Ծննդյան օրից էլ լավ առի՞թ՝ մեր ողջ կյանքի ուղեկից-բարեկամ Էքզյուպերիին կրկին հանդիպելու համար. այս անգամ՝ Նունե Մովսիսյանի միջնորդությամբ։
Ահա թե ինչու, ընկե՛ր իմ, ինձ այդպես պետք է քո բարեկամությունը: Ինձ, ինչպես մի կում ջրի, անհրաժեշտ է այնպիսի ընկեր, ով վեր բարձրանալով քննադատության ծնունդ վեճերից, իմ մեջ հարգի դեպի կրակը գնացող ուխտավորին:
Էքզյուպերի «Նամակ պատանդին»
Իմ ընկերները՝ կրթահամալիրի բանգլադեշի ճամբարականները, երեկ լողափերը բացօթյա ընթերցարանների էին վերածել՝ 2-5 տարեկանները՝ փոքր լողավազանների շուրջ, 6-10 տարեկանները՝ մեր ծովերի շուրջ… ծնողներով-ուսուցիչներով… աշխույժ-ամառային, քիչ այն կողմ ծիրան-կեռասի երևանյան բրենդով… լող ու ճիչով պաղ ջրում, նկարվելով բոլ, թիթիզ-թիթիզ փաթեթավորված գունեղ սրբիչներով, նախօրոք մտածված ընթերցանությամբ, անուշով… Սիրով… Այսպես ես անցնում եմ-թրջվում-թրջում… Ափսո՜ս, որ այս անգամ էլ, բայց մեծերով՝ ծնողներով-ուսուցիչներով, երեխաների պես-չափ տկլոր-ամառային-լողափային չենք, այս անգամ էլ սահման կա, որ չհատեցինք ու չճաշակեցինք շորտի-սանդալի-պաղ ջրի համը: Ընկերներ ենք, չէ՞:
Մտքերի ընթացքը միշտ չէ, որ ճիշտ է լինում: Բայց եթե մարդը ձգտում է նույն աստղին, իմ պարտքն է հարգել նրան, քանզի մենք եղբայրներ ենք Հոգով:
2-4 տարեկանների ամառային պարտեզ…
Լուսանկարները՝ Նելի Արղությանի
Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի խմբով կարողացանք հրապարակային դարձնել ընթացքը, որով մանկավարժության նորարարության «Բարեկամություն» ճամբար 2017-ը կգործի անընդհատ՝ իր առցանցով, հոկտեմբերի վերջի բանգլադեշյան հավաքով, մինչև 2017-ի ավարտը: Հետո էստաֆետը կփոխանցի «Բարեկամություն» 2018-ին… Մեր հեղինակած գործուն մանկավարժության նախագծային-բլոգային կազմակերպումը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է: Շնորհիվ սրա, տեսեք՝ քանի՜ նախագիծ առանց լեզվական պետական-վարչական սահմանների սկսեց շրջանառվել, փոխանակվել, զարգանալ: Այսպիսին կլինի՞ հուլիսի մեկից կրթահամալիրում մեկնարկող հայ-բելգիական անդրանիկ ճամբարը: Ծանոթացեք առայժմ: Իմ գիրը իրազեկման աղբյուր է նաև, մանկավարժական տեղեկատվության կազմակերպման հայտնի միջոց:
— Գնա էստեղից, հագնվեմ,-… ամոթը ծածկելով՝ քշում է ինձ Դավիթ Բլեյանը: Սա ասում է ժառանգը, ում հինգ տարի ամեն օր, իմ գրի պես անընդհատ, հանել-տարել եմ ցնցուղի տակ պահել, լողացրել…
— Թուրքերը վատը չեն, ադրբեջանցիներն են վատը…
Երեկ-այսօր մեր տուն բերած թեման սա է ու սրա շուրջ… Ախալքալաքում զգաց-տեսավ-ճանաչե՞ց թուրքական ներկայությունը, հունիսին մեր տանը Ստամբուլի մասին շա՞տ խոսեցինք, Արևիկ թոռնուհի՞ն է պատրաստվում բարեխիղճ, մեր այս տարվա առաջնահերթություններո՞ւմ կա Ստամբուլը, Դավիթը Ստամբուլից մարզական շո՞ր է ստացել, թե՞…
— Ինչո՞ւ վրացիները այդքան լավ են թուրքերի հետ, իսկ մենք՝ վատ
— Ինչո՞ւ վրացիները կարողանում են մեքենայով Թուրքիա գնան, իսկ հայերը չեն կարող…
— Ի՞նչ խնդիր են ունեցել հայերը Թուրքիայի հետ, որ մինչև հիմա մնացել է…
— Ինչո՞ւ վրացիները չեն կռվել թուրքերի հետ, իսկ հայերը կռվել են…
— Ինձ Ստամբուլ տարեք, ես իմ աչքով տեսնեմ…
— Դուք որ Տաճկահայաստան եք գնացել, ես ձեր փորո՞ւմ եմ եղել…
Լողափնյա ընթերցանություն Արևելքում…
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի
Իսկ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի բոլոր տասներկու 8-9-րդ դասարանցիների հետ ես հանդիպեցի երեկ, Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում… Ուրախ անգլերենի պատանեկան կարկաչը ինձ ընթերցարանի երկրորդ հարկից տարավ առաջին հարկ… Հիշո՞ւմ եք՝ ինչ տարածք էր այստեղ ընդամենը երկու տարի առաջ… մեղմ ասած՝ խորդանոց… Հիմա՝ իմացումի հրճվանք ու այսպիսի մեկ դյուժին՝ մեկը մյուսին շարունակող-լրացնող, մեկը մյուսից հետաքրքիր ու անկրկնելի յուրաքանչյուրը…
Հուլիսի 15-ի համար գնված են տոմսերը, իրենց սիրելիներ-ընտրյալ ընկերներ Մարգարիտի ու Հերմինեի հետ Թբիլիսի-Ստամբուլով կհայտնվեն Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարում:
Մեզ համար երջանիկ են այն ժամերը, երբ մենք ճաշակում ենք ճշմարիտ մարդկային հարաբերությունների հրաշքը. հենց այստեղ է մեր ճշմարտությունը։
Ընկե՛ր իմ, դու ինձ հարկավոր ես ինչպես լեռան գագաթ, ուր ազատ շնչում են:
Այսպիսի ազատ շնչառություն ես ունեցա մի շաբաթ առաջ Մայր դպրոցի պուրակում ՀՀ նախագահի ՏՀՏ ոլորտի 2017-ի կրթաթոշակի ներկայացված պատանեկան տասնյակի հետ հանդիպման ժամանակ… Նախանձեցի՞ք: Ի՜նչ պարզ, հետաքրքիր մարդիկ են իմ ընկերները: Լավ է, որ փարատվեցին իմ մտավախությունները, որ կհասկանան-կգնահատեն այս որակները պատվավոր հանձնաժողովի հարգելի անդամները… Սիրանուշը Ասատրյան, Նորայրը էլի Ասատրյան, բայց ոչ նույն ընտանիքից, Մարթան Ասատրյան՝ երեքն էլ մեծ ընտանիք-կրթահամալիրից, փարատում են կասկածները… Շնորհակալ եմ մարդու՝ իմ ընկերների հանդեպ դրսևորած այս հարգանքի համար:
Ճամբարականները Արևելքի ծովում…
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի
Արման Երանոսյանը պատրաստվում է մեզ դեպի Աբուլի գագաթ ուղեկցել՝ իր ծննդավայր Ջավախքի Հեշտիա գյուղով, Վարդավառով… Մնաց Արտենի լեռան ճանապարհը… Տեսնենք՝ ինչ է առաջարկում Էմանուել Ագջոյանը։ Իսկ մինչ այդ «Նոր գեղարվեստի» իմ ընկերների՝ Դիանա Տատինցյանի պատանեկան ջոկատի հետ պատրաստվում ենք, շարունակելով խնամքով պատրաստել դեպի Շուշի մեր կրթամշակութային արշավը…
#1084