Սա Վազգեն Սարգսյանի, կարծեմ 1998թ. ձևակերպումն է… կամ «երբ փոխում ես աղուհացի ընկերների՞ն, Վազգեն»,- առիթ եղավ, հարցրի ես նույն 1998-ին…
Այլընտրանքը ո՞րն է, երբ ունես կիսաքաղաքական` իշխանության կուսակցության ձևավորման-պահպանության ախպերական համակարգ, երբ քաղաքական համակարգի հասկացությունները (կատեգորիկ եմ ասում), չեն ձևավորված ու չեն գործում, չեն որոշում նոր՝ քաղաքական հարաբերություններ, քաղաքական ճանապարհով եկածների, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչների կամ որևէ ժամանակ աղ ու հացի ընկերների միջև…
Այսպիսի սկիզբ ստացվեց, ու թող ների, իմ միշտ պայծառ ընկեր Համբարձում Գալստյանը, ում հետ անկախ մեզ պարտադրված կիսաքաղաքական հարաբերությունների, ես ու ինքը կարողացանք թոհ ու բոհի մեջ հավատարիմ մնալ մեր կիսած աղ ու հացին՝ ընկերությանը… Շնորհակալ եմ, եղբայր իմ:
Իմ հասակակից, ազգագրագետ-պատմաբան գիտությունների թեկնածու «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1990-1992թթ Երևանի քաղաքապետ, 1994թ. դեկտեմբերի 19-ին անհայտ անձի կողմից իր տան ճանապարհին ատրճանակի կրակոցներով սպանված Համբարձում Գալստյանին ես ճանաչում եմ 1973թ.-ից:
Համբարձումը պատմության ֆակուլտետի ուսանողական լիդերներից էր, ես՝ ֆիզիկայի ֆակուլտետի: Մենք միասին էինք համալսարանական տարիներին: Համբարձումը, ես, Աշոտ Մանուչարյանը, երախտահիշատակ Սամվել Նալբանդյանը… Ես այդ մասին պատմել եմ սեպտեմբերի 15-ի իմ գրում, հեղափոխական ընկերներ էինք համալսարանում… Համբարձումի հետ մոտ էինք, ընկերություն էինք անում ընտանիքներով: Միմյանց տանը գիշերել, իրար օգնել… Այդպիսի մի օր էլ Համբարձումը մեր տանից իրենց տուն` Ներքին Չարբախ ճանապարհվեց իմ կուրսեցի ընկերների 25-ամյակի նվեր-հեծանվով ու հեծանիվս չվերադարձրեց… Առլոնդ Բլեյանը հավաստիացնում է, որ իմ ու Արմինեի նոր հեծանիվները ճանապարհին են:
Մենք միասին էինք 1978-1985 թթ, երբ ես ղեկավարում էի հայագիտական դասարանները և թիվ 10 դպրոցի փոխտնօրեն էի: Համբարձումն այդ ժամանակ Սարդարապատի ազգագրական թանգարանի ավագ գիտաշխատող էր՝ հայ թանգարանային գործի հայտնի կազմակերպիչ Լավրենտի Բարսեղյանի օգնականը… Դասավանդում էր հայագետ-պատանիներին, նրանց մասնագիտական փորձառությունը կազմակերպում… Համբարձումի թեկնածուական թեզը, որ ի դեպ, պաշտպանել է 1983թ. ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում, նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում սոցիոլոգիական լուրջ-եզակի ուսումնասիրությունն էր՝ դպրոցական լեզվի ընտրությանը առնչվող… Որքա՜ն եռանդ, համառություն, խիզախություն ցուցաբերեց Համբարձումն աշխատանքն ավարտելու համար… Միասին էինք նաև, երբ ես թիվ 183 դպրոցի տնօրենն էի… Ի դեպ, Համբարձումի սիրելի քույրը` Վարսիկը նույնպես մի շրջան մեր դպրոցում պատմություն էր դասավանդում:
Մեր Դպրոց—պարտեզի նախակրթարանի Կարինե Խառատյանի խմբում ներկայացման օր էր` Դավթի առաջին պաշտոնական ներկայացումը: Դրանից մի երաժշտական կտոր` «Դան—դանը» «Խնոցու»շարունակությունն է: Լավ է, որ Սոֆյան ու Կարինեն ծրագիրը հետևողական են իրականացնում:
Ղարաբաղ կոմիտեի անդամ Համբարձումը դարձավ ոչ պատահական՝ իր խիտ, բուռն կյանքով, իր հայագիտությամբ, իր եռանդով-նվիրվածությամբ, իր ժողովրդին ու երկրին պիտանի լինելու վճռականությամբ… Համբարձումը «Ղարաբաղ» կոմիտեի, Արցախյան շարժման սիրելիներից էր, արտաքին հարաբերությունների պատասխանատու, իսկ 1989թ.` ՀՀՇ-ի հիմնադրման նախաձեռնողներից, նրա վարչության անդամը: Ահա ինչու 1990թ. նրա առաջադրումն ու ընտրությունը Երևան քաղաքի խորհրդի նախագահի՝ քաղաքապետի պաշտոնում օրինաչափ էր: Իմ փոխքաղաքապետ աշխատելու մասին պատմել եմ…
Բռնկուն ու անմիջական, ազնիվի ու կեղծի, չարի և բարու միջև իր գծած հստակ սահմանով. ամենաչարը որոշելն ու սեփական ձեռքերով հիմա, հենց հիմա խեղդելու մղումը մոլուցք էր դառնում: Սրան գումարենք Համբարձումի բարձր ինքնագնահատականը, այնպես, որ հետաձգել չէր լինում, իսկ չարն ու բարին, ազնիվն ու անազնիվը կոնկրետ անձինք էին, քաղաքապետարանի աշխատողներ, ընկեր, բարեկամներ, գլխավորը՝ քաղխորհրդի հարյուրի չափ պատգամավորներ, որոնք տարբեր քաղաքական ու խմբային շահեր էին սպասարկում:
-Բլե, ես ուզում էի սրան (սրանց) խեղդել իմ ձեռքերով,- քաղխորհրդի նիստից հետո այսպես ուշքի էր գալիս խորհրդի նախագահ քաղաքապետը, իսկ Համբարձումն ուներ Երևանը կարճ ժամանակում իր տեսած լավագույն քաղաքների մակարդակի բերելու ծրագրեր…
Նրա եռանդը, նվիրումը, ֆիզիկական ուժը-աշխատունակությունը, վստահ եմ, կհերիքեր այդ գործի համար, բայց պաշտոնը քաղաքական էր: Ես գիտեի, որ Համբարձումը կարճ է աշխատելու Երևանի քաղաքապետի պաշտոնում. դժգոհությունները նրանից ՀՀՇ-ում մեծանում էին, խորանում: Ես նրան ընկերոջ անկեղծությամբ ամեն ինչ ասացի, ամեն ինչի մասին պատմեցի իմ հրաժեշտի (հրաժարականի) ժամանակ. կարևոր էր, որ Համբարձումը ծանր չտանի անխուսափելի պաշտոնաթողությունը… 1992թ. դեկտեմբերից Համբարձումը քաղաքապետ չէր ու կտրուկ անցում արեց դեպի բիզնես…
Մենք երկու տարի իրար չհանդիպեցինք. այդպես չէր եղել մեր ողջ գիտակից, հասուն կյանքում… 1994-ին, նոյեմբերյան մի օր, երբ ես մեկ-երկու օր էր, որ նշանակվել էի լուսավորության նախարար, Համբարձումի զանգն ինձ շատ ուրախացրեց… Ես պնդեցի, որ նա գա նախարարություն, ինձ շնորհավորի նույն օրը: Եկավ օրվա վերջում, մի լավ շշով ու կենֆետով, ու մենք իմ աշխատասենյակում նստեցինք հարյուր տարվա ընկերոջ հարազատությամբ… Հետո հանդիպեցինք հաջորդ օրը, էլի օրվա վերջում՝ իր օֆիսում, որը տեղավորված էր Երևանի այսօրվա Կոմեդիայի պետական թատրոնի վարչական հատվածում… Ծանր էր լսել Համբարձումի դառը պատմությունները 1992-ի հրաժարականի, Լևոն Տեր Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի հետ հանկարծակի սրված, թշնամականի հասնող նրա հարաբերությունների մասին… Համբարձումը ծանր, շատ ծանր էր տանում, ողբերգություն ապրում այդ գժտությունից… Ես որոշեցի անպայման հաշտեցնել հին ընկերներին. ես այնպես հավատում էի, որ կանեմ, կարող եմ, պիտի անեմ այդ… Հարմար պահ, ժամանակ էի փնտրում Լևոն Տեր Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի հետ մտերմիկ զրույցի համար… Այդ արանքում Համբարձումն ու ես մի քանի անգամ զանգեցինք իրար, ճշտում էինք մանրամասները հնարավոր խոսակցության… Չհասցրի ու չեմ ներում ինձ դրա համար. կարո՞ղ էր այդ հանդիպումը փոխել նրա ճանապարհը այդ օրը, կարող էր, չէ՞, այդպես ողբերգական չավարտվել…
ՀՀՇ իշխող քաղաքական կազմակերպության մեջ հենց սկզբից առողջ չէին մարդկային հարաբերությունները. Վազգեն Մանուկյան և Լևոն Տեր Պետրոսյան հակամարտությունը միջխմբային երկարատև լարվածության աղբյուր դարձավ, կիսեց ՀՀՇ-ն, հետո՝ Համբարձում Գալստյանը, հետո` Խաչիկ Ստամբոլցյանը, հետո՝ Աշոտ Մանուչարյանը, Էդուարդ Եգորյանը և Պետրոս Մակեյանը` մի խմբով, Կարապետ Ռուբինյանը, Վանո-Հրանտ Բագրատյան, Վանո-Դավիթ Շահնազարյան… հետո Վանո-Վազգեն Սարգսյան հակամարտությունը վերջին հարվածն եղավ… Բոլոր հակասությունները հիշել ու թվարկել չեմ կարող… 1988-1991թթ շարժման քուրայով անցած, մահ ու ցնծություն տեսած, նույն սերնդի, նույն խնդրով, նույն պատասխանատվությամբ` կապված ճակատագրով, հետաքրքիր անհատներ: Ո՞վ էր մեղավոր, թե ի՞նչն էր պակաս, որ ընկերությունը 1991-1997թթ չդիմացավ մարդկային հավատարմության փորձությանը… Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին մեծ քաղաքականություն վերադարձավ, կարծես հին-հին հուշեր զարթեցին, բայց ի՞նչ օգուտ, ուշ էր արդեն…
Ես գիտեմ, որ ներքին գործոց նախարար Վանո Սիրադեղյանը առավելագույն ջանքեր գործադրեց, անձնական թասիբի հարց դարձրեց, ինչպես Վարդգես Պետրոսյանի սպանության դեպքում, Համբարձումի սպանողին, սպանության պատվիրատուին, կազմակերպչին հայտնաբերելու համար… Չեղա՛վ… Լինում է այդպես: Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…
Այսօր կարճ, այսպես խոսեց Դավիթ Բլեյանը… Լսեցեք իմ սղագրությունը:
– Լա՞վ եմ թափռտում, հայրիկ:
– Լավ, շատ լավ, սրանից լա՞վ…
– Ապուշ, պո՜ւշ-պո՜ւշ-պո՜ւշ…
– Դավիթ, ուզո՞ւմ ես` այս մեքենաները թափված մնան, չի լինի՞…
– Կլինի՛: Բանը հասավ դիվանբաշուն…
– Դավիթ ջան, լա՞վ ես հավաքել սենյակը…
-Չեմ թափել դեռ, հայրիկ…