— Տիա՛ր, մի՛ գնացեք, սպասե՛ք ուրախացնեմ ձեզ՝ նոր․․․
Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանից Դավիթ Բլեյանի խմբի 5 տարեկան Վարդուհին է ինձ ձայնում՝ տրանզիտով լողափ մտածիս, որ չհասցնեմ վշտանալ… երեկվա պես։ Սպասում եմ, իհարկե, այս հասուն աղջնակին, որ գիտի արդեն, որ տիարը, տնօրենը, Բլեյանը նույն մարդն է, ու գիտի՝ ինչպես է պետք ուրախացնել հուլիս-օգօստոսին այս միևնույն մարդուն․․․ Բարձրանում է աստիճանի բարձր հարթակին ու, որքա՜ն կարող է հեռու, ճիչով նետվում է ջուրը․․․ Զվարթությո՜ւն․․․

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին․.․

Ուրախացա երեկ, երբ Դպրոց-պարտեզի՝ նոր ամառային խալաթով, զվարթացած ղեկավար Զառա Առաքելյանի հետ, նորոգվող 2-րդ հարկից դիտարկում էինք ծովը՝ լողափով․․․ Մեր ընկեր Սեյրանը տեսարանով ո՜նց կուրախանար, այդքան էլ՝ ես. մեծ, բաց լողավազանում դաստիարակներ Շողիկն ու Մելինեն լողազգեստով լողում էին հինգ տարեկանների հետ, իսկ մեր Ավագ դպրոցի շրջանավարտ, Քոլեջի ուսանող Աստղիկ գեղուհի Գալշոյանը լողում էր մյուս ավազանում, 2-4 տարեկանների հետ…

Դավթի ընկերության ջոկատը Դպրոց-պարտեզի ծովերում։
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի։

Ուրախացա և օրվա վերջում, երբ հեծանվով մտա Գեղարվեստ՝ դեպի Սեյրանի բարձունք, տուն ճանապարհից առաջ, առույգանալու պաղ ջրով մեր ուսուցչական-պատանեկան-աշխատավորական ավազանում… Քիչ այն կողմ բաց մեծ ծովը Գեղարվեստի աղջկական աշխույժով էր կանչում. իմ նորասանիկ Օլյա-Մարիամ Մանդալյանը, դաստիարակներ Քրիստինեն, Սոնան, կամավոր Աստղիկն ու Լիլիթը, վերացած-կտրված Բանգլադեշից, շրջապատից լողում էին… Ա՜յ, մեռոնից դուրս եկած սանիկն այսպիսին է լինում` ինքնավստահ, առաջնորդող…

Ճամբարների ղեկավարները, ամառային պարտեզի դաստիարակներն ինձ հարցնում են՝ էլ ի՞նչ է պետք անել… Լողացե՛ք, հեծանի՛վ քշեք, ավազների վրա թավալվե՛ք, մարմնամարզվե՛ք, ծառ ու ծաղի՛կ ջրեք, խնամե՛ք-ընդարձակե՛ք ձեր պարտեզը, նստոտեք, ձմերուկն ու դեղձը կտրեք, անուշ արեք, պատմեք-լսեք ու երգեք. ամեն օր ու երեխաների հետ, քեֆ քաշելով ապրեք, սեյրան արեք*… Փոխանցե՛ք այլոց մեդիայով-կյանքով՝ հուլիս-օգոստոսը Բանգլադեշի մեր պարտեզներում հավեսի շրջան է… Բաց, անպատնեշ-անպատ մեր իրականությունից դուրս ձեր ձայները, ծիծաղը-զնգունը պիտի տարածվի հեռո՜ւ, հեռու։

Գեղեցիկ Բոմ ձիու և նրա ընկերների ամառը Սեբաստացի ագարակում։
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի, Լուսինե Աբրահամյանի

Համեցե՛ք, սեբաստացի-ոչ սեբաստացի, հենց սրա համար ենք հանում բոլոր պատնեշները մեր ու այլոց միջև, սկսած ֆիզիկականից՝ բոլոր տեսակի պարիսպ-ցանկապատերը: Անցե՛ք մեր պարտեզով-տարածքով, որպես ձեր թաղի-բնակավայրի շարունակություն ու կապ, միջանցք. ինչ ունենք մեր  շենքերում, շենքերից դուրս՝ ձերն է, չկա իմ ու քո, դուք էլ մերն եք, ոչ մի խտրություն սեբաստացու-ոչ սեբաստացու… Էլ աշխարհ չենք գալու հո նոր, Իր տվածն ենք տալիս իրեն…

Մեր կոչումը, գործը ստեղծել-փոխանցելն է բաց համակարգում, բաց՝ մեր մանկավարժության բոլոր փուլերում, բաց անխտիր…Սևակն ասում էր.

Ու թե մութ մնա,
Մնա ի՛մ կամքով,
Ու մնա միայն իբրև վարագույր
Համբույրի համար սիրահարների,
Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման
Եվ իբրև պայման մանկահղացման…

Մեր կրթահամալիրն այսպիսով սկսում է գործել որպես ամբողջական հանրային տարածք՝ իր ու իր շրջակա աշխարհով: Մենք որևէ մեկի կալվածքը չենք՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ կրթահամալիրի աշխատակազմինը, ո՛չ նրա սովորողներինը, ո՛չ առավել ևս Բլեյանինը. մենք յուրաքանչյուրինն ենք, կոնկրետ ու անխտիր, այսպիսով՝ արդար…

Սեբաստացի ագարակում ձիանոց-ձիավարժարանի կառուցման աշխատանքը շարունակվում է։ Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։ 

Այս ամառ սկսված նախագիծը խելահեղ, ամենասեբաստացիական, հենց այդպես էլ կոչվում է՝ «բացվի՛ր-բացվենք», կարծեմ էլի Սևակի բանաստեղծությունից է… Ախր, ինչո՞ւ էիք ինձ իմ նախարար շրջանում մեղադրում Սևակին ծրագրերից հանելու մեջ, երբ այդպես էլ չհանդիպեցի մեկին, որ Սևակ ինձ պես գոց գիտի, ինչպես Սեյրանը մեր՝ Սայաթ-Նովա… Մամա ջան, ես հուզվեցի կարոտից ֆիզիկական, իմ-ձեր ընկերոջ ձայնի-երգի ճառագումի պահանջից… Մարդիկ, չգիտեմ, իմ շուրջը շատանում-քչանում են, երբ մեկ է՝ մարդ լինել, նշանակում է՝ տասը հազարից մեկը լինել, բայց Սեյրանն ինձնից տարավ… ու ինձ ջանքեր, Գևորգը մեր կասեր, խորամանկություններ են պետք մեզ, մաեստրո Թոփիկյան ու Սեյրանի սեբաստացի-ոչ սեբաստացի ընկերներ, Սեյրանին «վերադարձնելու» համար… Վերադարձիր, օ՜, վերադարձի՜ր…Սեյրան… Ախր, թաղման ծեսը մեզանում ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի… Ի՞նչ եղավ…

Մեր կյանքի-կրթության հանրայնացումը, անպատնեշ իրականության հաստատումը պահանջում են ծեսին ներկաների-բացակաների միավորում, միասնականացում, որպես ծեսի մասնակիցների հարազատություն… Առանց հարազատության-հաղորդության մշտական, փոխանցման-կապի ի՞նչ ծես, ի՞նչ հանրային տարածք՝ եկեղեցի, դպրոց, իշխանական պալատ թե փողոց… Այո՛, ճիշտ եք, ես վերաշարադրում եմ իմ «Նոր ուղի» քաղաքական ծրագիրը՝ և՛ ներհայաստանյան, և՛ արտա… իր օրգանական կապով, որպես մեկ, ամբողջություն՝ նույն մարդուն՝ հայաստանցուն և այդ մարդու հայրենիքին ծառայող… Հետևե՛ք իմ օրագրին անընդհատ. ես եղել եմ նոր ուղի, ես կամ` իմ գործով-կյանքով` նոր ուղի… միշտ քաղաքական-հանրային, այսպես սեյր անելով*

Պատանեկան աշխատանքային ջոկատի ընկերները։
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի։

#750

* Հայոց լեզվի բարբառային բառարանից

Սեյր։ 1. Նայելը, դիտելը։ 2. Զբոսանք։ 3. Թատերական ներկայացում։ 4. Տեսարան։
Սեյր անել։ 1. Նայել դիտել։
Սեյրան 1։ 1. Ման գալը, զբոսնելը, զբոսանք։ 2. Զբոսնելու հաճելի, գեղեցիկ, զովասուն տեղ։
Սեյրան 2։ Հսկող։
Սեյրան 3։ Նավի վրա բարձր սյուն առագաստների համար, կայմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գոհություն՝ կյանքով-ուսումով-օրով… գրով…

Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել

Փաշինյան Արփին է եկել՝ սեբաստացի չորրորդ Փաշինյանը….

Արդեն համալսարանական Մարիամ-Աշոտ Փաշինյանների ականջը կանչի Խաչատուր Աբովյանի Դորպատ-Տարտուում, Շուշանը թող ֆիլմեր նկարի իր Միջին դպրոցում, իսկ Արևելյան դպրոցի պարտեզ արդեն երեք տարեկան Արփին է մուտք գործել ու մնացել Նելի

Օրը-գիրը՝ իմ ապրումի նման՝ անմիջական, տպավորիչ…

Շուշան Բլեյանը Երևանում է։ Երբ ես գրում եմ իմ 1629-րդ գիրը, Շուշանը, ինչպես Աստղիկը, քնած է: Իսկ մենք պատրաստվենք համերգի. ապրիլի 17-ին՝ ժամը 18։30, Շուշանը երգում է կրթահամալիրի մայր դպրոցի