Բանավոր թե գրավոր, հատկապես բանավոր, սեղանի շուրջ իմ հասցեին հաճախ է հնչել «խիզախ» որակումը, սրա հոմանիշ «համարձակը»… Չնայած իմ ականջը «խիզախն» ու «համարձակն» իրարից տարբերում է… Սրանով մարդիկ հաճախ ինքնապաշտպանվում են. իբր խելքի-ընդունակության պակաս չկա, գիտակցումն արարքի տեղում է, էլի դրական բաներ կան, ասենք՝ պատասխանատվությունը, բայց ահա պայմանները, որում իրենք հայտնվել են, թույլ չի տալիս գործել-խիզախել, իրենք ավելի զգույշ են, ընտրում են զգույշ-հաստատ ճանապարհ… Վիրավորական-մերժելի է, երբ եզրեր են գտնում տղայականի հետ… Ես փողոցից-հայաթից-բակից ոչ միայն չեմ խուսափել, այլև ինձ լավ եմ զգացել, լիդեր եմ եղել, շարունակ արկածների մեջ, բայց բռունցքով հարցեր չեմ լուծել, «ռազբիրատներից» խորշել եմ, չեմ հայհոյել, չեմ ծխել, չեմ խմել… Հիմա մտքիս եկավ «Խիզախելու կարողությունը» մանկավարժական հոդվածը: Կարդանք միասին, որ շարունակել կարողանամ: Նախաձեռնողունակություն՝  այո, հնարը գտնելու-վիճակ փոխելու, գործողություն՝ իհարկե, ողջ ուժերի համախմբում ճեղքել կարողանալու պատասխանատվություն՝ անշուշտ, անսահման-անենթակա քո կարգավիճակի գերակա առաջնորդությամբ…

Մեր իրականության հաղթահարումը պահանջում է, ենթադրում է սովորական մարդու խիզախ դրսևորումներ…

Իզմիրի տիեզերագիտական ճամբարում Մարիամ Մանսուրյան և Էմիլեա Սիմոնյան սեբաստացիների ելույթն այս շարքից է. բազմազգ ճամբարում ավարտական հանդեսին երգել-պարելը, ֆիլմեր ցուցադրելը հաստատված բաներ են, ինչպես, օրինակ, տարիներ առաջ մեր Վաղինակի ելույթը, բայց, ա´յ, վերցնել ու մարմնամարզական անպաճույճ հնարներով հանդես գալ հարգարժան «պուբլիկայի» առաջ՝ խիզախ է, իմ կարծիքով. կեցցե´ք, աղջիկներ: «Սեբաստիա» մարզահամալիրի խաղադաշտերի կառուցումը, երբ չունես նյութական միջոցներ ու հատկացումներ, երբ քեզնից դրա կառուցումը չի էլ պահանջվում, խիզախ ձեռնարկ է, բայց այս մեծ ծավալի մեջ ինձ զբաղեցնում են խիզախ լուծումները՝ անաստիճան, անեզր, անցանկապատ, անբերան, անասֆալտ, անարգել… Սրան ավելացնենք ստեղծագործ երևակայության մի հոմանիշը՝ «կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողությունը» (Ջ. Ռոդարի

Խաղադաշտերի կառուցումը սրանով, ընկեր-սեբաստացիներ, չի ավարտվում. սկսվում է նոր կրթական միջավայրի՝ բացօթյա խաղադաշտերի ամբողջականության ձևավորումը, որ ենթադրում է անընդհատ ուսումնական աշխատանք ու խիզախ լուծումներ, որ նախաձեռնողականության տարածք է բացում յուրաքանչյուրի համար: Երեկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք կարևորում են ՀՀ բանակի ու կրթահամալիրի այս ձեռնարկը, սատարում դրան՝ ստանձնելով մեծ թենիսի խաղադաշտի կառուցումը… Անակնկալ էր ՀՀ հանրապետական զինկոմիսար գնդապետ Մուրադյանի գործուն հետաքրքրությունը կառուցվող խաղադաշտերով… Նրա ներկայացուցիչներն այս օրերին բարեխիղճ ու գիտակ ուսումնասիրում են կառույցը, նրա զարգացումը և իրենց մասնակցության ձևերը: Գտնվեցին, կգտնվեն քաղաքացիական կրթության մեջ ռազմա-մարզական բաղկացուցչի կազմակերպման ոգևորող ձևեր, որոնք ենթադրում են գործընկերության ծավալում։

Գիտե´ք, ասել-գրել եմ բլոգապատման մի քանի էջում՝ պարզունակ լուծումները վտանգավոր են ու շեղող… Մեկ-երկու-երեք տարի կորցրեցինք՝ մեկը կգա ու ողջ գործը կանի, մերը սպասելն է, կոչեր-խնդիրներով դիմելը… Երբ խիզախեցինք-սկսեցինք կառուցումը, պաշտպանության նախարարության նման հուսալի և կարող գործընկեր ունեցանք… Հիմա՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը:

Ո՞նց անենք, ինչ անենք, որ այս պատում-գիրը կարդա ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեր մինի ֆուտբոլի դաշտն այս ծածկով անցած բան է: Գուցե հնարավոր է 2014 թ. ավարտին գտնել խնայված-լրացուցիչ միջոցներ ու կրաթահամալիրին 25-ամյակի առթիվ պատշաճ խրախուսել նոր ծածկով՝ սրանով նորից կարևորելով և խթանելով պաշտպանության և հանրակրթության համագործակցության տարածումը։

Ինձ, օրինակ, հանգիստ չի տալիս լողափնյա վոլեյբոլի բաց խաղադաշտի կառուցման շարունակ ձգձգումը… Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. ինչու՞ չի կարող վոլեյբոլի պատանեկան ակումբը Ծովազարդում (նախկին Մուխան) գտնել սրա լուծումը: Խիզախե´ք, Անդրանիկ Մանուչարյան ու ընկերներ:

Ամենաշատն ուրախացնում են կրթահամալիրի ու թիվ 183 դպրոցի շրջանավարտ-ծնողները, ովքեր հայտնվում են անհայտությունից՝ երեխայի ձեռքը բռնած: Լսեք նորից. լավն այն  դպրոցը չէ, որտեղ սովորել ենք մենք կամ մեր երեխաները։ Լավն է այն դպրոցը, որտեղ իրենց ազատ ընտրությամբ կգան սովորելու մեր շրջանավարտների երեխաները… Ա´յ, Մաթևոսյան Լիլիթի նման… Մեղավոր եմ, սիրելի Սատանա, չճանաչեցի, քանի՜ տարի է անցել: Բայց ճանաչեցի 4 տարեկան դստեր՝ Նարեի կերպարով… Տեսարան՝ չորս տարեկան Նարեն, բարեհամբույր-խաղաղ հոր աջակցությամբ, միայնակ նվաճել էր Դպրոց-պարտեզը… պատմում էր ու ցուցադրում… Ճիշտ ու ճիշտ իր մայրիկի նման, որի անունը մտքումս շարունակ փոխարինվում էր դպրոցական տարիների իմ դիմելաձևով՝ իսկական Սատանա… որ կարող է հայտնվել ամենուր, միշտ սպասված-հետաքրքիր…

Ցավոտ է. չես փախչի։ Հերթական ինքնասպանությունը՝ երիտասարդ կնոջ, չորս երեխայի մոր… Գնդեվազում… Ընդամենը երկու օր առաջ՝  Արարատի մարզի Նորաշենում նորից երիտասարդ կնոջ: Քրեական գործ կհարուցվի, թղթեր… շատ թղթեր (գործով նյութեր կհավաքվեն)… հետո գործը կփակվի: Ախր սկզբից էլ պարզ է՝ դիտավորյալ կամ անզգույշ սպանություն չէ: Լև Տոլստոյի խոսքերն են՝ բոլոր երջանիկ ընտանիքները միանման են, յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի…

Այս յուրօրինակ դժբախտությունները մեր իրականության մեջ այնպիսի քանակ են կազմում և հրամցվում այնպիսի պարբերականությամբ, որ սովորականության սինդրոմ են առաջացնում… Սովորական է դարձել մեզանում մեր ժամանակակցի ինքնասպանությունը: Սա, սրանց քանակն ու էությունը թիվ 1 ցուցիչ են, ինձ համար, հասարակական վիճակի… Խաղադաշտի կառուցման դժվարությունները հաղթահարելի են ու իմաստավորված, եթե հասարակությունը ապրում է, ծնում է, խիզախում է, չի ինքնասպանվում…

Տաթև Բլեյանը՝ Դավթի քույրիկն ու նրա անմիջական ղեկավարը Դպրոց-պարտեզում, գիտե ինչ նվիրել՝ Դավթի համար ամենակարևոր իրերն արագ ընտրելու և ուրախացնելու (թե՞ ուրախանալու) համար. հանկարծ Լիլիթ Բլեյանն իրենից առաջ չընկնի… Ճոճվող եղնիկ-փայտե ձիուկը, հեծանիվը… բետոնախառնիչ մեքենան… Ես ամենաշատը գնդակ ու ներկեր-ներկելու-թղթեր, վրձիններ եմ սիրում նվիրել… Նվեր ընտրելու վարպետ է մեր Նառա Նիկողոսյանը, ով երեկ վերջապես ժամանեց իր ամենամյա արձակուրդային շրջագայությունից։

Հարցնում ենք երեկ, երբ Լիլիթն այցելել է իր Սոնայի և Արաքսիկի հետ, կարճատև, ի մեծ ցավ Դավթի, ինչ նվեր կուզի…
— Սոնան իմ նվերն է, հայրի´կ. թող գա վաղը, խաղանք:

Միասին լինելը, շփումը, իրար տեսնելը չէ՞ ամենամեծ նվերը, ինչո՞վ այն փոխարինես և ինչո՞ւ փոխարինես…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թթվասելուկով թթվածես… Տոն, որին սպասում ենք

Հա, սեբաստացիների տոնը սկսվում է թթուդրեքով… Առանց թթվի ի՜նչ հարիսա… Իսկ որպեսզի թթուն թթվի, այն պիտի դնես… ինչպես Մարինե Մարտիոսյանը՝ իր օգնական սովորողների ու նրանց ծնողների հետ՝ որպես ուսումնական աշխատանք… Թե

Ճամփից՝ բարձունքից, ետ կանգնել չկա

Կարևոր մի խորհուրդ, որ սեբաստացիներով հաստատեցինք մայիսի 28-ի Հանրապետության օրով, մեկ հղումով դնում եմ, տասնյակից ավելի բարձունքի նվաճում «Հայացք բարձունքից» ուսումնական ամենամյա  նախագծով «Հանրապետության օրվա տոնին» հեղինակային մանկավարժությամբ ստեղծված մեր  մասնակցությունը.  նահանջել, օրը

Ավելի ու ավելի հուսադրող, ավելի ու ավելի մոտ իրար՝ որպես հարազատներ

Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։