Համո Սահյանին՝ վարպետին, բանաստեղծին, Մարդուն, այո՛, մեծատառով մարդուն, ինձ հանդիպեցրել է իմ աշխատանքը թիվ 10 դպրոցում (1979-1985 թթ) հայագիտական դասարաններում` «Դասը վարում են գրողները, գրականագետները, լեզվաբանները» խորագրով հանդիպումների կազմակերպումը, դրանց նախապատրաստում-կազմակերպումը… Գրող-գրականագետ պայծառ մարդ, հայագիտական դասարաններում արևմտահայ գրականության դասավանդող, ՀՀ Գրողների միության վարչության որոշումով հայագիտական դասարանների գործունեության պատասխանատու կարգված Գեղամ Սևանի հետ որոշում էինք վարպետության դասը վարողների անունները, հետո ես հարգելի Գայանե Մկրտչյանի, իմ երիտասարդ այլ գործընկերների հետ առանձին-առանձին հանդիպում էի նրանց՝ դասի օրը և անցկացման ձևը քննարկելու, դասը նախապատրաստելու համար: Համ էլ ներկայացնում էինք հայագիտական դասարանների (հայագիտության ակումբ ամբողջական դպրոց ստեղծելու ծրագրով էինք ոգևորված) գործունեությունը, այս ձևով փնտրում-գտնում էինք մեր դասարաններում գրաբարի, բանահյուսության, ժողովրդական արհեստներ, ազգային երաժշտություն, ճարտարապետություն, ազգագրություն-հնագիտություն… միով բանիվ՝ հայագիտության տարբեր դասընթացների հայտնի-գործող-կայացած-ոչ սովորական մասնագետներ… Այս փնտրտուքի ճանապարհին եղան իմ հանդիպումները տասնյակ հայտնի գործիչների հետ, նրանց բացահայտումները ինձ համար, մարդկային հայտնագործություններ, որ խոր ազդեցություն գործեցին ինձ վրա, նրանց թվում և՛ կրթահամալիրին լավ ծանոթ մարդիկ՝ երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, ճարտարապետ Համլետ Խաչատրյան, բանագետ Արծրուն Սահակյան, ազգագրագետ-հայագետ Արուսյակ Սահակյան, Հայաստանի ժողովրդական վարպետներ Վանո Դադոյան և Լալա Մնեյան…

Ահա 1981-ին կամ 1982-ին ես խիզախություն ունեցա զանգելու և հանդիպելու Համո Սահյանին, հետո դիմավորել-բերելու Դասի, հետո՝ Դասից հետո, խմբով նստելու հյուրասիրության սեղանի շուրջ, հետո ուղեկցելու նրան ոտքով, քայլելով, անշտապ՝ դեպի տուն, հետո՝ Համո Սահյանի պնդմամբ բարձրանալու իր բնակարան, նստելու, լռելու, լսելու, լսելու… Վարպետին:
– Դու լսել ես կարողանում ու ագահ ես. կյանքը քո դպրոցն է…,- մոտավորապես այսպես ինձ հավանեց վարպետը… Հետո մի անգամ, արդեն որպես Վարպետի կրտսեր բարեկամ, մասնակցել եմ նրա հանդիպմանը՝ Գրողների միությունում, հետո` էլի, տարիներ հետո՝ 1988-89-ին, ես կանգնեցի Վարպետի կողքին՝ Ազատության հրապարակում, ինչպես ինքն ասաց.
– Որ մենակ չզգամ…,- ծիծաղեց, բռնեց ձեռքս, սեղմեց հայրաբար,- Աշոտ ջան, դու ինձ վստահություն ես հաղորդում…:

Ես երբեք չեմ մոռանա իմ Վարպետին… հուզվեցի… Պիտի տաներ ծննդավայր, հայրական տուն, ի՞նչը խանգարեց. չհիշելու ամնիստիա (համաներում) է ինձ մոտ, հետաձգվեց…Չեղավ: Հետաձգելը լավ բան չէ. ինչ կարելի է անել վաղը չէ մյուս օրը, վաղվան մի թողեք, լսեցի՞ք, բոլոր տարիքի սեբատացիներ, լավագույն օրն այսօրն է, ու օրվա հոգսը բավ է օրվա համար…

Այդ հանդիպումների արանքում ես, իհարկե, կարդում էի և Համոյի գրականությունը ողջ ու ամեն ինչ Համոյի մասին… Ինչպես Հովհաննես Թումանյանն էր գնահատում Ղազարոս Աղայանին, նույնը թույլ եմ տալիս ինձ ասել Սահյանի մասին` Համոն, որքան էլ մեծ էր որպես բանաստեղծ, ավելի մեծ Մարդ էր՝ այնքա՜ն համեստ, այնքա՜ն խաղաղ-ազդող, այնքա՜ն Հայր…
Շա՜տ էր ծխում, շա՜տ… Մի անգամ էլ, թե՝
– Քի՛չ նախատիր, խնայի՛ր…

Երկու պատմություն, որ շատ եմ պատմել բանավոր, նեղ շրջապատում, դրանից մնացել են՝ ահա ու հասել իմ Օրագիր…
Համո Սահյանը կարդում էր.
Ու ոչ մի բան չեմ հասկանում
Ոչ թողածից, ոչ տարածից
Ես սեղանի շուրջ հարցրի.
– Վարպետ, քո հասունացած տարիքում, իմաստուն, իրո՞ք չես հասկանում…
– Տո՜, լավ էլ հասկանում եմ, Աշոտ ջան,- վրա բերեց,- բանաստեղծություն է, գրվել է…
Հետո խոսակցությունը շարունակեցի մեկուսի… ի՞նչն է, որ Սահյանին այդպես էլ անհասկանալի մնաց…
Պատմեց.
– Ինչքա՜ն հարազատ են, անփոխարինելի մարդիկ ինձ համար իմ ծնողները: Որ տարիքում էլ որ լինի, որտեղ էլ որ լինեմ, հենց իմացել-իմանում եմ կոնկրետ կարիք ունեն` դեղ, գլխացավ, կանչ, թողնում եմ ամեն ինչ, գնում, հասնում, նստում հնազանդ անկողնու մոտ… Ի՞նչ են արել իմ ծնողները՝ ծնել-բերել-պահելուց բացի… Սաղ մանկությունս՝ աշխատանք գյուղում, հանդում-գոմում, ցեխի ու ցրտի մեջ… ո՞նց եմ եկել քաղաք, ընդունվել, սովորել, տեղավորվել, տուն ստեղծել, անուն դառել, գրքեր գրել… խաբա՞ր են… ինչի՞ց… Իսկ ես, իմ զավակների համար ամեն ինչ եմ արել… Ուսում, տուն, տեղ, ամենօրյա խնամք… Աղբն էլ եմ ես թափում, ամեն օր, էս տարիքում և անվամբ… Հիվանդանում եմ՝ չեն էլ իմանում… Այ, չեմ հասկանում…

Վարպետը գոհ մարդ էր, ընտանիքից էր գոհ, իհարկե, մանկավարժական խնդիր էր ներկայացնում ինձ՝ մանկավարժության մեջ ինքնուրույն-երևելի քայլեր անողիս:

Խանջյան փողոցի վրա տեղադրված նոր աղբամանները շատ է հավանում Դավիթ Բլեյանը.
– Մաքուր են, մեծ, անիվներով, փակվում են կափարիչո՞վ, հայրի՜կ, փակի՛ր հիմա տեսնեմ…
Փակում եմ «հիմա», տեսնում է: Ափսո՜ս, որ Չայկովսկու՝ Լիլիթ Եդիգարյանի տպավորիչ համերգից հետ ինձ ավելի հարազատ դարձած Սպենդիարյանի երաժշտության դպրոցի երկայնքով աղբի հաստ շերտը մշտական կա…

Աղբը հավաքող, կուլ տվող աղբամանների մասին թեման կարող է կրթահամալիրի ռոբոտաշինարարներին հետաքրքրի… Թե չէ՝ դրել, մեդիաուրբաթ-համերգ են նկարում, իսկ երեկվա իմ գրի համար Սուսանի, Բաբուջիկ ֆոտոխմբագրի հետ շաբաթ օրով հարմար նկարներ էինք փնտրում, վերջը ֆեյսբուքներից հավաքեցինք, բլոգներում՝ սովորողների-ուսուցիչների, չգտանք… Տես, է, մեր ուսումնական բլոգները չեղան-չեղան, էդ ոտի տակի կոխան դարձած ֆեյսբուքների չափ էլ չեղան… Ինքնիշխանության կորուստն այդպես է լինում…սկսվում, շարունակվում, ԵՏՄ դառնում… Իմ Օրագիրը, իմ գործունեությունը ողջ, բլոգապատումը, իմ սիրելի mskh.am-ում է, չէ՞, դրված, էլ որտե՞ղ… Խնամե՛ք կրթահամալիրը, ստեղծեք ամեն օր, ձեր կոնկրետ ջանքով և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում… Ինքնաբավ եղեք, սիրելի-հարգելիներս, որպես սեբաստացի,  թե սա՝ ձեր օրը, ձեր բլոգը, ակումբը, ձեր դպրոցը, ձեր Բանգլադեշը, ձեր ընտրությունն է հազարի-միլիոնի միջից՝ ձերը, որը խնամում եք: Աստծու առավոտ, յուրաքանչյուր օր, նաև կիրակի, ինչպես ես՝ հիմա. կիրակի է, չէ՞, գիշեր թե՝ առտու 03-04-ին է, գրում եմ չէ՞, իմ գործն անում եմ հատուկ mskh.am-ի համար… ինչպես Սուսան Մարկոսյանի-տիար Գևորգի հետ` 2015-ի Բոլոնիայի սպասվող հավաքին նախատեսվող ժողովածուի համար կրթահամալիրի՝ հեղինակային մանկավարժությամբ զբաղվող երևելի հաստատության տեղեկանքը, ինչպես Մայր դպրոցի ջրհորդան խողովակների տեղադրումը, հրաձգարանի գործարկումը, մեր նոր զինղեկի հետ, որ օր առաջ կրակեք… Մի՛ վրիպեք:

Իսկ անցած ուրբաթի, ամենատպավորված (ակտիվացա՜վ, է…) տեսարանը Նոր դպրոցի Աշխեն Գրիգորյանի դասարանի ուրախ մարմնամարզությունն էր Մարմարյա սրահում՝ միջին ու ավագ դպրոցների բոլոր սովորողների ու ուսուցիչների ներկայությամբ… Ելույթից հետո ես մոտեցա Կարինե Պետրոսյանին ու Աշխենին, նրանց սաներին պարատանը, որտեղ փոխում էին իրենց մարզաշապիկները… Տաք-համով-գրավիչ հացի պես էին, չէին հանգստանում ու պատմում էին… Կեցցե՛ք, Աշխեն ջան:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաղացնո՞ղ խոսք է իմ գիրը…

Գտեք «խաղացող խոսքի» հեղինակին. մի տեղ նշել եմ հետաքրքիր այս կապակցությունն ու մոռացել հեղինակին… Իմ խոսքը-գիրը, հեծանվի պես, ասել եմ, իմ խաղընկերն է. իմ հետ նրա շփումը չի կարող բնական-օրգանական

Կանաչ օր՝ կանաչ թեյով, կանաչ խնձորով, կանաչ նեխուրով․․․ Կանաչի վրա ման գաք 

Օրը սկսեցինք որոշված Դդմաշենի Սուրբ Թադևոս վանքում, հա, վանք՝ գործող, բաց, ուխտավորի համար․․․ Բլեյան դպրոցի հյուսիս-գեղարվեստի սեբաստացիների խումբը պայմանավորված մտավ գյուղը նշանավոր, որի եկեղեցին միայն 7-րդ դարի է, իսկ եկեղեցուց ձգվող գերեզմանները․․․