Ավելի լավ է՝ նախ դու նրանց սովորեցնես, թե ինչպես է ծաղկում ծաղիկը… Ե՞ս եմ ասել, միշտ սքանչելի Ռուզան-Սյուզի Քանանյաններ, ձեր անմոռաց ժպիտներով, համը չկորցնող տոլմայով, ընտանեկան, տեսնո՞ւմ եք՝ չմոռացվող միջավայրով… Ու շարունակում եմ ասածս՝ ձեր աճեցրած, ձեր հավաքած սերմով, ծիլ ու տունկ դարձրած ծառի, ծաղկի-ծաղկունքի միջով ձեր բացած հարթակից Արարատի վեհությամբ զմայլվելու, ձեր գրոհած Արագածի-Աժդահակի-Խուստուփի-Արայի-Հատիսի գագաթներից հիանալու ոտքերի տակ փռված աշխարհով՝ ժառանգորդ-պահապան-փոխանցողի հասունությամբ ու խաղաղությամբ… Ոսկի դա՞ր, ասում եք… Վստահեցնում եմ՝ Բլեյանի դպրոցի ոսկի դարը նոր-նոր սկսվում է, ու ձեր անելիքի, բոլոր կարգի սեբաստացիներ, շրջանավարտներ, կարիքը կա այսօր էլ: Գտե՛ք ձևը, չափը. գործե՛ք, մասնակցե՛ք այդ, թող լինի այդպես, նո՛ր ոսկեդարի կայացմանը:
Զորիկ Հակոբյան
Բարև Ձեզ, պարոն Բլեյան, ցանկանում եմ երեխաներիս ուղարկել Ձեր դպրոց։ Միակ խնդիրը հեռավորությունն է։ Առաջին դասարանցու համար ժամանակային առումով շատ դժվար կլինի Ավան համայնքից մինչ Ձեր դպրոց հասնելը։ Չե՞ք ցանկանում արդյոք ևս մեկ դպրոց բացել քաղաքի այս մասում։
Հարգելի Զորիկ Հակոբյանի այս մտահոգություն-առաջարկի նման դիմումներ՝ տարբեր խողովակներով, չեն դադարում հասնել մեզ. սրա պատասխանը՝ որպես մեր քաղաքացիների կրթության ընտրության (և՛ ձևի, և՛ բովանդակության) անօտարելի իրավունքի ապահովմանը, մեր հեղինակային մանկավարժության տարածման-մատչելության ընդարձակմանն ուղղված գործողություն, ընդգրկված է կրթահամալիրի զարգացման ծրագրերում՝ 2017թ., 2018-2020-ի պետական միջնաժամկետ ծրագրերում ներառվելու մեր հայտում… Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան ծո՜վ աշխատանք ունի կատարելու, յուրաքանչյուր հետազոտող ուսուցիչ, մասնագիտական խումբ իրական պատվեր ունի՝ իր մասնաբաժինն այդ ծովում…
«Սեբաստացի» մոլի ցուցասրահում:
Լուսանկարները՝ Քոլեջի ուսանող Մարինե Խաչատրյանի:
Դավիթ Բլեյան ճամփորդը կիրակիով ինձ հանեց տանից… Խանջյանի վերգետնյա-տերևների մեջ կորած, մարդուն կորցրած ծառուղի… գետնանցումով՝ մետրոյի կայարան… մետրոյով՝ մինչև «Գարեգին Նժդեհի» վերջին կայարան… Թվում է՝ գնացքի ետևից թունել կմտնի. այդքա՜ն կարոտ, ձգողություն որտեղի՞ց… Կայարանում կարծես հարգանքի ցույց լինի. այնքա՜ն տարբեր մարդիկ, ու այնպես հուզի՜չ-ընդգծված մոտենում են ինձ… Հետո Դավթի ընտրած միկրոավտոբուսով՝ Սեբաստացի ագարակ… Զբոսնում ենք հայր ու տղա՝ անշտապ, մեզ ուրիշ ի՞նչ է պետք… Խորենենք աշխատում են, ընդհատել գործը չի կարելի… Հետո դարձին, մետրոյում, Էլեն անունով հինգ տարեկան աղջնակը Դավթին սիրած «թռչնի կաթն» է հյուրասիրում… Երիտասարդ մայրը՝ խանդավառ.
— Էլե՛ն, ինքն է Բլեյանը, ճանաչեցի՞ր…
— Ես Բլեյանի դպրոց եմ գնալու… մանկապարտեզը վերջացնեմ… Սպասում եմ…
Մենք սպասում-պատրաստվո՞ւմ ենք, ինչպե՞ս…
Այսպես, ճամփորդելով, ես հանգստացա…
Ես, դու… մենք տանն ենք…
Կրթահամալիրի տոն-Սեբաստացու օրերն ամեն տարի նոյեմբերյան այս շրջանը մեր Նոր տարին է, ինչպես օգոստոսի 28-29-ը՝ որպես նոր ուսումնական տարի կամ փետրվարի 1-ը՝ նոր կիսամյակ ուսումնական, ինչպես հունիսի 1-ը… Դե այդպես է. հո չե՞մ արդարանա, կարծես վատ բան կա սրանում, որ բացատրել է պետք… Ո՞ւմ… սեբաստացիների՞ն, իրենց տա՞նը, իրենց Տիարի՞ն, օրագրո՞ւմ… «Սա մեր տունն է, մենք չանենք, ո՞վ պետք է դա անի մեր փոխարեն։ Կուզենք` միասին կնկարենք բոլոր պատերին, չհավանենք` միասին կքանդենք դրանք, փոխարենը միասին մեկ այլ բան կկառուցենք։ Բոլորս գիտենք, հենց նոր գտել ենք կամ դեռ փնտրում ենք մեր անելիքը, բայց, երբ բոլորս հոգով հանդարտ ենք ու շնչում ենք այդ օդը, որ ինքներս ենք ստեղծել ողողված սիրով, ուրեմն մենք բոլորս միասին ենք, բոլորս կրթահամալիրում ենք, բոլորս տանն ենք»: Ես Չայկովսկու 30 հասցեում մեր տանը նստած եմ. տեսա՞ք, որ Մարգարիտ Մանվելյանն ինձնից լավ դա արեց, ու իր բլոգում…
Մայրենիի ամենամսյա ընտանեկան ֆլեշմոբ:
Լուսանկարները՝ ծնողների:
Դավիթն Արմինե մայրիկի հեռախոսով գիտական տեսանյութեր է նայում՝ աստղագիտություն, մաթեմատիկա, երկրաչափություն, ֆիզիկա…
— Մա՛մ, որտե՞ղ ես, ձա՛յն հանի… Ռուզան մորաքույրն է զանգում, կմոտենա՞ս, թե՞ պատասխանեմ քո փոխարեն… Գիտեմ՝ ինչ եք խոսելու…
Ոչինչ չեմ ավելացնում, բառացի փոխադրում եմ իմ օրագիր…
— Պա՛պ, ինչո՞ւ քո հայրիկը՝ իմ Շամխալ պապիկը, քիչ ապրեց…
Խոհանոցի սեղանի շուրջ ենք ընտանեկան եռյակով, ու զրույցը կիրակնօրյա-տրամադրող է…
— Քի՞չ,- հայրս ապրել է յոթանասունվեց տարի, միշտ էլ քիչ է… էն էլ՝ այդպիսի նախագահ մարդու համար…- Դավի՛թ, որքա՞ն ապրեր:
— Դե, շա՜տ, որ ես էլ տեսնեի իմ պապիկին…
— Պա՛պ, իսկ Ստալինին ո՞վ սպանեց, ինչո՞ւ դա շուտ չարեց…
Իր պնդմամբ-հարցերով ես սեղանի շուրջ պատմեցի՝ որքան կարող էի խաղաղ-մատչելի իմ հոր-իր պապիկի աքսորի շրջանի մասին…
— Մայրիկ, այնքա՜ն կուզեմ, որ համակարգիչդ փչանա, որ իրար հետ այբբենարան խաղանք…
Արմինեն, իրոք, ընտրության առաջ է՝ մի կողմից՝ իր նոր բլոգը՝ իր ծավալուն հոգսերով, մի կողմից՝ մեր բնակարանը, որ անխնամ է մնացել, Դավիթը, որ ուսուցման մշտական պահանջ ունի… Իսկ Արմինեն, մեր մեջ ասած, լավ ուսուցիչ է։
Տեխնոլոգիական հանրակրթություն Միջին դպրոցում:
Լուսանկարները՝ Քոլեջի ուսանող Մարինե Խաչատրյանի:
Ընթերցարան-խորհրդատու
- Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է երեք տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է… Նախ, ազատվեք ավելորդ քաշից. հետևե՛ք ինձ…
- Ամենաօգտակար մուրաբան, ըստ գիտնականների, չիչխանն է: Գրում եմ, քանզի չիչխանի ժամանակը նոր-նոր է գալիս…
Գիտե՞ք՝ քանի նյութից եմ ընտրում… «Եւ որպէս կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա»… Այս կտակարանային պատվիրանը հարգելի մեթոդիստ-մաթեմատիկոս Ջորջ Փոյայի մոտ այսպիսի տեսք է ընդունել՝ մի՛ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես չեք ցանկանա, որ ձեզ հետ վարվեն։
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան:
# 848