Պիկասո՞ն… չէ, ամեն օր հանրահայտ դարձող մեր ութերորդցի Նանոր Հովհաննիսյանն է ասել, ես նրա բլոգում եմ կարդացել-կարդում-կկարդամ… Պիկասոյին ու այս շարքում մյուսներին էլ ես ո՞նց կհանդիպեմ-չեմ հանդիպի, եթե ոչ Նանորի ու իր ընկեր սեբաստացիների միջոցով. կարդան-դիտեն-փոխանցեն… Հազիվ էլ հասցնեմ, թե ոչ՝ ես կկորցնեմ իմ դիրքը, հայացքը առ Զանգի, որ ամեն անգամ հաստատում եմ հեծանվով իմ Զանգվի ավազանով-կիրճով-հոսանքով վեր ու վար անելիս, Սեյրան բարձունքից լուսանկարելիս… Ինչպես հիմա, առավոտ ժամը ութին. լավ չէր լինի, շատ վատ կլիներ, եթե ես այս բարձունքում, իմ քարի վրա չլինեի… Նախ՝ աչքերով իմ անցնեի մեր քոլեջի մաքրագործ արշավական-ուսանողների երեկ սանրած տարածքով… Շնորհակալ եմ, թե չէ տեղս չէի գտնում…
Առավոտ լուսո հայացք Սեյրանի բարձունքից…
Լուսանկարները` Աշոտ Բլեյանի:
Հետո նկարեմ այն, ինչ իմ գրում՝ 991-րդ հերթականում, այսպես լույսով կարող եմ այֆոնով նկատել… Կարելի է և այֆոնը միացնել, նստել քարին այս ու զրուցել… Թողնենք սա 1001-րդ գրից հետո՝ «Զրույցներ Սեյրան բարձունքից». գրավիչ շարունակություն է, չէ՞։ Եղավ պահ, որ գիտեի, թե Սեյրան բարձունքի քարն այս իմ գերեզմանաքարն է լինելու… Եկան Հարության օրեր… Մայրամուտին ես պառկած էի տաք այս քարին ու հեռացող արևի հետ իմ սիրախաղն ինձ այնքան լավ էր, որ չէի կարող-չէի ուզում կտրվել՝ բաժանում-մայրամուտը նկարելու համար… 1980-ականների հայտնի Կարեն Սահակյան լուսանկարիչը կհաստատի, որ Երևանի թիվ 10 դպրոցում, ուր ես աշխատեցի 5 տարի, ստեղծեցի հայագիտության ուսուցման ծրագիր-դասարաններ Հայաստանով մեկ, Հայաստանից դուրս՝ Ջավախքից-Արցախից, կրակված սրտով պատանիների համար. դպրոցում հանրակրթական գործում էր իսկական ֆոտո-կինոստուդիա՝ թղթային-ժապավենային… Ես էլ, որպես հայտնի արշավական-լուսանկարիչ, իմ նշանավոր-նախանձ առաջացնող «Զենիթով», որ ավագ եղբայրս էր նվիրել, սովորողների առաջն ընկած հայրենիով մեկ ճամփորդում ու սլայդաշարեր էի անում… Սլայդներով ուսուցում-պատում կար. վերադառնում էիր թափառումից, ինքնակորստի-գտնումի պտույտից, հավաքվում էիք որևէ խմբով, միացնում սլայդասկոպը (պրոյեկտո՞րը այսօրվա) ու կադրաշարով պատմում… Գործիքներն են փոխվում, Նանոր, սեբաստացիներ, մնում է ինքնարտահայտումը. եթե չես կորցրել-պահել ես դիրքը-հայացքը առ Զանգի, արվեստը, որպես հոգու հայելի որևէ ձևով կգա ու… «Այն մեզնից դուրս է հանում այն ինչը մենք չենք կարող խոսքերով արտահայտել»:
Սկսվեց երեկ մեր քայլքը առ Զանգի… Արգավանդով, նրա վարչական կենտրոնով, Գետափնյա գյուղով, Զանգվի աջ ափից ձախ անցումով, Կարմիր բլուրով վեր, գետին հակառակ, նոր դիրքի հաստատումով… Բան չմնաց ապրիլի մեկին. մեկնարկում է ապրիլը, օրացույց եմ ասել, ինձ նմանն անգամ շնչահեղձ կլինի… Մամա ջան, ինչքա՜ն ապրեմ, որ լինի խոստացածս մաքրումը Զանգվի՝ Մի տուտը Սևանի հանդարտ ծովումը, մյուս տուտը Արազի քրքրած ղրաղումը…
Աբովյանի հետքերով Զանգվի կիրճում:
– Խոստացել ես, պապ, ո՞նց չես կատարի, կկատարես,- կտրում է Դավիթ Բլեյանը… Ավագ քույրս՝ Նեկտարը հիմա մեր տանն է, Դավիթը՝ օրինական ուսումնական արձակուրդի մեջ, քանի՜ Բլեյան-Բազեյան-Հովհաննիսյան տեսած-կրթած Նեկտար հորաքույր-մորաքույր-ավագ հարս-քրոջս դիտարկման ենթակա… Խոստումնալից սկիզբ է:
– Պա՛պ, հա՛մ հորաքույր է, հա՛մ տատի՞կ…
– Գնա քեզ տատ գտի, Դավի՜թ, հորաքույր է… իմ քույրիկը ու վերջ:
– Մայրիկը Նեկտար է ասում, պա՛պ…
– Հա՛, Նեկտար ավագ քույրիկ, հայր-ա-քույրիկ…
Փայտե լեգոներով՝ մի կողմում թվանշաններ, մի կողմում տառեր-այլ նշաններ, լավ գործ գտանք. մեր բոլոր հարազատների ծննդյան թվերն է գրում Դավիթը… առայժմ քառանիշ: Անուն ենք ասում, որոշում, ծննդյան թիվը, ու Դավիթը գրում է-շարում լեգոներով 1900 (հայրս), 1955 (ես՝ տիարը), 1978 (Լիլիթ քույրիկը, Արմինե մայրիկը…), 2011 (-Ես, պա՛պ…), 2016 (Տաթևի Վահանը), 1873 (Ազիզ տատս)…
– Հո Հայաստանի 3մլն մարդկանց ծննդյան թվերը չե՞մ գրելու…
Սկսվեց… Սուրբ Երրորդության եկեղեցու բակից մեր Ավագ դպրոցի ուսուցիչների-պատանիների խումբը, սիրուն, ինչպես Աբովյանի Աղասին, սկսեց մեր Հայաստանի օրերը՝ կրթահամալիրի Բանգլադեշի օրերը Վրաստանում, «Հայ-վրացական Հանրակրթական կամուրջներ» նախագծով… Ապրիլի 10-15-ին էլ կլինեն Վրաստանի օրերը Հայաստանում… Ի՜նչ գունեղ ապրիլ է ստացվում: Գեորգի Մոմցելիձեն զանգեց Թբիլիսիից՝ մերոնք-ձերոնք են դարձել ու տեղավորվել բոլորը իրար տներում Թբիլիսիի: Հետևենք…
Սկսվեց… պարտիզապուրակային մանկավարժական կրթահամալիրային ճամբարների 1-ին օրը… Կազմակերպու՞մն է կարևոր… Ոչ, դիրքը պարտիզպանի, հայացքը «Կրթական պարտեզի» հարթակներով-լանջերով, քո անկյունը, քո պուրակը, քո տուտը-իզը բռնելը… Բահիդ-փոցխիդ (լուսանկարչական ապարատի պես մի բան է) հետ անջատվելը, կենտրոնանալը քո հայացքին ու… գնացի՜ր… Թե չէ ոչ մի լազաթ… Պարտիզպանի խաղաղվածությունը-վաստակը չես ունենա, ոչ մի արվեստ էլ չի գա, որպես հոգու հայելի, ու չի հանի մեզնից այն, ինչը մենք չենք կարող խոսքերով արտահայտել…
Ո՜նց եմ ուզում իմ գրի 1000-ին հասնեմ, ինձ հո խոսքը չի մենակ տրված…
Իսկ Արմինե Թոփչյանին շնորհավորելու լավ առիթ ունենք՝ մեր Թոփչիկ-խմբագրի առաջին խմբագրականը… Դու էլ քո 1000-ին հասնես, Արմինե ջան… Իմ գիրը փոխանցեմ քեզ։ Լավ է, իհարկե: Ճիշտ ես, Արմին, հասկացա… Լիլիթ Սահակյանի 6 տարեկանների այս մի ճամփորդությունը պլանշետով-կրթահամալիրի մի տարածքով չեմ փոխի տիարի 1000 գրի հետ… Առ քեզ մոտորիկա…
#991