Հայաստանում շատերն են իմ հավեսի-ջանքերի վրա զարմանում-ցուցանում․․․ ես էլ՝ ձեր․․․ Շիտակ լինեմ․ 1in.am-ի այս եթերը գեղեցիկ Զանգվի մասին վերջապես դիտելուց հետո, լսե՛ք անպայման, կիրակնօրյա զատկական իմ գրից առաջ, ես էլ էշության-համառության-բարեխղճության՝ իմ պաշտամունքի հասնող հիացումի վրա եմ զարմանում։
Եվ օրինակ՝ Նելի Արղությանի ու ընկերների այս խնամքի-ջանքի-նվիրումի․ բա ի՜նչ հարս է ու մայրիկ։
Այլ օրինակ՝ Արմինե Աբրահամյանը, միշտ բարեպաշտ՝ աշխատանքում, տանը․․․ գովական մայրենիի ուսուցիչ-մենթոր քի՞չ էր, կոտորեց իրեն հանուն հայ-վրացական բարեկամության հարազատության։ 48 օր պահքի մեջ, եկեղեցով դուրս է գալիս ու որքա՜ն խնամքով զատկական ծեսը բերում է տուն․․․ Դավթի ու իր զատկական ասույթների մասին՝ վաղվա գրում։
Երեկ Արմինե Թոփչյանի հետ մեր հեռախոսազրույցը ամբողջովին ծավալվեց դասարանական երգչախմբային ստուգատեսի, Արմինե Մնացականյանի նվիրումով-խնամքով այսպիսի՜ ծրագրային աշխատանքի․․․ Չի մոռացվում նրա 22 անբացակա սաների-ծնողների-ընկերների համերաշխությունը-հավեսը-հիացումը։ Արթուր Շահնազարյանին մեր միշտ զարմացրել է Բախը, որ արդյունքի հասնելու իր բաղադրատոմսն ունի՝ հետևողականություն, համառություն, աշխատասիրություն… Այս երրորդության հոմանիշը ժողովրդական մի բառով էշությունը չէ՞։ Սա է, որ նկատել-դարձրել է իմ տեսանյութի խորագիրը 1in. am-ի խմբագիրը։
Առիթներ շատ են լինում Տաթև Աթոյանով հիանալու։ Ա՜յ քեզ խորոտիկ աղջնակ-բազմաշնորհ ուսուցիչ, իսկական տեխնոլոգ․․․ Եվ զարմանքս՝ այս հիացումի հետ․ ամեն օր Աբովյան քաղաքից Բանգլադեշ ճամփան անցնում է, ողջ օրը թռվռում կրթահամալիր բաց համակարգում, ու ոչ մի տղայի մտքով չի անցնում փախցնի՞․․․ Ի՞նչ անուն տաս սրան՝ էշությո՞ւն, ի՞նչ բացատրություն բերես․․․ Երեկ առավոտ, աշխատանքի ճանապարհին ա՜յ, այսպիսի հանդիպում ունեցա, իջա, արձանագրեցի․․․
Գենդերային խտրության մեջ որ չմեղադրվեմ, իմ հիացումի կենտրոնում հաճախ է հայտնվում Էդմոնդը Փաշինյան։ Երեկ խոստացված հանդիպումը եղավ իմ օրագրում 1000-րդ համարից հետո պարբերաբար հիշատակվող Հովակիմ Սաղաթելյանի հետ․ մոտ երեք ժամ, Էդմոնդի ուղեկցությամբ շրջեցինք կրթահամալիրի Բանգլադեշում, ներսով-դրսով, Գեղարվեստով մինչև Ագարակ ու Մայր դպրոց․․․հատկապես պարտիզապուրակային գործունեության մեր արածի ստուգատես դարձավ հանրությունը՝ ի դեմս հաջողակ գործչի, խաղողագործ-գինեգործի, գինու մշակույթը «Տրինիտի կանյոն այգիներ» ֆիրմայով, «Բարդ» ակումբով-կյանքով տարածողի․․․ Սիրով իմ գրում ձեզ եմ փոխանցում Հովակիմի հիացումը-զարմանքը տեսածով-ծավալով-թափով-հավեսով․․․ Ապրիլի 21-ին մեր հանդիպում-խոսակցությունը, մեր գործընկերությունը, ուռա՜, կշարունակվի «Հարթակ գեղարվեստում» ակումբում։ Կլսենք Հովակիմից այս մասին․․․ Զատկական շաբաթից մնաց Էդմոնդի բարեխիղճ ուշիմությունը՝ լսելու, սովորելու, նոր՝ թմբային-թառմային խաղողային լուծումներով կրթահամալիրի միջավայրը բազմազան դարձնելու մասին Հովակիմի բացօթյա դասը․․․ Իմ գրում, հայտարարություն-հրավերն այս ընդունեք որպես հատուկ Սուրբ Հարության տոնի համար պատրաստած-նվեր, ու տարածեք, գտեք ընտրյալ երկրագործին․․․
Իմ էլ․փոստից առանձնացնում եմ նաև Վահրամ Թոքմաջյանի այս առաջարկը․․․
Առաջարկում եմ, որ Հայկազ Մարգարյանը շարունակի նաև ավանդական խաղերի իր նախագիծը: Իմ կողմից առաջարկում եմ անցկացնել հոլով կազմակերպվող խաղերի առաջնություն: Գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ տեսա, որ Գյումրիում մի խումբ երիտասարդներ (ուսանողներ) հոլեր են պատրաստում և վաճառում: Ինչքան հիշում եմ հոլ պտտեցնելու, պուտուկ հանելու և հոլի հետ կապված մյուս հմտությունները, պատրաստ եմ փոխանցելու սովորողներին և մասնակցելու առաջնությանը: Չներկած հոլի արժեքն իր թելով (ղայթանով) ընդամենը 700 դրամ է: Կարծում եմ, հետաքրքրվող սովորողների համար մեծ ծախս չի լինի այն ձեռք բերելը:
Ընդունում եմ ամբողջությամբ։ Հոլը-հոլախաղերը, իմ մանկության մեջ չջնջվող-միշտ վառ են մնացել-մնում․ քանի՜ զատկական ձու եմ կրել զատկական խաղերում ու ներթաղային, միջթաղային հոլախաղերում՝ քանի՜ հոլ․․․ Ֆիբր-հոլ ունեի՝ աշխարհի հետ չէի փոխի։ 14-րդ գործարան կոչվող թաղում՝ Երևանի երկաթգծի կայարանի բեռնատար հանգույցի մոտի բնակավայրում, այնքա՜ն հաջողություն ունեցա, որ պարտված տղաները որոշեցին հաշվեհարդար տեսնել․․․ Ի՞նչ կլիներ իմ հալը, եթե Ստեփան եղբայր-թաղային հեղինակության արտակարգ միջամտությունը չլիներ․․․ Վատ կլիներ, շա՜տ վատ, Դավիթ Բլեյան։ Իսկ ավագ եղբայրս արդար լուծումը գտավ․ երբ մայրս հայտնաբերեց-շարեց նրա դեմ իմ հաղթած բոլոր հոլերը․․․
– Տար, տերերին գտի՝ տուր․․․ Թե չէ՝ հետ չգաս։
Ավագ եղբոր ասածները մեր ընտանիքում չէին քննարկվում, կատարվում էին։
Եվ վերջում՝ օրագրի հարցը-զարմանքը-առաջարկը ահա։ Շաբաթ օրը մեր գործընկեր Հովակիմ Սաղաթելյանի հետ, Էդմոնդ Փաշինյանի ուղեկցությամբ, կրթահամալիրում շրջայցի ժամանակ եղանք նաև Արևմտյան դպրոց-պարտեզում և կանգնեցինք տեխնոլոգիա-դիզայնի, թատրոնի-երաժշտության լաբորատորիա-արվեստանոցների փակ դռների առաջ։ Շաբաթ-կիրակի օրերին այսպիսի վիճակում կհայտնվեք և մեր մյո՞ւս դպրոց-պարտեզներում։ Ի՞նչը և ինչո՞ւ ենք փակում ամբողջովին բաց մեր համակարգում, ի՞նչ մտահոգություն ունենք։