Այսպիսի նախաձեռնություն. երեկ կարևոր երկուշաբթի էր, իմ օգնական Զառա Առաքելյանի հետ «Դար» հիմնադրամում, հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանի, տնօրեն Մարգարիտ Գևորգյանի, Գագարին պրոյեկտի ղեկավարներ Սարհատ Պետրոսյանի, Ալվարդ Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի մասնակցությամբ ներկայացնում էի Բլեյան կրթական ցանցով-Գագարին պրոյեկտով մեր մինչև այս՝ ապրիլին կատարած աշխատանքները, Գագարին պրոյեկտի հանրակրթության օրացույցով մայիսյան նախատեսումները, Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտով հունիսյան ճամբարի զարգացումները, ուսումնական հուլիս-օգոստոսի մեր պատկերացումները․․․
Նախընտրական-ետընտրական Հայաստանի թոհուբոհում ամբողջական մի շրջան․․․ որպես հեղինակային մանկավարժությամբ բազում խնդիրների լուծման կազմակերպում. սա է նաև այսօրվա մեր վարչական խորհրդի բաց հավաքում․․․ Կարող եք հետևել մեզ Սեբաստացի-Գագարին պրոյեկտի եթերում։
Արսեն Աղաջանյանը հարազատությամբ կարևոր արձանագրում արեց՝ Բլեյան դպրոցը Գագարին պրոյեկտինն է։ Ես էլ լրացրի՝ ինչպես Գագարին պրոյեկտը՝ իր հանրակրթությամբ, հանրային խնդիրներով, Բլեյան դպրոցինը, Բլեյան կրթական բաց ցանցինն է․․․ Սա գործընկերություն է՝ իր ոգևորումներով, ճգնաժամերով, բայց միշտ անկեղծ ու վճռական նպատակադրումներով․․․ Եվ խնդրում եմ՝ սեբաստացի կրթական համայնքի յուրաքանչյուր անդամ-մասնակից այսպիսի գիտակցումով մոտենա «Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտ» զարգացումներին, գործերին, նախաձեռնություններին․․․ Յուրային որպես։
Մայիսի 8-ը մեր համատեղ օրացույցով, փոխադարձ պայմանավորվածությամբ առանձնահատուկ է դառնում, անունը եկեք իմ այս գրով ընտրենք Համբարձման մաքրումի օր ծիսական․․․ Բոլորիս համար սկզբունքային նշանակություն ունի, որ ինչպես Բլեյան դպրոցն է իր ֆիզիկական միջավայրով-անցումներով, այնպես և Գագարին պրոյեկտը լինի։ Ահա ինչու՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր գյուղական համայնքներում, Գագարին ավանում, ճանապարհով մեկ, բնակավայրերի մուտքերին-ելքերին, խաղով-պարերգով-բրդուճով, որպես ծես՝ հաստատում ենք այս նախաձեռնությունը՝ Համբարձման խաղեր․ մաքրումի օր․․․ Ո՞վ կմասնակցի՝ դպրոց, պարտեզ, տուն, անհատ, խումբ, ո՞վ կմիանա նախաձեռնությանը ինքնակազմակերպմամբ։ Մաքրությունը կմիավորի մեզ։ Մայիսի ութի շաբաթ օրը կդառնա նշանակալի․․․
Լավ է, որ Հարություն Թոփիկյանի սեբաստացի ուսուցչական երգչախումբը իր երգով-խաղով-մաքրությամբ Ցամաքաբերդի Սուրբ Գևորգ եկեղեցով, Սևան քաղաքի Հրեշտակապետաց եկեղեցով տոնի աղոթք-ուսումնական ժամերգությամբ ժամը 15։00 կհասցնի Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցի ու տոնախմբությամբ կազդարարի օրվա ավարտը․․․ «Դար» հիմնադրամը, որ աշխատողների իր կազմով, Արսեն Աղաջանյան ղեկավարով ամբողջ օրը կլինի մեզ հետ՝ դպրոցների համար նախատեսած իր երկրագործական, մարզական նվեր-փաթեթներով։
Նախագծային մի խումբ օրը կավարտի Արատեսում՝ Վարդենյանց լեռնանցքով Քարագլխի ձորով կմիանա Արատեսի մաքրության օրվան՝ մայիսի 8-9-ի․․․
Մնացածը՝ զարգացմամբ, այս պահից սկսած դուք եք որոշում, Համբարձումի խաղերի-մաքրության օրվա նախաձեռնության ամեն մի մասնակից։ Կարևոր է, որ Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտը այսպիսի միավորող, բաց-ամենամյա խորհուրդ ունենա․․․
Իմ գրի շարունակությունը՝ վաղը ժամը 10-ին Գեղամավանի դպրոցի հավաքից հետո. հավաք, որ Գեղարքունիքի մարզպետարանի, «Դար» հիմնադրամի և Գագարին պրոյեկտի մասնակիցների սրտով է։
Իսկ Արատեսում կրթահամալիրի զարգացումները ոգևորող են-թափով՝ ինձ, տիար Գևորգի համար, որպես ետկլինիկական թերապիա ու վերականգնված առողջության հաստատում։ Կրթահամալիրի քոլեջի նախագծային խումբը հուշեց նաև Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտ մայիսի ութի անհրաժեշտությունը․․․ Երեք օր, անձրևի-գարնան հերթափոխով, երբ ամեն վայրկյան Արատեսն ուրիշ-անկրկնելի է, մաքրման աշխատանքները Սիրո անկյունից մինչև Արատեսի գետաբերան չդադարեցին․․․ Մեր ցածրախոս հասարակագետ Էլյա Սահակյանը ուսումնական նախագծի կազմակերպումը՝ որպես հեղինակային մանկավարժությամբ ուսումնական պարապմունքի ձեռքբերում, մանկավարժական վարպետության ներկայացում ցուցադրեց, լուռ-համերաշխ փոխօգնումի, քայլքով, անընդհատ մաքրության վայելք․․․ Շնորհակալ եմ, Քոլե՛ջ, Ամբա՛տ, Տարո՛ն. ու տիար Գևորգի ընտանիքի տված ծիսական հացը, մեր թոնրի խորովածը եղավ արդար վաստակի խորհուրդը․․․
Արատեսում մայիսի 9-ը կլինի մարզական ակումբների մեծ խաղադաշտի կառուցումի աշխատանքների խորհրդանշական սկիզբը․․․ Եվ ռազմամարզական դաշտային ավանի հանդիսավոր բացման տոն։ Այսպիսի որոշում են կայացրել Սեբաստացի կրթական հիմնադրամի խորհրդի նոր նախագահը, փոխնախագահը, մարզադպրոցի ղեկավարը, այսպիսի փոփոխություն է կատարել մայիսյան օրացույցում կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, իմ մենթորական հիմնավորմամբ․․․
#2054