Մայր դպրոցի՝ Ավագ դպրոց-վարժարանի նորանորոգ 3-րդ հարկ մտա որպես օտար՝ իրավունքի դասընթացը պարապելու. անգամ կրթահամալիրի համար ամբողջական թարմ ու հետաքրքիր կրթական միջավայր է ստացվել՝ տրամադրող, թափանցիկ, արևոտ էր հարկը, Գեղարվեստի ավագ դպրոցի դիզայնի խումբը նոր ոճի տարբերանշան-ցուցանակներ էր փակցնում: Իսկ ո՞ւր են ծաղիկները, կոնֆետները, շնորհակալությունը, ինքնաբուխ կարող էի՞ն արտահայտվել վարժարանի սովորողները և ուսուցիչները… Սա ասում եմ մարդկության-երախտագիտության պահպանման համար. միևնույն է, 2015-ի իմ կարևոր գործերում Մայր դպրոցի 2000 քառ. մետրանոց տանիք-հարթակ-կրթական պարտեզի գերակայությունը կա…
Ուռա՜, «Սեբաստացի» ռադիոդեբյուտը և՛ հաջողված է, և՛ սպասված. ես հեռանկարային և ոգևորող եմ համարում ոչ վարչական (վերից վար) այսպիսի լուծումները. իրար ճանաչում ենք, իրար օգնում ենք, իրարով ուրախանում ենք՝ եկեք համատեղ նախագծի վերածենք: Նախագծի իրագործման ընթացքում լիդեր (լիդերներ) կառաջանա՝ նա, ով անձնային պատասխանատվություն կստանձնի նախագծի զարգացման համար: Ես շատ ուզում եմ և հետևելու եմ, որ մեր ջանքերը հասնեն իրական օգտատերին՝ կոնկրետ սովորողին և ուսուցչին, նրանց որոշակի խմբին, ծնողական հանրույթին, սրանց միջոցով՝ մնացածին… Հիմնական դպրոցի Թամար Մարիմյանի դասարան-թատրոնի նախաձեռնությունը ես «ուսումնասիրում էի» հենց այս հայացքով. ոչ մի արհեստական-ձևական-ցուցադրական տեսարան… Ապրի մեր Թամարը՝ իր դասարանով ու Հիմնական դպրոցով…
Ոգևորված էր մեր կրտսեր դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչ Զառան՝ տոնավաճառի եռուզեռը Դպրոց-պարտեզում արհեստական ո՞նց կստեղծես. ակտիվ-գործող սովորողը չի կարող անտարբեր թողնել իր ծնողին, հարազատներին, մեր հասարակությանը…
«Ինչո՞ւ չեք շարունակում Հայաստանի Հանրապետության պատմությունը, հասաք 1991-ի սկզբին ու կանգ առաք: Չե՞ք շարունակելու: Ի՞նչ եղավ», — հարցնում է Օրագրի հարգելի ընթերցողը: Իհարկե պատմելու եմ, ես հո չմեռա՜, հիշողության կորուստ չունեցա… Մեկ՝ որ խոստացել եմ պատմել: Երկու՝ որ կիսատ չմնա. հետո վերապատմելն ավելի դժվար ու անիմաստ կլինի… Երեք՝ որ կա ընթերցող, որ ուզում է լսել. ի՜նչ մեծ բան է, տո, հեր օրհնած… Հասել ենք այն շրջանին, որ ես պատմելու եմ Վանո Սիրադեղյանի մասին, ու քանի որ նոյեմբերի 13-ին մեր Վանոյի ծննդյան օրն է, Վանոն դառնում է 68 տարեկան. այս պատումը, որ փորձում եմ տեղավորել իմ երեք գրերի մեջ, թող հնչի որպես ծննդյան օրվա ողջույն:
Վանոյին ճանաչում եմ 1983 թ.-ից, երբ լույս տեսավ պատմվածքների «Կիրակի» ժողովածուն: Ես՝ հայագիտական թեքումով դասարանների ղեկավար, դպրոցի փոխտնօրեն, ակտիվ շփվում-հանդիպում էի ժամանակի գրողների, նկարիչների, երաժիշտների, պատմաբան-արվեստագետների, հայագետների հետ: Ժողովածուն կլանված կարդացի՝ երախտահիշատակ Գեղամ Սևանի, ում պարտական եմ հայագիտական դասարաների կայացման, նրանց գործունեության կազմակերպման համար, երաշխավորությամբ և մեկնաբանությամբ… Չերկարացնեմ: Նույնիսկ 10 մարդու առաջ դժվար խոսող գրող Սիրադեղյանին ես դեմ առ դեմ հանդիպեցի 1988-ի փետրվարին՝ Ազատության (Օպերայի) հրապարակում: Անընդհատ մեծացող միտինգներին մեր դպրոցի բարձրախոս-ուժեղացուցիչներով դժվար էր լսել Համբարձում Գալստյանի, Սամսոն Ղազարյանի խոսքը… Մի անգամ այդպիսի հանրահավաքից հետո մենք հայտնվեցինք Աշոտ Դաբաղյանենց տանը. Աշոտը Մանուչարյանն էր, Վանոն, էլի ու էլի մարդիկ… Ո՞վ վարի վաղվա հանրահավաքը. բուռն բանավեճ էր: Այսօրվա պես հիշում եմ՝ ես տվեցի ինձ ոչ այդքան ծանոթ, հետաքրքիր մարդու անունը՝ Վանոն թող վարի: Դե, ես արդեն հայտնի դարձող-դարձած դպրոցի տնօրեն էի, երևի, իմ խոսքը նշանակություն ունեցավ… Մյուս օրը Վանոն մոտեցավ խոսափողին… Վատ չստացվեց: Լավ էր: Ոճն ինքը մարդն է. խելացի խոսքը միշտ հետաքրիր է, կարելի է ու պետք է լսել…
1990-92 թթ. Վանոն ԳԽ պատգամավոր էր, ՀՀՇ վարչության նախագահ… Խոստովանեք, որ «Ղարաբաղ» կոմիտեի ամենայուրայինն էր, վառ, գրավիչ-հետաքրքիր անցումներով, փոփոխական… Գրող, էլի՛… մեր բոլորի, մեր Շարժման Վանոն։
1992-1993 թթ Հայաստանի վիճակի մասին՝ հնարավոր համառոտ, ոչ լալկան… Ոտքով էինք գնում՝ ուր պետք էր, ցուրտ էր ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, ՀՀՇ-ում, Գերագույն խորհրդում, ՀՀ նախագահի նստավայրում… Սրան գումարեք զինված խմբավորումների սպառնալից դարձող ազատությունը հանրապետությունում։ Ոստիկանությունը, որ Աշոտ Մանուչարյանից հետո (1991 թ. դեկտեմբեր) ղեկավարում էր համակրելի փիլիսոփա-դասախոս Վալերի Պողոսյանը, վախենում էր կրիմինալից, չէր կրում ոստիկանական համազգեստ, զենք… Վտանգավոր էր փողոցը։ ՀՀՇ-ում լուրջ դժգոհություն բարձրացավ Ներքին զորքերում և հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ. վարչությունը ՀՀ նախագահից, ՀՀ վարչապետ Գագիկ Հարությունյանից պահանջում էր անհետաձգելի գործողություններ… Խիզախ, ճանաչված դեմք էր պետք, ով կգլխավորեր ոստիկանության ցաքուցրիվ ուժերը, վստահություն կփոխանցեր նրան, կկարողանար կարճ ժամանակում ստանալ հնարավոր պետական աջակցություն… Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ափսոս է Վանոն»,- հիմնավորումը միակն էր ու անընդունելի, հատկապես, որ Վանոն պատրաստ էր խիզախելու, զոհվելու: Ես Վանոյին այլընտրանք չէի տեսնում: Տեր-Պետրոսյանն ընկրկեց, և 1992 թ. փետրվարից Վանոն ղեկավարեց Ներքին գործոց նախարարությունը: Չեմ կարող, չեմ ուզում մտնել այլ կարգի դատողությունների մանրամասների դաշտ. իրավիճակը հանրապետությունում Վանո Ներքին գործոց նախարարի պահանջն ուներ և ստացավ։ Մեկ նախադասությամբ՝ Վանոն 1992-1994 թթ. հաջողությամբ կատարեց իր առաքելությունը: Ինչո՞ւ և ինչպե՞ս ուրանալ ընկերոջը:
Տիար Գևորգ Հակոբյանի հետ Վարժարանի, բայց այս անգամ Վարժարանի սովորողների, ուսուցիչների, գործի կազմակերպման մասին, մեր զրույցը երկար տևեց: Երբ տուն հասա, ժամը ութն էր. Դավիթն իդիլիայի մեջ էր. Մերի Առաքելյանը, մեր տան սիրելին, ով երկար էր բացակայել, հասցրել էր մինչ իմ գալը գերել-տանել Դավիթ Բլեյանին իր հմայքով, սիրով, շնորհքով… Հետո, երբ Մերին ու Դավիթը սկսեցին նվագել-երգել, երբ սկսեցին թերթել այսօրվա գրքի տոնավաճառի նվեր-գիրքը Դավթին՝ «Զանգակի» քառամաս գունավոր «Կենդանիների օրագրերը», այս շաբաթների լարվածությունը միանգամից տեղի տվեց… Մեր տան աղվեսը անճանաչելի էր…
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը…
— Մի գնա, Մերի, ես չեմ ուզում, որ դու գնաս, ես սիրում եմ քեզ,- խոստովանեց մեր «սրտակերը»…
Մերիի գեղեցկությունը, շնորհքը խաղաղեցրեց, մեզ վերադարձրեց մեր մոլորյալ որդուն…
Դպրոց-պարտեզի 3-1-ի Հրանտ ջան, ինչո՞ւ պետք է անպայման տողանին պարենք, հարցնում ես… Որ պարելով՝ պարել սովորես, ամեն օր քո ընկերների հետ քո դպրոցում 5 րոպե պարես, 5 րոպե երգես, 5 րոպե՝ ամենատարբեր, ընդհանուր վարժություններ անես… Պարող, երգող, միասին ուրախացող դպրոց դառնաք, ձեր պարը, երգը, ձեր ուրախությունը, ձեր գիտելիքները տարածեք Հայաստանով մեկ՝ ձեր հասակակիցներին… Հետո կմեծանաք ու ձեր ընկերների հարսանիքներին, կարևոր օրերին կպարեք, կերգեք, քեֆ կանեք ուրախ…
— Մենք ինչո՞ւ կավիճով գրատախտակ չունենք,- հարցնում է Վահագնը Փանոսյան:
Ինչ են եղել ձեր կավիճով գրատախտակնե՞րը. կարծեմ դրանց փոխարինելու եկան մարկերովները, հիմա՝ էլեկտրոնային գրիչներովը… Մեր հինգ տարեկանները սկսել են մատով գրել ավազե դաշտերի վրա… Կարծում եմ՝ հարմարը ստեղնաշարով գրել-կարդալն է, էկրանին…
— Ինչո՞ւ է մեր դպրոցը կոչվում «Մխիթար Սեբաստացի», — հարցնում է Լուսինե Հակոբյանը: Ովքե՞ր են Մխիթար Սեբաստացին ու Մխիթարյանները, որոնք միաբան գործեցին Մխիթարի մահից հետո՝ նշանավոր պահելով-դարձնելով իրենց ուսուցիչ րաբունապետ Մխիթարի անունը… Այս օրերին կրթահամալիրի կայքում կհանդիպենք շատ ու շատ նյութեր՝ Մխիթար Սեբաստացի հայագետ-գիտնականի, նրա ստեղծած միաբան գիտնականների մասին… Անգամ Դավիթ Բլեյանենց խմբում են քննարկել Սեբաստացու ով լինելը։ Հետևիր այդ նյութերին, ինքդ էլ ինտերնետից կարող ես դուրս բերել այդպիսի նյութեր՝ քո ծնողի և ուսուցչի աջակցությամբ: Փորձիր: Մխիթար Սեբաստացին իր ժամանակի հերոսն է, ով իր գիտնական ընկերների հետ պահպանեց ու զարգացրեց հայագիտությունը, ով իր ստեղծած միաբանությամբ ոգևորել է ինձ՝ դպրոցներ ստեղծելու, մանկավարժությամբ հայագիտությունը զարգացնելու-տարածելու, մեր կրթահամալիր-միաբանությամբ անխոնջ, նվիրված, համերաշխ զբաղվելու մեր մանկավարժությամբ: Բա՞րդ ստացվեց: Աշոտ Տիգրանյանի այս ուսումնասիրությունն ավելի կխճճի քո գործերը, ոչինչ, կարդա։
3-1-ը մասնակցում է կրթահամալիրում մեկնարկած մաթեմատիկական ստուգատես-մրցույթին։
Ուռա՜, բլոգապատումով միջազգային հետախուզման մեջ հայտնված Էլեն Միրզոյանը հայտնաբերվեց… Մոսկվայում, թիվ 1141 դպրոցում: Կարինե Բաբուջյանի ու Դպրոց պարտեզի 5.2 դասարանի համար հատուկ Էլենի նամակը բազմացնում եմ, տարածում… Մեր Էլենը որ Բանգլադեշում հայտնի է դարձել ու չի մոռացվում, Մոսկվան ի՞նչ է որ… Նվաճի՛ր, Էլեն ջան…
Ողջույն, տիար Բլեյան։ Ձեզ գրում է Միրզոյան Էլենը:
Կարծում եք, թե կորել, մոռացե՞լ եմ ձեզ, մեր ՄՍԿՀ-ը։ Ոչ, ես շատ եմ հիշում, կարոտում եմ ամենքիդ ու ամեն ինչ: Մոսկվայի ռուս դասընկերներիս անընդատ օրինակ եմ բերում մեր դպրոցը, էնքա՜ն եմ պատմում… էնքա՜ն եմ խոսում. հենց բառերը չեն հերիքում, հայերեն եմ խոսում: Անցյալ տարի հաղթել եմ Կենգուրու մրցույթին, գրավել եմ առաջին տեղը Մոսկվայի թիվ 1141 դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ: Ւսկ Եղեռնի օրը էնպես ներկայացա պատմության դասին, որ միակ ադրբեջանցի դասընկերս ստիպված սկսեց արդարանալ:
Մոսկվայում չկան ընկեր Տաթև, ընկեր Կարինե, տիար Բլեյան, բայց ես գիտեմ, որ դուք կաք այդտեղ, Երևանում՝ իմ ՄՍԿՀ-ում, ու ես ինչքան էլ մեծանամ, միշտ կհիշեմ Ձեզ բոլորիդ, ու երբ որ գամ Հայաստան, անպայման ձեզ կայցելեմ, որովհետև ես Ձեզ շատ եմ սիրում ու կարոտում:
One thought on “Եթերում «Սեբաստացի» ռադիոն է”