Իմ օրագրի 18-րդ գիրը կարդա, եթե անգամ չես կարդացել նախորդ 17 գրերից ոչ մեկը։

Մոնակոյի իմ ընկերն է արձագանքել, Թբիլիսիում հետաքրքրություն է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներին իմ անդրադարձը, մեկ էլ ամերիկացի իմ բարեկամ անծանոթը հետաքրքիր դիտարկումներ արեց։ Սոֆյա Այվազյանը՝ մեր մայրենիի Սոֆին, ով «Արշիլ Գորկի» ուսումնական նախագիծն է ղեկավարում հիմա, երեկ «Բարև, Պարոն Պիկասո» նախագիծն էր անում Գեղարվեստի ավագ դպրոցում, պարզվեց՝ ոչ միայն հետևում է, այլև հավանում է «Օրագրի» ոճը, սպասում է։

Հուլիսի 7-ին կրթահամալիր կայցելի Պիետրո Շաքարյանը Միչիգանից, ով մեկ շաբաթ որոշել է անցկացնել ինձ հետ հենց հուլիսին։

Նշանավոր Ավետիս Հարությունյանն արագ արձագանքեց իմ երեկվա օրագրին (ուրիշ է տնօրենի բլոգը՝ քանի՜ մարդ է կարդում), առաջարկից էլ օգտվում ենք անմիջապես… «Օրագրի» շուրջը ստեղծված սպասված-արդարացի՞ հետաքրքրությունը, ժամանակը, որ ես հատկացնում եմ ամեն օրվա գրին մի տեսակ երկրոդ պլան մղեցին գլխավոր նախագիծ-մտահղացումը՝ մանկավարժ տնօրենի բլոգը՝ որպես այդպիսին։ Օրագիրը, որքան էլ այն մեր կրթական-հասարակական-քաղաքական անցուդարձին իմ անմիջական արձագանքը լինի՝ որպես օրվա գիր, ոչ միայն պահանջ էր՝ իմ ներսից եկող, այլև մանկավարժական բլոգի համար ընթերցող գրավելուն էր ուղղված։ Իմ օրագրի ընթերցողը ճամփին չի մնա. ոչ մի խոստում անկատար չեմ թողնի։

Ուշադիր՝ հրավեր տնօրենի բլոգում։ Հուլիսի 17-ին, ժամը 19.00, հրավիրում եմ կրթահամալիրի Մեդիակենտրոն, որտեղ.

  • ցույց կտամ մեդիակենտրոնի նոր դրախտի պատը.
  • կներկայացնեմ իմ բլոգի առաջիկա զարգացումները.
  • ուշադիր կլսեմ ձեր նկատառումները՝ որպես շահառու՝ բլոգի և իմ օրագրի։

Օգնեք ինձ. եղեք ինձ հետ։ Որպեսզի կարողանամ հավուր պատշաճի պատրաստել մեր երեկոն և յուրաքանչյուր մասնակցի սպասել ու դիմավորել, դժվար չի՞ լինի նախապես գրանցվելը։

Բլոգն՝ իմ ընկերների, հատկապես Արմինե Թոփչյանի, Տիգրան Պարսիլյանի, Գրիգոր Խաչատրյանի, Սուսան Մարկոսյանի (թույլ տվեք ընդհատել), իսկ իմ օրագիրն էլ՝ իմ. նվերների փոխանակում է։ 1980-ին, երբ լրանում էր մի խումբ համակուրսեցիներիս 25-ամյակը (ես, գիտեք, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը), մենք որոշեցինք իրար հոբելյանի առթիվ հեծանիվ նվիրել, որ միասին պարբերաբար մեկնենք հեծանվային ճամփորդությունների։ Ի՜նչ տարի էր 1980-ը՝ նշանավոր, և 1981-ը՝ անջնջելի իր արկած-հեծանվայցելություններով…. Ափսո՜ս, որ աչք շատ կար մեր հեծանիվների վրա՝ սիրելի մարդկանց կրքոտ «ուզումներ»։ Երախտահիշատակ Համբարձում Գալստյանը, ում հետ մենք համալսարանական ընկերներ էինք (կոմերիտական մեր անցյալը մեզ անբաժան դարձրեց մինչև 1994-ի իր՝ ողբերգական մահը. ցնցում էր), մինչև անգամ Հայրենիքի մեր բնակարանն եկավ ու խնդրեց հեծանիվը մեկ-երկու օրով։ Այդպիսի հեծանիվը ոչ տալու բան էր, ոչ վերադարձնելու….

Ահա ես դիմում եմ բոլոր սեբաստացիներին՝ բոլոր տարիքի սովորողներին, ուսուցիչներին. եկեք այս հոբելյանական տարում իրար տուրիստական հանդերձներ նվիրենք։ Երեք նկատառում։ Նախ՝ յուրաքանչյուրս (լավ, շատերս) կարիք ունի վերականգնելու-նորոգելու իր կապերը իր ծննդավայրի, մեր սրբազան ժառանգություն Հայաստանի և մեր հռչակած Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի հետ։ Երկիրը մանրամասն (ականջդ կանչեց, Վանո Սիրադեղյան) այս մի քանի սար ու ձոր (մեր մեծ ժամանակակից Հրանտ Մաթևոսյանի հետ առնչվելու տարբեր հնարավորություններ եմ ունեցել) սիրելու ավելի լավ ձև կա՞, քան վրանով-ուսապարկով, անշտապ….

Հետո՝ հենց սրանով-այսպես կարելի կլինի և նոր ընկերներ ձեռք բերել (ավելի մեծ հարստություն, քան մարդը, և ավելի մեծ շքեղություն, քան մարդկային հմայքը՝ չիք) և նորից նորոգել, այս անգամ՝ մարդկային կապերը։ Արժանավոր սեբաստացի Մարիետ Սիմոնյանի բլոգում կարդացի. «Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում. երախտապարտ եղեք նրանց, որ ձեզ համար ինչ-որ բան են արել»։

Երրորդ՝ գործիքը պիտի ընտրել։ Այն դիպվածով կարող է լինել, բայց ոչ պատահական։ Ահա 1981-ին, երբ իմ հիմնադրած՝ հայագիտության խորացված ուսուցման դասարանի սովորողների և ուսուցիչների մի խմբի հետ Տալլինում էի, իմ լավ բարեկամ ու դասախոս Արթուր Հարությունյանի խորհրդով հենց Տալլինից ձեռք բերեցի մի ամբողջ որակյալ համալիր՝ «սերեբրյանկա» վրան, քնապարկ, արշավականի կոշիկներ, «շտուրմովկա», տուրիստական կաթսա ու լապտեր, դանակ որսորդական։ Սրանցից յուրաքանչյուրը, ինչպես ես էի հաճույքով ներկայացնում, ջրում չի թրջվում, կրակում չի վառվում, օրերի մեջ չի մաշվում՝ ազնվանում է…. Ահա այս ամենով՝ մի ուսապարկի մեջ, վերադարձա թափառումի իմ անջինջ Տալլինից ու հետիոտն 1981-1985թթ  ոտի տակ տվեցի աշխարհ Հայոց….

Քաղաքական հայտարարություն տնօրենի բլոգում։ 1994-1996 թթ՝ իմ լուսավորութան նախարար, հետո՝ կրթության և գիտության առաջին փոխնախարար աշխատած շրջանում, ես կարողացա հանդիպել-լինել հանրապետության, Ջավախքի, Արցախի մեծ ու փոքր բոլոր քաղաքներում։ Գլուխգովության վրա բռնացրեք ինձ, բայց՝  կոնկրետ նշելով, թե որտեղ չեմ եղել….

Հիմա երրորդ շրջանն եմ անում։ Կրթահամալիրի կողմից իրականացվող «Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագծով  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ, որպես պրոդյուսեր-տնօրեն քայլում եմ Հայաստանով, Արցախով, Ջավախքով, լավ է, որ ավելացավ Արևմտյան Հայաստանը,  ունկնդրում մերոնց երգը բոլոր խոնարհված ու գործող եկեղեցիներում, ներկայացնում մեր մանկավարժությունը….

Կրթական գովազդ տնօրենի բլոգում։ Հուլիսի 8-ին մեր բնագետ ուսուցչի՝ Հանրակրթական Դիջիթեք 2015-ի տնօրեն Ազնիվ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 20 հոգիանոց խումբը կուղևորվի Թարթառով Գանձասար (կգիշերի Վանք գյուղում), Մարտունի-Ճարտար-Ամարաս (գիշերները՝ Մարտունիում և Ճարտարում), Շուշիով (գիշերում)՝ Հին Խնձորեսկով, Գորիսով կվերադառնա Երևան։

Մեր Դավիթ Սեբաստացին հայրենագետ է տեղով մեկ, ու մեր յուրաքանչյուր օրը՝ իր տուն-դպրոց-տուն վերջնական հանգրվաններով՝ իրական ու հայրենագիտական ուղևորություն։ Կարծեմ Րաֆֆուց եմ լսել՝ հայրենասիրությունն սկսում է հայրենագիտությունից. ավելացնեմ՝ որպես ուղևորություն՝ կոնկրետ ու մանրամասն… Երեկ մեզ էր այցելել Շուշիի հիմնական դպրոցի տնօրենը՝ Նազիկ Նալբանդյանը՝ Արցախի վաստակավոր ուսուցիչ, նշանավոր շուշեցու հարս ու հայտնի շուշեցի, իր արժանավոր աղջկա՝ Շուշիի մանկաբույժ Նունեի հետ։ Մենք ընտանիքներով ու դպրոցներով ենք բարեկամություն անում։ Ահա մեքենայում Դավիթը ողջ ճանապարհին Նազիկի ու  Նունեի գիդն էր. բաց չթողեց ոչ մի նշան ճանապարհին՝ կառուցվող սպիտակ եկեղեցուց՝ իր վերամբարձ կռունկով, մշուշով ծածկված մեծ ու փոքր Մասիսով, Հրազդանով, որ առաջացնում է Երևանյան լիճը ու թափվում է Արաքս, Սուրբ Սարգսով, որտեղ ինքը կնքվել է, հեռուստաաշտարակով, Նորքի բլրով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցով….

Օրագրի լուրերը

Սեբաստացիները՝ մեծ ու փոքր, հուլիսի 3-ին նշանավորեցին Արփի Սահակյանի ծնունդը մեծ ու փոքր իրադարձություններով։ Լավ ամփոփեցինք՝ տիար Գևորգն ու Նառան, որ նվիրեցին քնապարկ ու ճամփորդի սպասք, ես՝ ուսապարկ, մորքուր Մարիետը։ Արփին հունիսյան բոլոր հինգ ստուգատեսների մասնակիցն է. պարգևատրվել է Արցախի ուղեգրով։

Սկսվեց մեդիակենտրոնի դրախտի պատի կառուցումը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,

Կիրակնօրյա ընթերցարան

Վեցերորդ օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից: Հեղինակային

Եթե սիրում ես…

Ուրեմն խոստովանիր… Եթե չես սիրում, սիրահարվիր: Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է: Goodinfo-ի այս հրապարակումը, որով սկսեցի իմ ընդհատված պատումը (երկար տարուբերից հետո մի ձևով պիտի սկսել), թող