Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ էլ Սյուզի Մարգարյանը շարունակո՞ւմ է օրվա գրի ընթերցումը, որպես նորօրյա աղոթք (Պարույր Սևակի համանուն ստեղծագործության անունն է, ինչո՞ւ կրկին-նորից չկարդալ այն), բայց հավատալիքի մոգական ազդեցության նորանոր նշաններ է ցույց տալիս… Հայտարարել եմ, չէ՞, առտու 5-7-ը անել օրվա շարադրանքը և հրապարակել այն երեկոյան 5-7-ը, ամեն օր, անխափան՝ չջոկելով շաբաթ-կիրակին, տոնը-արձակուրդը, աշխարհագրական վայրերը… Հենց խախտվում է այս պայմանավորվածությունը, մի ուժ սկսում է խառնվել ու խառնել, անգամ, պատժել…

Նախավերջին նախազգուշացումն Արցախից ետ գալիս էր՝ Լիլիթ Բլեյանի համերգի օրը։ Ես ուղարկել էի օրվա գիրը ճանապարհի ու համերգի սկզբի արանքում, բայց իմ խմբագիր համահեղինակները՝ Սուսան Մարկոսյանն ու Սուսան Հովհաննիսյանը, ևս հրավիրված էին ու մասնակցեցին Լիլիթի համերգին, և գիրը մնաց թողարկելու… Համերգից առաջ խաղաղ, չոր եղանակ էր՝ անամպ երկնքով… Երբ դուրս եկանք, եղանակն այլ էր, ամպրոպ ու անձրև… Ահա մենք շտապեցինք թողարկել գիրն օրվա արդեն կեսգիշերին, ու եղանակը խաղաղվեց, կայունացավ… Երբ կասկածում ենք, մի բան ուզում ենք ստուգել, դիմում ենք Սուսան Մարկոսյանին. դիմեք:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ հոկտեմբերի 26-ի (կիրակնօրյա) գիրը բացակայում է… Սրան չէր կարող փոխարինել հոկտեմբերի 27-ի ողբերգության առիթով շատ տեղին հրապարակումը՝ «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը», որ, շնորհակալ եմ կրկին Սուսան Մարկոսյանին, իմ «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից հրապարակեց:
Ես, բոլորիդ համար անակնկալ, գամվեցի անկողնուն… Տարիքի հետ սնահավա՞տ եմ դառնում… Էլ ի՞նչ…

Արցախից վերադառնալիս շատ դադարներ ունեցանք։ Ես այդպես էլ չեմ հասկանում, թե իր գյուղով անցնող փողոցում գյուղացին նույն ապրանքն ինչո՞ւ է նկատելի թանկ վաճառում, քան Մալաթիայի գյուղմթերքի շուկայում է: Ա՛յ սառնակունքցի տատիկ, 500 դրամանոց ավելուկի կապն ինչո՞ւ է 1000 դրամ. իմ նման միամիտ, գնից անտեղյակ մարդկանց թիվը Հայաստանում մեկ տարում կրկնակի շատացե՞լ է: Կամ սունկը՝ դույլով… Ինչ չեմ սիրում՝ որ սակարկման համ ու հոտը, խոսք ու զրույցը մոռանում են. տնաշեն, հո ինչ-որ մի սեփականատիրոջ անիրավունք վաճառողը չե՞ս, քո ապրանքն է, քո գյուղը, քո գնորդը դարձրու, քաղցր-մեղուշ… Բա ապրանքի փաթեթավորումը, բա շրջապատը, բա դժգոհ մռութը… Հենց իշխանավոր տեսնի, թևերը վեր կբարձրացնի ու տեսախցիկի դեմ կպարի… Չէ, մարդ չդարձավ էս մեր գյուղացին էլ,- մոտավորապես այսպես կբացականչեր Հովհաննես Թումանյանը. ինքը (գյուղացին) համոզված է, որ բարեգործություն է անում, ինձ նման հեշտ ապրողն էլ դեռ պահանջներ է ներկայացնում:

— Եկանք-եկանք՝ ո՞ւր հասանք,- շարունակ հարցնում է Դավիթը, որ չհավանեց մեր առևտուրը, ասել է թե՝ գյուղացու մուննաթը… Չի իջնում, չի մոտենում. ցուցանիշ է, մնում է մեքենայում… Զանգակատուն գյուղում՝ Պարույր Սևակի ծննդավայրում, փողոցում առևտուր անողները մայր ու որդի են, որքան հասկացանք… Ու մեկ էլ այս հիսունին մոտ տղամարդը թե՝
— Դուք Բլեյանն եք…

Եվ ի՞նչ… Ես կյանքով գիտեմ, որ իմ գործոնը գինը բարձրացնող է. մարդիկ համոզված են, որ ես, գոնե միլիոնատեր եմ, և մի քիչ փախցնելու առիթն ինչո՞ւ բաց թողնեն: Ահա ինչու՝ ես շուկա, խանութ հազվադեպ եմ մտնում. հա՛մ գներից գլուխ չեմ հանում, հա՛մ խառնում եմ ապրանքի լավն ու վատը վաճառողի իմ ընկալման հետ, հա՛մ էլ՝ գլխավորը, չեմ սիրում, որ խաբում են…
— Այդ դո՞ւք եք մեր Սևակին քննադատել, կպել… ժամանակին…

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող, նախ, այս մի բուռ մորդ, ցուրտ է, փողոց է, թող տանը՝ թոռների ու տան գործերի հետ: Դու շիտակ կանգի, ապրանքը վաճառի… Ես փնտրում եմ գաղափարի մարդուն նրա մեջ.
— Որտեղի՞ց գիտես, ի՞նչ ես լսել,- օրագրիս ընթերցող է հայտնվել, չնայած օրագրի հոկտեմբերի 10-ի համարում,կարդացեք, ինչ եմ գրել…
— Չէ, ինձ ասել են… Ես կարդալու հավես-ժամանակ չունեմ. մեր գյուղացին է Սևակը…

Ահա այսպես են թասիբին կանգնում. իրենց սեփականությունն է, դուք պիտի պաշտեք… «Նորօրյա աղոթքի» հեղինակն իրենց գյուղացի Սևակն է…

Ու ես հիշեցի Մուշեղ Գալշոյանենց գյուղը՝ մեր Աբրահամ Հովհաննիսյանի ծննդավայրը նաև…

Ամեն տարի Մուշեղի ծննդյան օրը ես, իմ դպրոցը հայագիտական հատուկ ներկայացումով-ծեսով այցելում էինք Թալինի Կաթնաղբյուր… Համերգ-հանդիպում-տոնախմբություն… Ես չգիտեմ՝ Կաթնաղբյուրում, Մուշեղի մերձավորները թող ներեն ինձ, իմ չափ Գալշոյան կարդացած, Գալշոյան փոխանցած, Գալշոյանի կորուստը մեր գրականության ու իրականության համար սգած մեկը կա՞: Առիթ է. առաջարկում եմ կարդալ-վերընթերցել Մուշեղի «Մարութա սարի ամպերը» ժողովածուն. ի՜նչ լեզու է, ի՜նչ աշխարհ, ավա՜ղ, կորսվող…
Եվ, ահա, մութին, երբ մեծ դահլիճային հանդիպումից հետո դուրս ենք եկել ու գյուղի փողոցներով իջնում ենք, մի ձեռքի հարված ստացա մեջքից ու… մթության մեջ փախավ-կորավ «էրգրապաշտը»…

Իմ օրվա գիրը «լեգո» գիր չեղավ, այլ լաբիրինթոսից դուրս գալու մի փնտրտուք…

Նոյեմբեր ամիսը, գիտեք, իմ ամիսն է։ Տրամադրությունը, որ ունենում եմ այս ամսին, Հ. Թումանյանի «Պատրանք»-ով և Կոմիտասի «Չինար ես» երգով է արտահայտվում… Բակունցի «Միրհավ»-ով… Ուզում ես առանձնանալ ամենահարազատներից անգամ ու քայլել. ոտքով՝ անծանոթ ճանապարհ, անտառ, բարձունք հասնել… Տաք-հարմար հագնվես ու քայլես երկա՜ր, անշտապ, քո ականջում մնացած էն զիլ ձայներով միայն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինձ անակնկալ է սպասվում

Ինձ անակնկալ է սպասվում։ Ես, գիտեք, բրինձ, բրնձով փլավ, շիլա, ապուր շատ եմ սիրում… Բ-4-ում էլ համով են պատրաստում, ինչպես անցած անգամ՝ Հիմնականում, դրանից առաջ՝ Գեղարվեստում… Այստեղ ինձ էլ, ձեզ

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման

Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Գնում են պարապելու. Շուշանը Հայաստան հո չի՞ եկել՝ ման գալու-արձակուրդ անցկացնելու,