Առանց ֆուտբոլի հարմարավետ դաշտի՝ լավ դպրոցը կլինի՞։ Չի լինի… Կհարցնի ու կպատասխանի սեբաստացին…
Օրեր առաջ Արևմուտքի դպրոց-պարտեզում մեր բացօթյա հանդիպումը շարունակություն ունեցավ։ Ֆուտբոլի մինի դաշտը մեր ուժերով իրականություն է դառնում. տանտերերի գործն է, ու մեր ձեռքին՝ օրացույցը. թույլ չենք տա, որ ուրախության օրը տեղափոխվի հաջորդ շաբաթ, հատկապես, որ Դավիթ Բլեյանը իր սիրելի գնդակը երեկ տարել է դպրոց… Արմինեն ու մեր տունը լավ պրծան… Հերթի է Արևելյան դպրոց-պարտեզը. այսօր առավոտվա իմ հեծանվային շրջայցով տեսանք, որ աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հյուսիսի դպրոց-պարտեզում ելք են գտել՝ իրենցից կախված լուծում։ Ուսումնական նախագիծը, որ Հյուսիսի դպրոց-պարտեզի ֆուտբոլասեր-դպրոցասերները ներկայացրել էին իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի հավանությանը, 2019-ի մեր գործունեության տրամաբանությունից է բխում, կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Քաղաքի-համայնքի իսկապես չօգտագործվող-լքված մի անկյունն իրենց ուժերով դարձնում են հարմարավետ ֆուտբոլի դաշտ, օգտագործելի խաղահրապարակ՝ հարևան մանկապարտեզի ու թաղամասի երեխաների համար… Իսկական ուսումնական նախագիծ, որպես իրենց ներդրում կրթական պարտեզի 2019-ի զարգացումներում… Ոչ միայն հնարավոր է, այլև նվեր՝ մեզ ու մեր համայնքին, պնդում են կրթահամալիրի Հյուսիսում… Իմ հեծանվային շրջայցին ես տեսա, որ ճիշտ են ասում. այդ դաշտում տեսա ֆուտբոլ խաղացող սեբաստացիներին։ Ֆուտբոլի դաշտ՝ արդեն մեծ, կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցի, քոլեջի պատանիների համար, «Սեբաստիա» մարզադաշտում կկառուցենք ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, որպես մասնակցային ուսումնական նախագիծ… Չեմ ասում… սկսեցինք, քանի՜ անգամ դա ասել ենք, ուղղակի հիմա իրավիճակ է փոխվել:
Երեկ կեսօրին կարևոր հանդիպում ունեցանք մշակույթի նախարարությունում, փոխնախարար Վահե Բուդումյանի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի մասնակցությամբ. ունենք նախարարության աջակցությունը «Մասնակցային ճարտարապետություն» նախագծի 2019-ի զարգացումներում։
Հետո Բուզանդի փողոցում մեզ միացած Դիանա Նազարյանի պարսկերենի ակումբի սեբաստացիների հետ, Ռոբերտոյի մասնագիտական ուղեկցությամբ պտույտ արեցինք Կոնդով՝ օգնելով պարսկերենի ակումբին կարևոր քայլ անելու իրենց նոր նախագծի՝ Թափաբաշի մզկիթ-հուշարձանի ճանաչման-վերականգման ուղղությամբ…
Կոնդում
«Շաբաթը Ռոբերտո Ռավալիի հետ» քրոնիկոն-ամփոփումից հետո Ռոբերտոյի հետ շրջայցով անցանք կրթահամալիրի Մայր դպրոցից Արևելքով Գեղարվեստ։ Ռոբերտոն մեզ չէր սիրաշահում, երբ Կրթական պարտեզի կրթական կասկադը ճանաչելուց հետո հայտարարեց, որ այսպիսի խիզախ, ինքնավար-մասնակցային-շարունակական-հետևողական լուծումների ինքը չէր հանդիպել:
Իսկ Հյուսիսում՝ Ռոբերտոյի կացարան դարձած «Գեղարվեստի հարթակ» ակումբում ինձ, Ռոբերտոյին ու Վիգեն Ավետիսին անհամբեր սպասում էր 5-րդցի Սոնա Սարգսյանը իր նոթբուքում՝ էկրանին, իր ձևավորած, նոր հագուստը՝ կարած-հագցրած Կրթական պարտեզ բնակելի արվարձանի Րաֆֆու 47, 48 հասցեով շենքերին… Ա՛յ քեզ ինքնազարգացող-ինքնավար մասնակցային նախագիծ… Սկսել ենք ընդամենը օրեր առաջ, իտալացի մեր գործընկերոջ մասնագիտական աջակցությամբ, ու տեսեք՝ սկսել է համակել սեբաստացի սովորողներին… Իսկ նրանք շատ են ու շատանալու են… յուրաքանչյուրն իր ազատ ընտրությամբ, իր թվային միջոցով, շենքի բնակիչներին մասնակից դարձնելով հունիսին օրացույցում մեր սկիզբ-առնող հայ-իտալական քանդակագործության-ճարտարապետության ու շրջակա միջավայրի դիզայնի բաց փառատոնին…
Ռոբերտոն հիմա, երբ կարդում եք իմ այս պատումը, իր քաղաքում է, Իտալիայի Ֆաենցայում, որ հայտնի է, ըստ Վիգեն Ավետիսի, կերամիկայով, կամ հասցրել է հանդիպել Ֆլորենցիայի մեր գործընկերոջը՝ Մասիմո Լիպիին՝ փոխանցելու Աշտարակի հրապարակից, իր հեղինակած կոթողից մեր այս ողջույնը։ Այնքա՜ն բան ունի պատմելու-փոխանցելու-տարածելու խիտ օրերով մեկ շաբաթվա իր տպավորություններից Ռոբերտոն… Բազմազբաղ, հայերեն չիմացող, առաջին անգամ Հայաստանում գտնվող ճարտարապետը այնքա՛ն ուշադիր էր մեր մշակույթի նկատմամբ, մեր այսօրվա կյանքին, նրա փոփոխություններին իտալական կողմի լիարժեք մասնակցության համար… Այնքա՛ն խնամքով նախապատրաստվել էր հայաստանյան ճամփորդությանը… Երեք բան առանձնանում է. մեկը կա այս գրում՝ իր ոգևորվածությունը մեր համերաշխությամբ-խիզախությամբ, մեր միջավայրի, մեր կյանքի ուսումնական ինքնավար լուծումներով… Հիացմունքը մեր Պատարագով, որ կիրակի օրը Սուրբ Գայանե եկեղեցում միասին ծայրից ծայր լսեցինք ուշադիր, ու արական երգչախմբի մասնակցությամբ տպավորվեց… Ոգևորությունը մեր «Կայծերի» ծիսական-ավանդական պարերով ու մեր ուսուցչական երգչախմբիգոյությամբ, նրա մի փորձին մասնակցությամբ… մեր մշակութային ինքնատիպությամբ, որ առօրյա կազմակերպում է ստացել… Կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներն իրենց «Կայծերով» զարմացրին-հիացրին մեզ հարազատ դարձած մարդուն՝ Ռոբերտոյին, ուղեկցող սեբաստացիական խմբին…
Քոլեջում կրթահամալիրի մեզ դիմավորեց երկուսուկես տարեկան դարձած Վահան Սերոբյանը, որ հեծանիվով քշեց Աշոտ պապիկի վրա… Իսկ երեկ տանը, արջի թաթով խփել է խոհանոցի պատին. սա հիմնական պա՞տ է… պապի՜ թոռը: Քոլեջի գինու լաբորատորիայում սեղանի վրա բարի ճանապարհի մեր ստեղծած գինով բաժակներն էին…
Հարավային դպրոց-Մայր դպրոց ճանապարհին: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
#1619