Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման

— Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ:
— «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում, — լսվում է մթության միջից մեր գժի կայտառ ձայնը:
— Ի՞նչ կա զարմանալի, իսկը հայրն է… Ինչի դու քնե՞լ ես… Դեռ պիտի գրես… Մամա ջան, ի՞նչ եմ անելու ես այս երկու գժերի ձեռքը:

Ներկայացնել պետք չէ այս կարծիքի հեղինակին, Արմինեն է՝ Դավթի մայրիկը, իմ շվարած-մոլորած կինը…

— Դավիթ, քեզ հաճա՞խ են Աշոտիկ ասում,- հարցնում եմ՝ կեսգիշերին մոտ հանելով Դավթի դրսի կոշիկները:
— Հա, ասում են՝ հորն է քաշել, ու ինձ սիրում են, հայրիկ…

Վաղ մանկությունից քիչ, շատ քիչ տպավորություններ են մնում, ամենուժեղը երևի… 5-6 տարեկան եմ եղել, երբ հորս, մեծ եղբորս հետ մեր մեքենայով անցել ենք Նախիջևանով… Մինչև Օրդուբադ… Հայրս, պատմել եմ, առևտուր էր անում Նախիջևանի թուրքերի՝ ադրբեջանցիների հետ և, աքսորից մեկ ոտով վերադարձած, ուսում չստացած նախագահ մարդը (մեծ եղբայրս էր հորս այդպես դիմում` նախագահ) մեր մեծ ընտանիքը պահել է այդ առևտրով, թուրքերի հետ ունեցած կապերով… Ես հիշում եմ մեզ գյուղեգյուղ կանգնեցնող, գույնով, ձայնով, խոսքով տարբերվող, իրար նման, բարի-պարզ մարդկանց` մեզ դիմավորողներին… Հայրս երկար պիտի իջներ մեքենայից, հենակներով էր ծանր… Ինձ, հիշում եմ, երկրորդ դռնից, հաճախ պատուհանից հանում էին…  ուժեղ ձեռքեր… Լայն բացվող դեմքով ժպտացող մարդիկ եմ հիշում…
— Մեր Շամխալի տղան է…
— Շամխալն էսքան փոքր տղա՜ ունի… Հոր նման խորոտ, սպիտակ տեսք ունի,- ու սիրում էին, կոնֆետ տալիս…
Հետո, որտեղ էլ որ ինձ ճանաչել են, որպես Շամխալի տղա, միշտ սիրել են, ընդառաջել… Ազգանունը և ճանաչված հոր տղա լինելը ժառանգություն է, որով ես հարուստ եմ եղել միշտ: Շնորհակալ եմ, նախագահ Բլեյան:

Իսկ իմ քունը, գրելու ռեժիմը նորից խառնվել է… հայտնվել եմ մահճում իրիկունն ութին (այստեղից է Դավիթը վերցրել մահիճը)… Օրն ավարտվեց, երբ ես դեռ այնքան անելիքներ ունեի…Արթնացել եմ կեսգիշերին մոտ…

Ինձ համար ամենակարևորը պարտեզ եկող Դավթի այս ինքնավստահ ինքնուրույնությունն է։
— Հայրիկ, դու գնա գործիդ։

Մեր սովորողների ծնողները մարդիկ են. հենց դրանով կարող են տարբերվել իրարից ու մյուսներից, ինչպես մեր սովորողները՝ նրանց երեխաները, կարող են և նման լինել մյուսներին… Մարդն եկել է առուտուրի, իսկ դու մանկավարժական խոսակցություն ես վարում… Ինչպես ես եմ հաճախ ասում, հայ մարդ են, կարող են անկեղծ չլինել… Երբ դու, երբ ես, երբ մենք, որպես կանոն, անկեղծ ենք մեր երեխաների հետ, անկեղծ ենք նաև իրար հետ հարաբերություններում… Հո շատ խուճուճ չստացվե՞ց սկիզբն այս: 

Մեկ օրվա պատմություն՝ ծնողների հետ իմ հանդիպումների մասին:

Երևանի պետհամալսարանի դոցենտ Արտակ Մովսիսյանը՝ բավական հանրաճանաչ ու գործուն հայագետ-պատմաբան, մանկավարժության մեջ իմ առաջին, հաջողված անշուշտ, նախագծի՝ հայագիտական խորացված ուսուցման դասարանների շրջանավարտներից է: Հիմա, երբ ութերորդ դասարանի իր Հրաչյա տղայի հետ կանգնած է Միջին դպրոցի գրասենյակում, ես, իհարկե, Արտակին եմ  հիշում. 9-րդն էր ավարտում, պիտի տեղափոխվեր Երևանի թիվ 10՝ հիմա Խրիմյան Հայրիկի անվան դպրոց՝ հայագիտական դասարանում սովորելու… Արտակի որոշման համար, իհարկե, ուրախ  եմ. հեշտ չի տրվել որոշումը, Արտակը, լավ է, նոր բնակարան է ստացել, բայց տղան ամեն օր Ծարավ Աղբյուրից Բանգլադեշ ճանապարհը պիտի անցնի, ինչպես ինքը` 1983-85-ին՝ ավելի երկար ճանապարհ։ Ափսոս, որ ես վարժարանում հիմա իրավունքի փոխարինող ուսուցիչ եմ, պարապմունք ունեի և չկարողացա Արտակին ու Հրաչյային ուղեկցել մեր Մայր դպրոցով, ներկայացնել այն: Մարիետ Սիմոնյանն ինձ մանրամասն պատմեց այդ շրջայցի մասին: Կուզեի: Այնքան շատ եմ ուզում, որ ամեն ինչ լինի Արտակ Մովսիսյանի սրտով… Հրաչյա Մովսիսյան, բարով ես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր… Կկարողանա՞նք Արտակն ու ես հարաբերվել նոր կարգավիճակով։ Իսկ կրթահամալիրն Արտակ հայագետի աջակցության կարիքը, իհարկե, ունի, և կրթահամալիրի Տոնի «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյաններ» նախագիծը, որով մեկնարկում է Տոնը, դրա համար լավագույն մուտքն է, իհարկե:

Մեր վարժարանի սաներ Հովհաննես և Լիանա Ամիրխանյանների մայրիկին, Բ-4 թաղամասի հավատարիմ բնակչին ու մեր նույնքան հավատարիմ միշտ երիտասարդ մայրիկին լավ եմ ճանաչում ու հաճույքով ողջունում եմ Մայր դպրոցի մուտքի մոտ. անակնկալ է նրա վշտացած տեսքը… Լավ է, որ ընդամենը Հովհաննեսի այսօրվա «մեծագործության» հետևանքներն է խորը տանում: Հովհաննեսը վարժարանում դասամիջոցին կռվել է իր նոր դասընկերոջ՝ Արմանի հետ: Տասներորդցիներ են: Տիար Գևորգի արձագանքը տեղին է: Մենք չունենք նորեկներ (եկվորներ) և հնաբնակներ (տեղացիներ), մենք սեբաստացիներ ենք բոլորս՝ այ, նոր, քիչ առաջ սեբաստացի դարձած 8-երորդ դասարանցի Հրաչյա Մովսիսյանով, նույն դասարանում մանկապարտեզից մեր սան Արեգ Ղալամքարյանով… Սա անխախտ սկզբունք է, և իմ լավ բարեկամ Հովհաննեսը, ում ես ճանաչում եմ Դպրոց-պարտեզի պարտեզային խմբից, դա լավ գիտի, ընտանիքով այս սկզբունքի  կրողն են: Մերն են, սեբաստացի, սա իրենց կրթահամալիրն է, գնալ չեն կարող — չեն ուզում, ողբերգություն է, և մայրը որպես ողբերգություն էլ ապրում է այն… Երևի, տիար Գևորգ, մենք մեզ հարազատ մարդկանց աչքով էլ պիտի նայենք՝ իրադարձություններին, դեպքերին արձագանքելիս… Ես շատ կուզեի՝ Հովհաննեսի մայրիկի այսօրվա ապրումն էլ կանխատեսվի-գնահատվի, որքան էլ Հովհաննեսի արարքն արժանի է ամենավատ գնահատականի, որին և՛ մայրն է համաձայն, և՛ Հովհաննեսը… Հովհաննեսի հետ իմ զրույցը կարճ տևեց. սա կոչվում է գործուն զղջալ: Մայրիկի հետ զրույցը կարծես երկուսս էլ կանխեցինք` իրար խնայելով. հարգանքի ամենագործուն դրսևորումը հենց իրար խնայելն է հարկ եղած պահին։ Մենք իրարից սրտանց ներողություն խնդրեցինք. մայրիկը՝ Հովհաննեսի արարքի համար (մոր մեղքը որն է՝ չգիտեմ), ես` Հովհաննեսի արարքի հետևանքով հարազատ մարդուն այսպիսի ցավ պատճառելու համար… Մենք բոլորս, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, պիտի ոստիկանը լինենք մեր աշխարհի կրթական անցուդարձի, բաց դռներով բաց սեբաստացիական մեր հասարակության՝ առանց պահակի, պատերի, կարմիր թևկապի… Սեբաստացիները մեծահոգի են, «ռազբիրատը», բռունցքը մեր գործիքները չեն մեր աշխարհում իրար հետ հարաբերվելիս: Հովհաննեսը սա գիտի, ընդունում է։ Վստահ եմ, որ այսպիսի աշխարհում 3 տարի ապրելու, զորանալու-զորացնելու գիտակցում-պահանջն է Արմանին Շենգավիթի թաղամասից բերել կրթահամալիրի Բանգլադեշ: Այո՞:

Անցուկը մոռցուկ լինի. սեբաստացիները ծովի նման են, ինքնամաքրվող-լուծող-նստվածքն ավազի ձևով պիտի դուրս շպրտվի, դառնա ծովին այնքան վայել մաքուր-մաքուր ու անվտանգ միջավայր:

Իմ երրորդ հանդիպումը պարգև է օրվա վերջում Մեդիայում, երբ ես վաստակած վերդառնում եմ Մայր դպրոցից. գիտեք, իմ ներկայությունն անհրաժեշտ է, որպես աշխատանք, Առնոլդին՝ մարզադաշտի տոնական ամբողջացման ու մեծ թենիսի հրապարակի նախապատրաստումն ավարտին հասցնելու, Ռուդիկ Սահակյանցին՝ ջեռուցման նոր համակարգերը բասկետբոլի և մարմնամարզության դահլիճներն ավարտին հասցնելու և Գևորգ Հակոբյանին` վարժարանի 3-րդ հարկի նորոգման աշխատանքները վերջացնելու համար… Եվ ինձ մոտենում է երիտասարդ հմայիչ նկարչուհի՝ Արմինե անունով: Ո՞վ կմտածեր, որ Արմինեն 3 երեխայի մայր է, երկուսը` սեբաստացի արդեն, մեր Գեղարվեստի կրտսեր դպրոցի նախակրթարանի, և մյուսն էլ, 2-րդ դասարանցի դաշնակահար, ուզում է դառնալ սեբաստացի… Այսպիսի առաջադեմ, հետաքրքիր, մանկավարժություն պատվիրող ու մեզ հետ իրենց մանկավարժությունը կազմակերպող-ստեղծող-տարածող ընտանիքների պահանջով ենք մենք ստեղծվել, կանք ու կլինենք… հանուն Հայաստանի Հանրապետության… Իսկ Մանուշակ Աբրահամյանի ու Հասմիկ Մաթևոսյանի բախտը բերեց՝  Մարատի նման սան ունեցան, Մանուշակի համար՝ 22-րդը, Հասմիկի համար՝ 14-րդը, էն էլ՝ Չայկովսկու դպրոցի սան…

Ինձ այսօր արդեն նախկին սեբաստացի ծնողներ խոցեցին գործողությամբ, որի առաջ ես անպաշտպան եմ՝ ծնողական կեղծիքի… Հա, մենք բաց ենք, հա, մենք ուրիշ ենք հայաստանյան հասարակությունից, բայց մենք Հայաստանում ապրող մարդկանց կրթության ազատ ընտրության  իրավունքի ապահովող ենք, մենք մեզ չենք գերադասում, պետականին այլընտրանք ենք ներկայացնում՝ որպես հեղինակային կրթություն… Երևանում այնքան շատ են պետական կրթական ծրագրով՝ շենքով, տնօրենով, ուսուցչով, առանձնահատուկով, ձեր անցած դպրոցի ճանապարհով. ձեր երեխայի հետ անցեք դպրոցական 12 տարիները… Եթե այդքան լավն են դրանք, դա է ձեր ընտրությունը, ինչո՞ւ եք շտապում, ուզում օր առաջ ավարտել… Գրիգոր Խաչատրյանը կասեր, որ շո՞ւտ մեռնեք: Գնա հեռու, չար սատանա, հայ մարդու կեղծիք… Մենք պիտի հետևողական մեր գործով զբաղվենք. մեր մանկավարժական գործով… Նունե Մովսիսյան ջան, և էս մարդիկ ուզում են իրավական երևալ. անբարոյականությունն իրավական ցնցոտիներով կլինի՞… Կրթահամալիրում՝ երբեք: Մենք Հեգել փիլիսոփային հավատարիմ կգործենք՝ բարոյականությունը մեր կամքի բանականություն դարձրած:

Լոշիկ-թխիկը այսօր Դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում էր։ Տեսեք՝ ինչ ուրախությամբ է այդ գործն անում իմ հացթուխ Սոնուլիկ-թոռնիկը։ 

One thought on “Ինչ է մնում, երբ մոռացվում է դպրոցում սովորածը”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոնց որ այլ մոլորակում, բայց մեզ գտած…

Սեբաստացի այս տարվա շրջանավարտներ, հայտնի Մարտին-Արբի դուետը հայտարարված երգացանկով ելույթ է ունենում Մայր դպրոցի մեծ պուրակի նոր բացօթյա էստրադայում… Նրանց անդրանիկ խտասկավառակի շնորհանդեսն է, կրթահամալիրի ավագ դպրոցի համար՝ հերթական։ Ես

Կանաչ ուղով, Արտենիով, թթուդրեքով, խինդով, համայնքային պատրաստուքով դեպի Տոնը մեր…

Աղմուկով վանող ու ծխախեղդ փողոցները բռնած մեքենաների խժդժով ինձ դիմավորեց 2799 տարեկան մարդ-քաղաքը, երբ ես խաղաղ-վաստակով օրվա, հեծանվով անցա Հաղթանակի կամրջով-Իտալականով-Հանրապետության հրապարակով ու Վերնիսաժ-Խանջյանով Չայկովսկու փողոց, մեր տուն։ «Երևան ջան»

Մեզ համար ամեն ինչ նոր է…

Վերնագիրը քոլեջի Արտբզզանինն է… Մեր քոլեջի նոր սովորողների համար կրթահամալիրում ամեն ինչ նոր է, գրավիչ։ Իսկ քե՞զ համար, ընթերցող… Մեր տան լույսերը գնացին. իրիկունը ինն անց էր, քնեցի, իմ օրինակով