Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե, միջոց չտվեց անգամ շորերը փոխելու համար… Մեր հյուրասենյակն ազատ է գույքից՝ ընդարձակ, մանրահատակն էլ՝ անգորգ, ողորկ, ոնց որ սառցե դաշտ… շրըխկ հա շրըխկ… Մեր ներքևում, համոզվեցինք, մարդ չի բնակվում… Դավիթն իսկական խաղացող է, լոկ խաղով է տարված՝ անհոգնել, նախաձեռնող, ընդունակ… իսկը հայրը…
— Երկու Աշոտիկ,- նետեց մայրը, առավ իր համակարգիչն ու առանձնացավ իր գործերով… Դավիթն ու ես եկանք համաձայնության, որ մականախաղն արագ մտնի Դպրոց-պարտեզ։
— Իմ ընկերների հետ խաղամ…
Ու հարցեր.
— Քանի՞ մական է պետք…
— Բա դարպասները ե՞րբ եք սարքելու…
— Ցանցով թող լինեն… որ տափօղակի թպրտոցը տեսնեմ…
Պատմում եմ՝ լսում-կլանում է…
Իսկ կիրակի օրով քույրիկ Մարիամի հետ մի քանի պարկ խաղեր-խաղալիքներ-մեքենաներ-պիտույքներ՝ պարտիզպանի, հավաքել, դրել էր՝ պարտեզի իր կրտսեր ընկերներին նվիրելու համար… ու իր փչովի լողավազանը.
— Ես մեծ եմ արդեն, ի՜նչ եմ անում, թող մեր փոքրերն ուրախանան… Մեծերը պիտի հոգ տանեն, ուշադիր լինեն…
Տարավ, սիրով-վճռական տարավ ու ետ չբերեց ոչ մի տարած…
Այդպես եղե՞լ է. չէ, մեծացել-մեծանում-հասունանում է մեր դպրոցական հերոսը… Ահա մերկ քնած է, անծածկոց-անվերմակ… Երկա՜ր փռվել է… Ու իմ սիրելի գործն է դարձել քնած Դավթով զմայլվելը, զննելը… Այս ե՜րբ, այսքա՜ն…
Օգոստոսի 23-ին Սևանի «Ժայռ»-ում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Սևանի «Ժայռ»-ում էլ հասուն հարաբերություններ են, իսկակա՜ն ռազմամարզական ճամբար՝ իր հայրենագիտական-բնապահպանական արշավախմբային բաղկացուցիչներով… Խնամքով պատրաստել էին ցուցադրական ելույթները. մեծ թվով պատասխանատուներ, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի, կրթության և գիտության առաջին փոխնախարար Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ գոհ մնացին. տպավորված էին… Շահագրգիռ քննարկում եղավ «Ժայռ»-ի ակումբում. կարծում եմ՝ մեզ հաջողվեց ներկայացնել մեր փորձը, որ խտացված էր այսպիսի տեղեկանքում, որ հասցրել էր կազմել կրթահամալիրի մանկավարաժական լաբորատորիան… Այնպես որ քննարկման երկրորդ մասը բուռն էր ու կոնկրետ՝ ինչպես մեր փորձը տարածել, ինչպես ունենալ դեռահասների-պատանիների ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության ճամբարային կազմակերպում՝ որպես այլընտրանք այսօրվա կաբինետային-ձևական, իբր տեսական նախնական զինվորական պատրաստության… Պաշտպանության փոխնախարար Տոնոյանը ոգևորված էր մեր ճամբարի հանրակրթական ամբողջականությամբ՝ արշավախմբային, ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական… Սեպտեմբերի-հոկտեմբերի օրացույցի գործադրմանը նախարարությունը կաջակցի ավտոբուսով-փոխադրումով, Ճամբարակի զորամասի հետ մեր ճամբարի ծրագրային կապով…
Սևանի հմայքով…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Դե, Սևանն անկրկնելի է, անզուգական, այս անգամ՝ շեշտված միստիկ… Արմինե Թոփչյանը, Յուրա Գանջալյանը, «սեբաստացի ստար» տիտղոսը պատվով կրող Կարինե Բաբուջյանը ետդարձի ճանապարհին, զմայլված իրիկնացող լճի հայելիով, ընդգծված լեռնաուրվագծով և ցավով՝ Սևանի ափամերձի շինարարական ապականմամբ, ուրախ էինք, որ «Ժայռ»-ը կապեց մեր պատանիներին, ուսուցիչներին Սևանի հետ՝ իսկական սիրով… Իսկ Սևանի ողջ պարագծով-ափերով ես իմ անելիքն ամենալավը գիտեմ, չեմ շեղվելու, մաքրելու եմ ողջը…
Հիմա, երբ ջնջել ենք ֆիզիկական սահման-պատնեշներ-պարիսպները բոլոր տեսակի, մեր դպրոցների շրջակա միջավայր-թաղամասերի հետ, ի՞նչ է մնում մեզ անել՝ դրանց տեղով-սահմանով կանաչ գոտիներ-անցումներ շնորհքով ստեղծելուց բացի… Դուրս գալ բակ-թաղամաս, ընդառաջ գնալ դպրոցական բակում հայտնված ոչ սեբաստացու՝ երեխայի ու նրա ծնողի հետ, չքշել-աչքով չնայել․․․ Ինչո՞ւ վախենալ-օտարվել անծանոթ-վատ ծանոթ, բայց մեր դրկիցից, մեր երևանցուց․․․ Ինչո՞ւ ջոկել՝ մեր-ձեր, ինչո՞ւ չհարգել իր ընտրությունն ու չներառել նրան մեր կրթական միջավայրում՝ լրացնելով նրա կրթությունը մերով․․․ այն, ինչ կարող ենք մենք, փոխանցել․․․
«Կար-չկար, մի կարմիր դարպաս կար»
Տեսանյութը՝ Սուսան Ամուջանյանի:
[youtube https://www.youtube.com/watch?v=aFsKtYhvzh4]
Ու որտեղից որտեղ Երևանին նվիրված երկու գազելը, Սևանի անհունի՞ց եկավ, համակեց ինձ, իրենով արեց, ձայն ու գույն դարձավ։ Կարդացե՛ք մինչև վերջ, այստեղ է այն ոգին, որ պիտի փոխանցենք մեր անծանոթ-հարազատին․․․
Այնքան կարոտ, այնքան կրակ -պիտի թողնեմ քո փոշում-
Ու արնավառ այնքան երակ-պիտի թողնեմ քո փոշում․․․
Թափառումներ հազարախոհ ու կարոտներ անորոշ,
Այնքան երգ ու այնքան դրոշ-պիտի թողնեմ քո փոշում․․․
Այնքան պայծառ առավոտներ ու կեսօրներ արևոտ,
Իրիկնային այնքա՜ն կարոտ-պիտի թողնեմ քո փոշում։
Ուր որ գնամ՝ հետս կգա սրնգահարըդ իրիկնային,
Աբովյանի պատին կռթնած սրնգահարըդ իրիկնային:
Բոլոր թողած կայաններում ես կլսեմ երգն այն անկամ,
Որ երգել է հազար անգամ սրնգահարըդ իրիկնային:
Կկորցնեմ հազար անուն, որպես չեղած մի վարդարան,
Բայց գիտեմ, որ չեմ մոռանա սրնգահարըդ իրիկնային:
Օ՜, երկի՛ր իմ, երեկիդ պես դառնակսկի՛ծ ու վշտալուր,
Ներկայիդ պես այրող ու հուր սրնգահա՜րըդ իրիկնային…
1924
Գուրգեն Մահարի
Առավոտյան պարատուն Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
#770