Աղմուկով վանող ու ծխախեղդ փողոցները բռնած մեքենաների խժդժով ինձ դիմավորեց 2799 տարեկան մարդ-քաղաքը, երբ ես խաղաղ-վաստակով օրվա, հեծանվով անցա Հաղթանակի կամրջով-Իտալականով-Հանրապետության հրապարակով ու Վերնիսաժ-Խանջյանով Չայկովսկու փողոց, մեր տուն։ «Երևան ջան» տոնը ծննդյան այս ընկերակցությամբ անցկացնելու ոչ մի հավես-ցանկություն չմնաց, հատկապես, որ Արմինեն ու Դավիթը ընտրեցին մեր Ստեփան եղբոր տունը։ Անահիտ հարսի ծիսական հարիսայով սեղանը հե՛նց տեղին էր։ Կայացավ մեր տոնը, չի մոռացվի մինչև 2800 ամյակ․․․
Հե՛նց հարիսայի ծեսի մասին էր մեր խոսակցությունը՝ Սեբաստացիների օրվա, կրթահամալիրի տոնի, օրացույցով նոյեմբերի 18-ի շաբաթի, Գյումրիից վերադառնալիս, ավտոբուսում, Արմինե Թոփչյանի ու Մարիամ Մնացականյանի, մեր նոր երաժշտի հետ․․․ Իր ու շատերի օջախ-դրոշը-սերը դարձած կրթահամալիրի առաջին տոնն է, մեծով-պստիկով, հարիսայով, պարերգով, հատուկ դրված թթվով և ընտրած գինով․․․ ծեսով սեբաստացիական, առավոտվա համայնքային հավաքով-երգով-աղոթքով Սուրբ Երրորդությունում․․․Ծեսը անհամբերությունը բազմապատկող-տարածող խնամք է սիրում պատրաստության շրջանի օրերի մեջ․․․ Իմ գիրը կիրակնօրյա այդ զորությունն ունի՞․ սեբաստացիներ բոլոր կարգերի, սկսեք պատրաստությունը մեր Տոնի, օրերի, նոյեմբերի 18-ի շաբաթ օրվա՝ ծիսական հարիսայով-ցնծությամբ-փառաբանությամբ-օրհնությամբ, որտեղ էլ որ լինեք․․․
Սեբաստացիների խումբը Աղավնաձորում մասնակցում է Տրինիտի այգեկութ 2017-ին:
Լուսանկարները՝ Սյուզի Սարգսյանի:
Այս մասին էի ես երեկ պատմում Մեդիակենտրոնում Սուսանին ու Գևորգին, և առաջացավ հարթակը՝ մեր համերգ-միասնական սեմինար պարապմունքը հոկտեմբերի 18-ի «Սեբաստիա» սրահում դարձնել անոնս մեր Տոնի՝ այս տարի սեբաստացիների նոյեմբերի 18-ի օրվա․․․ Այս համալրումը երաժիշտ-ուսուցիչների՝ Անի Նավասարդյանի, Մարիամ Մնացականյանի ու Աննա Երիցյանի, պարուսույց-հայրենագետ Ալեքսանդր Սարգսյանի ոգևորումի թափը չի կարող համայնքային Տոնի նոր ճաշակ, ուղի, ձև չբերել Երևանին, Հայաստանին․․․ Ահա ինչու, Հյուսիսի դպրոց-պարտեզի վերջին ելույթ-համերգից ես առանձնացնում եմ հե՛նց համայնքային ելույթը, որ իմ խնդրանքով Տաթև Աթոյանը առանձնացրել է։
[youtube https://www.youtube.com/watch?v=3b1k9Qee4kw]
Եվ լավ է, որ Հերմինե Անտոնյանի ֆոտոօբյեկտիվում կրկին Ավագ դպրոցի ելույթի համայնքային ազդեցությունն է։ Գյումրիում մեր ուրախությունը, պարերգով անցումը Շոթա Ռուսթավելի փողոցով նախերգանքն էր մեր այսպիսի Տոնի, որ կստեղծենք-կտեսցնենք-կվայելենք մենք նոյեմբերի 18-ին․․․
Շաբաթ օրվա իմ կարևոր գործը փոստատնից 9,5 կգ քաշով 2-րդ փաթեթի ստացումն էր, նոր հուզմունքի վերապրումը, որ գերմանացի մեր վարպետ, պարտիզպան ընկեր Գերդ Քյոլլերը խոստանում է շարունակել․․․ Պարտիզապուրակային գործիքների հավաքածու կրտսեր սեբաստացիների համար․․․ Իմ աչքից օրեր առաջվա տեսարանը չի վերանում․ Արևմուտքում Սրբուհի Ներսիսյանի ու Ծաղիկ Գասպարյանի 5 տարեկանները, խորոտիկ տնօրեն Տաթևի աջակցությամբ հատուկ ձեռնոցներով մեկիկ-մեկիկ սանրում էին Արևելյան պուրակը, որ բնակիչները հասցրել էին մի քանի օրում նորից վերածել աղբավայրի․․․ Իրենց բակը չէ՞, ու իրենց իրավունքը՝ ծխել-ուտել-թափելու․․․ Ու մենք մինչ կմտածեինք մեր սանիտարների գործիքների մասին, մեր ընկերը Գերմանիայից աջակցում է․․․
Արևմտյան դպրոցի սովորողների ճամփորդությունը Մեղրաձոր, Թեժառույք բարձունք:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Էլի տեսարան Գյումրի ճամփորդությունից, որ շարունակ ազդում է իմ կյանքի վրա․ Երևան վերադառնալիս ճանապարհի մի կողմում, երկա՜ր, Շիրակի դաշտի հեռանկարում բացառիկ էր Արագածը՝ գագաթները բյուրեղ վրան, ճանապարհի մյուս կողմում, Թալինի չոլերով, Արտենի սարն էր թովիչ գեղեցկությամբ մերկացել բոլորիս առաջ, իր մշտական կանչով․․․ ինչպես ամեն անգամ, երբ Գյումրի-Ախալքալաքի ճանապարհն եմ անցում։ Երեկ, օրվա վերջում, տիար Գևորգի հետ խոստացանք հե՛նց հոկտեմբերի 21-ին նվաճել այս Արտենի անունով գեղեցկուհուն․․․ Արտենիի գագաթից նայել նրա շուրջ ձգվող հայրենիին․․․
Երեկ շաբաթ իմ օրն աշխատանքային էր, որ ինձ բերկրանք-նվեր դարձավ մեր Բանգլադեշի լանջեր-կանաչ տարածքներ իմ հեծանվային բարեխիղճ շրջայցով․․․ Որքա՜ն բան է փոխվել մեր աշխարհում․ չդանդաղենք, բահը, փոցխը, ցնցուղը ցած չդնենք ևս երկու-երեք շաբաթ… ու կունենանք ամբողջական պատկեր մի «Կրթական պարտեզ» նախագծով, կրթահամալիրով մեկ։ Այսպես բարեկարգ, կանաչ անցումներով, կանաչող լանջերով, մուտքերով-սահմաններով քայլենք դեպի մեր Տոնը ծիսական․․․
Դավթի ֆոտոսեսիան՝ Արմինե Աբրահամյանի
# 1180