Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած,
քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․
«Գուրգեն Մահարի» գազելն իմ մասին է ասված… Ճամփից առաջ հայտնվեց-դառավ իմը ու չլքեց, ինձ հետ է, որպես Փիրոսմանիի հետ ճամփորդություն-ուսումնական նախագծի խորհրդանիշ թե թալիսման… Ճամփորդությունն այս մեկօրյա-սրընթաց, վրաց անծանոթ-սիրելի դարձած արվեստագետների՝ Գիորգի Ճեիշվիլիի, Նանա Կվիցիանիի, Նուցա Մախարաձեի հետ, երազել տվեց, ինչպես յուրաքանչյուր ճամփորդություն, որ կայանում է: Ճամփան՝ ինձ այնքան ծանոթ-հարազատ, Երասխավանից հետո, պատմել եմ, պատկերել եմ, կարդացեք, Հայաստանի բացահայտում դարձրինք մեր վրաց նոր գործընկերների համար, այնպես, որ ողջ ճանապարհին, առավոտ 8-ից երեկոյան 8-ը, միասին կարողացանք լավ ծիծաղել հայ-վրացական բացառիկության-մրցակցության վրա՝ ներկայացնելով միմյանց նորանոր համատեղ նախագծեր… Ամեն տարի սեպտեմբերի 21-ը որպես հայ-վրացական ուսումնական նախագիծ նշելու պայմանավորվածությունը վրացական կողմինն է, առաջացավ Արենիի վանքում, հարթակին՝ դեպի Արաքս-Արփա, իր ստեղծած սքանչելի հովիտով…
Ճամփորդական դիմանկարներ Ապարանի Թուխ Մանուկ բարձունքից:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Իսկ Նորավանքից դեպի Գնիշիկ կիրճով անցումը մի արշավով, որպես երազ թողեցի երաշտից տնքող աշխարհում պղնձագույն, ու եղավ հայ-վրացական նախագծի մասնակիցների համար մի գազել, որպես պարգև, փախուստ հայտնիից-իրականությունից Եղեգիսի կիրճով-Սելիմի լեռնացքով, Արգիճիի հովտով, հայացքով Արմաղանին-Սևանա լճին, Նորատուսով-Հայրավանքով… ինչպես բարեխիղճ հրապարակել էր մեր Քնարիկ Ներսիսյանը: Երկու դադար այս ընթացքում, որ վստահություն են հաղորդում ճամփորդությունից հայտնված համատեղ նախագծերին, հատկապես Վրաստանում կայանալիք մայիսյան ամենամյա հավաքին, որ իմն են, որպես փոշու միջից գտնված ոսկե մետաղադրամներ… Կեղտի մեջ կորած նշանավոր աղբյուրի մոտ խորանարդ մետրով չափվող աղբի հավաքումը՝ որոշումով-կատարումով-ձմերուկ ուտոցիով, ինքն իրեն հայ-վրացական մեր գործընկերության հեռանկարի ցուցանիշը դարձավ, ինչպես Նորատուսցի Նշան անունով՝ մարզպետարանի բնապահպանության վարչության ավագ մասնագետ-ուղեկցողի տանը Սահականույշ կնոջ գցած-ինքն իրենով եղած հացի սեղանը… Ու Տոնն ուխտագնացության դրոշմը դարձավ…
Մենք հյուրեր շատ ենք ունենում, և այսպիսի «մարշ-բրասոկը» մեկօրյա ընդունեք որպես մշակված-փորձարկված ուղեցույց՝ մեր սեղանից ձեր սեղան պարզած… Վայելեք երազի ճամփան:
Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած,
քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․
Հայ-վրացական ճամփորդության լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Տոնական սեպտեմբերի 21-ը երկու կես ունեցավ՝ ճամփորդական և երեկոյան 8-ից սկսվողը մինչև հուսահատ քուն կեսգիշերին՝ 11-ն անց կեսից 12-ը, ճամփորդական երկու տասնյակ հայտերի ծանոթացումը… Փորձի համար, ընտրությամբ, սովորողի, ուսուցչի բլոգում փնտրեցի ճամփորդության պատրաստության հետքերը, հուսահատությունը հաղթեց, հրաժարվեցի շարունակելուց: Չվիրավորեմ-անկեղծությունը չկորցնեմ՝ հիմար վիճակում եմ: Օպերատիվ լուծում կգտնենք, տասնյակ ու տասնյակ սովորողների-ուսուցիչների-ծնողների տրամադրությանը, արժանապատվությանը անհարկի չդիպչելու համար… Խնդրել եմ Գևորգ Հակոբյանին ուսումնասիրել ճամփորդությամբ ուսուցման՝ ուսումնական ճամփորդությունների կարգին համապատասխանությունը, սեպտեմբերյան մեկօրյա-բազմօրյա ճամփորդությունների կազմակերպումը: Ուսումնական պարապմունքի այս ձևը մեր հեղինակածն է տարիներ ի վեր, ու սրանով՝ ուսումնասիրությամբ-քննարկումով կսկսենք մեր մանկավարժական հարթակում ամենամսյա բաց հանդիպումը: Մարինե Մխիթարյանի լրջությունը խրախուսում եմ:
Վաղ առավոտյան եղել եմ Օշականի Սբ․ Մ․Մաշտոց եկեղեցում, շաբաթ օրվա օրհնության կարգի մասին պայմանավորվել եմ քահանայի հետ, ապա ոտքով ուղևորվել դեպի Կոնդի բարձունք: Ճանապարհը մաքուր է, սովորողների համար հաղթահարելի։ Վերելքն ու վայրէջքը միասին սովորողների հետ կտևի 1 ժամ։ ….Ձեր հանձնարարությամբ ճշտել եմ հին ջրաղացի տարածքի վիճակը։ Տարածքը սեփանականաշնորհվել է, իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Մեր ընտրած հանգստի տարածք հասնելու համար պետք է մեքենայով անցնել 10 րոպեի ճանապարհ։ Միայն այդ հատվածից է հնարավոր մոտենալ գետին։ Գետի ափը մաքուր է, սակայն տեղ-տեղ անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի մաքրությանն ուղղված գործողություններ։
5-6 տարեկանների համար սեպտեմբերյան ուխտագնացություն Օշական՝ իր հայրենագիտությամբ, բարձունքի նվաճումով, գետում թրջվելով… Մաշտոց ուսուչապետին ուղղված համերգով. Հյուսիսից ծնվող առաջարկը բոլորիս աջակցությամբ կարող է դառնալ ճամփորդությամբ ուսուցման լավ նմուշ: Հաջողության վրա կառուցենք, այնպես, որ բոլոր 5-6 տարեկան սեբաստացիների ներառման-ինքնավստահության հարթակ դառնա Օշականը:
Իսկ Նորատուսի ծոց-հրվանդան մենք կվերադառնանք… Օրը այդքան պայծառ-թափանցիկ չէր Նորատուսի մատուռի բարձունքից, հրվանդանից մինչև Արտանիշի ծոց փոքր-մեծ Սևանների ընկալումը ունենալու համար, ինչպես պատմել եմ Արտանիշի բարձունքի վերելքից… Սևանը իր ավազանով շատ է մեծ-խորհրդավոր-բազմաշերտ, հոկտեմբերին կշարունակենք ճամփորդությամբ ավազանի-լճի, լիճ ստեղծող լիճը թափվող, Լանջաղբյուր-Սարուխան-Կարմիրգյուղ-Գավառ-Նորատուս… համայնքներով անցնող Գեղարքունիջուր-Ծաղկանց-Գավառագետի և տասնյակ այլ գետերի յուրացումը: Գեղամա ծովը՝ իր շրջակա լեռնաշխարհով ավելի ու ավելի կարոտով է կանչում…
Անձրևապաշտպան ճամփորդական վրանի բերած հրճվանք:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի
Դավիթ Բլեյան սովորողը Լուսինե Փաշայան ուսուցչի առաջադրանքով փնտրում է՝ ինչ է անկախությունը… Սա էլ, Լուսինե ջան, շարունակվող նախագիծ է… Ես, Դավիթն ու Արմինեն իրար վրա ենք գցում. մի նոր ճամփորդություն է պետք՝ նախագծային խումբ դառնալու համար:
#1157