Դավիթ Բլեյանն ամենից շատ օգտագործում է «ինքնուրույն» բառը. լսեք՝ ինչ մաքուր է հնչում 2 տարեկան տասն ամսական (սեպտեմբերի 12-ին դարձավ) Դավթի շուրթերով։ Ահա, մահճակալից ինքնուրույն իջել է, ինքնուրույն հեծել և.
— Ես ինքնուրույն եմ վարում հեծանիվը, հայրիկ…
Ահա, ինքնուրույն ջուր խմեց, սովորական ջուր՝ իր լվացարանի ծորակից, առանց իջնելու հեծանիվից.
— Ես ինքնուրույն գնում եմ լողանալու։
Եվ հեծանիվով ինքնուրույն մտավ լողարան…
— Ես ուզում եմ հեծանիվի վրայից չիշ անեմ ինքնուրույն։
Իմ օգնությամբ կանգնեց հեծանիվի վրա և արեց… Հեյ գիտի Արմինե՜, քնած էր… Ի՜նչ հաճույք է ապրում՝ մեծ է, ասել է, թե ինքնուրույն կարողանում է անել շատ գործեր, ահա քեզ և ինքնուրույնության դրսևորման հնարավորություններ…

Իր եղբայր Արմենի հետ երեկ մեր տանն են անցկացրել իրիկունը։ Վայելել են. ես կրթահամալիրի խորհրդի նիստի եմ, մայրիկները պատրաստվում են Վահրամի զոքանչի յոթեքի արարողությանը… Արմենը մարզում է Դավթին, նորանոր, մեկը մյուսից վտանգավոր հնարքներ սովորեցնում։

— Արմենն ուժեղ է, Դավիթ,- ճշտում եմ իր եղբոր կարևորությունը։
— Ես էլ եմ ուժեղ,- չի զիջում Դավիթը։
— Արմենն ավելի ուժեղ է, Դավիթ։
— Ես ու Արմենն ավելի ուժեղ ենք, հայրիկ։

Ա՜յ քեզ լուծում։ Դավիթը շրջապատված է բազմաթիվ սքանչելի քույրիկներով, ես բազմիցս շեշտել եմ դա իմ գրերում։ Երեկ Մայր դպրոցում երեկոյան անակնկալ իմ դեմ դուրս եկավ Լիլիթ Բլեյանը՝ շողշողուն, հետը իմ երեք փայլփլուն թոռնուհիները՝ Սոնուլը, Արևիկը, Արաքսիկը… Տեսարան… Լիլիթը՝ որպես հոգատար մայրիկ, եկել է Միջին դպրոցի ամենշաբաթյա ծնողական հանդիպմանը (կեցցե Մարիետ Սիմոնյանը խելամիտ հետևողականության համար), և ահա աղջիկներով որոշել են գնալ ման գալու. Տաթևը, ինչպես միշտ,  հոր նման, «տրուդոգոլիկ» է։ Ո՞վ ունի այսպիսի աղջիկներ, թոռնուհիներ։ Լիլիթը վերջակետ դրեց.
— Դու առաջինն ես և վերջ։

Դավիթը շրջապատված է նաև ուժեղ, բարի, ուշադիր եղբայրներով՝ Արմեն, Սերժ, Գոռ, Դանիել, Յուրա, Էդուարդ, Առնոլդ… Բոլորը Դավթի ինքնուրույնության և ուժեղության մարզիչներն են։ Օրեր առաջ, երբ Առնոլդն ու Դանիելը Դավթին պարտեզից տուն են բերել, Դավիթը հրաժեշտին լացել է.
— Առնոլդ, չեմ ուզում, որ գնաք…
Քանի՜ Բլեյան հուզվեց…

Ես շատ եմ ուզում, ջանում եմ, որ քույր ու եղբայրների այս մեծ խմբերը Դավթի շուրջ, Դավթի գործոնով դառնան առավել համերաշխ, իրար հասնող, իրար կրթող և ինքնուրույն սեբաստացի Բլեյաններ…

Չեք հավատա. ես սիրել ու երկար ժամանակ պահել եմ երկար մազ… 1973-ի ամռանը Ղազախստանում՝ շինջոկատում, աշխարհին անհայտ մի գյուղում ես երկու ամիս ոչ միայն չէի կտրում մազերս (ամենաերկար մազն ունեի), այլև չէի սանրում, թիվ մեկ փնթին էի ողջ տարածաշրջանում, պարահրապարակ էլ չէի գնում։ Իմ ընկերները դաշտից (գործից) շտապում էին տուն, լվացվում շտապ-շտապ, սանրվում, փոխվում-սիրունանում գյուղի պարահրապարակ գնալու համար, վերադառնում կեսգիշերին.. Ես գործից գալիս էի ամենավերջինը, որպես թիվ մեկ մարտիկ (боец էր կոչվում СССР-ի շինջոկատներում), անշտապ հաց ուտում, աշխատանքային շորերը փոխում ու սպասում, որ ընկերներս թռչեն танцплощадка…

Մնում էի մենակ կացարանում, քանի՜ ժամ. վայե՜լք… Գրում էի նամակներ՝ իմ անձնական նամակները, որ գրում էի ամեն օր։ Ընկերներս գողանում էին իմ նամակները, գործածում որպես շաբլոն՝ փոխելով առանձին անվանումներ. ժամանակ չունեին, գործից՝ պարահրապարակ, պարահրապարակից՝ քուն։ Հետո ես կարդում էի. ունեի ինձ հետ Սարոյանի, Բակունցի, Չարենցի… հատորները, ընկերներիս անձնական գրքերը… մինչև ժամը 24.00։ Ես չեմ հիշում, թե երբ եմ քնել 24.00-ից հետո. ես պիտի քնեմ գիշերը մինչև  24.00, թե չէ չար եմ, ապրել չեմ ուզում, ուրիշ եմ, վատն եմ, երբ քունս առած չեմ լինում…

Մի անգամ ընկերներս որոշեցին ինձ իրենց հետ տանել պարահրապարակ։ Աշոտներ շատ կային մեր կուրսում, մեր շրջապատում, ահա ինչու՝ բոլորը մականուններով էին՝ Մանուչարը (Մանուչարյան), Ժագանը (Ավետիսյան), Զեբը (Զեբելյան), Բլեն (ես)… Ժագանի նախաձեռնությամբ ինձ ստիպելով-համոզելով նստեցրին աթոռին, երկար-շատ երկար մազերս կտրեցին, լողացրին, հագցրին… Կրասավչիկ Բլեյան… Ու տարան գյուղի պարահրապարակ։ Հնչում էին այն ժամանակվա ռուսա-սովետական երգերը (չնայած դրանց ժամանակը Հայաստանում, ցավոք, չի անցնում)… Մի մազալու տեսարան… Հետո մեր տղաներից ամեն մեկը գրկեց իր ընկերուհուն, ու ես ծլկեցի… Առաջին ու վերջին անգամ մեր շինջոկատային 5-ամյա պատմության մեջ։

Եթե մինչև վերջ անկեղծ, ես Լիլիթին, Տաթևին, Արաքսիկին, Արևիկին ու  զարմանալի Սոնուլիկին,ինչպես Շուշանին, կարոտում եմ ավելի ու ավելի ուժեղ… Նույն կերպ իմ քույրերին, եղբայրներին, նրանց երեխաներին, իմ ընկերներին. նորմալ, պարբերաբար շփում չի լինում, ժամանակը չի հերիքում, բոլորը բազմազբաղ են, բոլորը շտապում են… Վիլյամ Սարոյանի հերոսի խորհուրդը՝ որպես ճիչ-պահանջ ահա թռավ.
— Մի՛ շտապեք, իմ սիրելիներ, մի՛ շտապեք։

Ես շտապում ու շտապեցնում եմ բոլորին կրթահամալիրում… Սրա այլընտրանքը թսթըս-ը չէ։ Մենք թսթըս հասարակություն ենք ձևավորել, թսթըս ժամանակներում ենք ապրում. պիտի, իհարկե, արդիական լինել, առաջինը, բայց պիտի չկարոտենք, չպիտի շտապենք իրար վայելելու հաշվին։ Ավելի վատը կա, երբ շտապելուց լարվում ես ու վրիպում, նյարդային վիճակ ստեղծում քեզ հարազատ մարդկանց շրջանում, ինչպես երեկ Գեղարվեստում… Խնդրեմ, Աշոտ Բլեյան, Արմինե Թոփչյանի հուզմունքը… ինչի՛ հասար։ Ոչ մի արդարացում, և արդարացիության մասին ոչ մի խոսք։ Վրիպել ենք և վերջ։

Չկա ավելի մեծ վայելք, քան հարազատության միասնության, Մեկի զգացումը։ Ահա այստեղից, այս շտապելուց էլ՝ լարումը անտեղի, սրված նյարդերը, սայթաքումը… Ո՞վ ասաց, որ գործը, հանուն որի իբր շտապում ես, ավելի արժե, քան հարազատության վայելքը։ Խաղաղվենք գոնե այս օրերին, երբ վաղը Խաչվերաց է, մյուս օրը՝ Մեռելոց։

ՄԵծով-պստիկով՝ դեպի Բյուրականի սկաուտական ճամբար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր ճանապարհի. ամեն ինչ լավ է, երբ չի ավարտվում, շարունակվում է…

«Անհաղթ» բառը Դավիթ Բլեյանն ընկալեց-ստուգաբանեց որպես առանց հաղթանակի մնացած, հաղթանակ չճաշակած… Իմ այս գիրն ընկալեք որպես ճանապարհին գրվա՞ծ գիր, ճանապարհի՞ց վերադարձողի, թե՞ «գիր ճանապարհի»՝ ճանապարհ գնացողի գիր։ Հորդանան գետը, արդեն

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա