Այս ե՜րբ գնաց սեպտեմբերը՝ իր ուսումնական տարով, որ հիմա էլ գալիս է, նորի իրավունքով, իր հերթական տարով ուսումնական՝ 2017-2018։ Մեզանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, սեպտեմբերը երկու-երեք օր շուտ է գալիս, այս անգամ օգոստոսի 30-ին՝ որպես մարզատոն-ստուգատես․․․ Երեկ, օրվա վերջը ավելի երկար եղավ արևմուտքի մեր Ագարակում, դպրոց-պարտեզում․․․ Որքա՜ն գործ է արվել, հատկապես պարտիզա-պուրակային, բակային-հողային, բացօթյա-մարզական-լողափային, ու որքա՛ն էլ կիսատ-պռատ կա․․․ Այսօրվա ավանդական մանկավարժական ժողով-ներկայացումից հետո, հայդե՜, չորս կողմ մեր ստեղծած աշխարհի. սրանք համատեղ արվողներից են, ոչ թե սովորողի համար, այլ սովորողի, մեր մանկավարժության պատվիրատու գործընկերների հետ․․․ եթե մանկավարժության աշխատանքը չենք ուզում վերածել սիզիփոսյանի․․․
Կրթահամալիրի համար կարևոր են այսպիսի կապերը․ շաբաթներ առաջ սեբաստացի ծնող Սևակ Տումանյանի միջնորդությամբ մեր աշխատանքին ու մեր հնարավորություններին ծանոթացավ Հռոմում նաև մանկավարժական աշխատանք կատարող մխիթարյան հայ Ներսեսը, ու նրա միջնորդությամբ Տումանյան ընտանիքի ուղեկցությամբ երեկ ամբողջ օրը կրթահամալիրում անցկացրեց Վիեննայում բնակվող ճարտարապետ-նախագծող-դիզայներ-տեխնոլոգ Հեյք Բարթը։ Ի՜նչ հեշտ է շփվում, սիրալիր-թեթև-պատրաստակամ, միշտ ոգևորող, կամուրջներ հաստատող․․․ Հայերենի գործնական հաղորդակցությամբ, արագ գերմաներենի անցնող մեր գործընկերը խանդավառ է կրթահամալիրում կրթական ամենատարբեր փոխանակումների հնարավորություններով, արհեստանոց-արվեստանոցային-ճամբարային միջավայրով ․․․ Մեր սովորողների ծնողները ավելի վստահ-կարևոր պիտի տրամադրեն իրենց մասնագիտական-մանկավարժական կապերը՝ դիտելով դրանք որպես կոնկրետ ներդրումներ կրթահամալիրի զարգացման այս փուլում․ վստահեք՝ դառնալով յուրաքանչյուր այսպիսի նոր գործընկերության անաչառ վերահսկողը, դրանով՝ հաջողության երաշխավորը․․․
Կրթահամալիր աշխատանքի ընդունվողների ներկայացում ընդհանուր ժողովում:
Հերթական-սովորական դարձող հրդեհը մեր ուշադրությունը հավելյալ հրավիրում է կրթական շենքերի նկուղների-տանիքների հրդեհաանվտանգության խնդրի վրա․․․ Ազատվել տասնյակ տարով կուտակված կրակաստեղծ աղբից, չուլուփալասից, ունենալ հարմար մուտքեր, նկուղներ-տանիք, փոխել, արդիական-կառավարելի դարձնել ինժեներական կոմունիկացիաները, որոնք նկուղով դեպի արտաքին ենթակայաններ են անցնում․․․ Ցավոք, այստեղ պիտի գործուն լիներ քաղաքային իշխանություն-հանրապետական գերատեսչությունների ֆինանսական-մասնագիտական աջակցությունը․․․ Բայց ի՜նչ անես, որ այդպես չէ․ միայն անլուրջ թղթավարություն․․․ Մնում է ինքնուրույն գործելը, ինչը որ նկուղ-տանիքների մասով վերջին տարիներին տպավորիչ հետևողականությամբ անում ենք․․․ Թիրախում Արևելյան դպրոց-պարտեզի մասնաշենքն է․․․
Պարոն Բլեյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ինչպես միշտ Ձեր ներկայությամբ գունավորեցիք մեր օրը։
Անի Պետրոսյանը՝ Ջավախքի Կարծախում Ջիվանի տոնախմբության կազմակերպիչը, Ֆեյսբուքում մի այսպիսի նախադասոությամբ արձագանքել է իմ գրին, անդրադարձել մեր մասնակցությանը․․․ Մենք պատրաստվում ենք հիմնադրամի Բանգլադեշյան քննարկմանը․ մեր նոր գործընկերոջ հետ 2017-2018-ի համատեղ ուսումնական նախագծերի որոշմանը․․․ Իսկ Արմինե Աբրահամյանի թեթև-ուրախ տեսանյութն այս մեր մանկավարժության՝ մոբիլ-ստեղծական, անընդատ ու համերաշխ որակների մի ներկայացում է․․․ Աննա Երիցյան պարուսույց-կազմակերպչին, երիտասարդ ու այսպիսի հետաքրքիր կենսագրությամբ արդեն, ասում եմ՝ բարի գալուստ կրթահամալիր, ողջը քոնն է, քո գործուն միջամտության կարոտ։
Օրվա սկիզբը ընդհանուր պարապմունքով:
Գրում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնելու ցանկությամբ: Այն ամենի համար, որ Դուք և Ձեր ստեղծած համակարգը ինձ մեջ 7 տարեկանից սերմանել է: Այն մեծ փորձի համար, որ ես ստացել եմ` աշխատելով ընդամենը 2 տարի կրթահամալիրում:
Ես այս ամառ ստացա չսպասված առաջարկ՝ աշխատելու «Էգո» զարգացման մանկական հոգեբանական կենտրոնում: Մեկ ամիս աշխատեցի, սակայն ինձ արդեն առաջարկում են հիմնական աշխատանքի անցնել սեպտեմբերից: Տնօրինությունը, տեսնելով իմ գիտելիքների, պատրաստվածության և պատրաստակամության աստիճանը, անգամ անսպասելի աշխատավարձի չափը մեծացրեց՝ պատճառաբանելով, որ այսպիսի պաշարով ու գիտելիքներով մարդուն չեն կարող քիչ գումարով վարձատրել: Գործատուն ընդունել է իմ բոլոր պայմանները, ես ընդամենը մի քանի ժամ եմ աշխատելու աշնանից, սակայն ապահովում եմ կենտրոնը ծրագրով, խաղերի ցանկով և մնացածով: Այս ամենը իմ կրթահամալիրի շնորքն է, այս ամենը Ձեր աշխատանքի արդյունքն է:
Ես երբեք չէի պատկերացնի, որ երբևիցե կցանկանամ աշխատել փոքրիկների հետ, սակայն տիկին Աիդան տեսնում էր, որ ինձ մոտ կարող է ստացվել: Ես այն ժամանակ ունեի վախ իմ ներսում, սակայն հիմա, երբ աշխատում եմ, մեծ բավականություն եմ ստանում: Ափսոսում եմ, որ հիմա չեմ կարող դա ասել տիկին Աիդային:
Շնորհակալություն Ձեզ այս ամենի համար:
Մեր շրջանավարտ-գործընկեր Լիլիթ Մելքումյանն այս նամակով ոչ միայն դրսևորեց իր լավագույն մարդկային, այսօր այնքան պակասող որակներ՝ երախտագիտություն-հավատարմություն համատեղ ապրածին-արածին-անցածին-փոխանցածին, այլև վստահություն-տրամադրություն փոխանցեց ու․․․ մտածելու շատ նյութ։ Լիլի՛թ ջան։
Ամառային պարտեզ կրթահամալիրի հարավում:
2017-ի օգոստոսի 26-ին Ախալքալաքում՝ վրաց եկեղեցու ուսումնական կենտրոնի համերգասրահում, Ամառային համերգին Վլադիկան՝ մեր բարեկամը, վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանը, ձեռքին համերգի տեղեկատվական մեր կազմած հայերեն-վրացերեն թերթիկը, շուռ էր տալիս մի լեզվից մյուսին, ու ընտանիքով ողջ համերգին մասնակից ավագ քրոջը Թբիլիսիից՝ հայտնի կարդիոլոգ-գիտնականին, մասնավոր կլինիկայի հիմնադիր-ղեկավարին, զարմացած-հիացած, հպարտությամբ բացատրում էր, որ իրեն ուղղված մեր բոլոր նամակները վրացերեն են․․․ Վերջում էլ շատ հուզված էին Շուշան Բլեյանի կատարմամբ «Թբիլիսո» երգից, Շուշանի վրացերենից, Ջավախքի Հեշտիա գյուղից Արմեն Մկոյանի ներկայությունից համերգին, Սամցխե Ջավախեթիի իրենց նոր բացահայտումից և նոր «Մոկաց Միրզա» երգից․․․ Եվ շնորհակալությամբ-պատրաստակամությամբ ընդունեց Սեյրան Ավագյանի, Լիլիթ Բլեյանի երգերի ձանասկավառակները, Հայաստանի նկարիչերի, այդ թվում՝ սեբաստացի, կատալոգ-ալբոմը… Եվ հնչեց հրավերը Լիլիթ Բլեյանին, կրթահամալիրին՝
— Համեցեք Ախալքալաք, երբ կամենաք, ձեր համերգով-ցուցադրությամբ․․․ անընդհատ․․․
Ինձ էլ թե՝
— Չթողեք, ինչպես խոստացել եք, որ հայ-վրացական կապերի-նախագծերի-փոխանակումների մասին միայն խոսեն, կամ որ դրանք դառնան տարեկան միջոցառումներ․․․
Սրբազանին խոստացել եմ…
Օրագրի լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի
#1134