Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք կտար…

Երեկ ես այսպիսի մի խթանիչ գործածեցի իմ օրվա պատումում՝ ի՞նչ կլիներ, եթե հակաբռնությունը դառնար գործողություն, ու Խորենացու փողոցում հավաքվածները, չհավաքված, բայց պարեկապահակային գնդի իրադարձություններին հարակից շենքերի բակերից հետևողները կամովին ներկայանային իրավապահ համակարգի մոտակա որևէ բաժին (ոստիկանություն, ռազմական ոստիկանություն, անվտանգության ծառայություն,… մարդու իրավունքի պաշտպանին)՝ «ինձ բերման եմ ենթարկել, կարող եմ նստել՝ որքան հայրենիքին պետք է»։

Այս օրերին Խորենացու փողոցում բարձրախոսով ելույթ ունեցողներն էլ այսպիսի տրամաբանությամբ էին կառուցում իրենց խոսքը՝ ի՞նչ կլիներ, եթե իրենց շրջապատող, իրենց ու հայտնի զինված խմբի միջև կանգնած ոստիկանները, ամենատարբեր բերետավորներ…, դադարեին անօրինական հրամաններ-հրահանգներ կատարելուց…

Գեղարվեստի Ադելը և Աննան խորհրդանիշ աքաղաղին կարգի են բերում:

Կամ քաղաքը ոտի տակ տվող Խորենացու փողոցի երթը. ի՞նչ կլիներ, եթե ամեն մեկը իր շենքից իջներ ու միանար Խորենացու փողոցի պահանջին։ Ներեցեք, իսկ ի՞նչ պահանջների մասին էր խոսքը… Անձամբ ես այդպես էլ ո՛չ երթին եղա, ո՛չ էլ Խորենացի փողոցում, ո՛չ էլ հայտնվեցի կրթահամալիրի ֆոտոլրագրող Սուսան Ամուջանյանի օբյեկտիվում…, որքան էլ Սուսանը մեզ՝ ինձ ու իմ նման ծիկրակողներին (ես էլ եմ ապրում Խանջյան փողոցի վրա, մեր շենքի մոտով էլ է անցել երթը. կհասցնեմ, երևի, կամ շատ անգամ եմ եղել…) անարգանքի սյունին գամի… Ու այս ամենը, ես հասկանում եմ, շարժում է մի  բարի նպատակ՝ ի՞նչ կլինի, եթե միտինգավորներն այնքա՜ն շատանան ու շատանան, 20 հազար, 50 հազար, 100 հազար… միլիոն դառնան… այնքա՜ն (որքա՞ն) դառնան…

Ես ուզում եմ օգտվել Խորենացու փողոցի միտինգավորների քանակի պակասությունից-բացակայությունից ու … Ի՞նչ կլիներ, եթե… պարեկապահակային գնդի շուրջ բոլոր պատերն անհետանային, սկզբում՝ ֆիզիկական, հետո՝ ոստիկանական շարքերը, շղթա կազմած մեքենաները, բոլոր միտինգավորները… բոլոր անօդաչուները, ուղղաթիռները, բոլոր նշանառուները… Իսկապես, մնային միայն «Սասնա ծռերի» տղաները անպարիսպ-անշրջապատ շենքում։ Հարցնում եմ՝ ի՞նչ կանեին. կշարժվեի՞ն քաղաքով… Է՜, քաղաքից չէ՞ին եկել, շենք-շենք գրավելով առաջ կգային մինչև Բաղրամյա՞ն 26, թե՞ կշարժվեին քննչական մեկուսարանի ուղղությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու… Որտե՞ղ կարդացի՝ «Սասնա ծռեր»-ի արածը ահաբեկչություն չէ, որովհետև չկա հանցակազմ… Իսկապես, իմ այս՝ «ի՞նչ կլիներ եթե»-ն ուղղված է խաղաղ հանգուցալուծման։ Մի խումբ մեր «ծռեր» եկել են զենքով-զինված-հանկարծակի մտել են մեր պարեկապահակային ծառայության գունդ-տարածք ու հայտարարել՝ «ժողովուրդ, այստեղից դուրս չենք գա այնքա՜ն ժամանակ, քանի դեռ…»։ Շատ նման չէ՞ մեր էպոսի ֆինալին՝ «Փոքր Մհեր»-ի Ագռավաքարին… Հիմա պատկերացրեք, մեր «ծռերը» անզեն են եկել, խնդրել պարեկա-պահակային ծառայություն իրականացնող մարդկանց ազատել գնդի տարածքը իրենց համար, որպես Ագռավաքար․․․Ի՞նչ կլիներ, եթե պարեկապահակայինի մեր տղաներն իրավունք ունենային կամ այն ստանային վերադասից (մինչև Բաղրամյան 26) ու առանց դիմադրության, սիրով-պատրաստակամ, հացով-ջրով-կապի բոլոր միջոցներով, ասեին՝ «Համեցե՛ք»։

Միասնական սեբաստացիական ճամբար Գեղարվեստում:

Չէ՛, ես զավեշտի չեմ վերածում հերոսականությունը, անձնազոհությունը մեր «փրկիչների», որքան էլ հումորը, զավեշտախառն թեթևությունը մեր կապարե ներկայում շարունակ նահանջում են… Որքա՜ն քիչ ենք ծիծաղում, որքա՜ն ծանր են օրեր շարունակ (մտահոգ-ջղայն-օրհասական) մարդկանց դեմքերը. ոչ մի թեթևություն, ճախրանք ՝ մտքի-խոսքի, ծիծաղազո՞ւրկ (ասել է թե՝ կենսազուրկ) Խորենացու տարածք…

Ո՛չ, ես ուզում եմ, ինչպես և դուք, հասկանալ պարզապես «Սասնա ծռերին». էպոսից ներխուժել են մեր կյա՞նք, ու մենք… Ա՜յ, դա չենք իմացել՝ ինչպե՞ս է այս նույնացումը կամ նույնականացումը կատարվել։ Այնպես չէ, որ ես տիրապետում եմ Ֆրոյդի հայտնագործած հոգեվերլուծական եղանակներին, որ իմ ընթերցողին ուղեկցեմ-տանեմ նույնացման երեք աստիճաններով։ Կարծում եմ, դա կստացվի հարգելի Ալիս Հովհաննիսյանի մոտ, որի «Նա վշտացավ, բայց չհուսահատվեց» հրապարակումն այս, առաջարկում եմ ձեր ուշադրությանը։ Ո՛չ էլ կինոսցենարիստ եմ կամ մասսայական սարսափ-տեսարանների բեմադրիչ-ինստալյատոր. չէ՛, ես գիտեմ Ջանի Ռոդարիից միայն՝ առանց զարգացած երևակայության դժվար է պատկերացնել, որ դուրս կգանք մի փոսից, որից ոչ թե ելքեր ենք փնտրում, այլ վշտացումներ… Փոսից-փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ ուժը սպառում ենք, մսխում…

Ճամբարականները մասնակցում են մաթեմատիկական ֆլեշմոբին:
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի, Կարինե Բաբուջյանի, Էլինա Սիմոնյանի:

«Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր թառլան Դավիթ,
Ա՜խ, հալա մեր թառլա՜ն Դավիթ.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս եղնիկն ջահել,
Որ գնաց մեր Սասնա տնեն»։

Ու «երգո՜ւմ է» Սեյրան Ավագյանը…

[youtube https://www.youtube.com/watch?v=WvvhqtjEd1I]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:
#744

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեկնարկը տրված է…

Հայ-ֆրանսիական հանրակրթական կամուրջներ։ Կրթահամալիրի տնօրենի հուլիսի 5-ի տեսագիրը՝ Արմինե Աբրահամյանի։

Որ մարդու թշնամիներն իր տնեցիները չլինեն…

Ես սիրում եմ խոհանոցը, խոհանոց-ակումբային միջավայրը. վերցնում ես քո շատ սիրելի աղցանը՝ կարտոֆիլի հետ, նստում ակումբում՝ երեկ ուսուցիչների մի խմբի, այսօր՝ սովորողների հետ, ու զրուցում ես, երբ դադարում ես ուտելուց…

Մյուս աշխարհում ով խաբում է, տերև են կախում այդ մարդու մազերից…

Ի՜նչ իրեն նման է գրում-ներկայանում «մյուս աշխարհից» եկած մեր Վիկտորյա-Անի քույրիկը, որ հիմա Միջին դպրոցի 6-րդ դասարանում է, ինչպես է գրավում իր անմիջականությամբ-անաղարտությամբ նրա պատումը, ինչպես տարվա չորս եղանակների պատմությունը…