Հանդիսատես-ունկնդիրը երաժշտական ճաշակի-պահանջի իրականացման նախընտրելի՝ միջավայրային լուծում գիտի՝ համերգը: Մեր հերթական համերգը կայացավ Կամերայինում: Մենք խիզախություն ունեցանք 2014-ին նվաճելու միանգամից երկու պատվավոր համերգային դահլիճ՝ հունիսի 20-ին Առնո Բաբաջանյան համերգային դահլիճը, դեկտեմբերի 16-ին՝ երեկ՝ Կամերային երաժշտության տան դահլիճը… Վատ չէ, ընկերներ: Ու տեսեք՝ քանի՜ սովորող-ուսուցիչ երեկ բեմ դուրս եկավ… Ծրագիրը, որ ազգային անվտանգության նկատառումներով գաղտնի էր պահվում, երեկ գաղտնազերծվեց… Հրապարակում եմ

Ինձ համար կարևոր էր, որ կրթահամալիրի դպրոցների սովորողների հարյուր ծնող կամեցել է մասնակցել դեկտեմբերի 16-ի Կամերայինի մեր համերգ-ցուցադրությանը. վճարել է  5000 դրամ ու, ստացել է… Ինչպես Դպրոց-պարտեզի Աբգարյան Մանեի մայրիկ սեբաստացի շրջանավարտն ասաց. «Ինչքան ուրախ երեկո. շա՜տ սիրելի մարդիկ, հարազատ դեմքեր»… Իսկ «ԱրտԲզզանի» ռադիոռեպորտաժը պիտի անպայման լսել. երբ խոսում են Հայաստանի Հանրապետության լուսավորության առաջին նախարարը և 4 սեբաստացիների հայր, կրթահամալիրի խորհրդի նախագահը։

«Սեբաստացիներ» հիմնադրամ մուտք է գործել 500 հազար դրամ ծնողական այսպիսի նվիրատվությունից՝ համերգ-ցուցադրության տոմսերի վաճառքից: Ամենաշատ սպասում էի և ուրախ եմ, որ «Գեղարվեստը կրթահամալիրում» աճուրդը կայացավ. սիրուն ցուցադրություն էր՝ Գեղարվեստի ավագ դպրոցի, Քոլեջի սովորողների երեք տասնյակի չափ լուսանկարներ ու գեղանկարներ պատշաճ ներկայացված էին Կամերայինի մեծ պատով… Տեղում աճուրդով վաճառվեցին գեղանկարներ, հիմնադրամ մուտք արվեց 500 հազար դրամ…

«Սեբաստացիներ» հիմնադրամի կազմակերպած անդրանիկ աճուրդը  խիզախ քայլ էր, վստահ եմ՝ կդառնա ավանդական: Ես առաջարկել, կրկնում ու պնդում եմ դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում անսովոր և էկո տոնածառերի աճուրդ-ցուցադրության կազմակերպումը։ Ամանորը՝ որպես տոն, ենթադրում է տոնական միջավայր. ստեղծենք անհատական, խմբային, դասարանային, դպրոցական ամենահետաքրքիր լուծումներով այդ միջավայրը՝ արժեզրկվող վերջին դրամից ազատվենք, աճուրդով փոխանցենք այն «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին: Ալբերտ Էյնշտեյնը մեր կյանքի համար այսպիսի հիշեցում է արել. «Կյանքը նման է հեծանվով երթևեկելուն: Հավասարակշռությունը պահելու համար պետք է շարժվել»: Ահա այսպես, շարժվելով, սիրելի Առնոլդ Բլեյան ջան, կկենդանանա, բոլորիս կյանքում որպես փաստ կկայանա հիմնադրամը…

Կրթական հիմնադրամը պիտի օգտագործի մայրաքաղաքի, կրթահամալիրի բաց ու փակ համերգային դահլիճները՝ ամենաբազմազան համերգ-ներկայացումներ՝ տարբեր տևողությամբ, ձևով, բովանդակությամբ կազմակերպելու համար… Սրանով մենք խրախուսում-պարտավորեցնում ենք սովորողին և ուսուցչին՝ գեղարվեստական՝ երաժշտական-նվագախմբային, գործիքային, թատերական, կերպարվեստային այլ գործունեությամբ շարունակաբար զբաղվելու…

«Ուղղակի խելագարություն է անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների»… Նորից կարդանք անջատ-անջատ, հետո միասին վերը բերված այս տողերը, որ «Ուղեղի ֆիթնես» կայքի կազմած՝ Էյնշտեյնի լավագույն 20 մտքերից 7-րդն է: Ինձ զվարճացնում է մի միտք, որ ես ավելի ու ավելի կապվում եմ իմ կրթական նպատակներին՝ դրանով իրական իմաստ-բովանդակություն հաղորդելով իմ կյանքին… Կապված նույն նպատակներով՝ դրանց իրականացման գործընկերությունն է միակ ճանապարհն իրար չկորցնելու: Որքան էլ՝ տարիներ շարունակ եղած-ապրած լինենք միասին, աշխատած կրթահամալիրում, առանց նույն նպատակադրման, դրանց իրագործման կենտրոնացման, մենք, իհարկե, մարդիկ, կբաժանվենք: Է՜, թող շնորհավոր լինի Նոր Տարին. ես իսկապես ձգտում եմ հիմա ոչ թե հաջողության, այլ որ իմ կյանքն իմաստ ունենա: Կրթահամալիրի մի անանուն բարեկամ կամեցավ, որ հիմնադրամն Ամանորի այս շրջանում նվիրատվության ֆոնդ ունենա՝ ձևավորված սովորողների-ուսուցիչների ստեղծական գործունեության նյութականացումներով՝ լուսանկար, գեղանկար, քանդակ… Եվ արտոնեց ինձ գնել և՛ աճուրդին ներկայացրած նմուշներից և՛ այլ,  ու ցուցադրել այդ ֆոնդը… Վաղուց քննարկում էինք, իսկ շարժում չկար. հիմա, մինչև Ամանոր, վստահ եմ, կլինի:

2015-ի ուսումնական նախագծերի մեկնարկը երեկ տրվեց: Տրվե՞ց, հարցնում եմ: Ուսումնական նախագիծն ինձ համար կյանքում առկա, լուծողին (լուծողներին) հետաքրքիր խնդիր է, ու դրա լուծումը՝ մասնակիցների ջանքերով… Այդպե՞ս է: Իրական է ու կոնկրետ խնդիրը… Դուք կունենաք իմ լիարժեք աջակցությունը:

Ես 2013-ի սեպտեմբերին եմ ասել՝ չկա այնպիսի ուժ, որ ինձ խորհրդային անցյալ տանի, որևէ ձևաչափով կամ անվանումով՝ Եվրասիական տնտեսական, թե պուտինյան-քաղաքական… Не бывать! Այն, ինչ կատարվում է այսօր Ռուսաստանի հետ՝ Ղրիմի բռնակցումից սկսած, 1980-ականների վերջին մեր աչքի առաջ կատարվեց Խորհրդային Միության հետ … Արևմուտքը միահամուռ է. չի պատերազմի, կպաշտպանի իր սահմաններն ու տնտեսապես կփլուզի Ռուսաստանը՝ իր աշխարհաքաղաքական հավակնություններով… Կեցցե՛ ազատատենչ Ուկրաինան…. ԱՄՆ օրերս ընդունած օրենքն Ուկրաինայի ազատության պաշտպանության մասին ոչ մի կասկած չի թողնում՝ Ուկրաինան չի հանձնվի ֆինանսապես սնանկ դարձող ռուսական զինվորական ահաբեկմանը. Եվրոպան ինքնուրույն ու ազատ Ուկրաինայի տեղն ունի, ու այն զբաղված է արդեն…

Նավթի գինը, ընդամենը մի ապրանքի գին, եթե կարող է մի քանի ամսում ցնցել երկիրը, այդ երկրի հետ չի կարելի որևէ հեռանկար կապել: Քաղաքական որոշումը կայացած է, ու նավթի գինն առաջիկայում մեկ բարելի դիմաց 60 դոլարը չի գերազանցի: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ավելի սերտ մեկմեկու կարիքն ունեն. 2015-ին կստորագրվի նրանց ազատ առևտրի (ասոցացման) համաձայնագիրը: Իսկ մենք՝ ասել եմ վերնագրում… Անազատության ստատուս-քվոն պիտի հաղթահարենք Հայաստանում, ու դա հնարավոր է անել, պիտի անել անհատի մակարդակով:Քաղաքացիանալու խնդիր ունենք յուրաքանչյուրս, որ դառնանք իրական պատվիրատու և լիարժեք մասնակից՝ անխուսափելի քաղաքական փոփոխությունների…

Այսօր Դավթին 7.30-ից քնից արթնացրեց իր թեթև-կարմիր-մեծ գնդակը.
– Հերիք է քնես, Դավիթ, ուզում եմ քեզ հետ լողամ, լողանամ-մաքրվեմ:
Դավիթը սիրով ընդառաջեց. կես ժամ հաճույք ունեցան լուսառատ մեր լողարանում… Նոր-լուսավոր լողարանում Դավիթն ավելի պայծառ է երևում…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում…

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, Իսպանիայում անցկացվում է համընդհանուր գործադուլ, որի մասնակիցները պահանջում են կանանց ու տղամարդկանց իրավունքների իրական հավասարություն։ Համընդհանուր ֆեմինիստական գործադուլի՝ առաջինը Իսպանիայում, կարգախոսն է «Առանց մեզ աշխարհը կանգ

Ոչ թե հոգս ու հոգոց, այլ Ամանորի, Սուրբ Ծննդյան ուրախություն

Ուրախ չէ, որ տոնածառը Հանրապետության, գլխավորի կարգավիճակով դառնում է դեկտեմբերյան հանրային ամենաքննարկվող հարցը, այնպես, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետը ներկայացնում է կատարված ծախսերը մաս առ մաս՝ լույսեր, ճյուղեր, զարդեր,

Մեկի ներկայությունն անդադար չե՞ք զգում…

Պարտադիր է, հա՞, որ իմ գիրն էլ, որպես մեդիատեքստ-նյութ, վերնագիր ունենա. համացանց կոչվածը չի ընդունի իր ընտանիք… Դավիթ Բլեյանի ճղղոցը լսեցի. «Ինչո՞ւ է պարտադիր, ինչո՞ւ չի կարող առանց վերնագիր… որ