Երեկ երկրորդ հարկի մի անկյունից թաքուն հետևում էի Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության պարապմունքին… Սեբաստացիներն անիվների վրա՝ ջութակներով… Ու ծնվեց, գիտե՞ք…

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Ես գրկեցի Սյուզի Մարգարյանին իմ հոգուց եկող ողջ երախտագիտությամբ՝ դեռահասներին Տերյանի աշխարհում մի կարևոր շրջան պահելու համար… Ի՜նչ իմանաս, իրական կյանքում մեր 34-ամյա հանճարը գուցե հենց Սյուզիին է տեսել…

Իսկ Արթուր Շահնազարյանն ուրախացրեց իր «Կոմիտաս»-ի նոր, բարձրաճաշակ հրատարակությամբ: Որքա՜ն լցվեց իմ իրիկունը այդ գրքով՝ Արթուրի մենագրությամբ, կյանքի գործով… Քավորի-ընկերոջ ուրախությունն էս տեսակ է լինում՝ հպարտ, որ այսպիսի մշակի հետ մի երկար ճանապարհ ու կյանք ես ապրել. միասին են՝ իր ընտրյալ Սվետա տիկնոջ, իր կյանքի գործի հետ, ու բեղուն, միշտ բեղուն, միշտ երաժիշտ, միշտ կենսունակ… Ավելի ուրախացա, որ մենագրությունն այս հրատարակվել է պետական պատվերով, «Զանգակ» հրատարակչության կողմից, հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում…,  որ գիրքը խմբագրել է իմ սքանչելի հարս Սվետա Դանիելյանը… Ապրող հանճարի՝ Կոմիտասի գործի ամենակարևոր առհավատչյան Դավիթն է՝ իր հարյուրավոր ընկերների հետ՝ ցրված մեր կրտսեր դպրոցներով… Սրա մասին էր ոգևորված խոսում Արթուրը մեր, սրանից էր Դավթով այդքան հիացած հայտնի երաժիշտ Սարինեն… Կենդանի՞ է այն գործը, որի համար… Հիշո՞ւմ եք, կյանքի վերջին շրջանում, փակված հոգեբուժարանում, հարցնում էր Կոմիտասը… Այոˊ, Վարպետ, կենդանի է քո գործը Արթուրով, Սարինեով, Դավիթ Բլեյանով, «Սեբաստացի» կրթահամալիրով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշի Մանկավարժական դպրոցի «Ուսումնական ամռան» եռուզեռում

Ամեն օր՝ արդեն 370-րդ անգամ (իմ գիրը հաշվիչ ունի), մեկ տարին անցկացրած կրթահամալիրի տնօրենի բլոգն իր պատմությունն ունի՝ օրվա դեպքերով, իրադարձություններով, «չի կարող պատահի»-ներով, դժվարություններով… Երեկ Սուսան Մարկոսյանը հանկարծ առողջական խնդիր

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։