Ամենահաճախակի գործածված բառը իմ գրում հունիս-օգոստոսին… Դե, ասեք… կա՞ այդպիսի հաշվիչ Google-ում, Սուսան-Արմինե Թոփչյան ընկերներ՝ ամենօրյա թողարկման գործը անընդհատ կիսող, իմ պատումի խմբագիրներ, փորձագետներ, փորձանքներ… Հաստատ «ճամբար», «ուսումնական ճամբար»-ն է՝ 2017-ի ուսումնական ամառ նախագծով կանխորոշված… Լավ է:
Այսօր Սևանի «Ժայռ» ուսումնա-հայրենագիտական ճամբար մեկնեց կրթահամալիրի ավագ դպրոցի հերթական ջոկատը, հերթի է միջին դպրոցինը, այսօր լույս աշխարհ՝ տեղեկացման մեդիա միջոցներով կշրջանառվի կրթահամալիրի մանկավարժական աշխատանքի դիմածների, 2-12-րդ դասարանցի նոր սովորողների «Մուտք» ուսումնական ճամբարները… mskh.am-ի առաջին էջի ամենազով-ուրախություն բերող հրապարակումները-տեսաֆիլմերը հաստատ բանգլադեշյան բաց լողափային ճամբարներում են… Ամենասպասվող լուրերը այս օրերին ու դեռ մի շաբաթ կլինեն Վրաստանի Անակլիայի «Ապագայի» ու Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարներինը… Դավիթ Բլեյանը, հրեն, երեկվա մեր Արևմուտքի ուսումնական ճամբարում այնպես խորն ու անմնացորդ է իրացվել, որ երեկոն չսկսած՝ ընկղմվել է լեթարգիական քնում ու ժամը 7-ն է առավոտվա… ձայն-ծպտուն չի հանում…
— Դավի՛թ, ճամփեդ մնա՜ց, վե՛ր կաց…
Այսպես միայն կարող ես արթնացնել Աժդահակի ճամփորդական ուսապարկերը կապած՝ Ամառ-2017-ի Բլեյան հերոսին…
Կրթահամալիրի Ագարակում. Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Արևիկ սեբաստացի-թոռնուհիս Իզմիրի միջազգային ճամբարի տպավորությունները ինչպես երևում է չկարողացավ թոթափել անգամ Ծղուկի-Ուխտասարի դժվար ոլորաններում… Հետաքրքիր է, որ Ուխտասար-Երևան ճամփին, ծանր օրը այնքան վարպետորեն, իրեն բնորոշ անաղմուկ-հոգատարությամբ մեծ խումբ Բլեյանների քմահաճույքները տարած Արամ Բլեյանի «Ջիփ»-ում, 2018-ի ամառային ճամբարներից է հարցուփորձ անում իր պապիկ-տնօրենին… Առիթը՝ առիթ, սիրելի մարդկանց հետ, բայց մեր ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորող դարձած Արևիկի օրացույցում-պլաններում-նախատեսումներում-ծրագրերում, տեսեք, ուսումնական ճամբարը որքա՜ն անհատականացվել, կոնկրետ-կարևոր է դարձել… Աշոտ պապիկից ուզում է ու ճշտում ուսումնական ճամբարային հնարավոր զարգացումները մինչև 2018-ի ամառ ու այս՝ 2017-18 ուստարվա շրջանում… Որքա՜ն հետաքրքրված է Անակլիայի ապագայի միջազգային ճամբարի ապագայով, նրա շարունակությամբ… Այսպիսով, սեբաստացիական ուսումնական ճամբարները ոչ միայն տնօրենի աշխատանքային կլանող հոգսերն են, այլև Բլեյան ընտանիքի-կրտսեր ու ավագ սովորողի կյանքն են դառնում… Լավ է, երկուսը մեկում…
2-4 տարեկանների ամառային պարտեզ Քոլեջում:
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի:
Հեծանիվով իմ բանգլադեշյան երթուղին ամենօրյա սկսել է ներառել երկար նորոգումից հետո տեսքի եկած Պերճի այգին բակային… Լավ է, որ ներառական է դարձել, սայլակի-անվավոր միջոցի ու բոլոր տեսակի մարդկանց համար… Կփոխվի՞ բակային այգու խնամքի մշակույթը, կդառնա՞ այգին որպես միջավայր կրթական-ճամբարային… Կկարողանա՞ն բնակիչները այգին հաստատել որպես անծուխ-«անբլոտ» գոտի՝ կիրթ-բնական։ Կկարողանա՞ն ազդեցիկ լինել գեղարվեստի դպրոցը, լրացուցիչ կրթության մեր մյուս կենտրոնները, սեբաստացիական արտագնա հարթակներ կդառնա՞ն այսպիսի բակերը մեր «Կրթական պարտեզ» նախագծով… 2017-2018 ընդունելության այս՝ օգոստոսյան շրջանում կերևա. մեր ֆեյսբուքյան հիշեցումների շարքում կարևոր տեղ ունեն լրացուցիչ կրթության մասին տեղեկությունները…
Մայր դպրոցի հերթապահ ճամբարականների լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Իմ գրասեղանի թղթերն էի դասավորում, ու, ա՛յ քեզ դիպված, հինգ տարվա վաղեմության այս երկտողը գտա… Իմ օրագրից էլ լավ տեղ ու միջո՞ց, այն որպես ծիտիկ թռցնելու, որ գնա-գնա հասնի իմ բոլոր ընթերցողներին մինչև … Չինումաչին, բաց-բացօթյա հանրային գործունեությունն ուղեկցվող բնական աշխույժով…
Տիար Բլեյան ջան, անչափ ափսոսում եմ, որ չկարողացա Ձեզ տեսնել։ Մի շատ պուճուրիկ բան եմ թողնում մեր շատ սիրելի Դավիթիկին։ Թող առողջ ձագուկ մեծանա՝ հպարտ իր պապայով։ Գնում եմ առաջ՝ նվաճելով Չինաստանը։ Շատ հպարտ եմ ու օրհնված, որ Դուք կաք իմ կյանքում։
Սիրով՝ Հասմիկ
14.08.2012
Հասմիկ Հակոբյանին հիշում եք. հեշտ չէ մոռանալը: Կրթահամալիրում մի շրջան մեծ աշխույժով գործադիր տնօրեն շրջավարտ-սեբաստացին, որ հանգամանքների բերումով հայտնվել է Չինաստանում, հուլիսին Երևանում իսկական ճամբար էր կազմակերպել իր երկու երեխաներով, մի քանի տասնյակ արաբ ու չինացի հարազատներով… Հասմիկին շա՜տ նման է. Գևորգ քեռին որքա՜ն ոգևորված պատմում էր: Չմտածեք, թե հայ-չինական հարաբերությունների աշխուժացման, նոր դեսպանատան կառուցման գործում կրթահամալիրը ներդրում չունի։ Ունի, բայց ո՜նց ցույց տաս, երբ որ Չինաստանում մեր ֆեյսբուքը չի գործածվում։
Կրթահամալիրի տնօրենի ֆոտոխցիկից…
#1117