Այսօր՝ Վանոյին, վաղը՝ ինձ, մյուս օրը՝ քեզ…

1992-94-ի հայ-ադրբեջանական իսկական պատերազմից ես երբեք ցուրտն ու մթությունը չեմ հիշել: Հիմա էլ: Պատերազմները թիկունքում գտնվողների համար էլ չպիտի անցնեն «ջեռուցման և լույսերի մեջ»: Պատերազմի ժամանակ թիկունքում մարդիկ պիտի մտածեն խրամատում կռվող, ամեն պահի զոհվելու ենթակա իրենց հարազատի-հայրենակցի մասին.  պատերազմին տալիս են առավելագույնը: Պատերազմի ողջ ընթացքում բոլորը տոկում են: Ես այսպես եմ անցկացրել պատերազմը՝ իմ ընտանիքի, իմ հարազատների, իմ դպրոցի, ՀՀՇ-ի իմ ընկերների հետ… Ֆրունզե 18, բն. 31-ի իմ՝ Բլեյան Աշոտի ընտանիքը՝ Տաթևը՝ 12 տարեկան, Լիլիթը՝ 14, ապրում էր, ինչպես 9 հարկանի շենքի, թաղամասի բոլոր սովորական ընտանիքները, ինչպես իմ բոլոր հարազատները, ընկերները… Իմ ընկերների հետ մենք հերթապահում էինք գիշերը դպրոցում, որ կարողանանք մրսող բանգլադեշցու կացնի հարվածներից պահել մեր տնկած ծառերը… Մարդկանց տարաներով դժվար հայթայթած դիզվառելիք էինք տալիս, միայն թե խնայեն ծառերը… Տոկացինք:

Ես շարունակում եմ իմ պատմությունը Հայաստանի 1992-96 թթ Ներքին գործոց նախարար Վանո Սիրադեղյանի մասին՝ առանց արխիվ փորփրելու, առանց փաստական տեղեկություններ բերելու… Վանոյի ղեկավարած ոստիկանությունը (ինչպե՞ս է սա որպես փաստ արձանագրված՝ չգիտեմ)՝ շարքային ոստիկանից սկսած մինչև ներքին զորքերի զինվոր-հրամանատար ու փոխնախարար, 1992-94-ի պատերազմի հաղթանակն ապահովողներից է: Ձեզ այս գրով ասում եմ՝ ազատագրված և պաշտպանված Լաչին-Քաշաթաղն ունի իրական հերոս՝ Վանո Սիրադեղյանն ու իր ղեկավարած ոստիկանությունը: Ի՜նչ կլիներ Լաչինի միջանցքի հարցը, ինչպե՞ս կարելի էր այն պահել՝ առանց Վանոյի և ներքին զորքերի անձնուրացության, տասնյակ ու տասնյակ ոստիկանության ծառայության մեջ գտնվող տղաների զոհողության… Դժվար թե իմանաք. մեզանում այդ մասին վաղուց չեն խոսում (եթե երբևէ խոսել են)՝ Վանոյի հետ է կապվում:

Էս Բլեյանին ի՞նչ եղավ, ինչո՞ւ հիշեց, որտեղից ուր հասավ… 60-ի իմ ճգնաժամն այսպիսի դրսևորում էլ կունենա… Արցախյան ինքնապաշտպանական կռիվներից սկսած՝ 1988-ից, Վանոն Երկրապահի ակունքում է, Արցախին թե Հայաստանում՝ հայրենյաց պաշտպան-սահմանապահ է, կռվող տղաներին զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք, հույս ու ոգի փոխանցողներից, 92-94-ին՝ բանակի կազմավորմանը զուգահեռ, ամենադժվար մահաբեր ճակատներում Վանոն ու Ներքին գործոց ողջ համակարգը իր կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումներով, սահմանապահ են… Թե Վազգենը մեծ հաղթանակի զորավարն է ու Սպարապետը, ապա Վանոն… Ո՞վ է Վանոն… Ինչպե՞ս և ինչո՞ւ ուրանալ ընկերոջը…Այս ամենը՝ ոչ որպես Վանոյի ընկեր… հիմա էլ պաշտոնավարում են մարդիկ, ովքեր այս ամենի մասին շատ ավելին ու կոնկրետ գիտեն… Այ, ասենք, գեներալ Մանվել Գրիգորյանը, ում մասին, պատերազմում նրա ներդրման մասին երևի ամենաառաջինը, ամենաընդգրկունը, հրապարակայինը Վանո Սիրադեղյանն է ասել։ Գեներալը, իհարկե, շատ ավելի լավ գիտի պատերազմում Վանոյի և նրա ղեկավարած ոստիկանական համակարգի ներդրման մասին… Միասին են եղել ու գործել, չէ՞… Հիմա գեներալը հերոս է, առոք-փառոք ԱԺ-ում և իր Էջմիածնում, իսկ Վանոյի նկատմամբ միջազգային հետախուզո՞ւմ է հայտարարված… Հիմա կասեն՝ դե, գիտես, էլի… Չէ, չգիտեմ, ինչ գիտեմ, ասացի՝ սա էր…Ինչ չասացի՝ կարդացեք վաղվա գրում։

Դավթի մայրիկը՝ Արմինեն, շատ գոհ է իր օրից. ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն, երևում է, հիմնավոր գովել են մեր տղուկ Դավթին, շեշտել նրա դաստիարակվածությունը, վայելուչ պահվածքը՝ թե՛ դաստիարակների ու թե՛ ընկերների նկատմամբ… Բերանացի գիտի խմբում կարդացվող «Շունն ու կատուն», բայց ուշադիր լսում է ընկերներին, կարծես առաջին անգամ է հանդիպում… Ինքնուրույն քնում է, ուտում, խաղում, չի կռվում, զիջում է, օգնում դաստիարակներին… Այսքա՜ն դրական բան՝ երեք տարեկան մի տղայի մեջ, շատ չեղա՞վ…

Մաթեմատիկայի տոն-մրցույթի երկրորդ օրը Գեղարվեստի դպրոցում էր։

Սիրով հրապարակում եմ իմ փոստից երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի այս նամակը, որ ինձ ուրախացնում է.

Հարգելի տիար Բլեյան, Վարդուհի Հակոբյանը երկու ամիս է դաշնամուր է դասավանդում Հիմնական և Մայր դպրոցներում:  Ես սիրով հետագայում ևս կշարունակեի նրա հետ համագործակցել: Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, այժմ էլ շարունակում է ուսումը ասպիրանտուրայում: Երկու մրցույթների դափնեկիր և մի շարք համերգների մասնակից է:Կարծում եմ մեր կենտրոնի կայացման և զարգացման գործում նա անելիք ունի:Այժմ ունի տասը սովորող…

Երաժշտության ուսումնական կենտրոնն այսօր համերգ-նորամուտի է հրավիրում
Ուշադիր. Մարմարյա սրահում նոյեմբերի 11-ին գիտակների մրցաշարում ելույթ ունեցավ Կարեն Խաչատրյանի երաժշտության լաբորատորիան, նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.30, տեսեք, սեբաստացի շրջանավարտների համերգն է, իսկ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15.15, Նարեկացի Արվեստի միության նվագախմբի… Հասցրեք արձագանքել. ինձ հիացնում է բազմազան-բազմաձև ստեղծական-երաժշտական ձևերի ու խմբերի այսպիսի խճանկարը. հաստատ է երաժշտական կյանքի, երաժշտական հանրակրթական ուրույն համակարգի առկայությունը կրթահամալիրում, իսկ հանրակրթական համակարգերի ներկայացումն իմ օրագրում՝ որպես հեղինակային մանկավարժության սյուներ, առջևում է, թող այս խիտ շաբաթն անցնի…

Ես հասցնում եմ արձագանքել Տոնի ծրագրով բոլոր նախաձեռնություններին… Մարմարյա սրահի Վահրամ Թոքմաջյանի լսարանը տպավորիչ էր. գիտեք, ես հանգստանում էի, ինչպես, վստահ եմ, շատերը… Այս կոմֆորտի մանկավարժությունը գուցե խոչընդոտ է, ոչ թե խթանող, այլ «ցրող», շեղող, ընդարմացնող… Անհատին պատրաստի տրվում է. հատկապես դեռահասության շրջանում չեն ճնշում, հրահրում…

Պետք էր հասցնել կարգի բերել Հիմնական դպրոցի կացարանը. Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղը գալիս է մեծ խմբով. բարով գան, աու՜, Մարգարիտ Հարությունյան և ընկերներ, պատրաստվեք պատվով ընդունել… Պետք է հասցնել մեր ուսումնական մասնաշենքի տանիքային նորոգումները՝ ջրհորդաններով, կաթոցների բոլոր վերացումներով, հիմա, երբ ջեռուցվում են կրթահամալիրի բոլոր յոթ մասնաշենքերը… Եվ ո՞վ է վճարելու «Ռուսգազարդին»՝ խոր. մետրը 156 դրամի չափով, երբ մեր յոթ կաթսայատները սկսեն միասին անընդհատ ջերմություն արտադրել… Պատրաստվեք նոյեմբերի 13-ի նորամուտներին, նոյեմբերի 14-ի կրթական շքերթ-համերգին, նոյեմբերի 15-ի հարիսային ու իր ծեսին… Մնացածը տնօրենի ու իր աշխատակազմի հոգսերն են, հոգին դուրս գա… Բա չէ, Տիարը հո գահ չէ, որ բազմես, մնաս, գործ է, պիտի արվի…

Կրթահամալիրի mskh.am-ի օգտատերերի օրվա թիվը անցավ 7500-ը՝ սա 2014-ի սեպտեմբերից սկսած մեր ռեկորդն է և խոսում է, իհարկե, մեր Տոնի, մեր մանկավարժության նկատմամբ հանրային աճող վերաբերմունքի մասին. ակտիվ եղեք, մեդիայում, սիրելիներս, մեզ հետևում են, մեզ կարդում, լսում, տեսնում, և դա լավ է… Իմ բլոգի օրվա մուտքերի թիվն էլ սկսել է աճել… մոտենում է 500-ին…

Մեր Տոնական շաբաթում կարևորում և ուշադիր հետևում եմ ծնվող նախաձեռնություններին, Տոնի ներշնչանք՝ կրթահամալիրի զարգացումն ապահովող նոր գործերին, նախագծերին… Այսպիսին է հայագետ Մերուժան Կարապետյանի կոչը՝ կրթահամալիրի այսօրվա ողջ ներուժով, հմտություններով սկսել մեր ուսումնական գրականության մեդիականացումը… Մեդիագրադարանի Զառան ու իր ընկերները ոգևորվեցին, թողեցին հետոյին, թե՞ հենց այս նախագծի իրագործումն է տոն դարձրել նրանց աշխատանքը…

Սեբաստացիների գավաթ «Ապոլոն». գիտակների խաղ Մարմարյա սրահում

«Սեբաստացի» ռադիոյի ծավալումը հաջորդ այսպիսի նախագիծն է՝ իսկական ուսումնական ռադիո, որն առաջանում է կրթահամալիրում, և որի եթերին «սրտատրոփ» հետևում են հազարավոր ունկնդիրներ…

Գևորգ Հակոբյանը Վարժարանում ուսումնական գործի կազմակերպման մի նախագծով է ապրում, որի մի դրվագը խանդավառ ներկայացրեց Ավագ դպրոցի Վահրամ Թոքմաջյանը՝ իր երեկվա դաս-հանդիպումով… Կարո՞ղ է սա դառնալ 2015-ի ամանորյա նվերը  մեր ավագ դպրոցականներին, 9-րդ դասարանում սովորողներին….

Մի նախաձեռնությամբ էլ Միջին դպրոցի 9-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանը և Աշոտ Տիգրանյանն են հանդես գալիս՝ կրթահամալիրի խաղարկային դատարանի գործունեությունը նորոգելու, այն վերսկսելու. արդեն երկու՝ լուծման ու հետևանքների առումով կարևոր, հայց ունենք՝ հունվարյան և հունիսյան ճամբարների ուսումնական լինելու և տրանսպորտային փոխադրումների մասին։ Հետևենք զարգացումներին։

Երևում է՝ Դավիթը իր վերջին շրջանի ընտանեկան ագրեսիայով լուրջ մտահոգել էր մայրիկին… Դավիթն այս ամենին հումորով է վերաբերվում. ինձ թեյ է հյուրասիրում, չի սիրում պարտեզից վերադառնալիս մաքուր շորերը փոխել, ճաշի սեղան է նստում «ստիլյագի» պես. ուտում է պատառաքաղով-գդալով ինքնուրույն, կաթիլ անգամ չի թափում… Ինձ դիմում է հնարավոր-անհնարին բոլոր անվանաձևերով… Հետո էլ թե՝
— Նեղանո՞ւմ ես, հայրիկ, որ պապիկ-բիձիկ-նինիկ-ղաղա եմ ասում…

Մայրն ուզում է ռադիո «Սեբաստացիի» համար հեղինակային մի նյութ ձայնագրել… Դավիթը թե.
— Սեբաստացին ապուշ է ու կուկուշ… ագռավները գլխին են նստում, այնքան սպիտակ է…

Դավիթ Բլեյանն արթնացել է ժամը 06-ին.
— Հայրիկ, ես ուզում եմ «Առավոտ լուսոն» լսեմ…

Իհարկե։ Ինչպես առավոտյան ամենօրյա լող-ցնցուղը, մենք երեսուն րոպե երգում ենք միասին մեր ձայնադարանը։ Ընդհատում էր առաջացել, որ լցվել էր… ինչո՞վ են լցվում ընդհատումները. ես ասում եմ՝ «երաժշտական կոկա-կոլայով», որի օգուտը, միևնույն է, կասկածելի է մնում… Ճաշակը աշխարհ է, որտեղ կամ որով ապրում են, ճաշակը մեկն է ու մի անգամ կարող է ընտրվել. ձևն է, որ խաղ է ու բազմազան, ձևն է, որ կարող է ընտրվել և ընտրվում է, ինչպես մենք Դավթի հետ անում ենք…

Արմինեն երբ միացնում է mskh.am-ը, Դավիթը մոտենում է.
— Պապայի դա՞սն ես կարդում, մայրիկ…

Այսպես էի զայրացել, երբ Արմինեի ու Դավթի գործիքով, ինձնից թաքուն, գայլն ու նապաստակը պատուհանից մտել էին տուն.
— Ձեռք ձեռքի տված դուրս եկեք, գնացեք սարերը, գայլերի հետևից…
Ու լսվում է, իսկապես, ոռնոցը գայլերի…

Իսկ խոհանոցում թաքուն մայրիկին հարցնում է.
— Հայրիկը ուրախացե՞լ է, որ ես տուպոյ մուլտերը չեմ նայում։
— Մայրիկ, մի՛ վախեցի, հայրիկը մեզ դուրս չի անի…

1946թ. նոյեմբերի 13-ին ծնվել է գրող, հրապարակախոս, քաղաքական-հասարակական, պետական գործիչ Վանո Սիրադեղյանը։

Ինձ կասեն՝ ինչո՞ւ չի նշում Վանոյի գրական վաստակի մասին։ Ես սա գիտակցված և հարգանքով թողնում եմ Վանոյի մյուս ընթերցողներին, իսկ Հրանտ Մաթևոսյանին հանճար, մեծություն, գրական ճաշակ համարողները թող վստահեն նրա գնահատականին… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խոնարհ, ինչպես ծառայություն․․․

Այսօր իմ երիտասարդ գործընկերների հետ, Դավիթ Քոչունցի աշխատանքային նախագծով ես Եղեգիսի Արատեսում եմ՝ մեր դպրական կենտրոնում։ Ինձ հետ է Դավիթը Բլեյան, որ եկել է ձյուն-ձմեռ տեսնելու. կարոտել է ձմռան հիացումի… 

Նոր մաշկով, թարմ-մաքուր, ինչպես մորեն մեկ․․․

Օձերով չեմ հիշում, որ տարված լինեմ՝ ո՛չ մարդկանց մեջ, ո՛չ կենդանիների․․․ Դրանցից Տերյան Վահանի օձային ինքնահիացումն է մնացել և կաշին փոխելը․․․ Ես օձի նման կարողանում եմ կաշիս փոխել, ամբողջությամբ, երբ

Անվերջ զրույցի 241-րդ հանգրվանում…

— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք… — Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ