Գիշերը սիրում է Օրվան, Լույսը`
Մթությանը:
Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր…
Իմ գիշերվա, իմ լույսի մասին է Խերարդո Դիեգոն ասել, չգիտեի:
Մութ ու լույս էլ կա, Դիեգո, գիտե՞ս, ու ես այսօր այն սկսում եմ Վահան Տերյան խմբագրելով… Երեկ «Սեբաստիա» համերգասրահում կարկամեցի մեր ուսուցչական երգչախմբի մեծացած կազմի առաջ… Շփոթվեցի այնքան, որ գտա մեր մաեստրոյի «սխալը». մոռացել էր, որ շաբաթ օրը՝ ժամը 19։00, իր կյանքի գործ Երևանի կամերային երգչախմբի հետ պիտի երգի Երևանի կամերային երաժշտության տանը… Ի՞նչ անի մեր երգչախումբը, մաեստրոյի կյանքի մյուս գործը, հրաժարվի՞ շաբաթ օրվա շրջագայությունից՝ թափառում-համերգի՞ց, ախր, այնքան գրավիչ աշնանային ուղի է մշակված… Ելքը գտնվեց. Անի Նավասարդյանը մեր կօգնի՝ թափառումային ելույթներում կփոխարինի մաեստրոյին, ու թափառման վերջում երգչախումբը իր ողջ կազմով կմասնակցի մաեստրոյի համերգին… Եղավ՝ «Սիրել չի նշանակում խնդրել այլ՝ տալ Գիշեր—ցերեկ»: Է՜հ, մեծ ակնածանքով Տերյան Վահանի գրին, բայց կարող է չի՞ հասցրել անցնել «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս» բանաստեղծության վրայով… Ինձ համար չընկալվող, անմիջական ընկալումը աղավաղող տողեր կան. նետեցի մի կողմ… ու երգը Էդգար Հովհաննիսյանի, որպես «Մեղեդի ծննդյան, լսեք Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի կատարմամբ.
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում։
Երգիր ինձ համար, երգիր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ:
Վահանի 12 տողից մնաց այս չորսը, որ չափածոյի մեջ տուն է կոչվում, եղավ իմ տունը, ուր մութուլույսով ապրում եմ:
Մեր հեղինակած մանկավարժության մեջ էլ լիքը թողնված խմբագրելու, մաքրելու բան կա: Անենք միասին, մեկ է, ես սկսել եմ:
Մայրամուտը Սեյրանի բարձունքում. կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Երեկ առավոտյան ընդհանուր պարապմունքին՝ քոլեջում, հետո՝ 5 տարեկանների ուսուցման ծրագրի հեղինակային կազմով՝ «Գեղարվեստի հարթակում», հետո «Հայրենագիտության-ազգագրություն» սրահում՝ մի այլ կազմով, հետո օրվա վերջում՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լաբորատորիայի ղեկավար Լուսինե Փաշայանի հետ, Մեդիակենտրոնում… Իմ ժամանակը, ուժը կհերիքի. միացե՛ք օր առաջ, եթե հեղինակն եք ձեր գործի, ձեր կողմից հանրայնացվող մանկավարժության… Սրա համար նաև մեր օրացույցում, մեր կրթահամալիրի կառուցվածքում, կառավարման մեջ կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ։
Նազենի կրտսեր Հովհանիսյանի պլանշետում, որ երեկ մեր տանն էր, կար սևագիր մի… իսկական ֆիլմ… Ինքը նկարել է օրեր առաջ Մարմարիկի ափին, իր ընկերներ Արթուրն ու Արեգը ի՞նչ խաղ են խաղում հընթացս… Մեխվել է.
– Երկու հազար դրամ տվել ենք, որ գանք էստեղի աղբը հավաքենք…
Հա, եղբայր ջան, սեբաստացի կա՝ ավելի հեռուն է գնում… Էս աղբը՝ մեր տան մեջ, որ նաև մանկավարժությամբ չհավաքվի ու՞ր կհայտնվի…
Լողի ստուգատես. Հարավային դպրոց-պարտեզ, 5 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Սեդա Խաչատրյանի:
Կամերային երաժշտության տանը վրաստանցի երաժիշտներով կիրակնօրյա համերգի տպավորությունը կմնա մինչև սեբաստացիական երգչախմբի հետ մեր թափառում-ելույթները, մինչև շաբաթ օրվա կամերայինի համերգը կամերայինում… Երեկ ճանապարհում էինք վրաց երաժիշտներից երկուսին՝ կլարնետահար Դմիտրի Բոկոլաշվիլուն և կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանին, ովքեր գոհ էին գեղարվեստի հարթակ-կացարանում անցկացրած օրերից… Եվ այսպիսի համագործակցությունը՝ համերգ-ներկայացումների, համերգ ցուցադրությունների կազմակերպումը, վստահ եմ, մեր Գեղարվեստի հարթակի խմբագրումն է, նրա մաքրված ճանապարհը… Ինչպես և սովորողների հետ, ծնողական-ուսուցչական համայնքով համերգների մասնակցությունը… Նման համերգների կազմակերպում-մասնակցությամբ, նաև ֆիլմերի դիտումով, հանրային քննարկումներով ու մանկավարժական-հանրային խնդիրներով բանվեճերը դարձնելով իր գործը՝ կրթահամալիրում, կրթահամալիրից դուրս, որքա՜ն ազնվանում է մեր մանկավարժությունը, վերադառնում կամ հաստատում շարունակ իր նպատակը՝ մշակույթ (կուլտուրա) փոխանցելը… Նոյեմբերյան օրացույցը սրա համար կրեց ինչ-ինչ փոփոխություններ… Հաջորդը՝ ամեն մեկիս բլոգի, օրացույցի, օրվա արածի մաքրումը, կարգավորումը…
Վահանապատումը՝ Աշոտ Բլեյանի։
Կա և երկրագործության կուլտուրա. մենք պատրաստվում ենք քոլեջի 2018-ի մասնագիտությունների մեջ խաղողագործությունը և մեղվաբուծությունը ավելացնել… Սկսել ենք խաղողագործի և մեղվաբույծի ընտրությունից, սրա համար անհրաժեշտ մասնագիտացված կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների-խորացումից-ընդարձակումից…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1189