Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանն անհամբեր ինձ էր սպասում նոր հանդերձանքով. ո՜նց չի ցուցադրվի։ Այսպիսի ֆոտոշար ստացվեց։ Ապրիլի 25-ին՝ երեքշաբթի օրը, նոր կոշիկները կտանի դպրոց-պարտեզ․․․ ընկեր-ընկերուհիներով խաղան․․․ Կրասավեց։

Ակնոցն էլ՝ անբաժան․․․ հա՜, այնքա՜ն գրավիչ, ոնց որ շատ լինի, ուզենա՝ էլի՜, էլի՜, էլի՜․․․ բաց չի թողնում տնով մեկ․․․ հետն էլ քնեց։

Այսօր սպասում ենք Շողիկ Պողոսյանին ու ընկեր պարտիզպաններին։ Արմինեի ու Դավթի հետ մեր ընդարձակ պատշգամբ-պուրակում ավանդական ամենամյա ստուգատես վարպետության պարապմունքի օր է՝ բաց ու բացօթյա։ Ընդառաջ օրվան՝ Աբովյանի հետ։ Ներսով ու դրսով, պարտեզով նաև։

Ես պատրաստվում եմ «Հյուսիսափայլ» ռադիոյի հետ իմ քայլքին՝ իմ ծննդավայրի Զանգվի ձախ ափով՝ Սևանի փակուղուց անցում Արշակունյացով, Կաշեգործների փողոցով, Զանգվի հոսանքին հակառակ, բարձրում թողնելով Կոմիտասի այգին, նախկին տրամվայի հավաքակայանը, Երևանի բերդը, մինչև Հաղթանակի կամուրջ, այնտեղից, արդեն բարձունքով, «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատի արևմտյան ճակատով, իմ մանկության ջրանցքի երկայնքով, գահավիժում Զանգվի հոսանքով․․․ «դաշտ ու տափ դմդմբացնելով, դրնգացնելով ու կայծակի թուրը բերնին բռնած․․․» մինչև Ղռեր, Շենգավթի կամրջով Եռաբլուր․․․ կրթահամալիրի Բանգլադեշ։ Այո՛, ոտքով։ Նախագիծ է, խնամքով, մի քանի փուլով պատրաստվում եմ-պատրաստում․․․ Կարդացե՛ք իմ գիրը։

Էքսկավատորի հռնդյունը բռնել էր ողջ օրը կրթական կասկադի քոլեջի հարթակը՝ հայացքով կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթով մինչև Թաիրովի ու Հաղթանակի այգիներ․․․ Քոլեջի շենքի ողջ պարագծով․․․ Կեցցե՛ն Վահրամը Մարտիրոսյան, Էլյան ու իր առաջնորդած ուսանողական շինարարական ջոկատը․․․ Երկրագործությունն այո, այսպես, մեր աշխատանքի քոլեջի համար՝ ուղիղ ճանապարհ։

Իսկ Քոլեջի նախակրթարանի պուրակում նախադպրոցականի մասնագիտական ուսուցման այս տարվա շրջանավարտների մի խումբ անխոնջ Մարինե Մկրտչյանի հետ Կրկնազատիկի պատրաստության մեջ են։ Ես, ինչպես միշտ, գոնե երեք գործ եմ միաժամանակ առաջ տանում՝ Հակոբյան Գևորգի, Արմինեի ու Դավիթ Բլեյանի հետ Երասխահունի դպրոց գործընկերային խոստացած այց, ասել է՝ մեր կրկնազատիկի պատրաստությունն է, աջակցություն-վերահսկողություն պարտիզապուրակային շինարարական-բարեկարգման աշխատանքներին Գեղարվեստ-Քոլեջ-Նոր դպրոց տարածաշրջանում, և Սուսան Մարկոսյանի, Գևորգի հետ կրթահամալիրի կանոնադրության նորացման նախագծի քննարկում-ընթերցում, կրթության նախարարության ներկայացման համար տեսքի բերում․․․ Երբ հեծանվի վրա ես, չստացվել, չհասցնել չկա։

Սիրում եմ ավելի վաղ դուրս գալ տանից՝ առավոտ կանուխ, թե Բանգլադեշից՝ իրիկունը ուշ, հեծանվային իմ ճամփան դադարներով անցնելու համար։ Սա շտապելու ճամփա չէ, կյանքի-կյանքով, ապրելով վայելքի է․․․ Սիրում եմ հիմա իմ այֆոնով թեմատիկ նկարաշարեր անել․․․ Այս օրերին՝ լանդշաֆտներ, ծառուղիներ ու կանաչի մեջ դեղին-ճերմակ-կապույտ ծաղիկներ դաշտային՝ խատուտիկներ, երիցուկներ, զանգակներ․․․ Սկսել են Նունե Մովսիսյանի կակաչները հայտնվել․․․ Ի՜նչ քոնն է, քոնն է, Նունե ջան, կակաչներն այս՝ իհարկե, բայց «Հայկական կակաչ» բլոգը մերն է՝ mskh.am-ինը։ Ուրիշ լուծում գտեք։

Հատուկ ֆոտոշարք են Զանգվի ջրանցքները․․․ Զանգուն հենց այսպես է Մայր գետ՝ իր 141 կմ-անոց ավազանով, ողջ Հայաստանից դեպի իրեն վազող վտակներով, երկիր սնուցող, իրենից դուրս եկող ջրանցքներով-առուներով․․․ Այս ամբողջն է Զանգուն` որպես հայրենի-մայրենին բռնած երակներ։

Սա ինձնից էլ լավ ու առաջ մեր սենսեյ Հայկուհին գիտի․․․ Փարաքարի Զանգին բա այսպես չքչքչա՜ր․․․ Ինչո՞ւ են Փարաքարում աղբը թափում Զանգվի մեջ… Գրավիչ տեսանյութում մաքրում են հավեսով-մեծով-պստիկով ու մաքրությունը մեդիայով տարածում-պարտադրում․․․ հավեսով։ Պրծում կունենա՞ Փարաքարն այս անգամ։ Բաց չթողնես, սենսեյ, երեք տարի առաջվա փորձն ունես․․․ Փարաքար-Թաիրովով, երկաթուղով, Ագարակով մեր․․․ Արարատյան դաշտն է մեր՝ որպես Զանգվի ավազան․ թող գետին, նրա ավազանին պատշաճ կենցաղով ապրեն բոլորը՝ Զանգվից, նրա վտակներից ու ջրանցքներից աջ ու ձախ ապրող բնակիչները…

Այս քա՛ջ բազուկ, այս լայնալի՛ճ աղեղն, այս նետ երեքթևեա՛ն, այս կուրծ քաջակո՛ւռ, ամո՛ւր, այս աշխարհասասա՛ն, անընկճելի՛, անվանելի՛ հսկայից սիրագումա՛ր դասք, քե՛զ լիցին յայսմհետէ պահապա՛ն, պաշտպա՛ն՝ սխրալի՛դ իմ Հրազդան: Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճուեա՛ց, զուարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան։

Շատ էի ուզում  քոմենթ գրել Արևելյան դպրոցի Նելի Արղությանի 2-4 տարեկանների դեպի Զանգու այս նախագծին։ Մանկտիքով, նրանց ծնողներով և ուսուցիչներով․․․ Չի գրվում։ Ուզում ես նայել ու ծափահարել։ Զանգի, Զանգի, գեղեցիկ ու զրնգան Զանգի։

Շաբաթից Դիանա Տատինցյանը մնաց, բայց ոչ այնքան իր «Ներսս» մոնոներկայացմամբ, որքան էլ որ այն շարունակում եմ 2017-ի խիզախ գործողություն համարել։ Երեկ, երբ անցնում էի Գեղարվեստով, Դիանային ու Արփի Սահակյանին տեսա Նոր Գեղարվեստի նոր պատուհան-վիտրաժները ինքնամոռաց լվալիս, նույն ոգևորությամբ, ինչպես խաղում են Ատիի հետ։ Հետո իմացա, որ որոշել են աշխատանքը շարունակել նաև այսօր՝ կիրակի օրով։ Զանգեցի, ճշտեցի պահակ Ավետիքից, առավոտյան վերսկսել են աշխատանքը։

Explore More

Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած…

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։ Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք

Շաբաթագիր, որպես իմ 1462-րդ գիր ընդհատված…

Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան… Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով

Խոնարհ, ինչպես ծառայություն․․․

Այսօր իմ երիտասարդ գործընկերների հետ, Դավիթ Քոչունցի աշխատանքային նախագծով ես Եղեգիսի Արատեսում եմ՝ մեր դպրական կենտրոնում։ Ինձ հետ է Դավիթը Բլեյան, որ եկել է ձյուն-ձմեռ տեսնելու. կարոտել է ձմռան հիացումի…