Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր հողատարածքով։ Այստեղ է գործում կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցը՝ 2-4 տարեկանների զարգացման և խնամքի, 5 տարեկանների նախապատրաստական ուսուցման խմբեր, 1-5-րդ հանրակրթական դասարաններ։ Շենքի տարածքի մյուս մասում Գեղարվեստի ավագ դպրոցն է՝  իր 10-12-րդ դասարաններով, նկարչությունը, քանդակը, նախագծումը (ճարտարապետությունը), դիզայնը, կինո-ֆոտոգործը, դերասանական վարպետություն-ռեժիսուրան, արվեստագիտություն-լրագրությունը որպես հնարավոր մասնագիտական կրթություն ընտրած սովորողներով, որ քաղաքի հիմնական դպրոցներից են եկել այստեղ։

Երկու հարցի դժվար է պատասխանել՝ ի՞նչ կլիներ այս տարածքը, եթե 1991-ին Շահումյանի շրջխորհրդի գործկոմի նախաձեռնությամբ (միշտ շնորհակալ ենք ձեզ, Վահան Զատիկյան ու Սամվել Հարթինյան) այս նյութական միջավայրը չհանձնվեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, և ինչպիսի՞ն կլինի այս տարածքն ընդամենը 2-3 տարի հետո, քանզի ամենադինամիկ փոփոխությունների է ենթարկվում, ամենախիզախ լուծումներն են առաջարկվում այստեղ։ ժամը 11-ի և 16-ի մոտ ես Գեղարվեստում եմ՝ դիտարկելու ամառային պարտեզը և Գայանե Առաքելյանի նախաձեռնությամբ ստեղծվող՝ սովորողների աշխատանքային ջոկը։

2-4 տարեկանների, 5 տարեկանների խմբերը պատրաստվում են իրենց ծովում լողալու, և ահա հանդերձարան խմբասենյակներում, լողափի հարևանությամբ փոխվում են, հագնում իրենց լողազգեստները։ Տեսարան է… Այլ կերպ, քան «մամա ջան», չես անվանի։ Հազար գործով զբաղված՝ ես ինձ չեմ զրկի այն անշտապ վայելելու հաճույքից։ Ո՞ւր շտապեմ։ Ահա այս ջրահարսների, ծովափղերի մեջ է նաև իմ օրագրի երեք տարեկան հերոսուհին՝ Աննա Թադևոսյանը։

Մենք Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավար Արմինե Թոփչյանի հետ, դիտարկման արանքում և արդյունքում համաձայնության ենք գալիս խմբասենյակների, լողափ-բակի, լողավազան-ծովի առաջիկա փոփոխություն-զարգացումների շուրջ…

Այսօր բոլորն են լողափային արդուզարդով, բոլորն են լողափին։ Լողում են, ջրում են, ինչպես ծովափին, ապրում են… Քիչ այն կողմ 6-10 տարեկան ճամբարականների առավել մեծ ծովն է, համարյա օվկիանոս։ Ճամբարի ղեկավար Կարինե Բաբուջյանն ինձ նվեր է արել իր օրապատումով և նկարաշարով. նայեք, հիացեք, ի՛նչ պատմեմ։ Այստեղ է Նազենի Հովհաննիսյան կրտսերը՝ իր տիրակալ ախորժակով։ Նազենի Հովհաննիսյան ավագն ուշիուշով հետևո՞ւմ է իր քույրիկի ծովափնյա արկածներին։ Եվ կարելի է հասկանալ ճամբարականներին, այդ թվում՝ Նազենի կրտսերին համակող տխրությունը. մոտենում է 16.00՝ ավարտը ճամբարային օրվա։ Ո՞ւմ թողնեն իրենց աշխարհն ու այդ աշխարհի ոգևորված, սքանչելի տիրուհուն։

Նառա Նիկողոսյան, այս տեսարանի, երևույթի տարածման համար արժե հինգշաբթի կամ ուրբաթ բանգլադեշյան այս աշխարհը ներկայացնել լայն հասարակությանը՝ եղածը, առանց ռետուշի։ Ես իմ խոստացած տեսապատումում, որպես հանրակրթության ամառային ցուցանիշ, անդրադառնալու եմ սրան։ Մինչ այդ կարո՞ղ ենք հաշվել՝ քանի այսպիսի մատչելի ջրաշխարհներ կան Երևանում։

Քիչ վերև՝ Գեղարվեստի այլ հարթակում երրորդ ավազանն է. վստահեք ինձ, Գայանե Առաքելյանի լուսանկարաշարի մոնիտորինգն արված է։ Ժամը 16-ին մոտ աշխատանքային խմբի տղաները՝ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ Լևոն Լևոնյանն ու Հայկ Ֆուրունջյանը, հավեսով լողանում են։ Արմինե Թոփչյանի հավաստմամբ նույն հավեսով չորս ժամ աշխատում էին, ստեղծում իրենց ճաշակի ու երևակայության Գեղարվեստի միջավայր։

«Հուլիսի գործն ու իր գործիչը» անվանակարգի թոփ տասնյակում, իհարկե, Աիդա Պետրոսյանն է՝ իր և իր ընկերների ստեղծած ամառային պարտեզով ու դրա մասին արդեն 5-րդ զրույցով։ Գայանեն է՝ իր աշխատանքային ջոկատով, Բաբուջյանը՝ իր ճամբարով…

Այս թոփ-տասնյակում է նաև իմ սեբաստուհի-թոռնուհի Արևիկ Տատինցյանը, ով ավարտեց Դպրոց-պարտեզի հնգամյա դասընթացը, ամիսներ առաջ՝ իրեն բնորոշ սուր դժկամությամբ, հիմա՝ ընդգծված գոհունակությամբ, անհամբեր պատրաստվում է հիմնական կրթությունը շարունակելու կրթահամալիրի Միջին դպրոցում։ Ազնիվ Հովհաննիսյանի «Քարանձավային բնակավայրերը Հայաստանում» ուսումնական նախագծով ընկերների հետ քարանձավների բազմօրյա ուսումնասիրություն է արել Գորիսում և Իջևանում, հնգօրյա հայրենագիտական-ազգագրական «Ճամբար անիվների վրա» նախագծով ընկերների հետ եղել է Թարթառի և Խաչենի հովիտներում։ Լավ է, շատ լավ, Մարիետ Սիմոնյան, որ կարողացանք բաց-մոբիլ-հետաքրքիր միջավայրի ամբողջացման աշխատանքները Մայր դպրոցում 2013-ին ավարտել, թե չէ Արևիկն ու իր նման ոչ պակասները Բանգլադեշի միջազգային կրթականի համարումը կսասանեին։

Դավիթ Բլեյանն օրեր առաջ Արևիկենց տանը տեսել է ապակե պահարանում ցուցադրված՝ Արևիկի ամառային գործերի շարունակ ավելացող հավաքածուն՝ մատնիք-մարջան-ապարանջան, ու տպավորվել այնքան, որ տեղափոխել է հեքիաթ.

— Թող չարչին տանի, (Թումանյան պապիկի պոչատ աղվեսի չարչուն նկատի ունի)…
— Իսկ Արևի՞կը,- հարցնում եմ։
— Արևիկը նորը պատրաստի. Արևիկը ուժեղ ա (ըստ Դավթի՝  աշխատող, ստեղծող)։ Այնքան, որ ավելի ու ավելի է հիացնում ինձ, մորաքույր Լիլիթ Բլեյանին, Ավստրիայով բաժանվելու պատճառով, թե Արևիկի հասուն նկարագրով տպավորված՝ հաշտված Շուշանին, Կարկաչ-տատիկին, բնական է՝ բոլոր Տատինցյաններին (ազգանվան ֆենոմենը տեսեք), որքան էլ մանկավարժորեն խնամքով թաքցված՝ մայրիկ տնօրեն Տաթևիկ Բլեյանին…

Դավիթ Բլեյան, չարչուն չենք թողնի. օր առաջ և՛ Մայր դպրոցում, և՛ Մեդիակենտրոնում կգործի սովորողների և ուսուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, ու Արևիկը և էլի արևիկներ իրենց մշտական տաղավարը կունենան։

Հիմա՝ այսքանը, դուք դեռ իմ բլոգի տեսապատումում կհանդիպեք ամառային լրացուցիչ կրթության կազմակերպմանը՝ տանը և դպրոցում, կրթահամալիրում….

Ահա այսպիսի մոբիլ ու ստեղծական Արևիկ Տատինցյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցոգոլների մտածմունքը… Բարձրացիր և բարձրացրու

Գտնվեց, վերջապես հայտնվեց 30 տարի և ավելի կորած իմ սիրելի Գրունիկ սանուհին Ախալքալաքի Վարևան գյուղից… ում մասին սիրով, միմիայն սիրով ես պատմել եմ իմ օրագրի այս տարվա հունվարի 13-ի գրում:

Անդրադարձ համար երկու

Որ իմ նախաձեռնությունը Նոր ուղի հարթակում չհնանա, շարունակություն ունենա, որ անդրադարձը իմ քաղաքական արխիվին պարբերական դառնա, որ կարգապահ դառնան Նոր ուղու հետևորդների տեղեկացմանն ուղղված հրապարակումները, թող դրանք լինեն շաբաթական։

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ…

Մեծարենցը որ ինձ բռնում է, երկար բաց չի թողնում… Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,- Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան. Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝ Զինք մոռցնող ժպիտները