Այո, գյուղն առանց երկրագործի բուտաֆորիա է՝ աչքներիս առաջ դատարկվող, ու ոչ մի այլ օպտիմալացում չի փրկի:

Նկատե՞լ եք՝ ֆրանսիական նոր դպրոցի հիմնադիր Սելեստեն Ֆրենեի (1896-1966) անունը հաճախ եմ տալիս. ճիշտ եմ անում: Հայաստանյան գյուղական դպրոցը նախ և առաջ այսպիսի մի առողջացնող-կենարար հոսանքի՝ փոփոխության անհրաժեշտություն ունի: Մի մեջբերում, որ սկսեք Կարինե Պետրոսյանի թարգմանությամբ մեր «Դպիրում» գիրքը կարդալ

Տեխնիկական տեսանկյունից՝ ավանդական դպրոցը կողմնորոշված էր դեպի ուսումնական առարկաները և ծրագրերը, որոնք բացահայտում, ճշգրտում և համակարգում էին այդ առարկաների բովանդակությունը: Դպրոցի կազմակերպումը, ուսուցիչներն ու աշակերտները ստիպված ենթարկվում էին այդ ծրագրերի պահանջներին: Վաղվա դպրոցն ուղղված կլինի դեպի երեխան` հասարակության անդամը: Հասարակության պահանջներից կախված նրա հիմնական պահանջներն են որոշելու և՛ ֆիզիկական, և՛ մտավոր այն աշխատանքները, որոնցով պիտի զբաղվի, ուսումնական այն առարկաները, որոնք պիտի ուսումնասիրի, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համակարգը, ուսուցման ձևերը: Դա մանկավարժության ամբողջական նորացում կլինի, մանկավարժությունն ավելի խելամիտ, արդյունավետ, մարդասիրական կդառնա և կօգնի երեխային լիովին իրականացնելու մարդկային իր առաքելությունը:

Իջևանյան տեսարանները՝ Նառա Նիկողոսյանի:

Ինչպե՞ս կարելի է գյուղը՝ լեռնային, սահմանամերձ, փոքրաքանակ սովորողով, թողնել առանց դպրոցի. հատկապես կոչումով գրող-գրականագիտական խավի սիրած իբր հակահարվածն է օպտիմալացմանը (դպրոց փակելու-կրճատելու՝ գործածվող իմաստով)… Իբր, այս վիճակի համար մեր նշած հարյուրավոր գյուղերի հենց այսօրվա դպրոցները՝ անունով միջնակարգ կամ հիմնական, նաև մեղավոր չեն… Այդպիսի, նաև մեղավոր դպրոցների կռիվը միջնակարգի կարգավիճակը պահպանելու կամ դպրոցի տնօրենի համար է եղել: Ես խորքային վեճ-լուծում-առաջարկ չեմ հիշում, որքան էլ ուշադիր եմ հատկապես գյուղական, իսկական գյուղացու ուսուցողական միջավայրի կազմակերպման նկատմամբ: Մի այդպիսի ոգևորող քայլ եղավ՝ Աղաջանյան եղբայրների «Ծաղկունքի բաց դպրոց» նախագիծը, էն էլ՝ ուր ե՞ս, Արսեն Աղաջանյան. կառավարությունից ո՞վ կանչեց-հարցրեց, ի՞նչ եղավ, ինչի՞ց եղավ, ինչո՞ւ մի կողմ քաշվեց…

Այո, ես չեմ գործածում ո՛չ դպրոց, ո՛չ ակումբ (մշակույթի տուն) անունները փոքրաքանակ երեխաներով-սովորողով (այսպես ասենք) առանձնացված գյուղական բնակավայրի (համայնքի համար): Երեկ հետևում էի Հայաստանյան համահայկական հիմնադրամի խողովակով Արցախում շահագործման հանձնվող համայնքային կենտրոն կոչվող կառույցների առիթով ուրախությանը  հեռուստատեսային… Լավ լուծում է, եթե փոքրաքանակ բնակավայրերն դպրոցի-ակումբի-գյուղապետարանի շենքեր չունեն, կամ պիտի չունենան: Եթե այս մոդեռն՝ տեսքով-միջավայրով-կենցաղով, տեխնիկապես հագեցած համայքային կենտրոնով պիտի նաև երազեն-պայքարեն դպրոցի-պարտեզի-ակումբի մասին… բա ո՞վ պահի էս ամենը, ո՞վ ինչպես ու էլ ինչու երկրագործությամբ զբաղվի… Խորհրդային ծավալապաշտությունը ոչ միայն չի հաղթահարվում, այլև համազգային կառույցով պրոպագանդվում-տարածվում է:

Կրթահամալիրի շրջանավարտ Էմմա Իսախանյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Ինձ համար գյուղը, գյուղական բնակավայրը, գյուղատեղին երկրագործությամբ շեն-ինքնավար-ապահով ապրող մարդն է՝ քաղաքային թոհ ու բոհին իր ստեղծած իդիլիայից՝ գյուղացիական տնտեսության բնական միջավայրից, ամուր կոոպերատիվ ընտանիքից խաղաղ-վերևից նայող: Բոլոր կարգի իշխանությունները-ծրագրերը-փոփոխությունները սրա հաստատմանը՝ երկրագործ մարդուն պիտի ուղղված լինեն…

Մի մեջբերում էլ անեմ սիրելի Սելեստեն Ֆրենեից։

Ի հակակշիռ երեխաների հետաքրքրությունները հաշվի չառնող շահադիտական հայեցակարգերի` մենք դաստիարակության իսկական նպատակը պիտի ձևակերպենք՝ երեխայի անձի առավելագույն զարգացում խելամիտ կազմակերպված հասարակության մեջ, որը պիտի ծառայի նրան, և որին նա ինքը պիտի ծառայի: Այդ ժամանակ երեխան կիրականացնի իր կոչումը, արժանապատվություն և տոկունություն ձեռք կբերի, իսկ չափահաս դառնալով՝ առանց կեղծիքի ու շահի կարող է արդյունավետ աշխատել ներդաշնակ, ազնիվ հասարակության մեջ: Գիտենք, որ դա է բարձրագույն նպատակը։ Սակայն ավելորդ չի լինի դա ձևակերպելը։ Իրական կյանքում դաստիարակներն ստիպված են լինում անընդհատ զիջումներ անել եսասիրությանը, հետաքրքրությունների կեղծ ընկալմանը, ոչ նպատակահարմար կազմակերպմանն ու անհեռատեսությանը, այսինքն՝ գործոնների, որոնք կարող են դաստիարակչական ողջ գործընթացը ձևախեղել։ 

Վերգետնյա անցումները՝ ցուցադրության հարթակ. նախագծի համակարգող` Թերեզա Թումանյան
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի

Գյուղի հիմնադիր-իրավահաջորդ-սեփականատեր-ապագա ագարակատերը, ֆերմերը, հողագործը, երկրագործը չեն կարող ուսուցման՝ իրեն, իր ընտանիքին ուղղված կրթամշակութային (սոցիալական) աջակցության ծրագիր չունենալ: Կրթական միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ցենզ ունեցող գյուղաբնակին իր ընտանիքում-կյանքում գլխավոր զբաղմունք երկրագործությանն ուղղված հետևողական աջակցություն-ներդրում է անհրաժեշտ. մնացածը պիտի փոխվի, վերանա, չշեղի…

Պատրաստ լինենք ամենատարբեր «վայ-զարմանք», «չէ հա», «էս ինչ են անում» լուծումների, եթե այն ուղղված է գյուղին, նրա իմաստին-առարկային, նպատակին՝ երկրագործությանը: Սա ենթադրում է սոցիալական-կրթական-մշակութային, բնապահպանական առողջապահական, դեմոգրաֆիական միասնական հայացք նույն երկրագործ-ընտանիքին, գյուղ ստեղծող մարդուն: Այսպիսի լուծումներ-կազմակերպում բերենք, խոսենք: Մնացածը միջոցների-ջանքերի-ժամանակի մսխում է, ուղղված գյուղ-բուտաֆորիան պահպանելուն։

Հարկ է կրկնել, որ առաջին հերթին մեկ կամ երկու դասարան ունեցող գյուղական փոքրիկ դպրոցի ուսուցիչներից ենք ակնկալում ամենահամարձակ քայլերը, որոնց կհետևեն կրթության ու դաստիարակության ամբողջ համակարգի փոփոխությունները: Անմիջականորեն գյուղական համայնքների կյանքի վրա հիմնվելով` նրանք պետք է ավանդական դպրոցը վերածեն ֆիզիկական, մտավոր աշխատանքն ու գեղարվեստական ստեղծագործությունը համակցող արհեստանոցի, որտեղ կդաստիարակվեն վաղվա հասարակության ներդաշնակ զարգացած և գործուն մարդիկ:

Իջևանի պատկերները` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան

#1047

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքն ինչպես կա, սիրելիներ…

Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց,

Կատակ եմ անում,  հայրի՜կ

Դավիթ Բլեյանի՝ ավելի ու ավելի հաճախ կրկնվող արտահայտություններից է. «Ես կատակ եմ անում»: Մեծանալն էլ ո՞նց է լինում. ուրախ: — Լա՜վ, դու պարտեզ չես գնում, բա որ քո ընկերները՝ Արամը,

Խաղաղությունը մեր նվերն է միմյանց…

Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները,