Երուսաղեմը սպիտակ քաղաք է՝ կառուցված համարյա միևնույն սպիտակ քարից․․․ նշանավոր պարիսպը, բնակելի, թե վարչական շենքերը, պաշտամունքի, մշակութային հուշարձանները․․․ Այս սպիտակ տիրապետող գույնի հետ քաղաքի ծաղկոցները՝ ծաղկային թմբերը, թփուտները՝ վառ գույներով, թավ կանաչով, խիտ բարձրացող, տպավորիչ են, չէ՞․․․Քաղաքի բնակիչները շուտ են արթնանում․ առավոտ 6-ին մեքենաների, մարդկանց, բացվող խանութների, սրճարանների աշխույժ է։ Կլինե՞նք մենք հրեական Երուսաղեմում չգիտեմ, որքան էլ ջանքեր գործադրում եմ. առայժմ մենք շարժվում ենք Հիսուսի հետքերով․․․ Համբարձման լեռան` Քրիստոսի` որպես մասունք պահպանված ոտնահետքը Դավիթը հանկարծ կռացավ և համբուրեց։ Այսօր մեր առաջին կես օրվա՝ առավոտ 08-ից 14։00, քայլուղին, հայր սուրբ Թեոդորոսի առաջնորդությամբ, դեպի Սիոնի սրբավայրեր էր` Սուրբ Փրկչի հայոց վանք, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցի, Սուրբ Պետրոս Առաքյալի զղջման եկեղեցի։
— Մարդիկ Քրիստոսի հետքերի վրա սալիկներ են շարել, որ մեզ համար հեշտ լինի՞ գնալը,- հարցնում է Դավիթ Բլեյանը։
— Ուխտագնացությունը, հայր մեր, երբ ուղտերը շարժվում են խմբո՞վ, իրար հետևի՞ց, Քրիստոսի հետքերո՞վ․․․ բա մենք ե՞րբ ենք ուղտերը բարձրանալու։
Այստեղ մենք նոր հասկացանք, որ Դավթի համար կա մի ուխտ՝ «ղ»-ով, թե «խ»-ով գրվող։
Մեր՝ ուխտագնացներիս մեջ շատ են տատիկները՝ իրենց աղջիկների ուղեկցությամբ և առանց նրանց, միայնակ։ Քաղաքը ողողած ուխտագնացների մեջ էլ տարեցների թիվը զգալի է։ Դավիթը՝ բոլորի սիրելին, անունից եկող աստղով, իրեն այնքա՜ն լավ է զգում։ Իրեն բնորոշ հումորով, ծռություններով, առաջից։ Ճանապարհին դժվարությունները ծագում են մեզ հետ։ Դե, մենք էլ` որքան հեռու, այնքան լավ մեր ուխտի համար։ Տատիկների մեջ է, ուշադիր, կրթահամալիր, մի ուղտաբեռ նորություն եմ հայտնում, ձեզ քաջածանոթ, նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանը․․․ էստեղ են ասել՝ բոլորիս ուխտը ընդունելի լինի․․․
Մեր հյուրատունը մի հայի սեփականություն է՝ պուճուր սենյակներով, այնքան պուճուր, որ ես, Արմինեն, Դավիթը երբեք այսքան մոտ չենք եղել։ Մաքուր-մատչելի-ազատ, ընդարձակ ընտրությամբ է խոհանոցը․ համեղ են պատրաստում։ Այսքան հիմնավոր վաղուց կերած չկանք, որքան էլ Արմինեն Դավթի սննդից մի ուղտաբեռ բողոքում է ամեն անգամ։ Ես կարծես գիրանում եմ․ ավելացրեք ջրի, օդի, տարածքի փոփոխությունը ու սովորական ուխտավորի երկար քունը։ Մեր երեսունյոթ հոգիանոց խմբում քիչ չեն նաև միջահասակ ու երիտասարդ, հեշտ շփվող զույգերը։ Իրար և՛ չենք ճանաչում․ մեզ չեն ներկայացրել, ինչպես հայտնի անեկդոտում կնկատեր անգլիացին, բայց անքա՜ն համերաշխ ենք, ընդառաջող, հետաքրքրասեր, բարեպաշտ․ Դավիթն ասում է՝ հայերով Քրիստոսին ենք հետապնդում։ Առավոտյան 6-ին 2 օրով-մեկ գիշերով կթողնենք Երուսաղեմը, Թաբոր լեռով կշարժվենք դեպի Նազարեթ։ Վաղը երեկոյան համեցեք Տիբերիա քաղաքի Ron Beach հյուրանոց՝ ընթրիքի։ Ես կլոր սեղանի շուրջ կամփոփեմ մեր ուխտի առաջին կեսի արդյունքները․․․ Կարելի է և առցանց․ թող Թոփչյան Արմինեն որոշի։
Մինչև մեկնելը չունեի պատկերացում․ ո՛չ հարց, ո՛չ փորձ․․․ վեր կացա ու հայդե՝ Քրիստոսի հետքերով Ավետյաց երկիր։ Այնքա՜ն լավ որոշում էր։ Կեցցե՛մ ես։ Ուխտն իհարկե՛ ինձ կփոխի, փոխում է, որն այնքա՜ն կարևոր է, նույնքան կարևոր որոշումներից առաջ։ Երկարատև կապվածությունը կաշկանդել է ինձ, իմ գործողությունները, ինքնիրացման խնդիրներ առաջացրել։ Ձե՛զ է թվում, թե ես եմ թելադրողը․ իրականում ես գալիս եմ ամեն մեկիդ ետևից՝ ամենավերջում։ Առաջ չընկնեմ, բայց ինքնուրույնություն, ազատություն եմ վերագտնում։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի ստուգի կրթահամալիրում աշխատանքի իր կարևորությունը։ Ե՛վ բեռով, և՛ ընթացքով հարկ է անցնել այդ ճանապարհը, եթե միասին ենք անցնելու։ Քարավանատո՞ւն է կրթահամալիրը, վերջնական հանգրվա՞ն․․․ ի՞նչ։
Որքան կարողացա պարզել, Երուսաղեմի հայոց Պատրիարքության ենթակայությամբ գործում է 12 եկեղեցի։ Դրանց թվում՝ և այլ եկեղեցիների հետ համատեղ տնօրինմամբ, ինչպես նաև Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հարության, նրանց թվում և Սուրբ Փրկչի հայոց վանքը, որտեղ այսօր եղանք, որը հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հատկացումներով մասամբ նորոգվել է, բայց չի օրհնվել, չի գործում։ Սա չխանգարեց, որ այսօր մենք այստեղ աղոթենք և տպավորիչ շարական երգենք։ Այնքա՜ն, որ Դավիթը խորան բարձրանա։
Իսկ Սիոնի սրբավայրերով մեր երթը պարզապես թափառումի ախորժակ առաջացրեց։ Քրիստոսին վերագրվող արահետով, Սիոնի գագաթից վար, հետո՝ վեր, մինչև Ձիթենյաց բարձունքներ․ իսկական խառնարան։ Դավիթ մարգարեի նշանավոր արձանի մոտ, թե Սուրբ Պետրոսի զղջման նշանավոր աքաղաղականչի հուշարձանի մոտ, խառնվում են, ու թվում է, ողջ Իսրայելով տարածվում հրեական հնգամատյանի կանչերը, Պաղեստինի արաբների մինարեթի նամազները, լատինների բազմալեզու աղոթքները, հայ ուխտավորներիս համերաշխ «Հայր մեր»-ի կանչերը։ Այս ամենը կարծես ցուցադրվում-մատուցվում է որպես հրեական պետության կողմից խրախուսվող զբոսաշրջային փողաբեր բրենդ։ Քաղաքական հարցը, որ հետապնդում եմ ես ուխտի ընթացքում, ինչպե՞ս են Քրիստոսի ժողովուրդների մնացորդները՝ հայեր, հույներ (այլ ուղղափառներ), լատիններ (կաթոլիկ այլ համայնքներ), հարազատ եղբայրներից սերած հրեա և արաբ ժողովուրդներ, Քրիստոսին խաչին հանած Իսրայել պետության մեջ ապրում, ապրելու այս տարածքում։ Սրա պատասխանը ո՛չ միայն չկա մեր ուխտի ակնկալվող արդյուքներում, այլև ուխտի ծրագիրը հետևողականորեն շրջանցում է այն։ Մենք պատմության հետևից ենք եկել, ո՛չ այսօրվա մեր կյանքի։ Երևի ես էլի ագահ եմ իմ տենչի մեջ։
Հայոց Երուսաղեմի երախտահիշատակ Պատրիարք Թորգոմ Մանուկյանը այս առիթով է ասել՝ հաջի դառնալու համար յոթ անգամ ուխտի պիտի գաս Երուսաղեմ։
— Ինչի՞ եք մեզ փորձության տանում։ Մի՛ տարեք մեզ փորձության, այլ փրկեք մեզ չարից,- հաճախ լսվում է Դավթի սթափեցնող ձայնը, որպես բողոք, երբ ուխտի հագեցած ընթացքը սկսում է ճնշել մեր ազատամիտ Դավիթ հրաշալիին։
Իսկ Դավիթ Մարգարեի ու հրաշալիի հանդիպման մասին՝ առաջիկայում։
# 809