Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը: Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ, բաս Նազլուն կարո՞ղ էր առանց Աղասուն կենալ, ասած խոսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՜լ:
Խաչատուր Աբովյանի հերոսն է խոսում՝ մեր Աղասին, ապրում էսպես, նշանավոր «Վերքում». ինչո՞ւ վերք Հայաստանի, ո՞րն էր այն, ինչպիսի ՞ ախտորոշմամբ-բուժմամբ՝ ըստ Խաչատուր Աբովյանի… Բուժվե՞ց վերքը Հայաստանի… Ո՞րն է վերքը Հայաստանի այսօր, ի՞նչ բուժում են առաջարկում-նշանակում ազգային ջոջերը մեր, ջոջերի հավակնորդ թեկնածուները այս ընտրական թեժացող փուլում… Հետևո՞ւմ ենք, կլինի՞ հետևել…
Ես Խաչատուր Աբովյանի հետ էի մտքերով, երեկ, երբ ինձ հարազատ Մարկոսյանների հետ հայոց քրիստոնեական կարգով հողին էինք հանձնում Արայիկ Մարկոսյանին՝ մեր ազնիվ-տոկուն Սուսանի հանկարծամահ եղած 44-ամյա եղբորը, սքանչելի սեբաստացիներ Եվա և Մերի Մարկոսյանների հայրիկին ու նշանավոր սեբաստացի շրջանավարտներ Սարգսի ու Թադևոսի հորեղբորը… Գերեզմա՞նն էր Զանգվի ափին, թե՞ շփոթված-մոռացված Աբովյանի նշանավոր գետը, որ ինչպես կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած… անցնում էր նորաստեղծ մասնավոր գերեզմանի երկայնքով՝ որպես ջրբաժան… Այն Զանգվի, որի մասին իրիկունը ուշ Քնարիկ Ներսիսյանի թատրոնի բլոգում՝ ուսումնական-անձնային տարածքում, կարծես առաջին հանդիպում պիտի կարդայի…
Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ. կաթնահա՛մ ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի՝ Մեծինն Հայաստանի:
Կրթահամալիրի Ագարակում:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:
Ամեն անգամ Աբովյանին ես առնչվում եմ այսպես, ինչպես Զանգվի տարածքի հետ, մի խենթ սիրահար, կարծես առաջին անգամ… Սուսանի ծննդավայր Սպիտակի Հարթագյուղի հասուն երիտասարդին ես սիրով ներկայացնում էի Զանգու-Հրազդանը` իր Երևանով, իսկ զուգահեռ սրան՝ Արգավանդի պատկառելի գրագետը ինձ մանրամասներ էր ներկայացնում հենց այստեղից մետրեր հեռու-օրեր հետո սկսվելիք նոր կամրջի ու ճանապարհի՝ հյուսիս-հարավի Արգավանդ-Բաբաջանյան, Կարմիր Բլուր-Նորագավթին ու Աշտարակին կապող շինարարության մասին… Մի հարցում բոլորս փաստի առաջ էինք, նույն կարծիքի, ա՜խ կքաշեր էստեղ Խաչատուրը մեր. Զանգու-Հրազդանը վերածել ենք աղբանոցի, փոխանակ շնորհքով օգտվենք էս պարգևից Բնության …
Կփոխի՞ սկիզբ առնող շինարարությունն այս մեր, ա՜խ, շարունակվող վերաբերմունքը Զանգվի նկատմամբ ու ինչպե՞ս կփոխի… Պիտի փոխի, եթե ․․․ ինչպես Խաչատուր ենք կանգնում՝ հայացքով դեպի Զանգուն․
Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեա՛զ.
Դեռ կանգնիք անմռո՛ւնչ,
Դեռ հայիք անշշո՛ւնջ:
Շնորհքի հարց է, ինչպես սեբաստացիներիս շնորհքի-կարողությունների հարց է այսօր, որպես կառուցումի նոր շրջանի մեկնարկ, Կրթական կասկադը, որ ձգվում է Կրթական պարտեզի արևելք-արևմուտքի առանցքով՝ Քոլեջից սկսած ու Նոր դպրոցով շարունակած, Վահան Ասատրյանի պուրակով՝ Մայր դպրոց… Այսօր մենք վարչական հավաքի ենք այստեղ Գրիգոր Խաչատրյան-Արեն Շահնազարյան-Կարինե Մացակյան նախագծողներով, սեբաստացի հաստատությունների ղեկավարներով, կրթահամալիրի Բանգլադեշի համար այս վճռական նշանակության կառուցումի-բարեկարգման-կանաչապատման, մի հսկա տարածքի ամբողջական ներառական միջավայրի ձևավորման խնդրով… «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու, Քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանը այս գործը ծավալուն՝ 2016-ին սկսած, քոլեջի ուսանողների-բնակիչների-սեբաստացիների հետ շինարարական ջոկատի գլուխ կկանգնի՞, իր առաջարկը որպես ելք իրականություն դարձնելով… Կա՞ ուրիշ ելք…
Շրջայցի լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի:
Երեկ առավոտյան քոլեջի ջերմոց-լաբորատորիայում հանդիպեցի Նոր դպրոցի հինգերորդցիների տեխնոլոգների խմբին՝ Շուշան Ալեքսանյանի և Շողիկ Պողոսյանի հետ, խանդավառ… Քիչ հետո նրանց տեսա կրթական կասկադի մի հարթակում՝ տարված իրենց պարտեզային ուսումնական նախագծով… Այսպես, ամեն օր, անընդհատ, ուսումնական նախագծային լուծումներով հարթակ առ հարթակ կամբողջանա-կկանգնի մեր Պարտեզը …
Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզում մոտենում է Արմինե մայրիկին ու ականջին.
— Մամ, փող տուր, փող եմ ուզում…
— Որ ի՞նչ անես փողը, Դավիթ ջան…
— Փող տուր, որ գրպանումս լինի… Այսօր մեր դասարանի Ավետը փող էր բերել… Կտաս, որ ինձ մոտ էլ լինի…
Մեծանում է Դավիթ Բլեյանը…նաև այսպես։
— Ո՞վ ա սիրում Թումանյանի շաուրման…
— Ես…,- ինքն իրեն խոսում-պատասխանում է Դավիթը…
— Ձեր պլանշետ-հեռախոսները ձեզ լինեն, չեք տալիս, չեմ ուզում…
-Դավիթ, դու պլանշետ ունես… Արմթաբ-ի հատուկ մակագրությամբ…
— Իմս ես նվիրել եմ իմ խմբին… մոռացե՞լ եք…
Չհավանեց-չկապվեց այդպես էլ իր գործիքին անհատական մեր վեց տարեկան ուսումնատենչը…
— Դե պիտի գնանք քեզ նոր գործիք առնենք ուսումնական… դու ընտրես…
Միջին դպրոցի օրվա հերթապահների լուսանկարները` Գոհար Եղոյանի:
Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան
#976