Բայց Սենան բախտավոր է.
Նա հոգս չունի։
Հոսում է խաղաղ,
Օր ու գիշեր:
Գնում է դեպի Հավր,
Գնում է դեպի ծով՝
Անցնելով, ինչպես երազ,
Փարիզի առեղծվածների միջով։

Սենան ու Հրազդանը չես շփոթի, ինչպես Փարիզն ու Երևանը, Հայաստանն ու Ֆրանսիան․․․ Երևանը բախտավո՞ր է, որ Հրազդան ունի․․․ Ամենով հանդերձ, գլխավոր պակասը Երևանի ու երևանցու բախտավորության գիտակցումի բացակայությունն է. սրանով կգա՞ մեր դժբախտ-հոգսախեղդ Զանգվի ազատում-ապաքինումը։ Բոլոր հոգսերը մարդ-բնակիչն է փոխանցել Զանգվին, և ուրիշ ոչ ոք չի կարող ուղղել-ազատել գետը։ Կարո՞ղ է։ «Գետը քաղաքում» ուսումնական բաց նախագիծը այդպիսի կարողությամբ է առաջացել, կզորանա-կծավալվի։ Մասնակցեք՝ կտեսնեք։ Ու պիտի սկսենք Զանգու-Հրազդանը տեսնելուց-հայտնագործումից-ճանաչումից, որքան էլ որ նրա մի տուտը մեր աչքի լույս Սևանի հանդարտ ջրերումը, մյուս տուտը՝ մեր բնական-պետական սահմանը հաստատված Արազ-Արաքսի քրքրած ղրաղումը․․․ Զանգուն կիսում է Երևանը ողջ՝ հյուսիսից հարավ, արևմտյան աջ ափի ու արևելյան ձախ ափի, Զանգուն օրորել է մեր մանկությունը, որպես հիշողություն, նրա ջրերով ստեղծվեց երևանցիների ծովը` լիճը Երևանյան, ու նրանից դուրս եկող ջրանցքների բախտին է մայրաքաղաքի կանաչը․․․

«Քարաշամբի տեսարանները». լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Միլիոնանոց մայրաքաղաք Երևանի այս օրը՝ մեջքով դեպի Զանգուն, ձախողված-անապագա փորձ էր փախչելու նրանից, դարձնելու այն արտադրական-կենցաղային թափոնների աղբանոց-կոյուղի, իսկ անկախության վերածննդի 25-30 տարում՝ միջոցառումային ուտուշ-խմուշի ձոր․․․ Զարմանալի է, բայց քաղաքը-քաղաքացիները կարողացան ապրել, այս օրին հասնել առանց Զանգվի․․․ Դե, հասուն տարիքում գրեք՝ Զանգուն իմ կյանքում․․․ Դե, գովերգե՛ք․․․ Խորը թաղված հիշողություններ պիտի պեղեք․․․ Այսպիսով՝ սկսում ենք մեր մայր գետի հայտնագործումից-ճանաչումից։

Երևանի պատմությունը՝ որպես Զանգվից փախուստի պատմություն, ասել է թե 1920 թվականից սկսվողը, չի գրվել, բայց մեր առաջ է․․․ Շա՜տ նման է մեզ, և սա՝ ունենալով մեր լուսավորիչ ճանաչված Աբովյանի սաստող հայացքը, «Վերք»«Զանգի» հավելված-ուղեցույցը․․. Սա էլ չօգնեց չշեղվելու, մոլոր ճամփով չգնալու․․․ և Զանգուն քանի՜ տարի մոլորվեց-օտարվեց-կորավ մեծացող քաղաքում, խոցվեց-վիրավորվե՞ց-նեղացա՞վ Զանգուն։ Գետի ու իր քաղաքի, քաղաքի ու իր գետի նոր շրջանի մասնակիցներն ենք դառնում, կարող ենք դառնալ այսքան ինձ սիրելի-հարազատ դարձած «Գետը քաղաքում» նախագծով․․․

«Ընկեր Սոնան և իր ընկերները». լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Եվ դա անում ենք որպես ուսումնական աշխատանք, որպես լրացուցիչ կրթություն՝ ընտանեկան առաջադրանքների ձևով, որպես բնապահպանական-ուսումնական նախագծերի ստուգատես, շրջակա միջավայրի բարելավման նախագծերի հետ ենք կապում, ամառային ուսումնական նախագծերի ճամբարների, ամենասեբաստացիական հունիսի կենտրոն ենք դարձնում, ճամփորդում ենք շարունակ, արկածներով, նոր-վառ հիշողություններով-հույզերով կապվում․․․

Ահա Եռատոն-հանգստի օրով կարևոր նախաձեռնություն է դառնում մեծ խումբ սեբաստացիների համար․․․ Ու ամենուր մեզ սկսում են միանալ, ողջունել, մեզ հետ ու մեր հետևից գալ․․․ Մեզ կընդունեն, հրավերներ կանեն դեռ՝ մեզ ցույց տալու համար իրենց Զանգուն․․․ Այս ամենով է գալիս ճանաչում-գիտակցում-հայտնագործումը Զանգվի, Զանգվի ընթացքի ու մեր կյանքի խաչումը․․․ Կփոխվե՞նք մենք՝ այլ-հարազատ-առօրյա կդառնա գետը՝ իր ողջ հունով․․․ այլ կդառնանք մենք, որպես գետի աջ ու ձախ ափի բնակիչ, աջ ափից ձախ ափ ամենօրյա սովորական անցումներով, այո՛, աշխատանքի, կենցաղի, կյանքի լուծումներով․․․

Որ մենք քայլենք Զանգվով, լինենք Զանգվում, գործածենք նրա շատացող տարատեսակ կամուրջները, նաև հետիոտն-հեծանվորդի, սիրահարների-ընտանիքների, խմբերի․․․ Որ քաղաքի ամեն անկյունից տեսանելի, հարմար կանչող լինեն Զանգու տանող կածանները․․․ որ մեքենաները մնան քաղաքում ու Զանգվի մերձակա ափերը լինեն ոտավոր մարդունը, որ ոչինչ չխանգարի Զանգվի ջրի ու ձորի ձայների-գույների ընկալմանը․․․ Որ Զանգուն դառնա ամենագրավիչը Երևանում․․․

Դավիթ Բլեյանի ու հարազատների լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 1032

Explore More

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Որպես մեռել մի հրկեզ, որպես կորած մի մանուկ

Ես շարունակում եմ Չարենց կարդալ, բարձր, ինքս ինձ համար, լսելի… Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ, Որպես մեռել մի հրկեզ, որպես կորած մի մանուկ… «Արթմեդ» կոչվող բուժկենտրոնի

Խոհանոցայի՞ն, այո, բայց խոհեր…

Դեկտեմբերի առաջին օրը, ձմռան առաջին օրը, դեկտեմբերի օրացույցի գործունեության ու նրանով որոշված «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի առաջին օրը, Սլովենիա գործուղումից վերադարձած մեր Սոֆիի ծննդյան օրը… սա եմ համարում ավետիս