Մեր Տոն-ուսումնական նախագծի 6-րդ օրը, հարիսայի ծեսը, խաղաղ-ուրախ-միաբանող եղավ. ո´չ մի լարում, ո´չ մի արհեստականություն չնկատեցի, չզգացի: Ստացվեց՝ ինչպես շաբաթն էր, այնպես և շաբաթ օրը: Սա ընդհանուրիս համակած տրամադրությունն էր ու միասնական գնահատականը:
Ժամը 09:00-10:00-ը եղա Հիմնական դպրոցում: Այստեղ, մեր կացարանում 3 օր է բնակվում են Հ. Սահյանի համագյուղացիները՝ Լոր գյուղի սովորողները և ուսուցիչները՝ իրենց տնօրենի հետ: Ի՜նչ լավ է, որ շատ գոհ են Տոնից, կրթահամալիրից, ընդունելությունից, ուզում են էլի մնալ: Մնացե՛ք, եթե ոչ` էլի եկեք, հետևե՛ք մեր օրացույցով ստուգատեսներին ու համեցեք… Ինչո՞ւ չեն հավատում էլի գալուն, երբ կացարանն անվճար՝ իր հյուրասիրությամբ, կա. մնում է Սիսիանից, միկրոավտոբուսով Երևան հասնելը… Առաջիկա երկուշաբթի, կրթահամալիրի մասնաժողովում ներկայացվելու են 2015-ի հունվարի ճամբարի, հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստուգատեսների ծրագրերը…
Հետո ես եղա Դպրոց-պարտեզում և Գեղարվեստում: Դպրոց-պարտեզում բակային աշխատանքների ծավալն ու ամբողջականությունն ինձ ոգևորում են. պիտի մինչև վերջ ունենալ նոր որակի բակային տարածք: Մեր գյուղացիական տնտեսության աշխատանքները ևս բուռն ընթացքի մեջ են. ես խոստացել եմ, Տոնի օրերին, 2015-ի մեր Տոնին, հարիսայի սեղանին մեր պատրաստած «Սեբաստացի» շշերով գինին կլինի, վեցը ձիով ձիանոց կլինի ու… էլի՜, էլի՜… Գեղարվեստում և Հիմնականում վթարներ ունենք, պիտի օրվա մեջ վերացնել. 30 տարվա շենքեր են՝ իրենց 30 տարվա կոմունալ տնտեսությամբ, 30 տարի չեն հիմնանորոգվել, ընթացիկ խնամք են պահանջում…
Ամենուր հարիսայի ծեսի, հարիսայի սեղանի պատրաստություն է՝ արևոտ, աշխույժ, առատ, սրտաբաց… Սուրբ Երրորդություն եկեղեցում, ժամը ուղիղ 11:00 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր հոգևոր-կոմիտասյան երգերի շարքով սկսում է ծիսական օրը… Եկեղեցու սրահը լեցուն է. իսկական համայնքային կյանքը այսպիսին է լինում… Վեհացած երգում են մեր ուսուցիչները. հիացած, խոնարհ լսում ենք… Հետո քահանան՝ կրթահամալիրի խորհրդի անդամ մեր տեր Եսային, կատարում է հարիսայի օրհնության արարողությունը… Ի՜նչ անաղմուկ, կլանված դահլիճ է եկեղեցում… Հետո օրհնված հարիսայով առաքելական սեբաստացիների ծիսական երթն է Մայր դպրոց… Նախկինում մենք այս բոլորը Մարմարյա սրահում էինք կատարում` և՛ հարիսայի օրհնությունը, և՛ երգչախմբի ելույթը. իզո՜ւր… Այսպես արդար է, պարզ. առաքելական սեբաստացին, որպես համայնք՝ իր եկեղեցում է…
Հարիսայի մեր համտես-ցուցադրությունն է ավանդական. ութ դպրոց՝ ութ սեղան, ութ ձևավորում, և միասնական համտեսում հարիսայի պարատնից առաջ… Ես կատակով չասացի.
— Չշփոթեք գրադարանի տեսադարանը պարատան հետ. պարատունը չպիտի ունենա պասիվ նայող-հետևող:
Միասին ուրախանում ենք՝ պարում ենք, երգում ենք, ցուցադրում… Ախր ամեն ինչ այնքա՜ն տրամադրող է, անարգել, միավորող…
Մեր ութ դպրոցում միաժամանակ սեբաստացին՝ իր սովորողով, ուսուցչով, ծնողով, շրջանավարտով, հյուրերով նստեց հարիսայի սեղանի և ծեսը ժամ-երկու ժամ՝ իր առանձնահատկություններով, շարունակվեց, ավարտվեց նույն գոհունակությամբ-ուրախ՝ ինչպես ամբողջ օրն էր, ինչպես մեր Տոնի շաբաթվա յուրաքանչյուր օրը… Զարգացնող ավանդույթի ուժը այսպիսի կարողություն է դրսևորում…
Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», որ այս տարի հոբելյանական էր, նվիրված կրթահամալիրի ստեղծման 25-ամյակին և հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական յուրօրինակ հաստատություն-փորձարարական կրթահամալիր ծնած թիվ 183 դպրոցի 30 ամյակին, անցկացվում է 1994-ից, բայց ընդհատումներով: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին, այս օրերին: Որպես ուսումնական նախագիծ, այն ամենածավալունն է՝ ընդգրկուն մասնակիցների, աշխարհագրության առումով… Մեկնարկը այս հոբելյանական տարում տրվեց, հիշում եք, 2014-ի հունիսի 20-ին, Ա. Բաբաջանյանի անվան համերգային պատվավոր դահլիճում «Մոբիլ ու ստեղծական 25 տարի» հոբելյանական հաշվետու համերգ-ներկայացում-ցուցադրությամբ: Տարին կավարտենք մի այլ համերգ-ներկայացումով, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, դեկտեմբերի 16-ին… Համերգ-ներկայացման պատրաստությունը թափով սկսելու առաջարկը ահա ես արեցի, սեբաստացիներ, լսում եք: Թող ամեն սովորող-ուսուցիչ-դասարան-խումբ իր բլոգում ամփոփի իր մասնակցությունը այս շարունակվող ուսումնական նախագծին, թող տա իր գնահատականը, իր առաջարկներն անի: Ես դա անում եմ տևական ժամանակ, գիր առ գիր և կշարունակեմ ուսումնական նախագծի կարևոր փուլի ամփոփման, արդյունքների վերլուծման, առաջարկների ներկայացման փուլը. առանց սրա ի՞նչ զարգացում և ամբողջականություն, առանց այս սկզբունքային նշանակություն ունեցող աշխատանքի մենք չենք ունենա-զարգացող, առաջադիմող ավանդույթ, որպես պատվիրատու ու մեր իրական կյանքի կազմակերպիչ: Այստեղից էլ այն մեծ ուշադրությունը, որ մենք արժանացնում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցին և նրա կազմակերպման ծիսականացմանը:
Կրթահամալիրի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 19-ին` կրթահամալիրի մանկավարժական աշխատողների միացյալ պարապմունքի օրը, ժամը 15.15, Մեդիակենտրոնում համերգ-նվերով հանդես է գալիս «Կադանս» համույթը։ Սա արդեն երրորդ հայտնի խումբն է Con Alma ջազ խմբից և «Նարեկացի» համույթից հետո, որ շնորհավորում է մեզ: Եվ այդ համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ, ստանձնում են կրթահամալիրի ուսուցիչների-սովորողների խմբերը: «Կադանսի» համերգը, օրինակ, սկսել է կազմակերպել Կարեն Խաչատրյանի «Երաժշտական լաբորատորիա» ակումբը։
Անցնեմ Դավթապատումին:
TV-ով ինչ-որ մեկը բարձր կլկլացնում է, մոռացել ենք հեռուստացույցին:
— Վա՜յ, էս ինչ վատ ա երգում. ես չեմ լսում, հայրիկ:
— Բարի լույս, Ծովիկ, կոմպդ միացա՞ծ է…
Սա երևի Բ-4-ի գրասենյակից մեկը խոսում է Գեղարվեստի գրասենյակի հետ: Ծովիկի կոմպը չգիտեմ, բայց Դավթի ուշադրություն-հիշողությունը միշտ միացած է:
— Հայրիկ, մայրիկ, ես տունը չեմ քանդում-ավերում, ես հավաքում եմ, սարքում, չեմ խառնում: Իմ տունը ինչի՞ քանդեմ:
Ու ինչ ունի-չունի` փռում է տնով մեկ:
— Հայրի՜կ, դու ինձնից նեղացել ե՞ս:
— Այո՛, չեմ խոսում:
— Հայրիկ, դու փոքր արջ չես, որ նեղանում ես: Դու մեծ արջ ես: Մեծ արջը չի նեղանում: Մի նեղացի ինձանից, հայրի՜կ:
-Հայրի՜կ, մայրիկը չարություն է անում, ես իր հետ չեմ խոսում: Թող գիշերը անցնի, կտեսնեմ:
Արմինեի տրամադրությունը բարձր է, շա՜տ-շա՜տ բարձր…
— Արմին, ի՞նչ է եղել:
Բացատրում է.
— Էն նկարները՝ արշավի, որ գիտեի` ջնջել, կորցրել եմ, գտել եմ: Չուրախանա՞մ, տիար ջան, սրանից լավ բա՞ն…
Դավթին այսօր՝ շաբաթ օրով, ընկեր Մելինեն՝ Ռազմիկի մայրիկն ու Դավթի դաստիարակի օգնականը, տարել է իրենց տուն: Դավիթը քնելուց առաջ սիրով պատմում է.
— Բանան ենք կերել, ավտոներ շատ կան, խաղացել ենք:
Արմինեն հարցնում է.
— Ընկեր Մելինեին շա՞տ ես սիրում, Դավիթ:
Դավիթը՝ նեղացած, զայրացած.
-Չէ՛, ես քեզ եմ ամենաշատը սիրում: