Մեր ուսումնական ճամբարներն են այդպիսիք, մեր Ամառ 2017-ի նախաձեռնությունները, մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» անունը ստացած, տարիներով ձևավորված բաց հանրային համակարգը՝ իր շուրջտարյա գործունեությամբ… Բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով, դրանց հանրակրթական, այդ թվում՝ նաև սովորողի ընտրությամբ ու լրացուցիչ դասընթացներով, ակումբներով, համերգներով ուսուցմամբ, պարբերական ցուցադրություններով, օրացույցով ավանդույթի ուժ ստացած նախաձեռնություններով-ծեսերով-տոնախմբությամբ, մեդիա ու ֆիզիկական միջավայրում, գեղագիտական-հետաքրքիր-շարունակական-թափանցիկ միջավայրով, ներառական արհեստանոց-արվեստանոցային ամբողջական համակարգով, գործող-հայտնի մասնագետներով… Բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի թե ոչ սեբաստացի, մեծահասակների համար՝ ծանոթ-անծանոթ, կրթահամալիրում թե արտագնա… Սա եմ ես անվանում հակաբացիլ անճաշակության… անշարժության… որովհետև ամեն գեղարվեստ… շարժման մեջ կպարտակվի…
Երեկվա ցուցադրության-համերգը գեղարվեստի դպրոցում-Հյուսիսային դպրոց-պարտեզում, նոր ցուցասրահի բացումը, կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների կերպարվեստի ընտրությամբ գործունեության սովորողների ներկայացումը այդպիսի մի առողջաբեր հաբ էր, որ ընդունվեց շնորհակալությամբ: Սրանով Գեղարվեստի մեկուսացված ցուցասրահին փոխարինելու է գալիս ուսումնական միջավայրում ցուցադրություն-համերգը՝ իր ներսով-դրսով, փոփոխելի, մասնակցային։ Իսկ լավագույն դիրքով 150 քառ. մետր մակերեսը դառնում է սրահ 2017-ի հինգ տարեկանների դասարանի գործունեությունը-ուսուցումը սկսելու համար: Ասենք շնորհավոր Մանուշակ Աբրահամյանին՝ երեք սեբաստացու մայրիկին, ստեղծագործական երկամյա արձակուրդ-մայրիկական գործուղումից վերադառնալու առիթով, և աջակցություն Հյուսիսի դպրոց-պարտեզին՝ մեր մենթոր դասվար ուսուցչի նոր հայտի ներկայացման հեռանկարով… Իմացումի հրճվանք ձեզ, Մանուշակի սաներ, ծնողներ, գործընկերներ…
Իսկ կրթահամալիրի ուսումնական ճամբարներում, ճամբարական լրագրողների-խմբերի նախաձեռնությամբ, բացօթյա հանդիպում-քննարկումները կրթահամալիրի տնօրեն-տիարի հետ շարունակվում են, երեկ մենք Հարավի մեր ճամբարում էինք, Գոհար Բալջյանի ու Քրիստինե Շահբազյանի սիրալիր պատրաստությամբ… Ի՜նչ մարդկային միջավայր է՝ մեր ստեղծած բնության մեջ՝ պարտեզում, պարզ-հարմար պարապմունքային պայմաններով, էլի մեր ստեղծած, լսելի-վստահելի-փոխանցելի… զրույցով: Փոխանցելի՞, հարցնում եմ, ոչ միայն սովորողների-ուսուցիչների բլոգներով, աուդիո-վիդեո-տեքստային-լուսանկարային պատումներով, այլև նախաձեռնություն-նախագծերի տեսքով, որ ծնվում են (ծնվեցի՞ն) այսպիսի հանդիպումների ընթացքում… Մեր ճամբարական սովորողները տրամադրված են ինձ փոխանցել-ի ցույց դնել իրենց ուսումնական ձեռքբերումները, իսկ ես, օգտագործելով նաև այսպիսի հնավորություն, ուղղում-կողմնորոշում եմ նրանց ամառային շարունակական նախագծերով իրենց ուսումնական գործունեությունը հանրայնացնել-ներկայացնելու:
Ընտրության աստիճանի կոնկրետ լինելու փուլ չե՞նք թևակոխել, բոլոր կարգի սեբաստացիներ… Թույլ տվեք, որպես կրթահամալիրի տնօրեն, կանոնադրության ողջ ուժով-պարտականությունների առավելագույն ծավալով-կրթահամալիրի ողջ հնարավորություններով աջակցեմ, լսո՞ւմ եք՝ աջակցեմ ձեզ, յուրաքանչյուրիդ, սովորող-ուսուցիչ, խումբ, ընտանիք, դասարան-դպրոց, ձեր հարազատական միջավայրում՝ ընտանիքում, թաղում, ձեր ճամփորդությունների ժամանակ, ձեր ծրագրած գործողություններով ձեր մանկավարժական-ուսումնական ձեռքբերումները տարածելու: Սրանով, այո, ձեզ է փոխանցվում կրթահամալիրի բոլոր ծրագրերով, բոլոր դպրոցների, քոլեջի, դասարանների, խմբերի՝ նոր սովորողներով-սաներով-ուսանողներով համալրումը-ընդարձակումը…
Խնամքի մանկավարժություն.
Հյուսիսային դպրոց-պարտեզ:
Ինձ կրթահամալիրը շարունակում է ներկայանալ որպես մի ավազան, որի ջուրը զուլալ պահելու համար անընդհատ պիտի նորացվի, լրացվի, ավելացվի… 2017-ին հիմնական, միջնակարգ, միջին մասնագիտական ուսուցման ծրագրերով շրջանավարտները՝ բոլորը սիրելի-հարազատ մարդիկ, թողնում են կրթահամալիրը, ու գալիս են, պիտի գան նորերը… Անհատական ուսուցմամբ, հեղինակային մանկավարժությամբ կրթահամալիր գալը առանց ուղեկցության չի լինում. դուք եք այդ ուղեկիցը՝ ձեր անհատական ձեռքբերումներով, ձեր ջանքերով… Այսպիսի՝ ուղեկցմամբ ընդունելությունը չէ՞ մանկավարժության ձեռքբերումի անհատականացման, դրա փոխանցման կազմակերպիչը: Վճռական-կոնկրետ գործեք:
- Այս շաբաթ ճամբարային օրերն ինձ համար շատ հետաքրքիր անցան… Բոլոր օրերն ինձ դուր եկան… Գրում է կրթահամալիրի հարավային դպրոցի 3-րդ դասարանցի Մաքս Սինհան (թե՞ Սինհա Մաքսը) իր ուսումնական բլոգում: Մաքսը, որ ծնվել է Դելիում ու 3 տարեկանից մեր սանն է…
- Սերենա Մրսլյանը ծնվել է Հալեպում, իսկ հիմնական դպրոցում է հենց առաջին դասարանից, հիմա 4-րդ դասարանում է, ու տեսեք՝ իր բլոգում կարևոր արձանագրում է անում. Մենք հանձնեցինք մեր քննությունները, բայց քնությունները մեզ չէին խանգարում, որ վայելենք մեր լավ ճամբարային օրերը…
- Մեր միջին դպրոցի Նանոր Հովհաննիսյանը պարսկահայ է, ծնվել է Թեհրանում, կրթահամալիրում է 2011-ից, Ավագ դպրոց գնալուց առաջ ընկերների հետ ուսումնասիրում է Միջին դպրոց եկող 5-րդ դասարանցիների բլոգները.. «Նախագծի իմաստը այն է, որ մեր իմացածը և անցածը փոխանցենք 5-րդ դասարանցիներին, որպեսզի ավելի լավ զբաղվեն բլոգավարությամբ», ու խորհուրդներ է տալիս…
- Արտյոմ Զաքարյանն էլ, որ 5 տարեկանից Տաթև Մելքոնյանի սանն է, շատ է գնահատում մեր անզանգ ուսուցումը, ու հիմնավորում է՝ մի նորություն է լսել, թե ուժեղ զանգից երեք-չորս մարդ խլացել է…
Տեսեք, մի հանդիպման մասնակիցների առաջին զննությամբ որքան հետաքրքիր է մեր սովորողների կազմը։ Հեղինակային մեր մանկավարժությունն է ունակ գլուխ հանելու այսպիսի կրթական պատվերից, կրթության կազմակերպման անհատականացման ուժի գործ է այսպիսի հանրային վստահությունը:
Նկարչական պլեներ, տեղեկատվական թերթիկներ Անգլիական այգում:
Հյուսիսային դպրոց-պարտեզ, 1-3-րդ դասարաններ:
Դավիթ Բլեյանն արթնացավ սովորականի պես, բայց անհատական նոր որոշում կայացրեց՝ փոխեց ընթացքը, ժպտաց ինձ հյուրասենյակում ու քունը առտու շարունակեց բազմոցին: Ջանքեր է պահանջել մեր հերոսից Հրազդանի կիրճում Արևմուտքի ճամբարի 4-5-րդցի ճամբարականների հետ 3-4 ժամվա թափառումը՝ ուսումնական-հագեցած, ուղեկցված անցորդների հետ կենդանի զրույցով, թերթիկների բաժանումով, իրենց ու իրենց ճամբարի-դպրոցի ներկայացումներով: Մայրիկ-ուսուցիչը գոհ է Դավթի տոկունությունից…
Դավիթն էլ գոհ է՝
— Հայրիկ, Շուշան, լավ անցավ մեր ճամփորդությունը, շատ լավ… Կեցցե՜ Սոնա Փափազյանն իր սիրով-հանդուրժողությամբ, իր սաներով… ուշադիր…
Ի՜նչ լավ են զգում մեր ճամփորդ ճամբարականներն ամենուր ու ամենքը՝ Հրազդանի կիրճում թե Անգլիական այգում, Արևելքից, Հյուսիսից թե Հարավից, ավագ դպրոցական թե կրտսեր… Սրան, այս քայլքին-ճանաչումին-տարածումին եմ ես անվանում հակաբացիլ անշարժության…
Դե, սա էլ Դավիթ Բլեյանի սեփական ձեռքով (կապույտ գրիչով, թղթի վրա) գրված մաղթանքն է իր զարմիկ Վահանի ատամնահատիկի առթիվ.
Տաթև քույրիկ, ես ուզում եմ, որ Վահանը ամուր ատամներ ունենա ու քեզ կրծի:
Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1063