Անձրևոտ շաբաթ օր, անձրևոտ-քամոտ կիրակի ու գործերը՝ ճամփորդություններով-լեցուն-ուսումնական… անհետաձգելի: Հունիսն է՝ իր ողջ երկայնքով ամենասեբաստացիականը, մեր 2016-2017 ուստարվա 4-րդ շրջանը, ուսումնական մեր օրացույցով՝ նախագծային-ճամբարային-ստուգատեսային-բացօթյա-ճամփորդական-հայրենագիտական-մարզական… Հունիսյան կազմակերպումն է որոշիչ «Ամառ 2017»-ի նախաձեռնությունների… Եվ մեր Սվետա Ճաղարյանի մայրիկին, մեր Լիլիթ Առաքելյան աղջնակի տատիկին վերջին հրաժեշտը իր գյուղում տալու համար Իջևանի Սևքար ճանապարհի ավտոբուսային ժամանակը չէր կարող նվիրված չլինել հենց հունիսին, նրա պատրաստության ավագ շաբաթին, որ ահա ազդարարում եմ իմ երկուշաբթի գրով։ Այո, այսօր սկսող արտակարգ-վճռական շաբաթ յուրաքանչյուրիս համար՝ «Սովորող-սովորեցնող» նախագծում ընդգրկված յուրաքանչյուր սեբաստացու՝ տարատարիք սովորող-սան, ուսուցիչ և ընտանիք… Իսկ մայիսի 24-ի միասնական սեմինար պարապմունքը Մայր դպրոցում հենց այդ օգնությունն է մանկավարժության կենտրոնի, որ մայիսի 29-ին սկսվող մեր հունիսյան շրջան գաք անհատական պլաններով՝ Ամառ 2017-ի այս հենքի վրա։
«Մարդիկ». լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի
Կրթության և գիտության նախարարության մայիսի 19-ի կլոր սեղանին նախարար Լևոն Մկրտչյանի հրապարակային՝ մեր բոլոր ձեռքբերումներով մանկավարժական հանրապետության հանրակրթական համակարգին հասկանալի՝ տեսանելի-իրագործելի (փոխանցելի) առաջարկներով-նախագծերով-լուծումներով-գործողություններով ներկայանալու առաջարկը ոչ միայն կարևորում ենք։ Կարող ենք և մարտահրավեր դիտել… ընդունում ենք, վերցնում ենք սիրով, պատասխանատվությամբ, քանզի մեր 28 տարվա կանոնադրական գործն է։ Ավելի լավ հարթակ-հնարավորությո՞ւն սրա համար, քան հունիսը, ամառ 2017-ը… ես չգիտեմ… Ավելի անհապա՞ղ նաև, քան 2017-ի հունիսը… երբ հանրապետության բոլոր հիմնական-միջնակարգ-ավագ դպրոցները, այսօրվա երկուշաբթիից սկսած, կընկղմվեն 9-րդցիների և 12-րդցիների «Վերջին զանգ»-ի թոհ ու բոհում և մտապահման՝ ուսումնական առարկաների քննական-լուրջ, մանկավարժությունից էլ կարևոր մեծարում բերող զբաղմունքում… Հենց այս և պետական դպրոցի ու իր մանկավարժական աշխատողի համար արձակուրդային շրջաններում ենք մեր հեղինակած կրթությամբ երևում-առանձնանում-ցցուն դառնում մենք՝ անդադրում մանկավարժությամբ, ուսումնական՝ բոլոր փուլերում, հատկապես հունվարի և հունիսի ամբողջովին նախագծային շրջաններում, մեր կազմակերպմամբ ուսումնահետազոտական գործի, մշակման-իրագործման-տարածման՝ փոխանցման փուլերով: Յուրաքանչյուրս պիտի կարողանանք այս ավագ շաբաթում գրավել-որոշել անհատական հարթակ՝ կրթահամալիրի մանկավարժության ձեռքբերումներում որպես հեղինակ առավելագույն ուժով հանդես գալու-փոխանցելու-ներկայացնելու-տարածելու, առավել նպաստավոր (օպտիմալ) հունիսյան, հետո խորապես ստեղծագործական անընդհատ՝ կամավոր աշխատանք հուլիս-օգոստոսին, անհատական գրաֆիկով, կրթահամալիրով մեկ, արտագնա, ֆիզիկական-մեդիա միջավայրերում «Ամառ 2017» նախագծերը շարունակելու համար: Դուք, հարգելի սեբաստացի, սեբաստացիների նախաձեռնողական-ստեղծական յուրաքանչյուր խումբ, կստանաք կոնկրետ անհրաժեշտ աջակցություն ինձանից, կրթահամալիրի ուսումնական կենտրոններից ու ծառայություններից, միայն ազատեք ձեզ արհեստականության-ցուցադրելու-ներկայանալու իներցիայից:
Մանկավարժության հունիս, ու մանկավարժական՝ մեր հալալ-ջանքերով ստեղծած մեղրի (ինչպես իջևանյան անտառինը) զտելու-Հայաստանով մեկ ներկայացնելու մանկավարժության հարգը իմացողին, որևէ դպրոցում ուսուցչի-մանկավարժական աշխատանք կատարողին, այդպիսի աշխատանք փնտրողին, որևէ կարգավիճակով մարդուն, նրան հարմար-հարգանքով փոխանցելու գործի պատրաստության ավագ շաբաթն է, ձեր «Ամառ 2017»-ի անհատական պլանի առաջադրման, հանրայնացման քննական շրջան:
«Զանգվի ափերին` սեբաստացիներս ու Ռոդարին». լուսանկարները՝ Սյուզաննա Սարգսյանի:
«Ամառ 2017» նախագծի առարկան, իր ծանրակշիռ հունիսով, մեր մանկավարժության քննական շրջանն է, ինչպես տիար Գևորգը ճշգրտեց, որպես այլընտրանք՝ առարկաների քննության շրջանի: Այս անգամ մենք մեր մոտեցումը մեր քննության առարկայի մեջ կտեղավորվենք նաև պետական նորմատիվ առարկաների քննության մասով, ցույց կտանք մեր ձեռքբերումները նաև 9-րդ, 4-րդ դասարաններում առարկայական քննությունների մանկավարժությամբ: Մանկավարժությունն ամենուր է, ամենաթափանց է և նրա հանրայնացման-տարածման ամառային շրջանը, այդպիսին է նաև արձակումը (արձակուրդը) մանկավարժական ստեղծական աշխատանքով զբաղվածի համար:
Ճամփորդությունը՝ մեր Սվետային պարգևած մայրիկի մահվան առիթով մեր հարգանքը իր հարազատ Իջևանում-Սևքարում փոխանցելու ուխտագնացությունը, այնքա՜ն ազնվություն-թարմություն-միասնացում փոխանցեց… Ի՜նչ Հայաստան է, ի՜նչ Իջևան, ի՜նչ Սևքար… Զվարթի-հիացումի աշխարհ, այնքան ու այնպես, որ Սվետայենց գյուղական մեզ հարազատ տանը ստեղծագործական-ամառային նախագիծը եկավ բնական, միավորեց մեզ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի: Մի դաշնամուր կգտնենք, մեկ-երկու միջամտություն կենցաղային… Սա էլ մեր «Ամառ 2017»-ի վռազ-արտագնա լուծումներից է: Կտեսնենք:
«Առավոտը կրթահամալիրում». լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:
Շուշան Բլեյանի հետ իմ ինտերնետ կապը երեկ ուշ երեկոյան քննական շրջան դարձավ մեր Դավթի համար: Դավիթը չկտրվեց այս շրջանում-հիմա… իր ամենա-գործից՝ քանդակից, Շուշանն աչքը չկտրեց ոչ մի պահ Դավթից… Զգույշ-ուղղորդող-օգնող-ամբողջը հասկանալու հարցեր տվեց, ստացավ Դավթի ուղղակի արձագանքները… Ես, խնայելով ժամանակը, մեկնաբանում էի, որպես փորձագետ… Դավթի, Շուշանի հետ հուլիս-օգոստոս անցկացնել, մեր «Ամառ 2017»-ի բոլոր հարթակներով-նախագծերով անցնելը ոգևորիչ է: Ի՞նչ կբերի իր հետ Շուշանը Երևան՝ կարելի է երևակայել. նախորդ օրը Շուշանը երկու ելույթ է ունեցել՝ վիենական ու հայկական եկեղեցիներում, տարբեր համերգային ծրագրերով… Հետևեք իմ գրին…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1046