Ապագան գուշակելու լավագույն միջոցը… այն կերտելն է… Գտնված սկիզբ է օրվա իմ պատումի համար, և՛ ընթերցելու նյութ, որ առաջարկում են Ավագ դպրոցի սովորող Տիգրան Աբրահամյանն ու խորհրդատու ուսուցիչ Իրինա Ապոյանը mskh.am-ի «Թարգմանիր»-ում: Բոլոր դեպքերում տեղիցդ վեր պիտի կենաս… Ինչը որ ես լավ եմ անում… ԱՄՆ-ից Երևան ճամփորդության, հարազատներին, Արման որդուն ու ընտանիքին, թոռներին՝ ութ տարեկան Լևոնին ու վեց տարեկան Արթուրին տեսնելու համար տիկնոջ՝ սիրելի հարս Լյուդայի հետ ժամանած մեր հորեղբոր որդի Լևոն Թադևոսյանը՝ Զալիբեկ Բլեյանի ավագը, օգնեց, որ ես կեսգիշերի՜ն քնեմ…

Միևնույն է, գիշերվա չորսն է, ու ես իմ օրը սկսում եմ ինքնամոտիվացման-ճգնաժամ հաղթահարելու հեղինակային փաթեթային-բոլորը մեկում միջոցով՝ գրով-պատումով, անընդհատ՝ թվով 835-րդ անգամ: Օգնում է գործուն, թե չէ մի տեղ կընդհատվեր…

Բակային աշխատանքներ, տարածքի բարելավում:
Հարավային դպրոց-պարտեզ:

Եռամարտի ակումբի հայտարարած կրթահամալիրի հեծանվային ակումբի սեմինար- պարապմունքին մասնակցելու եմ. ինձ գրավեց հեծանիվի նորոգման հմտություն ձեռք բերելու խոստումը… համ էլ քննարկենք նոյեմբերի 19-ին՝ Հարիսայի ծեսից-տոնախմբությունից, «Սեբաստացու օրերի» ավարտից առաջ կրթահամալիրի դպրոցների օղակաձև անցումով սեբաստացիների, լսո՞ւմ եք, բոլոր տարիքի սովորողներ-ուսուցիչներ-շրջանավարտներ-ծնողներ-բարեկամներ՝ բոլոր կարգի, վազք-հեծանվավազք անցկացնելու իմ առաջարկը…

Տեղով մեկ մոտիվացիա դարձավ… Նունե Մովսիսյանի ծիծաղախառն ձայնը լսեցի… «Հերիք է, Տիար ջան… »: Չէ՛, Նունե ջան, ես մոտիվախեղդ անեմ, մինչև գրիս ծավալը սպառվի:

Աշխարհը մեզ աղբ է ուղարկում, մենք պատասխանում ենք երաժշտությամբ… Ոչնչացման մրցավազքի դեմն առնելու համար «Լավ է վառել մեկ մոմ, քան անիծել մթությունը» միջոց է, մի վառվող մոմ, Սա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի բնագիրն է. փառատոնն անցկացվում է այս տարի 6-րդ անգամ… Մեզ՝ սեբաստացիներիս, փառատոնի կազմակերպիչները հրավիրել են փառատոնի բացմանը՝ նոյեմբերի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի «Ոչնչացման մրցավազքը» դիտելու, իսկ փակմանը՝ նոյեմբերի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու «Աղբանոցի մեղեդիները» բազմակի մրցանակակիր ֆիլմը… «Արևորդու», Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ մենք գործընկերներ ենք, ու սա մեր գործընկերության հերթական դրսևորումն է, հաջորդը՝ օրեր անց, մեր «Սեբաստացու օրերի» շրջանակում…

Հյուսիսարևելյան մուտքի բարեկարգում. Հարավային դպրոց-պարտեզ:

Նվազող՝ բնակչությամբ ու ավյունով, հանրապետության աճող՝ մեքենաներով ու խցանումներով, մայրաքաղաքը սպառնալի չափերով, ինձ «delete» անելու աստիճան մոտիվազրկում է… Արքայազն Համլետի նման ուզում եմ մի հարվածով վերջ տալ ամենին… Իսկ Երևանը, եթե վանում է, ապա ոչ դեպի Հայաստանի շրջաններ, գյուղեր, լեռներ, դաշտեր, ձորեր, այլ դուրս… Երևանը գրավում է, շարունակում է գրավել գյուղերի, լեռների, դաշտերի, ձորերի բնակիչներին… Այս խցանման, աղմուկի, աղբանոցի մեջ, պարզվում է, կյա՞նք կա… Ի՞նչը կարող էր ստիպել Բանգլադեշի Րաֆֆու փողոցի՝ Գեղարվեստի արևելյան մուտքի կողմի շենքերի բնակիչներին՝ հանդուրժելու մի ամբողջ գարաժ-աղբանոցի գոյությունը իրենց, թվում է, կանաչապատ բակերի հարևանությամբ… Սեբաստացու օրերը, բարեկամներ, օրագրի ընթերցողներ, համառորեն մոտ չեկողներ, կմոտիվացնե՞ն այն աստիճանի, որ մեր կանաչ լանջերից այն կողմ՝ անցանկապատ-բաց աշխարհում մեզ ամեն օր տեսանելի միջդպրոցական, միջթաղային, միջբակային անցումների շրջակայքում չհանդուրժենք աղբանոցներ որևէ կարգի… Աղբանոցն իր ներսում ինքնամոտիվացնող, աճող հատկություն ունի. երաժշտությամբ, ֆոտոյով չի մաքրվի… ավել ու բահ է պետք…

Տարածքի նախապատրաստում ծառատունկին. Արևելյան դպրոց-պարտեզ:
Ֆոտոշարքը՝ Շուշան Ալեքսանյանի:

Դավիթ Բլեյանը, իմացեք, իր հինգ տարեկան ընկերների հետ է… Բոլոր մոտիվացիաները, որ աշխատեցին սրա համար, մի փաթեթով մանկավարժություն են կոչվում: Կրտսեր՝ 2-4 տարեկաններին այցելում է-կայցելի, որ.
— Ինձ չմոռանան իմ կուկու ընկերները…
Ինչպես միշտ, գլխավորի մասին տղամարդկանց զրույցը բաղնիքում է…
— Դավիթ, պատմի՛ր քո խմբից։ Երեկ տեսա՝ ինչքան ուրախ էիր Օթարիկի, Ալեքսի Կարմիրշալյան, Կարապետյան Դավթի, Տիգրանի, Ադրիանայի հետ։ Լսել եմ՝ թատրոն էլ եք գնալու։
— Հա, պապ, վաղը, ու մյուս օրն էլ՝ մայրիկի կուկուների հետ… Բոլոր հրեշներով հավաքվել ենք մի խմբում։ Ճիշտ ես արել, որ մեր խմբասենյակը մեծ ես սարքել ու առաջին հարկում:
— Բա, Դավիթ, ընկեր Մարինեն ու Հռիփսիկը ի՞նչ են անելու այդքան հրեշի ձեռքին:
Ջրի միջից նշանավոր ծիծաղւոմ է.
— Ի՞նչ պիտի անենք, պա՛պ, իրենք էլ ավագ հրեշներ են…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#835

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական գիր, ամենօրյա պատում

Որ նոր տարին շարունակենք, ինչպես ավարտում ենք, կամ հակառակը սրա… Օրերն իմ այդպիսին են տարեմուտի, ու երեկը բացառություն չեղավ, եղավ հերթականը… Համերաշխ ստեղծումի ցույց էր մի, խիտ ու տոնական, որ այն

Մի՛ գնացեք. ճամփորդեք ձեր երկրով ու պատմե՜ք

Ի՛նչ զարմանալի խորագիր է՝ «Ճամփորդական պատումներ»… Սոնա Փափազյան ջան, նոր անվանակարգ՝ ո՞ր ստուգատեսով՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունների՞… Զարմանալի էնքա՜ն բան կա, Սոնա աղջիկ, բա էս մի տնօրենի գո՞րծ է. էսքան ճամփորդական պատմություն, որ

Իմ օրը, իմ գիրը՝ որպես մեր կրթական ծրագրի զարգացման-տարածման աշխատանք

ՀՀ ՊՆ  պահանջով ներկայացնում ենք Արատեսի դպրական կենտրոնում մեր ճամբարին աջակցության մեր առաջարկությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պետության պատվերով, մշակում իրականացնում, տարածում է կրթական այլընտրանքային ծրագրեր: Այդ ծրագրերի բաղացուցիչներից են ավագ