Սրբ․ Աստվածածին վանք, միասին աղոթում, լսում միմյանց աղոթքը, հայերեն, հետո վրացերեն, հետո միասին լսում Անի Նավասարդյանի կատարմամբ հոգևոր երգեր, հետը միասին մռմռում, հետո շարունակում ճանապարհը դրախտի՝ միասին չհանդուրժելով կեղտի մեջ կորած աղբյուրի գոյությունը, մաքրում, բարեխիղճ-կարևոր, միասին լվացվում արդեն մաքուր աղբրի ջրով ու միասին վայելում ձմերուկը մաքուր աղբրի եզերքին՝ միասին ծիծաղով այս անգամ Հայաստանին թողնելով ամեն ինչում առաջինը լինելու կոչումը․․․

Շաբաթներ հետո «Պատանի հնագետ» նախագծով կհանդիպենք Վրաստանում, ու այս ամենը նորից  կլինի, առաջինի դափնին էլ միասին ու ծիծաղով ամեն ինչում կփոխանցվի Վրաստանին․․․

Դժվարը այսպիսի նախագծային աշխատանքը-ընկերությունը փոխանցելն է Հայաստանով մեկ-Վրաստանով մեկ, ինչով, կեցցեք համառորեն-հաջողությամբ լեցուն եղավ արդեն ետևում մնացող հագեցած շաբաթը։ Այսօր, ուռա՜, կիրակի է։ Դավիթը երեկվա իր ուսումնական ճամփորդությունից, Արզական գյուղից-բարձունքի նվաճումից հետո մնացած, սառնարանից նոր հանած, Արմինեի թխած կոտլետն է ուտում առանց հացի․․․

Դավթապատումը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից

Մյուս տեսարանը Օշականի Դիդիկոնդի* բարձունքից հայացքը՝ ուխտի եկած, ուխտի ճամփեն բացած սեբաստացիների, 5-6 տարեկանների՝ այս անգամ՝ Հյուսիսի դպրոցի, ուսուցիչների, ծնողների, «Արի Օշական» նախաձեռնության երիտասարդների․․․ Դիմացը՝ Քասախ գետի ընթացքը, իր նշանավոր-մեզ սպասող խառնարանով, ձորով, գետի ավազանի մաքրությունը, մեր ուխտի մեջ Քասախի ներառումն է. ջրով մկրտության նախագիծը համարենք տրված․․․ Պտտվի՛ր բարձունքի վրա, ի՜նչ հարթակ է․․․ Արայի լեռը՝ ափիդ մեջ։  Օրը հաջող չէ քառագագաթ Արագածը դիտելու համար, իսկ Արարատը հարավում անթափանց ծածկոցի տակ է․․․ Մեկ է, ի՜նչ գագաթ է, ի՜նչ դիրք․․․ Գյուղ եմ ասել է, ի՜նչ անունով, հավերժ կենդանի Սուրբ Մաշտոցով, բարձունքի ճամփին հին հուշարձան-գերեզմանոցով, բուն բարձունքով, գյուղը երիզող Քասախով-կիրճով… Իսկական հայոց ուխտավայր․․․ Ու այս ուխտի կազմակերպումը չի կարող որպես ուսումնական-համայնքային աշխատանք չփոխել մարդկանց կյանքը-հայացքը աշխարհին, իրենց շուրջը․․․ Օշականը նաև մերն է, մենք մեր փայ մասնակցությունը, աջակցությունը նախաձեռնողականությունը սիրով կունենանք մեծով-պստիկով։

Օշական, Քասախի կիրճ… լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Իսկ նախագծային ուսուցման «Օշական» ֆլեշմոբի մեր պատրաստությունը՝ երեկվա ուխտագնացության ընթացքում իմ բանավոր սկսած, շարունակեք։ Այսօր՝ կիրակիով, ով ժամանակ ունի, թող  ֆլեշմոբի համար առաջադրանքներ անի։ Կարծում եմ՝ ֆլեշմոբի ստեղծմանը կմասնակցեն նաև Օշականի մեր գործընկերները՝ դպրոցը, եկեղեցին՝ իր «Արի Օշական» երիտասարդական թևով։

Պետք է ամեն օր բարձրանա՞լ բարձունքը՝ բարձրացե՛ք, լսո՞ւմ եք, բայց առօրյայում-աշխատանքում-ձեր գործերում մի՛ կորցրեք բարձունքից աշխարհին ձեր հայացքը, մեծ ու պստիկ օշականցիներ, ավելին, յուրաքանչյուր ուխտավորի գերեք այս բարձունքով․․․ Մենք, սեբաստացի գերվածներով գալիս ենք հաջորդ շաբաթ, Կոմիտասյան օրերին կլինենք միասին․․․ Արևելքի-Արևմուտքի-Հարավի մեր 5-6 տարեկաններին առաջներս առած․․․ կանցնենք ուխտի ճամփով․․․ Մեր ճամփեն իստակ մաքրելով աղբից․․․ ներսով-դրսով․․․

Քասախի ափին երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը ուխտավոր-սեբաստացիներին ծիսական պարերգերի մեջ էր քաշում, ծնողներից մեկին խանգարում էր խաղողը, որ իր երեխայի հետ երիտասարդ մայրիկը ծեսին մասնակից-ներառված լինի․․․ Ես խլեցի խաղողի ճութը․․. Ի՜նչ խաղող էր, համը հիմա էլ իմ բերանում է․․․ Մնացածը շտկելի է, որ միասին կանենք կիրակիի բարձունքից երևացող երկար շաբաթում։

Բարձունքի հաղթահարում. Արզական, Նեղուցի վանք:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

#1159

*ԴԻԴԻԿՈՆԴ — բլուր-հնավայր Օշական գյուղում։ Հրաբխային ծագում ունեցող բլուր է, որը տեղացիները կոչում են Դիդի ( = դիտակետ)։ Բլրի ստորոտում փռված են 2-1-ին հազարամյակների բնակավայրի մնացորդ­ներ և դամբարանադաշտեր, իսկ գագա­թին պահպանվել են ուշ ուրարտական ամրոցի տեղում կառուցված վաղ միջնա­դարյան մի փոքրիկ բնակավայրի հետ­քեր։ Այդ հին ամրոցն ունի քառակուսի հատակագիծ, գրավում է մոտ մեկ քա­ռորդ հա տարածություն և պատված է եղել 2,65 մ հաստությամբ հզոր պարսպով։ Ամրոցը վերանորոգման է ենթարկվել 4-5-րդ դդ Ամատունիների կողմից։ Ամրոցի տեղում հետագայում գոյություն է ունեցել ավելի ընդարձակ տարածք գրավող սովորական բնակավայր։ Այս­տեղ պեղումներ են կատարվել 1971-ից սկսած. հայտնաբերվել են խեցեղեն, քանդակազարդ քարաբեկորներ և նյու­թական մշակույթի այլ մնացորդներ։ Արևմտահայերեն տառադարձությամբ՝ Դիտիկոնդ։
Աղբյուրը՝ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդիկ ափի մեջ… Ու երանության մասին է գիրը…

Որպես տանտեր-տիար՝ դիմավորեցի մեծ խումբ մարդկանց՝ Հայաստանի տարբեր քաղաքների-գյուղերի մանկապարտեզների դաստիարակներ բոլոր կարգի, կրթահամալիրի հեղինակած հնգօրյա ուսուցման ծրագրով եկած… 50-ի չափ մեծահասակների կրթության կամավորներ, ի՞նչ սպասելիքներով… Օր առաջին, մայր դպրոց, մարմարյա սրահ.

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

Ստատուս քվոյի նոտարները, որ սսկվել էին իբր Խորենացի-փողոցի՝ քաղաքական նոր հարթակի առաջացմամբ, հիմա դիրքերը արագ կպնդացնեն. Ազատության հրապարակը՝ որպես Խորենացու փողոցի՝  ստատուս-քվոյի իշխանությանն ու նրա ընդդիմությանն ընդունելի այլընտրանք, ստատուս-քվոյի հաստատման ճանապարհային

Հրապարակում մենք ենք՝ մեր ձեռքբերումներով…

Նունե Խաչիկօղլյանը, Իջևանի ճամփին իմ հիացական արձագանքին՝ «Արևելքի ծաղկունքի պարահանդեսը» հրապարակմանը, միշտ նրբանկատ-մասնակցային հուշեց՝ հրապարակման վերնագիրը Նառա Նիկողոսյանինն է…