Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը փոխել են.
– Դավիթ չդառավ, մի կրակ դառավ,- ժպտում եմ, շարունակում հիանալ:
Էս շան տղու հետ ո՞նց ենք անելու…
Հանկարծ հազում եմ՝ փռշտալու նման, պայթյունով…
– Առողջություն, հայրիկ ջան…
Դավիթն է. քնա՞ծ է, արթո՞ւն է…
– Շնորհակալություն, Դավիթ տղա։
Չի արձագանքում, քնած է ծուռ Դավիթը…
Որքան էլ Լիլիթ Բլեյանն իր նման խելացի է նվերների ընտրության մեջ՝ Դավթին էլ, ինձ էլ, Արմինեին էլ, ամենամեծ՝ սպասվասծ, նշանակալի-անհրաժեշտ նվերը Սոնա-Դավիթ պարբերական-երկար ժամանակն է, որ միասին անցկացնում են, ինչպես հիմա, այս կիրակի օրով: Եթե պիտի նվերը՝ որևէ տեսքով, հետաձգի, իրենով պայմանավորի այսպիսի հանդիպումները… Որտե՞ղ պիտի հանդիպեն, եթե ոչ Աշոտ պապիկ-տնօրենի տանը, քեռի-եղբայր Դավթի հետ մենամարտում։
Ի՞նչ նվեր: Քյավառցու հայտնի անեկդոտի պես, որ արաղ վաճառողին հարցնում է.
– Էդ որ ծախսում ես, ի՞նչ պիտի առնես… Արաղից լավ՝ ի՞նչ:
Քննարկում ենք, Նառա Նիկողոսյան ջան: «Մեկ ա հավես ա՞» նվեր տալը-ստանալը: Իհարկե: Բայց հաճախ զրկում է մարդկային շփման վայելքից կամ հետաձգում, իսկ դա ամենակարևոր վայելքն է, որ ես ու իմ մեծ բարեկամԷքզյուպերին գիտենք: Անցնող շաբաթ իմ բացակայությամբ Նվարդ, Մարգարիտ Սարգսյանները Արեգի-Նարեկի հետ այցելել են մեզ… Ա՜յ նվեր… Դավթի խոսքի մեջ մինչև այսօր կարող ես հանդիպել այդ վայելքի արձագանքներին… Ես համոզված եմ, որ այսպիսի մարդկային շփումները մեծերիս ու մեր երեխաների միջև հետաձգվում են այդ «հարմար նվեր լինի» հարգելի համարվող հանգամանքով: Մի՛ արեք, մի՛ հետաձգեք, սովորենք իրար հանդիպել՝ պարզապես, վատ չզգանք թեյի սեղանից. ինչ ունես՝ դրել ես, չէ՞, այս պահին, ինչո՞ւ վատ զգանք… Ինչո՞ւ նեղվենք, ինչո՞ւ թևեր թափ տալով իրար չայցելենք. թևերը իրար գրկելու-ողջագուրվելու համար չե՞ն… Ամենապարզ, ամենամարդկային վայելքը մի՛ հետաձգեք, մի՛ պայմանավորեք դրամականով…
Գևորգ Հակոբյանի կարմիր, փոքր, նաև գլխին հարմարվող, լիցքավորվող լապտերն ինձ անակնկալի բերեց: Գևորգ ջան, սանիկ ու եղբայր, ընկեր, անցի՛ր խանութներով ու կազմի՛ր ամանորի ուսումնական նվերների մի հեղինակային-հեղինակավոր ցուցակ՝ ըստ տարիքային խմբերի՝ 3-5 տարեկանների, 5-9 տարեկանների, դեռահաս 10-12 տարեկանների, պատանիների, տո, անգամ, մեծերի համար… Նառա Նիկողոսյանին ու Լիլիթ Բլեյանին էլ թողնենք՝ իրենց հեղինակային ցուցակներով պտտվեն. նրանք այս գործին ուրիշ հրապուրանք են հաղորդում…
Շուշանի նվերների մասին անցած գրում խոսել եմ…
Տաթևը Բլեյանը, գիտեմ, կյանքը կտա Դավթի համար. էլ ի՞նչ նվեր՝ առավել սրանից… Ամիսներ առաջ դեղին-մեծ … (շարունակեմ, հիշո՞ւմ եք, ներկայացրել եմ իմ «Խիզախների ու խիզախումների ժամանակը» գրում) բետոնախառնիչ է նվիրել. դա հիմա էլ Դավթի ավտոպարկում կենտրոնական դիրք է գրավում, Դավիթը դրա հետ լողանում է… Դավթի3-ամյակի այսպիսի նշումը պարտեզի խմբում՝ իր ղեկավարով, Մելինե-Կարինեով, Սոֆյայով, Բ-4-ի ողջ անձնակազմով… Այսպիսի շռայլ-թանկ նվեր ումի՞ց կստանա… Տո մե՛նք պիտի նվեր առնենք յուրաքանչյուրին՝ Տաթևից սկսած, իմ բլոգի ֆոտոխմբագիր հմայիլ Սոնայով ավարտած… Կամ ծաղրածու Բաբուջի, Արմինե Թոփչյանի այդ ուշադիր-տեղին… ծառայությունը Մեդիայում, Դավթի ծննդյան օրը… սա նվեր չէ՞, Նառա ջան։ Ավետիսյան Զառայի ու իր սան Արթուրի ծառայությունը նվեր չէ՞, բառիս իսկական իմաստով՝ տեղին, սպասված, անփոխարինելի… Ընդունված է ֆինանսական աշխարհում ծառայությունը, աշխատանքը, ապրանքը մի տողով գրել… Մեր Սուսանը Հովհաննիսյան Նազենի կրտսերին օտարում է Դավթից ամենատարբեր «հարգելի» բացատրություններով…
Հիմա էլ մեր Տաթևը. շտապ-շտապ, իր Էդիտա քրոջ պես, թանկ-թանկ, մարտկոցով-վահանակով (պուլտով) էքսկավատորը որ բերեց՝ սա միջամտություն չէ՞ իմ պարզ-անպաշտպան ընտանեկան կենցաղին, հիմա ես ի՞նչ անեմ, էս գազանի՝ նորից Տաթևի նվիրած (այ քեզ նվեր) անիվների տակից ո՞նց ու քանի՞ անգամ փախցնեմ էս բարակիրան-թրթուրավոր-նարնջագույն… էակին… Տաթև-Արևիկ ջան, դե, եկեք այս էակին լողացրեք, տեսնեմ… Կամ էս չորս նոր (նվե՞ր) վահանակների մեջ ո՞նց ջոկեմ՝ որը որինն է… Էլ բան ու գործ չունեմ, սրանց մարտկոցներն ընտրեմ-փոխեմ. ինձ պատի ժամացույցինը շատ էր, քիչ չէր… Դավթի բոլոր տեսակի պուլտերով նվերներին դեմ եմ: Եկեք տարեք, եթե ուզում եք, իրոք, նվեր անել ինձ… Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955) հայտնի պատմությունը կա. հարցնում են՝ ինչո՞ւ է նույն օճառով և՛ լվացվում, և՛ սափրվում… Պատասխանում է՝ երկուսով կենցաղն իր կբարդանա, գլուխ չի հանի… Սա, իհարկե, հիշելով, մոտավորապես, 20-րդ դարի 1-ին կիսամյակի պատմություն եմ անում…
Գևորգ Հակոբյանին դիմեք. լուրջ թեմա է, Սամվել Ալեքսանյանի ասած՝ «Բլեյան ջան, կրիզիս է» էս շրջանում…
Լեգո-թափանցիկ-մեխանիկական-պարզ այս մեքենան հավանեցի… Լեգոները՝ ոչ… Բայց «աղբահավաք» է նաև, թափում է ու հավաքում, ոչ մի լեգո Դավիթը գետնին-սեղանին չի թողնում, աղբատարը հավաքում է… Չի կարելի թափել. կասեն՝ հո խոզ չե՞ս… Իսկ իր սենյակում, տեսեք՝ ո՜նց է թափռտած-շպրտված… Թեթև-գունեղ-մեծ փուչիկի պես գնդակները՝ անվնաս-էժան-գրավիչ-հիգիենիկ… հավանում եմ… Թանկ գրքերի էս շարքին՝ «Էդիթ Պրինտի» «Քչից-շատից, ամեն ինչից», փող չեն տա, սրանք ձրի էլ չեն վերցնի… ի՞նչ անես… Ո՛չ լեզու, ո՛չ միտք, ո՛չ նկար, ո՛չ շարժում… Շատ քիչ բան կա էսօրվա շքեղ-մանկական կոչված (մանուկների համար իբր արված) գրքեր-թատրոններ-ներկայացումներից, որ հավանում եմ… Հա, Էդիտ ջան, հա, Անուլիկ ջան, ժամանակ գտեք, ո՞ւր եք շտապում. փող եք աշխատում, որ էսպես հեշտ, ոչ անհրաժեշտ ծախսե՞ք։ Սերժի, Գոռի, Դանիելի ձեռքը բռնեք, եկեք տուն, Արմինեի հետ ձեր սուրճ-թեյով, մի կտոր խմորեղենով նստեք զրույցի, բոլորս էլ դրա կարիքն ունենք, վստահ եմ. իսկ Դավիթն էլ իր ուժեղ-հետաքրքիր եղբայրների հետ թող շուտ-շուտ շփվի. սա նվեր է առանց փոխարինման… Ու մի՛ շտապեք, քույրիկներ… Սա սարոյանական պատգամ է՝ իր Սպենսեր (ճի՞շտ եմ, Մարիետ Սիմոնյան) հերոսի լեզվով՝ ուղղված բոլորիս… Շտապում ենք ու խառնում, փչացնում… Պարզ ու մաքուր… Ստեփան հոպարը տեղով մեկ նվեր է Դավթի համար՝ իր ջիգյարով, իր ինքնամոռաց խաղով… փոխանակ գոնե շաբաթը մեկ մեկ-երկու ժամով պարզապես հանդիպի, մի ամիս ախպերս մտածում է, կրակն է ընկել էս նվերի ձեռքը… Իսկ մեր տանը գոնե 4-5 փոքր անելիք կա, որից յուրաքանչյուրի ուղղում-սարքումը անփոխարինելի նվեր է հենց Արմինեի ու մեր տան համար… Ծառայենք իրար՝ սիրով ու հաճախ, ապրանքափոխանակությունը փոխարինենք ծառայությամբ… Նառան կասի՝ էդ չենք անում: Անում ես, Նառ ջան, քույրս ես, ընկեր ես միշտ սպասված… Դավթի հետ քո րոպեներն անցկացրած… Բա Նազենի աստղ Հովհաննիսյա՞նը որ տաղավարում, որ տեսագրությունում մնաց ամանորի… Ա՛յ քույրիկ ջան, բա խոստումներդ, ջան-ջիգյարը… նվեր չե՞ն…
Մեծացել-մեծանում է մեր տղան. կանգնած է չիշ անում՝ մեծ տղամարդու պես. մի ժամվա մեջ երեք անգամ իր մեծանալը ցույց տվեց: Տեսարան է: Երրորդ անգամ ասացի.
– Մեծ ես, գնա ինքնուրույն արա…
– Տաբատս կարող ե՞մ ինքնուրույն իջեցնել…
– Իհարկե կարող ես…
– Զուգարանի դուռն ինքնուրույն բացե՞մ։
– Բաց, անշուշտ կարող ես: Մեծ ես դու՝ երեք տարեկան երեք օրական:
– Հետո նստակոնքի ջուրը սեղմեմ, որ քշի-տանի՞ իմ արածը…
– Տես, գիտես: Գնա, արա, մեծ ես դու…
– Ես ուզում եմ՝ դու նայես՝ ոնց եմ չիշ անում, որ հետո ասես՝ ինչ մեծ է շան տղեն… Իմ Դավիթը ո՜նց մեծացավ…
Մենք Բրամս ենք լսում՝ հունգարական պարերը. Դավիթը գլխով, ձեռքերով չափ է տալիս, արձագանքում է… Հետո Բրամսի երաժշտության ներքո կլանվում է նորից իր մեքենաներով, դրանց շարվածքը փոխում։ Ուշադրությունը կենտրոնացած է մեր տղան. մենք սուրճ ենք խմում, լուռ-թաքուն հետևում-զմայլվում իրենով, իր խաղով… Հանկարծ մեզ նկատում է. խորամանկ, դավիթավարի ժպտում, վազում մոր գիրկը, ձեռքը խոթում իր ամենասիրելի աշխարհը.
– Մամ, էս քո ծիծիկոն է, չէ՞…
– Պապ, դու սխալ ես, դու չգիտես, մի կողմ անցի, է, ես դասավորեմ իմ մեքենաները:
Իսկ ես ընդամենն ուզում էի ճանապարհ ազատել մեր հյուրասենյակ ազատ գնալ-գալու համար… Հիմա մեր տնով մեկ, ինչպես քաղաքում, խցանում է…
Կրթահամալիրի դպրոցներում եռուզեռով պատրաստվում են այսօր երեկոյան 18.30-ի համերգ-ցուցադրությանն ու այլընտրանքային տոնածառերի տոնավաճառային։ Ինձ- համար կարևորը սա է, այս ընթացքը։
(283) դիտում
Էդիտ Հովհաննիսյան գրում է:
Ես ապշահար եմ։ Ամեն օր ամենասպասված գիրն է քո օրագիրը, քեռի ջան-տիար ջան։ Ապշում եմ քո աշխատասիրոությոունից, եռանդից ու անդադրում օրինակելիությունից։ էդքան ճիշտ ապրե՞լ։ էդքան բան անե՞լ ու էդքա՞ն անթերի։ Ես գրականություն-ընթերցանությունից բաց թողածս լրացնում եմ քո գրի միջոցով, քո մեջբերումներն ինձ կարդալ են ստիպում-ուղղում են դեպի սկզբնաղբյուր։ Ու, մեկ է, զարմանում են Աշոտ Բլեյան մեծ Առաջնորդ-գերպատասխանատու ու բացառիկ մանկավարժի, էլ չեմ ասում Քեռի ֆենոմենի վրա։ Շնորհակալ եմ քեզ ու քո հետևողականությանը, որ մենք բախտ ունենք քեզ հետ վայելելու մեր կյանքը։ Աստված քեզ օրհնի ու այնքան ուժ տա, որ մեզ քո փորձն ամբողջությամբ փոխանցես, մենք էլ հասցնենք յուրացնել և իրացնել։ Ամեն օրվա գիրդ սպասված է անչափ, գիր կա, որ 2, 3 անգամ եմ կարդում ու հոգու սովը դրանով լրացնում։ Ամուր գրկում եմ ու էլի շտապում հաջորդ գիրը րոպե առաջ կարդալ։