Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են դպրոցին: Ի՞նչ են անում այս դեպքում մեր գործընկներները… Մենք ելք գտանք. Դավիթն արթնացել է 9.30, ես արդեն տանը չեմ. իսկ մայրիկն արագացնում է Դավթին, որ 3-րդ ժամին մայրենիի պարապմունք ունի 5-րդ դասարանում:
Դավիթը չի շտապում. ուզում է իր կիսատ թողած մուլտն ավարտի…
— Ի՞նչ ես ուզում, Դավիթ,- զայրացել է մայրիկը…
— Ուզում եմ քեզ հանեն շպրտեն դուրս դպրոցից, մնաս տանը, ես իմ մուլտիկը նայեմ, հանգիստ խաղամ տանը…
Մայրիկն էլ, կարծեմ, դեմ չէ… Ես էլ կարտահայտվեմ, երբ գործողություն դառնա։
Մի՛ փորձեք խղճահարություն արթնացնել այս գազանների մոտ… Նրանք դրանից ավելի աննահանջ են դառնում, ավելի իրենց ասածի տեր… Պիտի լինել դրության տերը` շրջանցելով բոլոր փակուղիները, չառաջացնելով դրանք, եթե բռնության, ուժային լուծման չեք դիմելու…
Իրիկունը մանկապարտեզից միասին ենք տուն գալիս. քնել է խմբում մինչև 17.15, արթնացել ամենավերջում, երբ ընկերները ոչ միայն արթնացել, այլև հաց են կերել… գնացել են տուն…
Ճանապարհին, ինչպես առավոտյան, պարզկա Մասիս էր, տեսարան «Հաղթանակ» կամրջի վրայից դեպի Մասիս. Նորագյուղի բլուրն էլ իր լույսերով՝ ոնց որ Նոր տարվա խաղալիք, ընկած Մասիսի փեշերին… Ես ու Դավիթը մոտեցանք կամրջի մեջտեղին, որտեղից կիրճն էր երևում, Զանգուն էր իրիկնային լույսի ներքո փայլատակում, հեռվում Մասիսն էր` թարմ ձյունե շղարշով…
Քայլում ենք դեպի մեր շենքը. ցուրտ է, ու լուսինը մաքուր-մաքուր է… վախեցնելու չափ…
— Ես լուսնից չեմ վախենում, հայրիկ: Հենց ուզենա լուսինը կծի, կասեմ` փախի, շնիկ լուսին, ու ինքը կփախնի, արևը կգա… Լուսինը շունիկի նման կծում ա՞, շունիկի նման հաչում ա՞, հայրիկ…
Էլի չի ուզում, չի քնում մեր տղան. 23.00 է արդեն: Արմինեն նյարդայնանում է:
— Հայրի՜կ,- ձգվում է ննջարանից մինչև իմ աշխատանքային անկյուն «պարանը», որով Դավիթն ինձ քաշում-տանում է իր ծոցը: Օրը պատմում է ինձ, հերթական անգամ մայրիկից ներողություն է խնդրում… մինչև կեսգիշեր…
Աչքալուսա՜նք, Սվետա Ճաղարյանը, կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավարը, Կարեն Խաչատրյանը՝ նշանավոր Կայը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը, և Լիլիթ Առաքելյանը՝ իմ սիրելի Պիլոն դաշնակահար, հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին… Երեկ սպասված գնում իրականացրինք. մեր նշանավոր Մարմարյա սրահն էլեկտրոնային (թվային) ռոյալ ունի` տեղով մեկ կուկլա. ո՛չ կեր, ո՛չ խմի, մի գլուխ նվագի՜… Մենք մեզ պարգևատրեցինք մեր Տոնի առիթով. այ, էստեղ ու սրան են ասել` հալալ է… Ուսումնական գործիք է:
Ամենուր այնքան լավ գործիքներ, ուսուցման գրավիչ ու հարմար միջոցներ կան, որ ժամանակին կարող էինք երազել… Ուսումնակա՞ն են սրանք. ուսուցիչ-մասնագետը պիտի որոշի. մոբիլությունը, գրավչությունը, անվտանգությունը, հեշտությունը, բազմաֆունկցիոնալությունը և մատչելիությունը բավարար հատկանիշներ չե՞ն… Ի՞նչ ասել է՝ ափսո՜ս է. օր առաջ պիտի գործիքների և նյութերի առումով նորացվեն-ամբողջանան ուսուցման միջոցների մեր լաբորատորիաները, արհեստանոցները… Արագ-արագ պիտի մտնենք ֆիրմաներ, թերթենք կատալոգներ, այցելենք ցուցահանդեսներ, փնտրենք` մեդիայով մեկ նույն սարքի էժան անալոգները… Որտե՞ղ, եթե ոչ լավ դպրոցում, երեխան պիտի հաղթահարի չտեսությունը, հանդիպի իր կյանքը փոխող, այլ դարձնող տեխնոլոգիական ուսուցում, հմտությունների փոխանցում ապահովող միջոցների…
Ես ներողություն եմ խնդրում Մայր դպրոցում պարապմունքներ անցկացնող սովորողներից և ուսուցիչներից վերջին մի քանի շաբաթների անհարմարությունների համար, որ պատճառում է մեզ Ավագ դպրոց-վարժարանի «Երրորդ հարկ ուսուցման միջավայր» նախագծի ավարտական փուլը: Պիտի մինչև նոյեմբերի 10-ը` Տոնի մեկնարկը, ավարտել… Երկարեց… Յոթ ամիս սպասել ենք այս օրվան. մեր Ավագ դպրոց-վարժարանի կրթական միջավայրի արդիականացումն ամբողջական տեսք է ստանում… Չպատմեմ, կտեսնեք: Գեղարվեստի ավագ դպրոցն իր Արման Գրիգորյանով, Միջին դպրոցն իր Թամար Հարությունյանով, և Ավագ դպրոց-վարժարանի սովորող դիզայներների խումբը (Նարե Ղալամքարյան և ընկերներ, աո՜ւ) զուգահեռ պիտի արագացնեն գեղագիտական-գեղարվեստական նոր լուծում-նախագծերի իրականացումը… միջավայրի ստեղծումը: Եկեք գնահատենք. առանց պետական միջոցների, ուսումնառության պայմանագրով որոշված ամսական լրավճարները ներդրում դարձնելով, տեսեք, երեք տարում կրթահամալիրի Մայր դպրոցն (կրթահամալիր ստեղծած թիվ 183 դպրոցը, որը, եթե կենդանի լիներ, կլիներ 30 տարեկան) ամբողջովին դարձրինք ամենաէժան, ամենաինքնուրույն, ամենահետաքրքիր հանարակրթական միջավայրներից մեկն ալամ աշխարհի…
Այսպիսին է մեր Գեղարվեստի կրտսեր դպրոցի նախակրթարանի ննջարանը։
Այսօր ԱՄՆ-ից մեզ էր այցելել մեր 15 տարվա շրջանավարտ Մուշեղն ու զարմացել` դպրոցն անճանաչելի է դարձել… Այ, ինքնազարմանքի պարգևը (ոչ թե մեզ այլոց կողմից զարմացնելու անհեռանկար զբաղմունքը) մեր դինամիկ-ստեղծական-ինքնավար կրթահամալիրում ցուցանիշ է դառնում… Երեկ մի խումբ վարժարանի սաներ զարմացել էին Գեղարվեստի դպրոցի «Տանիք» ուսումնական նախագծից, այս ե՞րբ, այս ո՞նց… Նորամուտների ցանկը, որը, իհարկե, լրիվ չէ, կրթական աճը մեզ ու մեր շրջանավարտներին, բոլոր կարգի սեբաստացիներին ուսումնական նախագծերի ձևով ներկայացվող գործերի բաժինն է… Մեկ էլ տեսար՝ ամենահիշվողը… Ոչինչ չի կարելի թողնել վերջին կամ նախավերջին օրվան. Մարի Գաբանյան ու ընկերներ, Առնոլդ Բլեյան ու ընկերներ, Գրիգոր Խաչատրյան ու ընկերներ` կիսատությունը մերժելի ցուցանիշ է թե՛ Տոնի համար, թե՛ կրթական նոր միջավայրի գործածման առումով… Կարևորո՞ւմ է մեր պատվիրատուն` մեր սովորողի հայրիկը, մայրիկը, հենց սովորողը, այն ջանքերը, որ մենք դնում ենք կրթական միջավայրի նորացման-ամբողջականացման վրա… Մենք գործում ենք` հավատարիմ մեր կրեդոյին՝ կրթական միջավայրն է ամենագործուն ուսուցիչը… աներևույթ, բայց գործուն: Իսկ մեր մարզական ակումբներն առաջիկայում, պիտի, այ, կոնկրետ ու գործուն մասնակցեն «Սեբաստիա» մարզադաշտի ամբողջականացման աշխատանքներին… Տեսեք, նոր շինարարական եռուզեռ է մարզադաշտում, մարզահամալիրում, ջեռուցման համակարգի ամբողջացումը խոսում է այն ուշադիր վերաբերմունքի մասին, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմին պատիվ է բերում…
Հա, ես Նունե Մովսիսյանի հայտնաբերած բուդդայական լամայի խորհրդով էլ շարժվում եմ. երբ կա կասկած, որպես հիմնական չափանիշ ընդունում եմ իմ սեփական ուրախությունը… Սրանից իրական անխափան ցուցանիշ ու կողմնորոշի՞չ… Ավելին ասեմ, ես ուրիշի (այլոց) համար ոչինչ չեմ անում, և այլոց գնահատականն ավելի ու ավելի քիչ բան է նշանակում… Կանխեմ` ամեն մի աշխատանք պահանջում է մասնագիտական բարեխղճություն, նույն է թե` մասնագետի ներգրավում, խորհրդատվություն, գործից հասկացողի աչքեր ու ականջներ… Բայց սա` գործի կատարման փուլում… Իսկ գործը, ցանկացած գործ, ես անում եմ ինձ համար, լավ եմ անում, ես ինձ պարգևատրում եմ: Ես միշտ վարձատրված եմ, ու ինձ գործը պարտք չէ:
Պատրաստվեք «Սեբաստացիներ» երգչախմբի՝ Տոնի շրջանակում արվող բացառիկ համերգաշարի երկրորդ ելույթին` այս անգամ Դավիթաշենի Նահատակաց սրբոց եկեղեցում: Իմ ձեռքով տեղադրեմ այս տեղեկությունը. ես և՛ մասնակցեմ, և՛ տարածեմ: Լսեք առաջին համերգի տեսագրությունը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում. ինչ լավ է, որ ունենք այսպիսի TV` մոբիլ-հասանելի, մարդկային… Թե չէ` ժամը քանիսն է, պտտում եմ ալիքից ալիք… ինձ հարմար քիչ բան եմ գտնում, շարունակում եմ գրել ու գրել իմ օրվա գիրը…
Ինձ չեն դադարում հարցնել՝ որտեղի՞ց եք այդքան գրելու նյութ վերցնում… 137 գիր՝ բազմապատկած 2-3 էլեկտրոնային A4 էջով…Իմաստավորել կյանքը՝ նշանակում է լեցուն դարձնել այն գործերով. մնացածը տեխնիկայի հարց է՝ մի վերնագիր, մի առաջին նախադասություն, մի բուդդայական լամա… կհայտնվի:
Տեսեք՝ ցնծում է Դավիթ Բլեյանը…
Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին. կրթահամալիրում իր ֆոտոօբյեկտիվով այսքան տպավորիչ թափառելու համար։