Աղջիկներից ամենածաղիկը, ծաղիկներից ամենաշուշանը, Ավստրիայի, ողջ Եվրոպայի, աշխարհի կենտրոնում Շուշոն իմ՝ Շուշան Բլեյանը, երեկ «Վայբըր»-ի ուղիղ եթերում հետևում էր իմ ու Դավթի՝ արդեն ավանդույթի ուժ ունեցող մականախաղին… Դավիթ Բլեյանը կեցցե՜. իսկական տղամարդ ներկայացավ իրենով զմայլված քույրիկին… Հետո բարձրացավ դաշնամուրի վրա՝ չես պոկի, ու թռիչքներ՝ դաշնամուրից դեպի անհունը… Հետո նստեց ներկապնակի առաջ ու վրձնեց իր ընկերների մոլորակները… ամեն մեկին մի մոլորակ պարգևեց, որ ունենան, բայց բոլորը միասին ապրեն-լինեն-ուրախ մեծանան-սովորեն Մարինե Մարտիրոսյանի ստեղծած մոլորակում… Առաջին հանձնարարությունն է կատարում իր ուսուցչի, ու այսքա՜ն ոգևորված… Ֆիլմ՝ արժանի Արմինե մայրիկի օբյեկտիվին…
— Պա՛պ, գիտե՞ս, ընկեր Մարինեն բոլորիս հավաքել է, որ մեզ ուրախ սովորեցնի մեզ շուտ մեծացնող բաներ… Դրա համար ես իրեն ծաղիկներ կտանեմ վաղը, իսկ ընկերներիս՝ ձմերուկ, սեխ ու խաղող… 
[youtube https://www.youtube.com/watch?v=iUB9FWrd16o?rel=0&showinfo=0]

Իհարկե: Իսկ ես արթնացել եմ Շուշան Բլեյանի սենյակում-պատշգամբի անկյունում՝ այնքա՜ն լուռ, մեկուսի-ինտիմ, անուրջի այնքա՜ն անկարելի-անգրկելի կապույտում… Ի՞նչ եմ փնտրում հիմա իմ գրասեղանին…

Մի բաց կապույտ թերթիկ, վերևը զարդարած
Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար
Ահավասի՛կ ամբողջը։

Դուք հիմա բացեք՝ «Ակսել Բակունցին, պայծառ բարեկամիս» մակագրությամբ «Դեպի լյառն Մասիս»-ը, ու այն ոսկեծամ աղջկա՝ Շարլոտտա Շույլցի մասին կարդացեք… Մամա՜ ջան, հնարավո՞ր է այսպես՝ բառերով քսել-պատկերել-փոխանցել-համակել… Այս ի՞նչ շնորհով պիտի օժտված լինես. այսքան ընտրյա՞լ, և անկարելի բռնկումների վայելքը գրողի՝ ձեռների մեջ առած անգրկելին… Հալա՜լ է քեզ,  Չարենց…

Սև սարն ու Արգիճի գետը իրենց ամբողջ հմայքով։
Գեղհովիտ գյուղ։

Քանի՞ թոշակառու կա Հայաստանում, և որքա՞ն է միջին կենսաթոշակը. 168.am-ի այս նյութը ես առանձնացրել եմ օգոստոսի 1-ին ու թողել այսօրվա համար… Դուք տեսեք այս տեղեկանքի մեջ Հայաստանը իր ողբերգությամբ՝ ծերացող-մաշվող… փակուղում:

Վա՜յ, Աստղ Կիրակոսյան, իմ ամառվա ընկեր-ուղեկից, քո «Ավետը անգին տխուր ժպիտով ժպտաց…» ու ինձ հուզեց այսքան, երբ ես խոցելի եմ… Օրեր առաջ Մարիամ Մարտիրոսյանը՝ Աստղիկի դասընկերուհին, Դավթի համար քնաբեր հեքիաթներ-պատմություններ էր կարդում… այս հմայիչ սատանեն, ում մասին ինչե՜ր ասես չեն պատմում… այնքա՜ն քնքուշ, մեկուսի, անցուցադրել գործեց… Չգիտեմ՝ փակուղին-ծերացումը-մաշումը հաղթահարող այդ աշխատանքն ինչպե՛ս է արտացոլվելու մեր Ավագ դպրոցի 2016-2017 ուսպլաններում, ուսումնական նախագծերում, բայց Աստղիկ-Մարիամները, տեսե՛ք, հանել են պատնեշները՝ իրենց ու Ավետ-Գագիկների միջև… կրթահամալիրի նախակրթարանների…

Մայր դպրոցում ուսումնական աշխույժը մեծանում է. ուսանող ճարտարապետներին մերոնցից չես ջոկի, շատանում են ու ներառվում։ Այսօր միանում են մեզ մայրաքաղաքի ավագ դպրոցների հասարակագետները, հարթակի վրա-կենտրոնում Վանիկ Գաբրիելյանն ու Վանուհի Բաղմանյանն են…

Իսկ ես իմ հեծանվային բարձունքներին-հարթակներին կարոտել էի. երեկ երեկոյան ժամը ութի շրջանում իմ դադարներն առա Սեբաստիայի, Իսակովի փողոցներում… Այսպիսի մի բարձունք էլ Սևանի ափին ունեմ՝ «Ժայռ»-ից վերև մի բլուր-բարձունք, տեսել եք իմ օգնական Արմինե Թոփչյանի օբյեկտիվում

Երկու կերպար, որով Աբովյան մարդը ներկայացել է Չարենցին, ու նրա միջոցով՝ մեզ, այս շրջանում ինձ հետ են փոխեփոխ՝ Շառլոտա Շույլցի և… այն մի գյուղացու.

Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի…

Ֆոտոշարք գյուղացիական տնտեսությունից։
Գեղհովիտ գյուղ։

Երեկ երեկոյան Լուսավորչի փողոցում այդպիսի մի բութ վարորդի, որ անհարգանքի ու տգիտության դրսևորում էր, մեքենայի կապոտին ես բարձրացա-իջա, ու հաջորդ անգամ դա կանեմ հեծանվով… Այդ վախեցած-շփոթված տգետն առերեսվեց ինձ մորիցս անցած ցասումի հետ… Եվ փրկություն է իմ հոր՝ ինձ փոխանցված գոյությունը…

Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ.— Թո՛ղ, Խաչատո՛ւր։

Շուշանին՝ աղջկաս, կարոտել եմ. «Վայբերն» ի՜նչ անի, ինտերնե՜տը՝ իր հմայքներով… ֆիզիկական կարոտ է: Ահա և ամբողջը:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 771

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրհնության պարգև շաբաթ՝ կիրակիի գրով

Երեկվա շաբաթ օրը՝ մայիսյան ստեղծագործական բաց հավաքով, օրհնության օր եղավ։ Ինձ օրհնողները՝ կրթահամալիրի Բանգլադեշի բնակիչները, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող-գրավիչ դարձող հյուսիս-արևելք անցումում ինձ հանդիպող-ողջունողները․․․ Այս ողջույնները, Քոլեջի անցումի՝ երեխան գրկին, երիտասարդ, հմայիչ անծանոթուհի-արդեն

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Օ՜, բնություն, օ՜, մայր, վերադարձիր իմ քաղաք, որն է մայրաքաղաք Երևանը

Ամառային հուլիսն իրավունքների մեջ է. անտեսել չես կարող, իմ օրագիրը՝ վկա։ Ես Երևանում եմ, ավելին՝ ամենօրյա աշխատանքային նույն անցուդարձով (փաստ, որով հիացած չեմ), բայց…  Նայելով մեքենաների չմաշվող հոսքերին՝ տեսնում եմ,