Կարգով, իհարկե։
Շատ, շատ բան է պահանջում, որ ավելի արագ փոխվի, հենց միայն բաց, անպարիսպ պուրակներով սկսվող, պուրակի մեջ հայտնված դպրոցի-փողոցի, ներսի-դրսի սահմանները ջնջած ուսումնականի կազմակերպումը։ Սկսենք մեքենայի, հեծանվի, ավտոբուսի կայանատեղիից, սովորողի ավտոբուսից իջնելուց-ավտոբուս նստելուց, ամեն օր, ոչ միայն առավոտյան տանից գալիս ու երեկոյան տուն գնալիս, այլև կեսօրին, օրվա ցանկացած ժամին, ասենք, թատրոն, ճամփորդության գնալիս։ Որտե՞ղ պիտի կանգնի ավտոբուս-միկրոավտոբուս-տաքսին, երբ փաստացի փոխվել են մեր դպրոցների մուտքերը, սովորողը-ուսուցիչը ինչպե՞ս պիտի մոտենան՝ ուղեկցումո՞վ, առանց ուղեկցումի՞… Օրը քանի՜ անգամ ուզում է լինի-կրկնվի… Առանց ուսապարկ-խուրջինի, առանց հարմար կոշիկի-տաբատի-բաճկոնի, առանց մարզական քայլքի չի լինի, մոռացեք… Կուշանաք միշտ, կշտապեք՝ ձեռը կբռնեք, ու նպատակը՝ իբր շուտ տեղ հասնելը, ձեզ ուրիշ տեղ կհասցնի, սիրելիներս, Անահիտ Հարությունյան, Լիլիթ Սահակյան, Գայանե Սարգսյան, …. Սոնա Փափազյան թե Ռիմա Երեմյան, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ… Ուզում է՝ մեդիաուրբաթ լինի, թե լողի, կեսօրվա, երկարօրյա, ռոբոտիքսի պարապմունքներ… Եղանակն էլ կապ չունի, ձեր բազմազբաղ լինելն էլ։ Ես ձեզ հանգիստ չեմ թողնի մինչև սրա կարգավորումը՝ որպես վարք։
Արմինե Աբրահամյանի խրոխտ ձայնը փոխանցեց.
— Տիա՜ր, դու մոռանում ես, որ մենք անձնական կյանք էլ ունենք, մարդ ենք… Դու քեզնով ես չափում…
«Սարալանջ» ուսումնական նախագիծ: Ծառատունկ։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
Տեսարան (արար) մեկ։ Մայր դպրոցում։
8.45 դպրոցում եմ… Միշտ գրավիչ, հարմար Մարմարյա սրահ-հրապարակ, մատչելի տեխնիկական միջոցներ, երաժշտություն, մեծ էկրան, բարձախոս՝ էլի մատչելի յուրաքանչյուրին՝ խմբին, անհատին… ելույթի հարթակ-բեմ-բազմաքանակ լսարան… Առավոտյան պարապմունքի 15 րոպեն՝ որպես պարատուն, միասին. ո՞րն է սրա զարգացումը։ Թե՞ սրա գոյությունը շաբաթվա բոլոր օրերին, ուսումնական բոլոր շաբաթներում՝ այսպիսի հանրային՝ բաց-մատչելի-ամբողջական ներառական տարածքի պահպանումը արդեն զարգացում է։ Ինչպե՞ս են օգտագործում Մայր դպրոցի այս հարթակը՝ որպես հարավարևմտյան թագավորության գլխավոր հրապարակ, մեր մյուս դպրոցները՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, դասարանները, խմբերը, ակումբները, նախաձեռնությունները…
Ավագ շաբաթվա աշխատանքները Հյուսիսային դպրոց-պարտեզում. ուրբաթ:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
Տեսարան (արար) երկու։ Դպրոց-պարտեզի պարտեզում։
Ես հեծանվով նորակառույց հեծանվուղու վրա եմ, հայացքով՝ կառուցվող-շարունակվողին, մեջքով՝ գործողին…
— Բլեյա՛ն, Բլեյա՛ն, ճամփիցս մի կո՛ղմ գնա, Բլեյանի տղան գալիս է, ճամփես ազատի՜…
Բլեյանի տղան, պարզվում է, վեց տարեկան Արթուրն է. ուսուցչի օգնական Քրիստինե Հարությունյանի հետ հեծանվավարություն է կատարելագործում… Մենակ տեսնեիք Բլեյանի էս տղուն… Նրան այսպես են կոչում իրենց շենքում-բակում, դե, ինքն էլ, ահա, նույնացում է կատարում Բլեյանի՝ էս հեծանվով իր ճամփին կանգնած, Բլեյանի տղա Բլեյանի հետ…
Սրա շարունակությունը կա։ Բլեյանի աղջիկների՝ Լուսինե Մլքե-Գալստյանի, Աստղիկ Մեղեդի-Մամիկոնյանի, Էլիզա Արև-Բաղդիյանի, աշխարհ բռնած «Տիեզերք-բենդի» առաջին մենահամերգն է «Նարեկացի» արվեստի միության դահլիճում… Իսկական մենահամերգ՝ այնպիսի մի լիքը, լեփ-լեցուն դահլիճով, կենդանի, հավեսով, որ ով չէր եկել, նախանձից պայթի-ծափ տա… Էս աղջիկները տիեզերքը բռնել են, թողնողը չեն… Ինձ-ձեզ-մեզ այնքա՜ն գովեցին, սիրեցին, կարևորեցին, համերգից առաջ, ողջ ընթացքում ու հետո… Որ տուն գնացի, ոնց որ մայրս՝ իմ ծնողական ժողովից հետո, ուռա՜ծ-փքված, հանդիսավո՜ր, ոնց որ հնդկահավ… Վա՜յ, աղջիկներ ջան, ի՜նչ վայելք էր, «բենդեք» աշխարհով մեկ, ինձ էլ կանչեք, տարեք, բեմ հանեք, թող գովեն, սիրեն, մեծարեն… Հերի՜ք գործ անեմ։
Տեսարան (արար) երեք։ Տանը։
Դավիթ Բլեյանն ընկել էր խմբասենյակում, վնասել աչքի տակ… Իրիկունը տանը, որքան էլ Դավիթը պահանջել է Արմինե մայրիկից, որ հայրիկի, այս դեպքում՝ նաև տնօրենի, պարզվում է, ուշադրությունը չհրավիրի, ամբողջությամբ մայրիկ դարձած ուսուցչուհին որոշել է բողոքել ինձ.
— Լավ, դաստիարակը մի քանի րոպեով գնա խոհանոց՝ ուտելիքը բերելու, իրենք իրենց այսպե՞ս պահեն, բա որ մի քիչ վե՜րև կպչեր…
Իմը միշտ ընդհանուր կարգավորումն է՝ մասնավոր դեպքից դեպի նոր կազմակերպում… Հինգ տարեկանների քսանհինգհոգիանոց խմբում՝ երկարօրյա կազմակերպիչը մենակ. կարելի՞ է, ինչպե՞ս… Դուք հիմա Դավիթ Բլեյանի հասունացմամբ հիացեք.
— Ես արդարի կողքին եմ եղել… Դու ես ասել, պա՛պ… այդպես էլ արել եմ… Համ էլ ուրի՛շ տղաներ են եղել… Ուրիշ տեղում է եղել… Շուտ է եղել… երեկ չի եղել… Ոչ ոք էլ չի եղել… ոչինչ էլ չի եղել:
— Ուրիշ գործ չունե՞ք անելու…
«Ջա՜ն, աշուն է». Մեդիաուրբաթ-համերգ Մարմարյա սրահում։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
— Դավի՜թ ջան, էնքա՛ն կուզեի՝ քո նման չորսը ունենայի, ոնց որ… հերդ՝ աշխարհին հայտնի,- Արմինե մայրիկը նաև այսպես է հիանում, աշխարհով մեկ լինում իր տղուկով։
— Աստծուն խնդրի՝ կտա, մա՜մ,- խորհուրդ է տալիս Դավիթը մոր գրկից։
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#839