Ամենաշատ ճամփորդող ազգը՝ երկրով և արտասահմանում, ըստ կանադական այս հետազոտության, Ֆինլանդիայի քաղաքացիներն են՝ միջինում տարեկան 7 անգամ, հետո 6-ական ճամփորդությամբ՝ ամերիկացիները, շվեդները… Սա՝ միջին տարեկանն ու միջին քաղաքացին։ Հայաստանցիներն այս հետազոտությունում կա՞ն… Ամենաճամփորդը, ոչ մի երևի, կներեք, ես եմ. իմ ամեն օրը՝ մի ճամփորդություն… 2016-ին ամենաքիչը ճամփորդել եմ հոկտեմբերին. մի Երուսաղեմ՝ շրջակա աշխարհում Քրիստոսի հետքերով, մի Պրահա-Վիեննա…
Կիրակի է, ու ես ճամփորդության եմ պատրաստվում… Արմինեն, իհարկե, այլ կարծիքի է… Այնպիսի ճամփորդություն լինի, որ միասին լինենք, որ հեռու լինի, որտեղ չենք եղել, երկարատև լինի…
— Էգեյան ծով գնանք,- միանգամից վրա է բերում Դավիթ Բլեյանը…
Խոհանոցի սեղանի շուրջ նախաճաշում ենք, իսկ ձեռքին մայրիկի պլանշետով հին հունական առասպելների-դիցաբանության մասին հայերեն տեսանյութեր-ֆիլմեր են, Էգեյան ծովը՝ իր ծնած աստվածներով… Չգնա՞, տեսնի, փաստի, ճանաչի Հին ու նոր Հունաստանը…
— Պապ, դու գնում ես աշխատանքի՞…
— Ի՞նչ աշխատանք, իսկական ճամփորդություն է, դրախտի ճանապարհով, գետով, լճով Երևանյան, դեպի Հարավարևմտյան թագավորություն… Ո՞վ է ինձ ստիպել… Պարտադի՞ր է մեքենայով, գնացքով կամ օդանավով լինի ճամփորդությունը. հեծանվով, մեկօրյա, էն էլ այսպիսի կիրակի օրով, չի՞ լինում… Ի՜նչ անեմ, որ դուք մյուս սեբաստացիների նման շքեղություն եք սիրում ու ծուլություն…
Արմինե մայրիկը, իհարկե, անարձագանք չի թողնում: Իսկ Դավիթը՝
— Հայրիկը պատվիրա՞ն է խախտում, մամ…
Բնապատկերներ. լուսանկարների հեղինակ` Գոռ Խլոյան։
Շառլ Ազնավուրի անհասկանալի տունը Կասկադի բարձունքին չի ջնջվել իմ մտքից, Շառլը այս օրերին ինձ չի լքում… Շառլ Ազնավուրը, որ իննսունմեկ տարեկանում երգում է աշխարհով մեկ, առանց կիրակիի-հանգիստ կոչվածի, պատվիրա՞ն է խախտում, աշխատո՞ւմ է, թե՞ ճամփորդում…
— Իմն էլ այսպիսի աշխատանք է`ճամփորդությամբ, Դավիթ, «սիքսթի ուանում» ինձ չի կարելի, «նայնթիուանում» Շառլին կարելի՞ է…
— Շառլը Արտաշես պապիկից մե՞ծ է,- զարմանքի աշխարհ ընկնում-ոգևորվում է Տիարի հսկիչ-ամեն ինչ երեսին ասող Սեբաստացին… Էս ե՞րբ այսքան մեծացավ… Մենք սահուն անցում ենք կատարում դինոզավրերի թեմային՝ լավ նախերգանք խոստումներով բաժանման համար…
Իսկ հեծանվով, այսպիսի ճախրանքով, ես կարծես մի նոր տեսակի դինոզավր լինեմ՝ անպոչ, թևավոր, անվնա՞ս… ընտանի…
Դրախտի ողջ ճանապարհին ուրիշ դինոզավրի ես չհանդիպեցի… Զամանալի չէ՞. այսպիսի՜ եղանակ-ուղի… Հեծանիվն էլ հաստատ նոյեմբերի փոխադրամիջոց է, ո՛չ կիզիչ արև, ո՛չ կտրող ցուրտ, ո՛չ ջուր դարձնող անձրև… Էս ո՞ւր հանկարծ դինոզավրերի նման անհետացան Հայաստանով ճամփորդող հեծանվորդները…
Հյուսիսային դպրոց-պարտեզի հարակից ավտոտնակները վերածվել են աղբանոցների…
Երբ տուն մտա, հոգնության ոչ մի նշույլ, որքան էլ անցել էի 30 և ավելի կիլոմետր, երկու անգամ կրթահամալիրի Բանգլադեշով, իմ հրապարակումից դժվար չէ դուրս բերել իմ նոր հանդիպումները կրթական պարտեզի «Մեր թաղը», «Մեր բակը» նախագծերով… Մեկ-երկու մարդ, բոլորը քաշվել են տները… Դատարկ էին սեբաստացիներից և սեբաստացի տարածքները, բացառությամբ Ագարակի աշխույժի, որ պահում են, չեն թողնում մարի Խորենն ու Լուսինեն Քոլեջի սովորողների հետ… Մեկ էլ Միքայելը Վահրամ Մարտիրոսյանի հետ, որ բուլդոզերի հռնդյունով ապահովեց մեր կրթական ծրագրի անընդհատության մասին լայն հասարակության հանրային իրազեկումը…
Իմ աշխատանքի համար իսկական նվեր էր զինծառայող Արման Բլեյանի երեկոյան այցելությունը. իմ եղբայր Արթուրն էր՝ ընտանիքով, սիրելի մարդիկ, Լուսակերտի զորամասի ճանապարհին։ Մեկօրյա արձակումի պարգևատրումից 30 րոպե մեզ բաժին հասավ… Տեսեք Դավիթը ոնց պատրաստվեց րոպեների ընթացքում, լողաց, սանրվեց, նոր շորեր հագավ…
— Արմանը զինվորական շորերով է լինելո՞ւ, հայրիկ…
Իսկ Արմանը՝ կռասավեց, կոկիկ-ինքնավստահ, ուժեղ… կեցցե՜…
— Աստված քանի՞ տարեկան է…- մայրիկին է դիմում Դավիթը:
Շփոթված մայրիկը՝
— Չգիտեմ, Դավիթ, որտեղի՞ց իմանամ…
— Չգիտես՝ հարցնեիր, իմանայիր…
Իսկ սիթիում Դավիթը գնումների տեսականին արագ-արագ վաճառողուհուն է մոտեցնում, թե՝
— Շո՛ւտ արեք, շո՛ւտ արեք, անցկացրեք մեքենայով, որ ես իմ քինդերը ուտեմ…
Ու հենց տեղում խժռում է….
Մարզական պարապմունքները կրթահամալիրում.
լուսանկարների հեղինակ` Ռաֆայել Խաչատրյան։
Ընթերցարան՝ ամենա-ամենա-ամենա…
- Ֆանտաստիկ գեղեցիկ աշխատանքներ գունավոր թղթից
- Ուղեղի վաղ ծերացմանը նպաստող գործոններ
- 18 անհեթեթ արձան, որոնց համար տեղի բնակիչները հաճախ ամաչում են
- Աշխարհի ամենաթափանցիկ լեռնային գետը
- Հինգ ամենավտանգավոր մթերքները
- Մթերքներ, որ ակտիվացնում են ուղեղի աշխատանքը
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#834