Գյումրիի հունվարի 12-ի ողբերգությունը, որով մի տեսակ ավարտվեց աննախադեպ տոնական արձակուրդն ու մեկնարկեց (վերջապես) աշխատանքային տարին, ինձ, ահա, գամել է համակարգչին. արթնացա գիշերը 3-ի 4-ի արանքում ու մեկ ժամ կարդում եմ հնարավոր ամեն ինչ ողբերգության մասին… Ուզում եմ գիտակցել կատարվածը… Երեկ ուրիշ էր՝ վանեցի, փորձեցի օտարել, դրանով պաշտպանել ինձ ուղղակի հարվածից. ես անձական եմ տանում անպաշտպան մարդու, խմբի, ընտանիքի սպանությունը… իսկ սա… Իմ ուշադրությունը գրավեց 1in.am-ի «Ուր հասցրին Գյումրին ու Հայաստանը» վերլուծականը. կարդացեք այն, եթե համաձայն եք, որ «….ոչ մի հանցագործություն, առավել ևս նմանօրինակ աննախադեպ դաժանությամբ իրականացված, լոկալ երևույթ չէ և ունի ձևավորման, սկզբնավորման, հասունացման ինչպես տեսանելի, այնպես էլ առաջին հայացքից անտեսանելի թելեր, որոնց հանդեպ հանրային ուշադրության բացակայությունն էլ կամա, թե ակամա մեծացնում է հանցածին մթնոլորտի հավանականությունը»…
1998-ին փետրվար-մարտին մեկ օրով եղա Գյումրիում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, ու… ծանր էր ինձ հանկարծ օտարացած հարազատ քաղաքում… Ես կորցրել էի կապը Գյումրիի տասնյակ ու տասնյակ ընկեր-բարեկամների հետ. ինձ միայնակ զգացի, շփոթված, անպաշտպան… Հետո այս ընթացքում տասնյակի չափ մեկօրյա ակցիաներով, այցելություններով փորձել եմ վերականգնել իմ կորսված կապերը, իմը դարձնել իմ ուսանողության-երիտասարդության սիրելի-հարազատ Գյումրին… Խոստովանում եմ՝ չի ստացվել… Այս ընթացքում Գյումրիի հետ բոլոր նախաձեռնություններին, առաջարկներին այո եմ ասել, աջակցել… Ոգևորվել Գեղարվեստի ավագ դպրոցիԼուսինե Մանուկյանի և Արման Գրիգորյանի կրթական-մշակութային նախաձեռնություններով, ջանացել, որ դրանք դառնան բանուկ-կենդանի մարդկային հանրակրթական կամուրջներ՝ Գյումրու ու Երևանի, սեբաստացիների ու գյումրեցիների, կրթահամալիրի ու Գյումրու դպրոցների միջև… Ցավոք, բոլորը եղան միանգամյա ակցիաներ, առանց շարունակականության, կրթական փոխանակումներ չդարձան… Ու ինձ հիմա բռնեցի նրանում, որ խորացել է անջրպետն իմ ու Գյումրի-Հայաստանի միջև, այդպես էլ չեն ակտիվացել-կենսական դարձել իմ ու գյումրեցի գործընկերների կապերը…
Հիմա, այս պահին, Շուշան Բլեյանը նստեց ինքնաթիռ՝ տրանզիտով Վիեննա հասնելու համար… Թող որ Շուշանն արագ կարողանա թոթափել Երևանի ամանորյա անհոգությունը. ուսումնական-երաժշտական հոգսաշատ տարի եմ ցանկանում՝ երաժշտական կյանք ու երաժշտի խնդիրներ բազում…
Շուշանին Դավթի հետ այցելեցինք-սիրեցինք, Դավիթը մի բոլ սիրեց-լկստվեց Արևիկ-Տաթևիկ-Շուշան քույրիկների հետ, Շուշանի դասընկեր Ռազմիկի հետ… Դավիթը հասունացել է այնքան, այնքա՜ն կապվել Շուշանին, որ կտրուկ համաձայն չէր, որ Շուշանը Վիեննա վերադառնա…
Շուշանի հավանած գինով ասում եմ (Շուշանի համար կարևոր է հայրիկ-տնօրենի խոսքը). «Դեպի բեմ» ճանապարհն ինքն է ընտրել ու պիտի անցնի ոչ սովորական այդ ճանապարհը, պիտի նվիրվի, որ բեմ բարձրանա, որ բեմից բեմ անցնի… Երաժշտի, արվեստագետի կյանքը բեմական է… Ես իմ աղջկան բուռն բեմական կյանք եմ ցանկանում, որի համար պիտի կարողանա կենտրոնանալ… Առանց կենտրոնացման՝ մասնագիտական աշխատանքի ուսումնական շրջանը չի դառնա մասնագետի պատրաստության ժամանակ… Թը՜ռռ, կանցնի… Շուշոն դրա համար չի Վիեննա գնացել, ու Շուշոյի կարիքը-կարոտը, ան-Շուշո անսովորությունն այս գիտակցումով են հնարավոր դառնում: Իսկ մեր աղջիկը, ես ու Կարինեն, Լիլիթն ու Տաթևն այս օրերին ամենաշատն ու կոնկրետ սկսեցինք շոշափել, որպես փաստ ընդունել նրա մեծացումը, քսան տարեկան է դառնում՝ տարիքի բերած անհանգստություններով… Որքա՜ն սքանչելի է աղջիկ-երեխան, նույնքան դժվար է հասուն աղջիկը… Ոչ ոք կողքին չի նայվում՝ չարանում ես… Վայ, էլի հուզվեցի, կարոտեցի, սիրտս ճմլվեց՝ Շուշո՜…
Վրաց մեր գործընկերները կրթահամալիրում… գիշերային Երևանում… Անակնկալի բերեցին վրաց մեծաքանակ ուսուցիչները՝ կրթահամալիրով, մեր հեղինակած մանկավարժությամբ… ինձանով… իրենց ընդգծված-անկեղծ ոգևորվածությամբ… Կլոր սեղանը, որ կարծեմ, նրա համար էր, որ վրացիներն ուսումնական պրեզենտացիա անեն, վերածվեց ինձ հետ հանդիպման, հարց ու պատասխանի, որ տևեց երկար. նրանց պարտադրանքն էր՝ Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության Գլդանի շրջանային կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեի, կրթության հարցերով փորձագետ, «Թանդգոմա» ոչ պետական կրթական կազմակերպության նախագահ Քեթրին Աբեսաձեի, թիվ 132 դպրոցի տնօրեն Թամարա Մաճարաշվիլիի, դպրոց, որն ունի 600 սովորող, ի դեպ, ունի նաև հայերեն լեզվով ուսուցման բաժին, որն այսօր փակման վտանգի տակ է, և նրանք այս այցով, մեր հնարավոր համագործակցությամբ մտածում են կանխել դա։ Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները լինեն, շարունակվեն ու զարգանան որպես մանկավարժական գործընկերություն, Երևանում և Թբիլիսում, անընդհատ մեդիայում… Մենք տեսնում ենք մանկավարժական զարգացումներ, հեռանկարային աշխատանք. հուզիչ է Թբիլիսիի թիվ 132 դպրոցում հեղինակային մեր մանկավարժության ծրագրերը կիրառելու առաջարկը… Բայց… անենք իրար ավելի լավ ճանաչելուն ուղղված հաջորդ, մոտակա ու կարևոր քայլը՝ մարտի 24-ից սկսված գարնանային արձակուրդներին ուսումնական ամբողջական նախագծով լինենք Թբիլիսիում, համատեղ ուսումնական պարապմունքներ ունենանք… Քննարկենք, որոշակի դարձնենք Վրաստանում հուլիս-օգոստոսին ստուգատեսային համատեղ ճամբար բացելը… Նախապատրաստենք մեր վրաց պատանիների և ստեղծագործ ուսուցիչների մասնակցությունը հունիսյան բանգլադեշյան պլեներին… Հետո, ինչպես պայմանավորվեցինք, հունիսին Երևանում պլեների շրջանակում կխոսենք մեր գործընկերության հաջորդ փուլի մասին…
Ինձ համար շատ կարևոր է վրաց պատանիների մոբիլությունը, ոգևորվածությունը Երևանով… Ինչպես մեր Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարանցիներինը՝ Թբիլիսի ուղևորությամբ… Առանձին ու բացառիկ նախագիծ է, Հռիփսիմեն կարող է այս ժամանակն օգտագործել ուղևորության առանցքային հարցերի գործնական լուծումների համար…
Իսկ «Հարցասերների ռադիոյի» կապը Լիլիթ Բլեյանի հետ, Լիլիթի երգը ոչ միայն հուզիչ է, այն «Սեբաստացի» ռադիոյի հիթ կդառնա, այս, ասացի-լսեցիք ու… Թույլ տվեք իմ բլոգում առաջինը հրապարակել այդ՝ 1-ին հիթը…
Ի՞նչ գիտենք մահմեդականության մասին, որ տարբեր հաշվումներով, 1 մլրդ 200 մլն-ից սկսած մինչև մեկ ու կես միլիարդ մարդ, հավատացյալ է ընդգրկում, Մուհամեդ մարգարեի ու Սուրբ գիրք «Ղուրանի» մասին, որ բառացի նշանակում է բարձրաձայն ընթերցանություն, նամազի, որ իրենց աղոթքն է՝ օրը հինգ անգամ… Ի՞նչ գիտենք մենք` բազում պետություններով ներկայացված արաբական-իսլամական աշխարհի մասին… Այս օրերին, երբ Ֆրանսիան ու ֆրանսիացիներն աշխարհի մտասևեռման կենտրոն են դարձել, որ մենք, որպես հեղինակային կրթական ծրագիր, այս հասարակական հետաքրքրությունը պիտի դարձնենք ուսումնական աշխատանք՝ մահմեդականությունը, մուսուլմանական երկրներին մեղսագրվող խնդիրներն ավելի լավ ճանաչելու համար… Կեցցե Տիգրանյան Աշոտը, որ անաղմուկ-կողմնորոշիչ գործ է անում Միջին դպրոցում՝ սրան ուղղված տասնյակ ուսումնական նախագծերով… Այ,այս մեկը՝ իր վերնագրից սկսած…
«Տիգրան Հայրապետյան օրերը», որ մեր օրացույցով նախատեսված են մարտի 18-19-ին, կարող են կազմակերպական ձև հաղորդել ու կարևոր հանգրվան-ստուգատես դառնալ նման ուսումնական նախագծերի համար: Ինքներս մեզ, իհարկե, վատ ենք ճանաչում. սրա մասին արժե կարդալ Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը: Եվ այս տեսակ ուսումնական նախագծերը կարող են օգնել ինքնաճանաչմանը: Վրացիների ու Վրաստանի մասին այսպիսի գործը գրավիչ ու արդյունավետ կարող է դառնալ կրթական փոխանակումների միջոցով: Մենք դարձնում ենք այդպես՝ նոր տարում շարունակելով անցած տարվա գործը, կամրջելով այսպիսով տարիները։